(ուժը կորցրել է 27.11.14 թիվ 1335-Ն որոշում)
i
040.1841.050105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1841-Ն
i
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, դիմելու դեպքում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարները 2004 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկվում և վճարվում են միանվագ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1841-Ն որոշման
i
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
I. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամսյա պատվովճարի (այսուհետ` պատվովճար) նշանակման և վճարման կարգն ու չափը:
2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած հետևյալ անձանց`
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական արտիստ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական նկարիչ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ և Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարիչ (այսուհետ` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց):
Պատվովճարը նշանակվում և վճարվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հետևյալ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց`
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական ճարտարապետ:
i
3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամսական պատվովճար սահմանել հաշվարկային նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) քառասունապատիկի չափով:
«Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:
(3-րդ կետը փոփ. 10.01.07 թիվ 1-Ն որոշում)
4. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` իր տարածքային կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոններ)` ըստ Հայաստանի Հանրապետությունում` դիմողի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին պատվովճար նշանակվում և վճարվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի: «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճար նշանակելու համար տարածքային կենտրոն են ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա լուսապատճենը (2, 3, 5 և 6-րդ էջերի), «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա լուսապատճենը: Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողն անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների հավաստիությունն ստուգելուց հետո անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների վրա կատարում է նշագրում` «Իսկականի հետ ճիշտ է», և կնքում տարածքային կենտրոնի կնիքով, որից հետո անձնագիրը և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը վերադարձնում է դիմողին:
Օտարերկրյա պետություններում բնակվող` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճարի նշանակման համար կարող են դիմել օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ` ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բանկի անվանումը և բանկում իր անվամբ բացված հաշվի համարը:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն իրենց կնիքով կնքված և համապատասխան աշխատողի կողմից «Իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճեններն իրատեսական ժամկետում առաքում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ:
5. Պատվովճար նշանակելու համար դիմելու օր է համարվում պատվովճար նշանակող տարածքային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ընդունվելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա պատվովճարի նշանակման համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:
Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատվովճար նշանակող տարածքային կենտրոնը կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում են, թե անհրաժեշտ ինչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն:
Տեղեկացվելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում պատվովճար նշանակելու համար դիմումն ընդունելու կամ փոստային բաժանմունքի վրա նշված օրը:
Պատվովճարը նշանակվում և վճարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:
6. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում:
Պատվովճարի և պատվովճար վճարելու հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
Պատվովճար ստացող անձն իրավունք ունի պատվովճարն ստանալու վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:
7. Պատվովճարը կարող է վճարվել լիազորագրով լիազորված անձին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
8. Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց պատվովճարը նշանակվում և վճարվում է ազատազրկման վայրի տարածքային կենտրոնների միջոցով:
9. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչում ունեցողների, պատվովճար ստացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային կենտրոնը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար ստացող անձի անձնական գործն ստանալուց հետո: Պատվովճար վճարելը վերսկսվում է պատվովճար ստացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցվելու օրվանից:
Պատվովճար ստացող անձի անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային կենտրոնի պահանջագրով:
Պատվովճար ստացող անձի անձնական գործն ուղարկող տարածքային կենտրոնը գործի հետ միասին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մասին տեղեկանք:
10. Պատվովճար ստացող անձին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար ստացող անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում: Սահմանված ժամկետում չստացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:
II. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ
11. Ամենամսյա պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար ստացող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում` այդ հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
12. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է պատվովճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց հետո` տարածքային կենտրոն կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ պատվովճար ստացող անձի գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
(որոշումը փոփ. 15.11.05 թիվ 1989-Ն, 31.08.06 թիվ 1367-Ն որոշումներ)