(ուժը կորցրել է 30.06.11 թիվ 978-Ն որոշում)
i
040.0372.070700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2000 թվականի N 372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 և 42 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 09.07.09 թիվ 808-Ն որոշում)
i
բ) Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ
ա) ուսումնական հաստատությանը նախկինում տրված լիցենզիան ուժի մեջ է մինչև դրանում նշված ժամկետի ավարտը.
բ) մինչև «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն ստեղծված ու լիցենզավորման ոչ ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կրթական գործունեությունը, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ենթակա է լիցենզավորման մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հուլիսի 7-ի N 372 որոշմամբ
ԿԱՐԳ
i
Հայաստանի Հանրապետությունում կրթական
գործունեության լիցենզավորման
(կարգն ուժը կորցրել է 09.07.09 թիվ 808-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հուլիսի 7-ի N 372 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն
մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց
մասնագիտությունների պետական հավատարմագրման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև` ուսումնական հաստատություն) և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը:
2. Ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից:
3. Պետական հավատարմագրման վկայական տալու, ինչպես նաև այդ վկայականում փոփոխություն կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
4. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը, այդ թվում` օտարերկրյա ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:
5. Պետական հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` նախարարություն)` անկախ ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից: Ուսումնական հաստատություններում ուսուցման որակի պետական վերահսկողությունն իրականացնում և մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացությունը տալիս է լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը (այսուհետև` ծառայություն):
II. Ուսումնական հաստատությունների և դրանց
մասնագիտությունների պետական հավատարմագրման
ընթացակարգը
6. Պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն` ըստ նախարարության հաստատած միասնական ձևի, որն ընդգրկում է`
ա) պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության հիմնավորումը.
բ) ուսումնական հաստատության ուսումնագիտական ստորաբաժանումների գործունեության արդյունավետության գնահատումը.
գ) ուսումնական հաստատության զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները.
դ) լիցենզավորման պահանջների կատարման գնահատումը:
Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծառայություն է ներկայացնում նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը և վերլուծության մեկ օրինակը:
7. Դրական փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում):
8. Փորձագիտական եզրակացության և անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին: Ծառայությունը պետական հավատարմագիր տալու կամ պետական հավատարմագիր տալը մերժելու մասին նախարարի հրամանը 5-օրյա ժամկետում հաղորդում է ուսումնական հաստատությանը:
9. Պետական հավատարմագիր տալը մերժելու հիմքերն են`
ա) ծառայության բացասական եզրակացությունը.
բ) մեկ տարվա շրջանավարտների ատեստավորման 60 տոկոսից ցածր դրական արդյունքները:
10. Պետական հավատարմագրման մերժման մասին նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ուսումնական հաստատություններն իրենց շրջանավարտներին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայական, դիպլոմ) տալու իրավունք են ձեռք բերում իրենց պետական հավատարմագրման պահից: Հավատարմագրման մասին նախարարի հրամանի արձակումից հետո 5-օրյա ժամկետում ուսումնական հաստատությանը տրվում է պետական հավատարմագրման վկայական: Վկայականի ձևը հաստատում է նախարարությունը:
12. Պետական հավատարմագրման վկայականի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
13. Պետական հավատարմագրման վկայականը չի թույլատրվում օտարել:
14. Ծառայությունը պետական հավատարմագրման մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
15. Պետական հավատարմագրման պայմանները պահպանելու նպատակով ծառայությունն իրավասու է ուսումնական տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ ատեստավորելու ուսումնական հաստատությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
16. Պետական հավատարմագրման համար նախատեսված փորձաքննության, պետական քննությունների, գործուղման, տեղեկատվություն տալու և այլ ծախսերը, անկախ ատեստավորման գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը:
17. Եթե ուսումնական հաստատությունը խախտել է սույն կարգով սահմանված պայմաններից որևէ մեկը, ապա ծառայության կողմից նախազգուշացվում է:
Նախազգուշացման հիմք կարող են հանդիսանալ նաև`
ա) ծառայություն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը.
բ) հավատարմագրման պահանջների խախտումների հայտնաբերումը:
18. Ուսումնական հաստատությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում վերացնել սույն կարգի 17-րդ կետում նշված խախտումները և դրանց վերացման մասին հայտնել նախարարությանը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր;
III. Պետական հավատարմագրման ուժը կորցրած ճանաչելը
19. Նախարարությունը ծառայության ներկայացմամբ կարող է ուժը կորցրած ճանաչել պետական հավատարմագրումը, եթե`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը.
բ) հավատարմագրված մասնագիտությունների գծով անընդմեջ 2 տարի սովորողների 50 տոկոսը կրկնակի բացասական են ատեստավորվել.
գ) նախազգուշացման համար հիմք հանդիսացող խախտումները սահմանված ժամկետում չեն վերացվել.
դ) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.
ե) ուսումնական հաստատություն ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
20. Ծառայությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
21. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել ծառայություն:
22. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական, որի համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: