(ուժը կորցրել է 13.02.08 թիվ 144-Ն որոշում)
i
040.0184.020306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2006 թվականի N 184-Ն
i
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 16-ի
N 184-Ն որոշման
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների (այսուհետ` սակագներ) ձևավորման սկզբունքներն են`
ա) միանմանությունն ու միասնականությունը: Միանման ու միասնական սակագների կիրառումը չի բացառում ունիվերսալ ծառայություններ մատուցողի` հաճախորդների հետ պայմանագրեր կնքելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) մատչելիությունը` տվյալ ծառայության բոլոր սպառողների համար,
գ) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը,
դ) հստակությունը` պահանջվող ծառայության նվազագույն չափանիշների սահմանմամբ,
ե) համապատասխանությունը մատուցվող յուրաքանչյուր կոնկրետ ծառայությանը` իր որակական ու քանակական չափումներով,
զ) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառվածությունը,
է) հիմնավորվածությունը` մատուցվող ծառայության ինքնարժեքով (ծախսերով):
i
2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաստատման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են սակագների սահմանման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազորված մարմին) և փոստային կապի ազգային օպերատորի փոխհարաբերությունները:
(2-րդ կետը փոփ. 09.11.06 թիվ 1646-Ն որոշում)
3. Փոստային կապի ազգային օպերատորը տվյալ տարվա համար կազմված (առաջարկվող) սակագները և սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է լիազորված մարմին` սեփական նախաձեռնությամբ կամ լիազորված մարմնի պահանջով:
4. Ներկայացվող փաստաթղթերի փաթեթն ընդգրկում է`
ա) սակագների հաստատման մասին հայտը,
բ) տեղեկանք գործող սակագների մասին,
գ) սակագների հիմնավորման հաշվարկները:
5. Սակագների հաստատման մասին հայտը պետք է ներառի ծառայությունների տեսակների սակագները և չափերը:
6. Սակագների հաստատման մասին հայտը ներկայացնելու օր է համարվում հայտը լիազորված մարմնում գրանցելու (մուտքագրելու) օրը:
7. Լիազորված մարմինը 45 օրվա ընթացքում քննարկում է սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը, ներկայացված սակագները և, համաձայնության դեպքում, սակագներն ու սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
8. Լիազորված մարմինը կարող է մերժել ներկայացված սակագների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, եթե`
ա) սույն կարգի 4-րդ կետի համաձայն ներկայացվող փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ.
բ) ներկայացված սակագները չեն բխում սույն կարգի 1-ին կետով սահմանված սկզբունքներից.
գ) սակագների հաստատման մասին հայտը ներկայացված է սույն կարգի պահանջների խախտմամբ:
9. Եթե սույն կարգի 4-րդ կետի համաձայն ներկայացվող փաստաթղթերը թերի են, ապա, լիազորված մարմնի պահանջով, փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Լիազորված մարմինը նշված ժամկետի խախտման դեպքում կարող է մերժել ներկայացված սակագների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
10. Մերժման դեպքում լիազորված մարմինը սակագները և սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը` նշելով մերժման պատճառները, ներկայացվելուց հետո 20-օրյա ժամկետում վերադարձնում է փոստային կապի ազգային օպերատորին` դրանք լրամշակելու և վերջնական տեսքով լիազորված մարմին ներկայացնելու համար:
11. Փոստային կապի ազգային օպերատորը լրամշակված սակագները և սույն կարգի 4-րդ կետով պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է լիազորված մարմին` վերջինիս կողմից նման պահանջ ներկայացվելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:
12. Լիազորված մարմինն իրավասու է, ելնելով օբյեկտիվ պատճառներից, փոստային կապի ազգային օպերատորից պահանջելու փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների նոր` հիմնավորված հաշվարկներ, եթե նման կարգավորումն անհրաժեշտ է մրցակցությունը և հանրային շահերը պաշտպանելու համար: