Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

15.09.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2002  -ից մինչեւ   15.09.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.06.07 թիվ 955-Ն որոշում)

040.0924.110702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2002 թվականի N 924-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 23-ի N 924-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են ճանապարհային երթևեկության միասնական կանոնակարգ Հայաստանի Հանրապետության տարածքում:

1.2. Ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են իմանալ և անշեղորեն պահպանել սույն կանոնները, կատարել ոստիկանության աշխատակիցների և երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջները, ինչպես նաև լուսացույցների, ճանապարհային նշանների (այսուհետ` նշաններ) և ճանապարհային գծանշումների (այսուհետ` գծանշումներ) պահանջներն ու իրենց գործողություններով չպետք է ստեղծեն վթարային իրավիճակ կամ վնաս պատճառեն շրջակա միջավայրին:

1.3. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

1.4. Արգելվում է վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, ինքնակամ հանել կամ տեղադրել նշաններ, լուսացույցներ և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներ, ճանապարհներին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ երթևեկության համար: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտը շուտափույթ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին և հայտնել ոստիկանություն:

1.5. Սույն կանոնները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

1.6. Ճանապարհային երթևեկության մասնակիցները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու դեպքում իրավունք ունեն`

- տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու իրավասու անձանցից պահանջելու ներկայացնել ծառայողական վկայական.

- սահմանված կարգով վիճարկելու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետում բողոքարկելու իրենց նկատմամբ կայացված որոշումը.

- ծանոթանալու վարչական նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու.

- մասնակցելու գործի քննությանը, դիմելու փաստաբանի իրավաբանական օգնությանը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտվելու թարգմանչի ծառայությունից:

1.7. Կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները.

«Անբավարար տեսանելիություն»` ճանապարհի տեսանելիությունը 300 մետրից պակաս` մառախուղի, անձրևի, ձյունաթափի և այլն, ինչպես նաև առավոտյան ու երեկոյան` աղջամուղջի ու մթնշաղի պայմաններում.

«Առավելություն»` երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ նպատակադրված ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.

«Ավտոմայրուղի»` ճանապարհ, նշված 5.1` «Ավտոմայրուղի» նշանով *.

------------------

* Նշանների համարակալումը ըստ հավելված 1-ի

 

«Բաժանարար գոտի»` հարակից երթևեկելի մասերը բաժանող ճանապարհի կառուցվածքորեն առանձնացված տարր, որը նախատեսված չէ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

«Բնակավայր»` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են համապատասխանաբար 5.22, 5.24` «Բնակավայրի սկիզբ» և 5.23, 5.25` «Բնակավայրի վերջ» նշաններով.

«Գլխավոր ճանապարհ»` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2, 2.3.3` «Երկրորդական ճանապարհի հատում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Երկրորդական ճանապարհի վրա, հատումից անմիջապես առաջ, ծածկույթով տեղամասի առկայությունն այդ ճանապարհը հատվողին հավասարազոր չի դարձնում.

«Երթևեկելի մաս»` ճանապարհի տարր, նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.

«Երթևեկության գոտի»` երթևեկելի մասի ցանկացած գծանշված կամ չգծանշված և տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկելու համար բավարար լայնություն ունեցող երկայնական գոտի.

«Երկաթուղային գծանց»` նույն մակարդակի վրա ճանապարհի հատումը երկաթուղային գծերի հետ.

«Զիջել ճանապարհը (չստեղծել խոչընդոտ)»` ճանապարհային երթևեկության մասնակցին ուղղված պահանջ, այն մասին, որ նա չպետք է սկսի, վերսկսի կամ շարունակի երթևեկությունը, փոխի շարժման ուղղությունը կամ որևէ այլ ձևով խոչընդոտ ստեղծի, եթե դա կպարտադրի երթևեկության առավելություն ունեցող մասնակիցներին փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.

«Էստակադ»` կամրջային կառույց, որը բաղկացած է հաճախակի կրկնվող նույնատիպ թռիչքներից.

«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց»` տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)` նախատեսված մարդկանց փոխադրման համար, որը շարժվում է կանգառի կետեր (կանգառներ) ունեցող որոշակի երթուղիով.

«Թույլատրելի առավելագույն զանգված»` վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որը արտադրող գործարանի կողմից սահմանված է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն` շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

«Թունել»` ստորգետնյա, ստորջրյա կառույց, որը ծառայում է տրանսպորտային ուղիներ և հետիոտն անցումներ իրականացնելու համար.

«Խաչմերուկ»` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, որը սահմանափակված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման կենտրոնից առավելագույն հեռավորության վրա գտնվող ճանապարհների կորացման համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

«Կազմակերպված հետիոտնային շարասյուն»` կանոնների 3.2 կետի պահանջների համաձայն` ճանապարհով միասնական շարժվող մարդկանց խումբ.

«Կազմակերպված տրանսպորտային շարասյուն»` միևնույն երթևեկության գոտիով, մշտապես միացված լապտերներով, անմիջապես իրար հետևից ընթացող երեք կամ ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ կամ կապույտ ու կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.

«Կամուրջ»` կառույց, որի միջոցով իրար են միացվում խոչընդոտի (գետեր, վտակներ, հեղեղատներ, ավտոճանապարհներ, երկաթուղիներ և այլն) երկու կողմերում ընդհատված ճանապարհի հատվածները.

«Կանգառ»` տրանսպորտային միջոցների երթևեկության կանխամտածված ընդհատում մինչև 5 րոպե ժամանակով, ինչպես նաև ավելի երկարատև, եթե դա անհրաժեշտ է ուղևորների նստելու, իջնելու կամ տրանսպորտային միջոցների բեռնման, բեռնաթափման համար.

«Կայանում»` տրանսպորտային միջոցի երթևեկության կանխամտածված ընդհատում 5 րոպեից ավելի ժամանակով, եթե դա կապված չէ ուղևորների նստելու, իջնելու կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ.

«Կարգավորող»` ոստիկան, զինվորական կարգավորող կամ ճանապարհային մարմնի աշխատակից, երկաթուղային գծանցի կամ լաստանավի հերթապահ, որոնք ունեն համապատասխան ծառայողական վկայական և հանդերձանք (համազգեստ կամ տարբերիչ նշան` թևկապ, ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսաանդրադարձիչ սկավառակով, կարմիր լապտեր կամ դրոշակ).

«Կողնակ»` երթևեկելի մասերի եզրերից տրանսպորտային միջոցների կանգառի կամ ճանապարհի նորոգման շինանյութերի տեղավորման և այլ սահմանված դեպքերի համար նախատեսված ճանապարհի տարր.

«Կցորդ» (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց` նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցի հետ համատեղ շարժակազմում շահագործվելու համար.

«Հարկադրված կանգառ»` տրանսպորտային միջոցի երթևեկության ընդհատում` կապված դրա տեխնիկական անսարքության, փոխադրվող բեռի, ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտի, ինչպես նաև վարորդի կամ ուղևորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետ.

«Հեծանիվ»` երկու և ավելի անիվ ունեցող տրանսպորտային միջոց (բացի հաշմանդամային սայլակներից), որը շարժման մեջ է դրվում դրանց վրա գտնվող մարդկանց մկանային ուժի օգնությամբ.

«Հետիոտն»` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհին գտնվող և դրա վրա աշխատանք չկատարող անձ: Հետիոտներին են հավասարեցվում այն անձինք, որոնք տեղաշարժվում են առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով, տանում են հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ և քաշում (հրում) բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ.

«Հետիոտնային անցում»` 5.16.1, 5.16.2` «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1, 1.14.2` գծանշումներով * նշված ճանապարհը հատելու համար երթևեկելի մասի առանձնացված հատված: Գծանշումների բացակայության դեպքում հետիոտնային անցման լայնությունը որոշվում է 5.16.1 և 5.16.2 նշանների միջև եղած հեռավորությամբ.

------------------

* Նշանների համարակալումը ըստ հավելված 2-ի

 

«Ճանապարհ»` երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված, երթևեկության համար կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես: Ճանապարհն իր մեջ ներառում է մեկ կամ մի քանի երթևեկելի մասեր, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ.

«Ճանապարհատրանսպորտային պատահար»` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում ու դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի ժամանակ զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

«Ճանապարհային երթևեկության մասնակից» (այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն կամ ուղևոր.

«Մայթ»` հետիոտների շարժման համար նախատեսված, երթևեկելի մասին հարող կամ դրանից կանաչապատված գոտիով առանձնացված ճանապարհի տարր.

«Մեխանիկական տրանսպորտային միջոց»` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց (բացառությամբ մոպեդի): Մեխանիկական տրանսպորտային միջոց են համարվում նաև տրակտորները և ինքնագնաց մեքենաները:

Այն մեխանիկական տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև հիմնականում ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար (ավտոկռունկ, հրշեջ մեքենա և այլն), կոչվում են ավտոմոբիլներ:

Մեխանիկական տրանսպորտային միջոցները` կախված տեսակից, նշանակությունից և ղեկավարման առանձնահատկություններից, բաժանվում են կարգերի`

- «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ.

- «B» կարգ` 3500 կգ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված կամ 8-ից ոչ ավելի քանակով ուղևորների նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.

- «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.

- «D» կարգ` ութից ավելի քանակով ուղևորների նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.

- «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.

- «Տրամվայ», «Տրոլեյբուս» և «Մոտոսայլակ»:

 

Ծանոթագրություն:

1. Տրանսպորտային միջոցները, կախված դրանց կարգերից

թույլատրվում է վարել` «A» կարգի և «Մոտոսայլակ»` 16 տարին, «B» և

«C» կարգի` 18 տարին, «Տրամվայ»` 20, «D» կարգի և «Տրոլեյբուս»` 21

տարին լրացած անձանց:

2. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է

փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում

վարորդները պետք է ունենան նաև «D» կարգի տրանսպորտային միջոցներ

վարելու իրավունք:

 

«Մերձակա տարածք»` ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն).

«Մոպեդ»` մինչև 50 սմ3 բանվորական ծավալի շարժիչ և 50 կմ/ժ ոչ ավելի կառուցվածքային առավելագույն արագություն ունեցող երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոց: Մոպեդներին են հավասարեցվում կախովի շարժիչով հեծանիվները և նմանատիպ տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցները.

«Մոտոցիկլետ»` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլետներին են հավասարեցվում եռանիվ և քառանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, որոնց զանգվածը լրակազմված և լցավորված վիճակում, առանց վարորդի, բեռի և ուղևորների, չի գերազանցում 400 կգ.

«Վազանց»` շարժման մեջ գտնվող տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու և մանևրն ավարտելուց հետո նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալու հետ.

Մեկ գոտիով շարժվող տրանսպորտային միջոցների նկատմամբ հարևան գոտիով ավելի բարձր արագությամբ ընթանալը վազանց չի համարվում.

«Վարորդ»` որևէ տրանսպորտային միջոց ղեկավարող, ճանապարհով բեռնակիր և հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձ: Վարորդին է հավասարեցվում վարել սովորեցնողը.

«Տրանսպորտային միջոց»` ճանապարհներով մարդիկ, բեռներ կամ վրան տեղադրված սարքավորումներ փոխադրելու համար նախատեսված սարք.

«ՈՒղեանց կամուրջ»` կառույց, որի տակով անցնում է տրանսպորտային ուղի (ավտոմոբիլային ճանապարհ, երկաթուղի և այլն).

«ՈՒղևոր»` երթևեկության պրոցեսում տրանսպորտային միջոցի մեջ գտնվող անձ, բացի վարորդը: ՈՒղևորներին են հավասարեցվում տրանսպորտային միջոցի մեջ գտնվող (բացառությամբ վարել սովորեցնողի) և որոշակի աշխատանք կատարող անձինք (տոմսավաճառ, հսկիչ և այլն).

«Օրվա մութ ժամանակ»` մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատված:

 

2. ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`

2.1.1. երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել և ճանապարհին ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը` համաձայն տրանսպորտային միջոցների շահագործումը թույլ տալու հիմնական դրույթների (հավելված 3).

Տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է, եթե չեն գործում բանվորական արգելակային համակարգը, ղեկային կառավարումը, անսարք է կցման հարմարանքը (ավտոգնացքի կազմում), լապտերները և հետին եզրաչափային լույսերը (օրվա մութ ժամանակ անբավարար տեսանելիության պայմաններում), վարորդի դիմացի ապակեմաքրիչը (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ): Հիմնական դրույթներում (հավելված 3) թվարկված, այլ անսարքություններ ճանապարհին առաջանալու դեպքում, վարորդը պարտավոր է վերացնել դրանք, իսկ եթե դա հնարավոր չէ, ձեռնարկելով նախազգուշական միջոցներ, մեկնել կայանման կամ նորոգման վայր.

2.1.2. ոստիկանության աշխատակցի պահանջով`

- օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցը հանձնել ոստիկանության աշխատակիցներին` տրանսպորտային միջոցը և բեռը` իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).

- ենթարկվել համապատասխան ստուգման` սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

2.1.3. օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը`

- ոստիկանության աշխատակիցներին` շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.

- բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).

- ոստիկանության աշխատակիցներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

 

Ծանոթագրություն:

1. Թվարկած նպատակների համար տրանսպորտային միջոցը

տրամադրելու պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին,

դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների

ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և

հաշմանդամներին պատկանող ավտոմոբիլների վարորդների վրա (բացառությամբ

նրանց համաձայնության դեպքերի).

2. Տրանսպորտային միջոցից օգտվող անձինք վարորդի պահանջով պարտավոր են

նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)` նշելով ուղևորության

տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը,

ծառայողական վկայականի համարը և կազմակերպության անվանումը.

3. Ոստիկանության աշխատակիցները, անհրաժեշտությունից ելնելով (Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով), կարող

են տրանսպորտային միջոցների վարորդներին հեռացնել դրանց վարումից.

4. Տրանսպորտային միջոցների օգտագործման նշված դեպքերում հասցված վնասը

ենթակա է փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:

2.1.4. ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում`

- անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը (կանոնների 5-րդ բաժին) և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները.

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում` համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, որտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

- ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.

- պատահարի մասին հայտնել ոստիկանություն, գրի առնել ականատեսների ազգանուններն ու հասցեները և սպասել ոստիկանության աշխատակիցների ներկայանալուն.

 

Ծանոթագրություն:

1. Երթևեկելի մասը ազատելու կամ տուժածներին իր

տրանսպորտային միջոցով բուժհիմնարկ հասցնելու անհրաժեշտության դեպքում

վարորդը պարտավոր է նախօրոք, վկաների ներկայությամբ կատարել

տրանսպորտային միջոցի, պատահարի հետ առնչվող առարկաների և հետքերի

դիրքերի տեղանշում, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դրանք

պահպանելու և դեպքի վայրի շրջանցումը կազմակերպելու համար.

2. Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում, հետվթարային անվտանգությունն

ապահովելու նպատակով, պետք է միացված լինեն նաև օգնության համար

դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների

վթարային լուսային ազդանշանները.

3. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան,

վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող

են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա

ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային

մարմին` պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար:

 

2.2. Մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը, բացի 2.1 կետում նշվածից, պարտավոր է`

2.2.1. իր մոտ ունենալ և ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման`

- տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականը (կամ տրանսպորտային միջոցներ վարելու ժամանակավոր թույլտվություն` անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին).

- տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերը.

- կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու համար օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ (քաղաքացիներին պատկանելիս` տիրոջ բացակայության դեպքում).

- ուղևորների և բեռների փոխադրման համար նախատեսված այլ փաստաթղթեր (ուղեգիր, երթուղային թերթիկ, ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման թույլտվություն և այլն).

2.2.2. կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս, լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորներ: Թույլատրվում է գոտիներով չամրակապվել մինչև 12 տարեկան երեխաներին (կանոնների 21.8 կետ), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին:

Մոտոցիկլետով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորներ:

2.3. Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`

- իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում` նաև այլ փաստաթղթեր.

- տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:

2.4. Վարորդին արգելվում է`

- տրանսպորտային միջոցը վարել հիվանդ, հոգնած, ալկոհոլային (թմրադեղային կամ այլ) հարբածության վիճակում, ինչպես նաև ռեակցիան և ուշադրությունը վատացնող դեղամիջոցների ազդեցության տակ.

- տրանսպորտային միջոցի ղեկավարումը հանձնել հիվանդ, հոգնած, ալկոհոլային (թմրադեղային կամ այլ) հարբածության վիճակում, ինչպես նաև ռեակցիան և ուշադրությունը վատացնող դեղամիջոցների ազդեցության տակ գտնվող կամ էլ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.

- լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը վարորդի բացակայության ժամանակ.

- բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.

- բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ` եթե դա կխոչընդոտի երթևեկության մյուս մասնակիցներին.

- ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների):

2.5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիները քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ հնգական լծասայլ (լծասահնակ): Խմբերը վազանցելը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80 - 100 մ:

 

Ծանոթագրություն:

Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ

(լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել`

14 տարին լրացած անձանց:

 

2.6. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները և հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Լծասայլի (լծասահնակի) վարորդը, մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս, սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

2.7. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում, հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:

Երկաթուղային գծանցներով կենդանիներ քշելիս` անասունները պետք է բաժանվեն այնպիսի թվաքանակությամբ խմբերի, որպեսզի, անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:

2.8. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է`

- երթևեկել առանց ղեկը բռնելու.

- փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

- փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն կամ եթե բեռը ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը երկարությամբ կամ լայնությամբ.

- հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել ճանապարհով.

- կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:

Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով` բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:

2.9. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է`

- կենդանիները թողնել ճանապարհին առանց հսկողության.

- կենդանիները արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ մերձակա տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին.

- օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիություն պայմաններում անասուններ անցկացնել երկաթգծերով և ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ` դրա համար նախատեսված տեղերից դուրս.

- այլ ուղիների առկայության դեպքում կենդանիները քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:

Արգելվում է վարել լծասայլ, եթե այն կահավորված չէ հիմնական դրույթների (հավելված 3) 7-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

3. ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտներին:

Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում, հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին` երթևեկելի մասի արտաքին եզրով):

Բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:

3.2. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում` ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի միացված լապտերիկներով:

Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:

3.3. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` խաչմերուկներում` մայթերի կամ կողնակների ուղղությամբ:

Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:

3.4. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում` տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:

3.5. Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումն անվտանգ է իրենց համար:

Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ` միայն համոզված լինելով, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:

3.6. Դուրս գալով երթևեկելի մաս` հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:

3.7. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:

3.8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ և «տաքսի» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:

 

4. ԼՈՒՍԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

4.1. Լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

Կախված գործածման նպատակից` լուսացույցները կարող են լինել տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար, իսկ ազդանշանները, իրենց հերթին, կարող են լինել կլոր, սլաքի (սլաքների),

հետիոտնի կամ հեծանվի ուրվապատկերի տեսքի և «X»-աձև:

Կլոր ազդանշաններով լուսացույցները կարող են ունենալ մեկ կամ երկու, կանաչ սլաքի (սլաքների) տեսքի, ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ), որոնք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա:

4.2. Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

- կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը.

- կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ նրա գործողության ժամկետը լրանում է և շուտով կմիանա արգելող ազդանշանը (կանաչ ազդանշանի ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվային ցուցատախտակներ).

- դեղին ազդանշանը արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 4.13 կետում նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.

- դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, և բացի այդ, նախազգուշացնում որևէ վտանգի մասին.

- կարմիր ազդանշանը, այդ թվում նաև թարթող, արգելում է երթևեկությունը.

- կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումը արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:

4.3. Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույնի * սլաքների տեսքի ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ և համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանը արգելում է երթևեկությունը այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:

------------------

* կարմիր և դեղին սլաքների փոխարեն կարող են օգտագործվել սև

ուրվագծային սլաքներով նույն նշանակությունն ունեցող կլոր կարմիր և

դեղին ազդանշաններ

 

4.4. Լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները) վարորդներին տեղեկացնում է լրացուցիչ սեկցիայի առկայության մասին և ցույց տալիս թույլատրված երթևեկության այլ ուղղություններ, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով:

4.5. Եթե լուսացույցի ազդանշանը հետիոտնի (հեծանվի) ուրվապատկերի տեսքով է, ապա նրա գործողությունը տարածվում է միայն հետիոտների (հեծանվորդների) վրա: Այս դեպքում կանաչ ազդանշանը թույլատրում է հետիոտների (հեծանվորդների) երթևեկությունը, իսկ կարմիրը` արգելում:

Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացված չափերով կլոր ազդանշաններով լուսացույց` լրացված սպիտակ գույնի

200 x 200 մմ չափերի ուղղանկյուն ցուցանակով, հեծանվի սև գույնի պատկերով:

4.6. Ճանապարհների վրա կույր հետիոտների հաճախակի հայտնվելու վայրերում, երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար, լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել ձայնային ազդանշանով:

4.7. Տրանսպորտային միջոցների երթևեկությունը երթևեկելի մասի առանձին գոտիներով կարգավորելու համար, մասնավորապես այն գոտիների, որոնցով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հակադարձի, կիրառվում են դարձափոխային լուսացույցներ` «X»-աձև կարմիր և դեպի ներքև` ուղղված սլաքի տեսքի կանաչ ազդանշաններով, որոնք համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունը այն գոտիով, որի վերևում տեղակայված են:

Դարձափոխային լուսացույցների հիմնական ազդանշանները կարող են լրացվել անկյունագծով դեպի ներքև աջ կամ ձախ ուղղված սլաքի տեսքի դեղին ազդանշանով, որի միացումը տեղեկացնում է ազդանշանի փոխվելու և դեպի սլաքով նշված գոտի վերադասավորվելու անհրաժեշտության մասին:

Եթե երկու կողմից 1.9 գծանշումով նշված գոտու վերևում տեղակայված դարձափոխային լուսացույցի ազդանշանները անջատված են, ապա մուտքը այդ գոտի արգելված է:

4.8. Տրամվայների, ինչպես նաև առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կարող են կիրառվել «T»-աձև դասավորված միագույն, լուսնասպիտակ չորս կլոր ազդանշաններ ունեցող լուսացույցներ:

Երթևեկությունը թույլատրվում է միայն ներքևի և վերևի ազդանշաններից մեկի կամ մի քանիսի միաժամանակ միացված լինելու դեպքում, ընդ որում, ձախը թույլատրում է երթևեկությունը դեպի ձախ, միջինը` ուղիղ, իսկ աջը` դեպի աջ: Եթե լուսացույցի վերևի մեկ կամ մի քանի ազդանշաններ միացված են առանց ներքևի ազդանշանի, ապա երթևեկությունն արգելված է:

4.9. Երկաթուղային գծանցի վրա տեղակայված լուսնասպիտակ կլոր թարթող ազդանշանը թույլատրում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը գծանցով: Եթե թարթող լուսնասպիտակ և կարմիր ազդանշաններն անջատված են, ապա երթևեկությունը թույլատրվում է տեսանելիության սահմաններում մոտեցող գնացքի (լոկոմոտիվի, երկաթուղային սայլակի) բացակայության դեպքում:

4.10. Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

 

ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ Է ՎԵՐ`

- տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը բոլոր ուղղություններով արգելված է` բացառությամբ կանոնների 4.13 կետում նախատեսված դեպքերի:

 

ՁԵՌՔԵՐԸ ՊԱՐԶՎԱԾ ԵՆ ԿՈՂՄ ԿԱՄ ԻՋԵՑՎԱԾ ԵՆ`

- ձախ և աջ կողերից երթևեկությունը թույլատրված է տրամվային` ուղիղ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` ուղիղ և աջ: Հետիոտներին թույլատրված է հատել երթևեկելի մասը.

- թիկունքից և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունն արգելված է:

 

ԱՋ ՁԵՌՔԸ ՊԱՐԶՎԱԾ Է ԱՌԱՋ`

- ձախ կողմից տրամվայի երթևեկությունը թույլատրված է դեպի ձախ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` բոլոր ուղղություններով.

- կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներին թույլատրված է երթևեկել միայն դեպի աջ.

- թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է.

- հետիոտներին թույլատրված է երթևեկելի մասն անցնել կարգավորողի թիկունքով:

4.11. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին պահանջը կարող է տրվել դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ձեռքի շարժումով կամ բարձրախոս հարմարանքի միջոցով: Վարորդը պետք է կանգ առնի կարգավորողի նշած տեղում:

Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով:

Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:

4.12. Լուսացույցի (բացի դարձափոխային) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «կանգ» գծի (5.33` «Կանգ-գիծ» նշան) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`

- խաչմերուկում` հատվող երթևեկելի մասի առջև (հաշվի առնելով կանոնների 12.7 կետը)` չստեղծելով խոչընդոտ հետիոտների համար.

- երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 14.3 կետի պահանջներին համապատասխան.

- այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:

4.13. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում, այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 4.12 կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

4.14. Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունները և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

4.15. Երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:

 

5. ՎԹԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ «ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

5.1. Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`

- ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

- կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.

- լապտերների լույսից վարորդի կարճատև շլանալու դեպքում.

- քարշարկման դեպքում (քարշարկվող տրանսպորտային միջոցի վրա):

Վարորդը վթարային լուսային ազդանշանը պարտավոր է միացնել նաև այլ դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

5.2. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է), անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`

- ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

- կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից:

Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից, «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ), պետք է տեղադրվի բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:

5.3. «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում, վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում:

 

6. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

6.1. Կապույտ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 4-րդ (բացի կարգավորողի ազդանշաններից) և 7-17 բաժինների, ինչպես նաև 1-ին և 2-րդ հավելվածների պահանջները:

Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը: Նրանք առավելությունից օգտվել կարող են միայն համոզվելով, որ ճանապարհը իրենց զիջում են:

Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցները ուղեկցվում են կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով: ՈՒղեկցվող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն լապտերների մոտակա լույսերը:

ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչության, իսկ կազմակերպված տրանսպորտային շարասյուներ ուղեկցելու դեպքում նաև զինվորական տրանսպորտային միջոցների վրա կապույտ գույնի առկայծող փարոսիկներին լրացուցիչ կարող են միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկներ:

6.2. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներ մոտենալու դեպքում վարորդները պարտավոր են զիջել ճանապարհը` ապահովելով դրանց և դրանցով ուղեկցվող մյուս տրանսպորտային միջոցների անարգել երթևեկությունը:

6.3. Կանգնած վիճակում գտնվող և կապույտ գույնի առկայծող փարոսիկներ միացրած տրանսպորտային միջոցներին մոտենալիս, վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգնել:

6.4. Հիմնական դրույթների (հավելված 3) 10-րդ կետում թվարկված դեպքերում միացված դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:

6.5. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները շինարարական, վերանորոգման կամ ճանապարհների պահպանման աշխատանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 7.7, 8.4 - 8.6, 8.9 և 15.2 կետերի, գծանշումների և նշանների պահանջները, բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելված է» նշանների:

Կանոնների 22.4 կետում սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանց ուղեկցող դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել գծանշումների և կանոնների 8.6 կետի պահանջները:

6.6. Հիմնական դրույթների (հավելված 3) 11-րդ կետում թվարկված լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության աշխատակիցների ու այլ անձանց ուշադրությունը գրավելու համար:

 

7. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

7.1. Երթևեկությունն սկսելուց, վերադասավորվելուց, շրջադարձից (հետադարձից) և կանգառից առաջ վարորդը պարտավոր է տալ ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով:

Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև շարժման ուղղության փոփոխության սկսելը և դադարեցվի մանևրը ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է շարժման ուղղության փոփոխությունն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մյուս մասնակիցներին, իսկ շարժման ուղղության փոփոխությունը խոչընդոտ չստեղծի նրանց համար:

Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:

7.2. Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը:

Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը:

Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը:

7.3. Մերձակա տարածքից ճանապարհ մուտք գործելիս վարորդը պետք է զիջի ճանապարհը դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին և հետիոտներին, իսկ ճանապարհից դուրս գալիս` հետիոտներին և հեծանվորդներին, որոնց երթևեկության ուղին հատում է:

7.4. Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, առանց ուղղությունը փոխելու շարժվող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պարտավոր է զիջել ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:

7.5. Աջ և ձախ շրջադարձերից կամ հետադարձից առաջ վարորդը պարտավոր է նախապես զբաղեցնել տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային մասը` բացառությամբ, երբ շրջադարձը կատարվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս:

Երթևեկելի մասին համընթաց ուղղության ձախ կողմում, նույն հարթության վրա տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն գծերի վրայից, եթե 5.8.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.8.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշումով երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային:

7.6. Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է շարժվի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ:

7.7. Շրջադարձը դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը հայտնվի աջ եզրային մասում: Վերադասավորվել կարելի է, եթե վարորդը համոզված է, որ երթևեկությունը տվյալ ուղղությամբ թույլատրվում է նաև այլ գոտիներով:

7.8. Եթե վարորդը տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով հնարավորություն չունի առանց կանոնների 7.5 կետի պահանջները խախտելու կատարել շրջադարձը, ապա, ապահովելով երթևեկության անվտանգությունը, թույլատրվում է չպահպանել դրանք` խոչընդոտ չհանդիսանալով մյուս տրանսպորտային միջոցների համար:

7.9. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային:

Խաչմերուկից դուրս, եթե երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ձախ եզրային գոտուց հետադարձ կատարելու համար, թույլատրվում է այն կատարել երթևեկելի մասի աջ եզրից (աջ կողնակից): Այդ դեպքում վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց և հանդիպակաց տրանսպորտային միջոցներին:

7.10. Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը, որին տրանսպորտային միջոցը մոտենում է աջից:

7.11. Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: Կանոնների 1.13` «Կտրուկ վայրէջք» և

1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի վայրէջքի ուղղությամբ ընթացող վարորդը:

7.12. Արգելակման գոտի մուտք գործելու մտադրություն ունեցող վարորդը պետք է նախօրոք վերադասավորվի այդ գոտի, որտեղ և միայն իջեցնի արագությունը:

Ճանապարհ մուտք գործելու վայրում թափառքի գոտու առկայության դեպքում, վարորդը պետք է շարունակի երթևեկել դրանով և վերադասավորվի հարևան գոտի` զիջելով ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

7.13. Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումը անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:

Հետընթացն արգելվում է խաչմերուկներում և կանոնների 7.14 կետում թվարկված տեղերում:

7.14. Հետադարձն արգելվում է`

- հետիոտնային անցումների վրա.

- թունելներում.

- կամուրջների, ուղեանցների, էստակադների վրա և դրանց տակ.

- երկաթուղային գծանցներում.

- ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ պակաս տեսանելիության տեղերում.

- երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են կանգառի կետեր:

 

8. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍՈՒՄ

 

8.1. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշումով կամ 5.8.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.8.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» և 5.8.7, 5.8.8` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա` վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ կողային միջտարածությունը:

Գծանշման բացակայության դեպքում հանդիպակաց երթևեկության կողմ է համարվում երթևեկելի մասի լայնության ձախ կեսը:

8.2. Չորս և ավելի գոտի ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհներին, արգելվում է դուրս գալ ճանապարհի հանդիպակաց երթևեկության համար նախատեսված կողմը:

8.3. Երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) երկկողմանի երթևեկության ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:

8.4. Բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում` 5.1` «Ավտոմայրուղի» կամ 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են դրանք վարել երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ: Արգելվում է զբաղեցնել երթևեկության ձախ գոտիներ` ազատ աջ գոտիների դեպքում:

Բնակավայրերում, հաշվի առնելով սույն կետի և կանոնների 2.5, 8.9 ու 15.2 կետերի պահանջները, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել իրենց համար հարմար երթևեկության գոտիով: Ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են բոլոր գոտիները, դրանք թույլատրվում է փոխել ձախ և աջ շրջադարձերից, հետադարձից, արգելքը շրջանցելուց կամ կանգառից առաջ:

Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև, վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմանի ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 11.2 կետի պահանջներին համապատասխան:

8.5. Երթևեկելի մասի համընթաց ուղղության ձախ կողմում գտնվող տրամվայի գծերով երթևեկել թույլատրվում է, եթե բոլոր գոտիներն այդ ուղղությամբ զբաղված են, ինչպես նաև վազանցի, արգելքը շրջանցելու, ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ` հաշվի առնելով կանոնների 7.5 կետը: Ընդ որում, խոչընդոտ չպետք է ստեղծվի տրամվային: Եթե խաչմերուկից առաջ տեղադրված են 5.8.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.8.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանները, խաչմերուկում երթևեկությունը տրամվայի գծերով արգելվում է: Արգելվում է դուրս գալ հանդիպակաց ուղղության տրամվայի գծեր:

8.6. Եթե երթևեկելի մասը գծանշումով բաժանված է գոտիների, ապա տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է խստորեն իրականացվի նշված գոտիներով: Ընդհատվող գծերը կարելի է հատել միայն վերադասավորվելիս:

8.7. Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով` բացառությամբ կանոնների 2.5 ու 11.1 կետերում նշված դեպքերի: Թույլատրվում է, այլ հնարավորության բացակայության դեպքում. ճանապարհային և կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին երթևեկել, իսկ անմիջապես ճանապարհի կողնակների, մայթերի կամ հետիոտնային արահետների մոտ տեղակայված առևտրային և այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` ամենակարճ ճանապարհով մոտենալ դրանց` ապահովելով երթևեկության անվտանգությունը:

8.8. Վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի կողային միջտարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախումից:

8.9. Բնակավայրերից դուրս երկու գոտի ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհներին վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ունեն արագության սահմանափակում կամ 7 մ ավելի երկարություն, պարտավոր են մինչև առջևից ընթացող տրանսպորտային միջոցն ապահովել այնպիսի տարածություն, որպեսզի իրենց վազանցող տրանսպորտային միջոցների վարորդներին հնարավորություն տան առանց խոչընդոտի վերադասավորվել նախկինում զբաղեցրած գոտի: Այդ պահանջը չի գործում վազանցն արգելված ճանապարհահատվածներում, ինչպես նաև ինտենսիվ երթևեկության ժամանակ և կազմակերպված տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:

 

9. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

 

i

9.1. Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

Վարորդի կողմից ընտրված արագությունը, կանոնների պահանջները կատարելու համար, պետք է ապահովի տրանսպորտային միջոցի շարժման նկատմամբ մշտական հսկողության հնարավորություն:

Երթևեկության համար վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար:

9.2. Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.38` «Բնակելի գոտի» և 5.39` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

9.3. Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է`

- 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).

- 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` միջքաղաքային և հատուկ փոքր դասի ավտոբուսներին ու մոտոցիկլետներին` բոլոր ճանապարհներին.

- 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներին, կցորդ քարշակող թեթև մարդատար և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

 

Ծանոթագրություն:

Խոշոր բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին

հատվածներում (3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի

կիրառմամբ) կարող է թույլատրվել երթևեկելու համար սահմանված

առավելագույնից բարձր արագություն:

 

9.4. Թույլատրվում է երթևեկել`

- 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` սահմանված կարգով կահավորված թափքում մարդ տեղափոխող բեռնատար ավտոմոբիլներին և երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխող տրանսպորտային միջոցներին.

- 50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակող տրանսպորտային միջոցներին:

9.5. Վարորդին արգելվում է`

- գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.

- գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը.

- մեծ եզրաչափերով, վտանգավոր կամ ծանրաքաշ բեռ փոխադրելիս գերազանցել փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը.

- առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը.

- կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:

 

10. ՎԱԶԱՆՑ

 

10.1. Վազանց սկսելուց առաջ վարորդը պարտավոր է համոզվել, որ`

- երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի ինչպես հանդիպակաց, այնպես էլ համընթաց ընթացող տրանսպորտային միջոցներին.

- իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի, ձախ շրջադարձի (վերադասավորման) ազդանշան չի տվել.

- վազանցն ավարտելիս, անհրաժեշտության դեպքում կարող է, առանց վազանցվող տրանսպորտային միջոցի համար խոչընդոտ ստեղծելու, վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:

10.2. Վազանցել ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին թույլատրվում է միայն ձախ կողմից: Սակայն, եթե առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել մանևրի կատարումը, ապա այդպիսի տրանսպորտային միջոցի վազանցը կատարվում է աջից:

10.3. Վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանցը:

10.4. Վազանցվող տրանսպորտային միջոցից առաջ անցնելուց հետո (բացի աջ կողմից թույլատրելի վազանցի դեպքերից), վարորդը պարտավոր է վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի: Սակայն, տվյալ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտիների առկայության դեպքում, վազանց կատարող վարորդը, հաշվի առնելով կանոնների 8.4 կետի պահանջները, կարող է երթևեկությունը շարունակել ձախ գոտիով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա իր հետևից ավելի բարձր արագությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կամ, եթե նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալուն պես, նա ստիպված կլինի անմիջապես սկսել նոր վազանց:

10.5. Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանցելը դժվար է, ապա դրա վարորդը պետք է երթևեկի հնարավորին չափ աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի` իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին իրեն վազանցելու կամ կողանցելու հնարավորություն տալու համար:

10.6. Վազանցելն արգելվում է`

- կարգավորվող խաչմերուկներում, երբ վազանցը կատարվում է` դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի.

- չկարգավորվող խաչմերուկներում, երբ երթևեկությունն իրականացվում է գլխավոր չհանդիսացող ճանապարհով.

- հետիոտնային անցումների վրա.

- երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.

- վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.

- վերելքի վերջում և ճանապարհների սահմանափակ տեսանելիության այլ հատվածներում, երբ վազանցը կատարվում է` դուրս գալով հանդիպակաց երթևեկության գոտի:

10.7. Հարևան գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ այլ գոտիով շարժվող տրանսպորտային միջոցների ավելի արագ երթևեկելը վազանց չի համարվում:

 

11. ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ

 

11.1. Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում են ճանապարհի աջ մասում, մայթի մոտ, կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին և 11.3. կետով նախատեսված դեպքերում` նաև մայթերին:

11.2. Բնակավայրերում, ձախ կողմում, կանգառ ու կայանում թույլատրվում է`

- յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, միջնամասում առանց տրամվայի ռելսերի ճանապարհներին.

- միակողմանի ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու համար):

11.3. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով, բացառությամբ այն տեղերի, որոնց եզրաձևերը (երթևեկելի մասի տեղային լայնացում) թույլ են տալիս տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

Երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլետները, մոպեդները և հեծանիվները` 5.15` «Կայանման տեղ» նշանի և 7.6.2, 7.6.3, 7.6.6-7.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:

11.4. Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրա համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:

11.5. Կանգառն արգելված վայրերում հարկադրված կանգառ կատարելու դեպքում, կանոնների 5.1 և 5.2 կետերի պահանջները կատարելուց հետո, վարորդը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:

11.6. Կանգառն արգելվում է`

- տրամվայի գծերի վրա, ինչպես նաև անմիջապես դրանց մոտ, եթե դա կխոչընդոտի տրամվայների երթևեկությանը.

- երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեանցների վրա և դրանց տակ.

- այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու միջև տարածությունը 3 մ պակաս է.

- հետիոտնային անցումների վրա և մինչև 5 մ դրանցից առաջ.

- ճանապարհների երթևեկելի մասի վրա, ինչպես վտանգավոր շրջադարձերի, այնպես էլ երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ` թեկուզ մեկ ուղղությամբ 100 մ պակաս տեսանելիության դեպքում.

- երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ մոտ, բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).

- կանգառի հարթակներից կամ դրանց բացակայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ «տաքսի»-ների կանգառի կետերի ցուցիչներից 15 մ մոտ, եթե դա կխոչընդոտի կանգառի կետերին մոտեցող կամ դրանից հեռացող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների երթևեկությանը.

- այն վայրերում, որտեղ տրանսպորտային միջոցը երթևեկության մասնակիցներից կծածկի լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ կխոչընդոտի մյուս տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությանը:

11.7. Կայանումն արգելվում է`

- կանգառն արգելված վայրերում.

- բնակավայրերից դուրս 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ» և 2.3.2, 2.3.3` «Երկրորդական ճանապարհի հարում» նշաններով կահավորված ճանապարհների երթևեկելի մասի վրա.

- երկաթուղային գծանցներին 50 մ մոտ:

 

12. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

 

12.1. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել շրջադարձի կողմի երթևեկելի մասը հատող հետիոտներին և հեծանվային արահետով շարժվող հեծանվորդներին:

12.2. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի փոխհատում, եթե այնտեղ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:

 

Կարգավորվող խաչմերուկներ

12.3. Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:

12.4. Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց միջև:

12.5. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:

12.6. Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի տրամվայը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:

12.7. Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ» գիծ (5.33` «Կանգ-գիծ» նշաններ), նա պարտավոր է ղեկավարվել յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:

12.8. Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել խաչմերուկի անցումը և երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած հետիոտներին և տրանսպորտային միջոցներին, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:

 

Չկարգավորվող խաչմերուկներ

12.9. Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:

12.10. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:

12.11. Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդները պարտավոր են միմյանց միջև ղեկավարվել հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց միջև պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:

12.12. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց միջև պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

12.13. Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց միջև պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները:

12.14. Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:

 

13. ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

 

13.1. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:

 

Ծանոթագրություն:

Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները

համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ

հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 12.3 և 12.9

կետերում:

 

13.2. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:

13.3. Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո, վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտել ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:

13.4. Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում, արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել այնտեղ:

13.5. Բոլոր դեպքերում, այդ թվում` նաև հետիոտնային անցումներից դուրս, վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:

 

Ծանոթագրություն:

Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին ազդանշան են տալիս

սպիտակ ձեռնափայտով:

 

14. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՎ

 

14.1. Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին (լոկոմոտիվին, երկաթուղասայլակին):

14.2. Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պարտավոր է ղեկավարվել գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցերի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով և համոզվի, որ գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չի մոտենում:

14.3. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս 10 մ հեռավորության վրա:

14.4. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պարտավոր է`

- անհապաղ իջեցնել ուղևորներին և միջոցներ ձեռնարկել գծանցն ազատելու համար.

- հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկել գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կանոնները.

- մնալ տրանսպորտային միջոցի մոտ և տալ ընդհանուր տագնապի ազդանշան.

- գնացք երևալու դեպքում ընդառաջ վազել` տալով կանգառի ազդանշան:

 

Ծանոթագրություն:

Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար

և երեք կարճ ձայնային ազդանշանների կրկնությունը, իսկ որպես կանգառի

ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի

լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

 

14.5. Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`

- փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից).

- լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (անկախ ուղեփակոցի առկայությունից և դիրքից).

- գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում.

- եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.

- եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ):

 

Ծանոթագրություն:

Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ

մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ

դրոշակը գլխից վեր բարձրացրած կամ ձեռքերը կողմ պարզած:

 

Բացի այդ վարորդին արգելվում է`

- հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.

- ինքնակամ բացել ուղեփակոցը.

- գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.

- առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ ցածր արագությամբ և քարշակել տրակտորային քարշատափաններ:

 

15. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐՈՎ

 

15.1. Ավտոմայրուղիներ համարվող ճանապարհների սկիզբը և վերջը նշվում են 5.1` «Ավտոմայրուղի» և 5.2` «Ավտոմայրուղու վերջը» նշաններով:

15.2. Ավտոմայրուղիներում արգելվում է`

- հետիոտների երթևեկությունը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.

- հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.

- 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.

- կանգառը 5.15` «Կայանման տեղ» կամ 6.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.

- հետադարձը և մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական ընդհատումներ.

- հետընթացը.

- ուսումնական վարումը:

15.3. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշանով կահավորված ճանապարհների վրա:

 

16. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

 

16.1. Բնակելի գոտում, այսինքն այնպիսի տարածքում, որի մուտքերն ու ելքերը նշված են 5.38` «Բնակելի գոտի» և 5.39` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, հետիոտների երթևեկությունը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անհիմն խոչընդոտ ստեղծեն տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

16.2. Բնակելի գոտուց դուրս գալիս վարորդները պետք է ճանապարհը զիջեն երթևեկության մյուս մասնակիցներին:

16.3. Բնակելի գոտիներում արգելվում է.

- ուսումնական վարումը.

- միջանցիկ երթևեկությունը.

- կայանելը աշխատող շարժիչով.

- 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ հատուկ փոքր դասի) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:

16.4. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով:

 

17. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԳԱՌԻ ԿԵՏԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

 

17.1. Խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ, բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:

17.2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին, 5.9` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների գոտի», 5.10.1` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.10.2 և 5.10.3` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշանների առկայության դեպքում, արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում:

Եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշումով, ապա շրջադարձ կատարելիս տրանսպորտային միջոցները պետք է վերադասավորվեն այդ գոտու վրա: Թույլատրվում է նաև ճանապարհ մուտք գործելիս նման տեղերում մտնել այդ գոտի, երթևեկելի մասի աջ եզրի մոտ ուղևորներ իջեցնելու և նստեցնելու համար, պայմանով, որ դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանն այդ գոտում:

17.3. Բնակավայրերում վարորդները պետք է ճանապարհը զիջեն կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող տրոլեյբուսներին և ավտոբուսներին, որոնց վարորդներն իրենց հերթին կարող են երթևեկությունն սկսել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են:

Վարորդները պետք է ճանապարհը զիջեն կանգառի կետում կանգնած ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին մոտեցող կամ դրանից (դռների կողմից) հեռացող հետիոտներին, եթե իջնելն ու նստելը կատարվում է երթևեկելի մասի վրայից կամ երթևեկելի մասում գտնվող կանգառի հարթակից:

 

18. ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

18.1. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

- բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).

- կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:

18.2. Հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`

- բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.

- հանդիպակաց երթևեկության ժամանակ մյուս տրանսպորտային միջոցից ոչ պակաս 150 մ, իսկ, եթե պահանջվում է, նաև ավելի մեծ հեռավորության վրա, եթե այդ տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին.

- ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:

 

Ծանոթագրություն:

Շլանալու դեպքում վարորդը պարտավոր է միացնել վթարային լուսային

ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, իջեցնել արագությունը, իսկ

անհրաժեշտության դեպքում կանգ առնել:

 

18.3. Օրվա մութ ժամանակ, ինչպես նաև անբավարար տեսանելիության պայմաններում, ճանապարհների չլուսավորված հատվածներում կանգառի և կայանման դեպքում տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն եզրաչափային լույսերը: Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները:

18.4. Հակամառախուղային լապտերները կարող են օգտագործվել`

- օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ.

- անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ.

- լապտերների մոտակա լույսի փոխարեն` կանոնների 18.5 կետում նախատեսված դեպքերում:

18.5. Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`

- մոտոցիկլետների և մոպեդների վրա.

- կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.

- հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հակադիր երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

- երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.

- մեծ եզրաչափերով, վտանգավոր և ծանրաքաշ բեռներ փոխադրելիս.

- մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):

18.6. Լապտեր-լուսարձակ և փնտրող-լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում: Բնակավայրերում այդպիսի լապտերներից կարող են օգտվել միայն սահմանված կարգով կապույտ առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները` ծառայողական առաջադրանք կատարելիս:

18.7. Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում` հաշվի առնելով կանոնների հիմնական դրույթների (հավելված N 3) «Ցանկ»-ի 3.7 կետի պահանջները:

18.8. «Ավտոգնացք» ճանաչման նշանը, տեղադրված կանոնների հիմնական դրույթների (հավելված N 3) 8-րդ կետի պահանջներին համապատասխան, պետք է միացված լինի շարժման մեջ գտնվող ավտոգնացքի վրա, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` հաշվի առնելով 18.3 կետի պահանջները, նաև կանգառի և կայանման ժամանակ:

18.9. Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

- բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.

- այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

18.10. Վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է օրվա լուսավոր ժամանակ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը, իսկ օրվա մութ ժամանակ` լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի:

 

19. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՐՇԱԿՈՒՄԸ

 

19.1. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակումը պետք է իրականացվի քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի առկայության դեպքում, բացի այն դեպքերից, երբ կոշտ կցիչի կառուցվածքը ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով:

19.2. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ արգելվում է քարշակվող ավտոբուսում, տրոլեյբուսում և բեռնատար ավտոմոբիլի թափքում մարդկանց փոխադրումը: Մասնակի բեռնման եղանակով քարշակելիս արգելվում է մարդկանց գտնվելը ինչպես քարշակվող տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքում, այնպես էլ քարշակողի թափքում:

19.3. Քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև պետք է ապահովվի` ճկուն կցիչով քարշակելիս` 4 - 6 մ, իսկ կոշտ կցիչով` 4 մ ոչ ավելի հեռավորություն:

19.4. Քարշակումն արգելվում է`

- այն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում * (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).

- այն տրանսպորտային միջոցների, որոնց արգելակային համակարգը չի գործում *, և, եթե դրանց փաստացի զանգվածը գերազանցում է քարշակողի փաստացի զանգվածի կեսը: Քարշակվողի փաստացի զանգվածը քարշակողի փաստացի զանգվածի կեսից քիչ լինելու դեպքում քարշակումը թույլատրվում է, սակայն միայն կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով.

- երկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.

- առանց կողային կցորդի մոտոցիկլետներով, ինչպես նաև դրանց.

- մերկասառույցի պայմաններում` ճկուն կցորդիչով.

- այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` հաշվի առնելով 19.1 կետում նշված պահանջները:

---------------

* չգործող են համարվում ղեկային կառավարման և արգելակային այն

համակարգերը, որոնք վարորդին թույլ չեն տալիս իրականացնել շարժման

ուղղության փոփոխություն կամ կանգնեցնել տրանսպորտային միջոցը` անգամ

նվազագույն արագությամբ երթևեկելիս

 

20. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՄ

 

20.1. Տրանսպորտային միջոցների վարման սկզբնական ուսուցումը պետք է կատարվի փակ հրապարակներում կամ ավտոդրոմներում:

20.2. Ճանապարհներին ուսումնական վարումը թույլատրվում է միայն սովորեցնողի հետ` այն էլ սովորողի մոտ վարման բավարար հմտության դեպքում: Սովորողը պետք է գիտենա և կարողանա կատարել կանոնների պահանջները:

20.3. Անհատական կարգով սովորեցնողը պետք է ունենա առնվազն երեք տարվա վարորդական ստաժ և իր մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, իսկ վարորդ պատրաստող ուսումնական կազմակերպությունների վարորդ-հրահանգիչները` նաև տվյալ կարգի տրանսպորտային միջոցի ուսուցման իրավունքի փաստաթուղթ:

20.4. Ավտոմոբիլ վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան, իսկ մոտոցիկլետ վարել սովորողը` 14:

20.5. Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է ուսուցումը, պետք է ունենա «ՈՒսումնական տրանսպորտային միջոց» ճանաչման նշան և կահավորված լինի հետին դիտման լրացուցիչ հայելիով (սովորեցնողի համար), իսկ ուսումնական կազմակերպությունների ավտոմոբիլները` կահավորված լինեն նաև կցորդման և արգելակման լրացուցիչ ոտնյակներով:

20.6. ՈՒսումնական երթևեկությունը թույլատրվում է միայն այն ճանապարհներին, որոնց ցանկը հաստատվում և հայտարարվում է սահմանված կարգով:

 

21. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21.1. Մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում կարող են իրականացնել «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական և այդ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու առնվազն երեք տարվա ստաժ ունեցող վարորդները (ութից ավելի մարդ փոխադրելու դեպքում, ներառյալ խցիկի ուղևորները, նրանք պետք է ունենան նաև «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք):

 

Ծանոթագրություն:

Զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռնատար

ավտոմոբիլներով մարդկանց փոխադրման թույլտվության կարգը սահմանվում է

հատուկ կանոններով:

 

21.2. Մեկնելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պետք է ուղևորներին հրահանգավորի նստելու, թափքում տեղավորվելու և իջնելու կարգի մասին: Շարժվել կարելի է, միայն համոզվելով, որ ուղևորների անվտանգ փոխադրման պայմաններն ապահովված են:

21.3. Բեռնատար ավտոմոբիլի թափքում փոխադրվող մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:

21.4. Մարդկանց փոխադրումը կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է հիմնական դրույթների (հավելված N 3) 4-րդ կետի պահանջներին համապատասխան, ընդ որում, երեխաներ փոխադրել այդպիսի ավտոմոբիլներով թույլատրվում է բացառիկ դեպքերում:

21.5. Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց, պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստատեղերով:

21.6. Ավտոբուսով կամ ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլով երեխաների խմբեր փոխադրելիս` նրանց հետ պետք է գտնվի առնվազն մեկ չափահաս ուղեկցող, իսկ կողավոր հարթակ ունեցող բեռնատար ավտոմոբիլի թափքում` երկուսից ոչ պակաս: Այդ տրանսպորտային միջոցներն առջևից և հետևից պետք է կահավորվեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշաններով:

«Երեխաների փոխադրում» ճանաչման նշան ունեցող, կանգառ կատարած տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնեն` երեխաներին երթևեկելի մասը անարգել անցնել թույլ տալու համար:

21.7. Վարորդը պարտավոր է դռները փակ պահել մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տալ ուղևորներին նստել կամ իջնել, իսկ շարժումը սկսել դռները փակելուց հետո:

21.8. Մարդկանց փոխադրումն արգելվում է`

- ավտոմոբիլի (բացի կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերից), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլետի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.

- տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի, չհաշված մինչև 12 տարեկան երեխաները: Այդ դեպքում տրանսպորտային միջոցի փաստացի զանգվածը չպետք է գերազանցի արտադրող գործարանի կողմից սահմանված թույլատրելի առավելագույն զանգվածի մեծությունը:

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլետի հետևի, ինչպես նաև թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղերին, բացառությամբ, եթե ավտոմոբիլը կահավորված է երեխաների համար հատուկ պահող հարմարանքով:

21.9. ՈՒղևորները պարտավոր են`

- կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված դրանցով, իսկ մոտոցիկլետով երթևեկելիս` կոճկված սաղավարտով.

- տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է` երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:

21.10. ՈՒղևորներին արգելվում է`

- վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.

- կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.

- երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները.

- երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ որ առարկաներ:

 

Ծանոթագրություն:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների

փոխադրումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր

օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների

կազմակերպման կանոններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով:

 

22. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ

 

22.1. Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:

22.2. Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պարտավոր է հսկել բեռի վիճակը, տեղաբաշխումը և ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկությանը խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:

22.3. Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1 մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում, բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, բացի այդ` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

22.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով է կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց`

- օգտագործում են ծանրաքաշ և վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.

- շահագործում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.

- եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են` ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար` 2,6 մ), ըստ երկարության (մեկ կցորդով)` 20 մ և ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ, ինչպես նաև երկու և ավելի կցորդով ավտոգնացքների ու այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2,0 մ:

22.5. Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`

- սահմանափակում է վարորդի տեսադաշտը.

- դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և վատացնում կայունությունը.

- ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.

- զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:

 

Ծանոթագրություն:

Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել

դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը

պարտավոր է միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար, հակառակ

դեպքում` դադարեցնել հետագա երթևեկությունը:

 

23. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

23.1. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձանց արգելվում է`

- երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցներն այնպիսի անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, կամ գրանցված չեն սահմանված կարգով, կամ էլ չեն անցել պետական տեխնիկական զննություն.

- թույլատրել տրանսպորտային միջոցներ վարել հիվանդ, հոգնած, ալկոհոլային (թմրադեղային կամ այլ) հարբածության վիճակում, ինչպես նաև ռեակցիան և ուշադրությունը վատացնող դեղամիջոցների ազդեցության տակ գտնվող կամ այն անձանց, որոնք չունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ էլ սահմանված կարգով չեն անցել պարբերական բժշկական զննություն.

- ուղարկել երթևեկելու տրակտորներ, ինքնագնաց և թրթուրավոր այլ մեքենաներ ասֆալտե և ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով:

23.2. Ճանապարհների, երկաթուղային գծանցների ու ճանապարհային մյուս կառույցների վիճակի համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են`

- ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհային մյուս կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում` ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան.

- միջոցներ ձեռնարկել ճանապարհային երթևեկության համար խոչընդոտները ժամանակին վերացնելու, ճանապարհների առանձին հատվածներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու ուղղությամբ, երբ դրանցից օգտվելն սպառնում է երթևեկության անվտանգությանը.

- համապատասխան տեխնիկական միջոցների, տեղեկատու վահանակների օգտագործմամբ և զանգվածային լրատվության միջոցներով երթևեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունների և սահմանափակումների մասին:

23.3. Ճանապարհներին աշխատանքներ կատարելու համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են աշխատանքների կատարման տեղերում ապահովել երթևեկության անվտանգությունը: Այդ տեղերը, ինչպես նաև չաշխատող ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և այլն, որոնք չեն կարող հեռացվել ճանապարհի սահմաններից դուրս, պետք է նշվեն համապատասխան նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:

Ճանապարհային աշխատանքներն ավարտելուն պես պետք է ապահովվի տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը:

23.4. Համապատասխան պաշտոնատար և այլ անձինք օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, սահմանված կարգով, համաձայնեցնում են պետավտոտեսչության և այլ շահագրգիռ մարմինների հետ`

- քաղաքներում և ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային երթևեկության կազմակերպման նախագծերը և երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներով ճանապարհների կահավորումը.

- ճանապարհների, ճանապարհային և ճանապարհամերձ կառույցների շինարարության, վերակառուցման և նորոգման նախագծերը.

- անմիջապես ճանապարհների մոտ կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը, որոնք վատթարացնում են տեսանելիությունը կամ որևէ այլ ձևով խոչընդոտում հետիոտների երթևեկությանը.

- տրանսպորտային միջոցների կամ հետիոտների երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքների կատարումը ճանապարհներին.

- ծանրաքաշ, վտանգավոր և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումը.

- 20 մ ավելի երկարությամբ կամ երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների երթևեկությունը.

- ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները.

- ճանապարհային երթևեկության անվտանգության գծով մասնագետների, վարորդ- հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.

- տրանսպորտային միջոցների վերասարքավորումը և դրանց կառուցվածքների այն փոփոխությունները, որոնք ազդում են երթևեկության անվտանգության ապահովման վրա.

- այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.

- զանգվածային, սպորտային և այլ միջոցառումների անցկացումը ճանապարհներին:

 

Ծանոթագրություն:

Ճանապարհներին զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար սահմանված

կարգով թույլտվություն տալու դեպքում, թույլատրող մարմինը պարտավոր է

տեղեկացնել տարածքային ՆԳ մարմնին:

 

24. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄ

 

24.1. Նշանները համապատասխանում են ԳՕՍՏ-23457-86 և ԳՕՍՏ-10807-78 (վերջինով սահմանված է նաև դրանց համարակալումը) ստանդարտներին:

24.2. Նշանները (հավելված N 1) բաժանվում են 7 խմբի` 1 - նախազգուշացնող, 2 - առավելության, 3-արգելող, 4-թելադրող, 5-տեղեկատու-ցուցիչ, 6 - սպասարկման, 7 - լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

24.3. Գծանշումը համապատասխանում է ԳՕՍՏ-23457-86 և ԳՕՍՏ-13508-74 (վերջինով սահմանված է նաև դրանց համարակալումը) ստանդարտներին:

24.4. Գծանշումը (հավելված N 2) լինում է հորիզոնական և ուղղահայաց ու կիրառվում ինքնուրույն կամ նշանների և լուսացույցների հետ:

Հորիզոնական գծանշումն իրենից ներկայացնում է գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ երթևեկելի մասի վրա ու սահմանում երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը կարող է լինել մշտական և ժամանակավոր: Մշտական գծանշումը սպիտակ գույնի է (բացի 1.4, 1.10 և 1.17 գծերից, որոնք դեղին են), իսկ ժամանակավորը` նարնջագույն:

ՈՒղղահայաց գծանշումն իրենից ներկայացնում է ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև և սպիտակ զոլերի զուգակցություն, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:

24.5. Եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:

Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:

Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով:

Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջները իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:

 

Հավելված N 1

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

 

1. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ

 

Նախազգուշացնող նշանները վարորդներին տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ: Դրանք են`

1.1. «Երկաթուղային գծանց ուղեփակոցով»:

1.2. «Երկաթուղային գծանց առանց ուղեփակոցի»:

1.3.1. «Միագիծ երկաթուղի», 1.3.2. «Բազմագիծ երկաթուղի»: ՈՒղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` 1.3.1` մեկ ուղիով, 1.3.2` երկու և ավելի ուղիներով:

1.4.1. - 1.4.6. «Մոտեցում երկաթուղային գծանցին»: Լրացուցիչ նախազգուշացում` բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին:

1.5. «Հատում տրամվայի գծի հետ»:

1.6. «Հավասարազոր ճանապարհների հատում»:

1.7. «Հատում շրջանաձև երթևեկության հետ»:

1.8. «Լուսացույցային կարգավորում»: Խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով:

1.9. «Բացվող կամուրջ»: Բացվող կամուրջ կամ լաստանավային անցում:

1.10. «Ելք դեպի առափ»: Առափ կամ ափ դուրս գալու տեղ:

1.11.1, 1.11.2. «Վտանգավոր շրջադարձ»: Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ:

1.12.1, 1.12.2. «Վտանգավոր շրջադարձեր»: Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ:

1.13. «Կտրուկ վայրէջք»:

1.14. «Կտրուկ վերելք»:

1.15. «Սայթաքուն ճանապարհ»: Առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված:

1.16. «Անհարթ ճանապարհ»: Երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն):

1.17. «Խճի արտանետում»: Ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում:

1.18.1. - 1.18.3. «Ճանապարհի նեղացում»: 1.18.1` նեղացում երկու կողմից, 1.18.2` աջից, 1.18.3` ձախից:

1.19. «Երկկողմ երթևեկություն»: Ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ:

1.20. «Հետիոտնային անցում»: 5.16.1 և 5.16.2` «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1 - 1.14.2 գծանշումով նշված հետիոտնային անցում:

1.21. «Երեխաներ»: Մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը:

1.22. «Հատում հեծանվային արահետի հետ»:

1.23. «Ճանապարհային աշխատանքներ»:

1.24. «Անասունների քշում»:

1.25. «Վայրի կենդանիներ»:

1.26. «Քարերի անկում»: Ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում:

1.27. «Կողային քամի»:

1.28. «Ցածրաթռիչք ինքնաթիռներ»:

1.29. «Թունել»: Թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է:

1.30. «Այլ վտանգներ»: Ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ:

1.31.1, 1.31.2. «Շրջադարձի ուղղություն»: Սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն: Ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն:

1.31.3. «Շրջադարձի ուղղություն»: T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ: Ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ:

1.1, 1.2. և 1.5. - 1.30. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 7.1.1.` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա:

1.1, 1.2, 1.9, 1.10, 1.21. և 1.23. նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ ոչ պակաս հեռավորության վրա:

1.3.1. և 1.3.2. նշանները տեղադրվում են երկաթուղային գծանցներից անմիջապես առաջ:

1.13. և 1.14. նշանները կարող են տեղադրվել առանց 7.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են:

1.23. նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել (առանց 7.1.1.` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի) աշխատանքի կատարման վայրից 10 - 15 մ հեռավորության վրա:

 

2. ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

Առավելության նշանները սահմանում են անցման հերթականությունը խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով: Դրանք են`

2.1. «Գլխավոր ճանապարհ»: Ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում:

2.2. «Գլխավոր ճանապարհի վերջ»:

2.3.1. «Հատում երկրորդական ճանապարհի հետ»:

2.3.2, 2.3.3. «Երկրորդական ճանապարհի հարում»: 2.3.2.` հարում աջից, 2.3.3.` հարում ձախից:

2.4. «Զիջեք ճանապարհը»: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 7.13.` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է»: Արգելվում է երթևեկել առանց «կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու:

Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 7.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պարտավոր է կանգնել «կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ:

2.6. «Հանդիպակաց երթևեկության առավելություն»: Արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պարտավոր է զիջել ճանապարհի նեղ հատված հակադիր կողմից մուտք գործած կամ դրան մոտեցող հանդիպակաց տրանսպորտային միջոցներին:

2.7. «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ»: Ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

 

3. ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ

 

Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ: Դրանք են`

3.1. «Մուտքն արգելված է»: Արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ:

3.2. «Երթևեկությունն արգելված է»: Արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.3. «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»:

3.4. «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված է»: Արգելվում է 3.5 տ ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը:

3.5. «Մոտոցիկլետների երթևեկությունն արգելված է»:

3.6. «Տրակտորների երթևեկությունն արգելված է»: Արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը:

3.7. «Կցորդով երթևեկությունն արգելված է»: Արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը:

3.8. «Լծասայլերի երթևեկությունն արգելված է»: Արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը:

3.9. «Հեծանիվներով երթևեկությունն արգելված է»: Արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը:

3.10. «Հետիոտների երթևեկությունն արգելված է»:

3.11. «Զանգվածի սահմանափակում»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների, այդ թվում` ավտոգնացքների երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից:

3.12. «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից:

3.13. «Բարձրության սահմանափակում»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից:

3.14. «Լայնության սահմանափակում»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից:

3.15. «Երկարության սահմանափակում»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների, այդ թվում` ավտոգնացքների երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից:

3.16. «Նվազագույն միջտարածության սահմանափակում»: Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից:

3.17.1. «Մաքսային կետ»: Արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի (հսկիչ կետի) մոտով:

3.17.2. «Վտանգ»: Արգելվում է, առանց բացառության, բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ:

3.18.1. «Աջ շրջադարձն արգելված է»:

3.18.2. «Ձախ շրջադարձն արգելված է»:

3.19. «Հետադարձն արգելված է»:

3.20. «Վազանցն արգելված է»: Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով կատարել վազանց, բացառությամբ այն դեպքերի, երբ վազանցվող տրանսպորտային միջոցն ընթանում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:

3.21. «Վազանցի արգելման գոտու վերջ»:

3.22. «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելված է»: Արգելվում է 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով վազանց կատարել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ վազանցվող տրանսպորտային միջոցն ընթանում է 30 կմ/ժ պակաս արագությամբ: Արգելվում է տրակտորներով վազանց կատարել բոլոր տրանսպորտային միջոցներին, բացի լծասայլերից և հեծանիվներից:

3.23. «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ»:

3.24. «Առավելագույն արագության սահմանափակում»: Արգելվում է երթևեկել նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ):

3.25. «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ»:

3.26. «Ձայնային ազդանշան տալն արգելված է»: Արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից, բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:

3.27. «Կանգառն արգելված է»: Արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանելը:

3.28. «Կայանելն արգելված է»: Արգելվում է տրանսպորտային միջոցների կայանելը:

3.29. «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին»:

3.30. «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին»:

3.29. և 3.30. նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում:

3.31. «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ»: Նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24. և 3.26. - 3.30. նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը:

3.32. «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով:

3.33. «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»: Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ԳՕՍՏ-19433-88):

3.2. - 3.9, 3.32. և 3.33. նշաններն արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ:

Նշանների ազդեցությունը չի տարածվում`

3.1. - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19. և 3.27. ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

3.2. - 3.8. տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից.

3.2, 3.3, 3.28. - 3.30. I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.

3.4. բեռնատար ավտոմոբիլների վրա, որոնք նախատեսված են մարդկանց խմբեր փոխադրելու համար.

3.28. - 3.30. միացված հաշվիչով տաքսիների վրա:

Նշանների ազդեցությունը տարածվում է`

3.10, 3.27. - 3.30. ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.

3.16, 3.20, 3.22, 3.24. և 3.26. - 3.30. նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում` մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ չեն տեղադրված.

3.18.1. և 3.18.2. երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է.

3.24. մինչև բնակավայրից առաջ տեղադրված 5.22.` «Բնակավայրի սկիզբ» նշանը:

Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել`

3.16. և 3.26. նշանների համար` 7.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.

3.20, 3.22. և 3.24. նշանների համար` նրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23. և 3.25. նշանների տեղադրմամբ կամ 7.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.

3.24. նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24. նշանի տեղադրմամբ.

3.27. - 3.30. նշանների համար` 7.2.2.` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 7.2.3.` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 և 3.30 նշաններով.

3.27. նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28. նշանը` 1.10. գծանշման հետ համատեղ, ընդ որում` նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

 

4. ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ

 

Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշակի կարգի տրանսպորտային միջոցների համար նախատեսում են շարժման ուղղությունները: Դրանք են`

4.1.1. «Երթևեկությունն ուղիղ», 4.1.2 «Երթևեկությունը դեպի աջ», 4.1.3. «Երթևեկությունը դեպի ձախ», 4.1.4. «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ», 4.1.5. «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ», 4.1.6. «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ»: Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով: Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը (4.1.1 - 4.1.6 նշանները կարող են կիրառվել տվյալ հատման վայրում` երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով):

4.1.1. - 4.1.6. նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

4.1.1. - 4.1.6. նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1. նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ:

4.2.1. «Արգելքի շրջանցումն աջից», 4.2.2. «Արգելքի շրջանցումը ձախից»: Շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից:

4.2.3. «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից»: Շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից:

4.3. «Շրջանաձև երթևեկություն»: Երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ:

4.4. «Թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկություն»: Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների, մոտոցիկլետների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և 3,5 տ չգերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը:

Նշանի ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանի ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից:

4.5. «Հեծանվային արահետ»: Թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում, հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները:

4.6. «Հետիոտնային արահետ»: Թույլատրվում է միայն հետիոտների երթևեկությունը:

4.7. «Նվազագույն արագության սահմանափակում»: Թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ:

4.8. «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ»:

4.9. «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն»: «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ` 4.9.1.` դեպի ձախ, 4.9.2.` ուղիղ, 4.9.3.` դեպի աջ:

 

5. ՏԵՂԵԿԱՏՈՒ-ՑՈՒՑԻՉ ՆՇԱՆՆԵՐ

 

Տեղեկատու-ցուցիչ նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ, ինչպես նաև տեղեկացնում բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման մասին: Դրանք են`

5.1. «Ավտոմայրուղի»: Ճանապարհ, որտեղ գործում են ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները:

5.2. «Ավտոմայրուղու վերջ»:

5.3. «Ճանապարհ ավտոմոբիլների համար»: Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլետների երթևեկության համար:

5.4. «Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ»:

5.5. «Միակողմանի երթևեկության ճանապարհ»: Ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ:

5.6. «Միակողմանի երթևեկության ճանապարհի վերջ»:

5.7.1, 5.7.2 «Ելք դեպի միակողմանի երթևեկության ճանապարհ»: Ելք դեպի միակողմանի երթևեկության ճանապարհ կամ երթևեկելի մաս:

5.8.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով»: Գոտիների քանակը և երթևեկության թույլատրելի ուղղությունները դրանցից յուրաքանչյուրով:

Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.8.1. նշանը թույլատրում է նաև հետադարձն այդ գոտուց:

Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.1. նշանի ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.8.2. կամ այլ 5.8.1. նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս:

5.8.2. «Երթևեկության ուղղությունները գոտիով»: Երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով:

Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.8.2. նշանը թույլատրում է նաև հետադարձն այդ գոտուց:

Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.2. նշանի ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.8.1. կամ այլ 5.8.2. նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս:

5.8.3. «Գոտու սկիզբ»: Արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը:

Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.7. «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք չեն կարող շարունակել երթևեկությունը հիմնական գոտիով առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի:

5.8.4. «Գոտու սկիզբ»: Տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը:

5.8.5. «Գոտու վերջ»: Թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը:

5.8.6. «Գոտու վերջ»: Տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը:

5.8.7, 5.8.8. «Երթևեկության ուղղությունը գոտիներով»:

Եթե 5.8.7. նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է:

5.8.7. և 5.8.8. նշանները համապատասխան թվով սլաքներով կարող են կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին:

Փոփոխվող պատկերով 5.8.7. և 5.8.8. նշանների միջոցով կարող է կազմակերպվել դարձափոխային երթևեկություն:

5.9. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի»: Երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի:

Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա:

5.10.1. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ»: Երթևեկության հոսքին հակադիր, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ:

5.10.2, 5.10.3. «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ»:

5.10.4. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ»:

5.11.1. «Հետադարձի տեղ»: Ձախ շրջադարձն արգելվում է:

5.11.2. «Հետադարձի գոտի»: Հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է:

5.12. «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ»:

5.13. «Տրամվայի կանգառի տեղ»:

5.14. «Թեթև մարդատար «տաքսիների» կայանման տեղ»:

5.15. «Կայանման տեղ»:

5.16.1, 5.16.2. «Հետիոտնային անցում»:

Անցման վայրում 1.14.1. - 1.14.2. գծանշումների բացակայության դեպքում 5.16.1. նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.16.2. նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ:

5.17.1, 5.17.2. «Ստորգետնյա հետիոտնային անցում»:

5.17.3, 5.17.4. «Վերգետնյա հետիոտնային անցում»:

5.18. «Առաջարկվող արագություն»: Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:

Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկ, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ:

5.19.1. - 5.19.3. «Փակուղի»: Միջանցիկ անցում չունեցող ճանապարհ:

5.20.1. «ՈՒղղությունների նախնական ցուցիչ», 5.20.2. «ՈՒղղության նախնական ցուցիչ»: Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրեր և այլ օբյեկտներ:

Այդ նշանների վրա կարող են պատկերվել 5.29.1. նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները կամ մարզական և այլ պատկերագրեր:

5.20.1. նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ:

5.20.1. նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը:

5.20.1. նշանը կիրառվում է նաև 3.11. - 3.15. արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար:

Բնակավայրից դուրս տեղադրված 5.20.1. և 5.20.2. նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրագործվում է համապատասխանաբար ավտոմայրուղիով կամ այլ ճանապարհով, իսկ բնակավայրերում տեղադրված այդ նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրագործվի համապատասխանաբար ավտոմայրուղիով կամ այլ ճանապարհով: Սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ այդ օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում:

5.20.3. «Երթևեկության սխեմա»: Խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում շարժման երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ:

5.21.1. «ՈՒղղության ցուցիչ», 5.21.2. «ՈՒղղությունների ցուցիչ»: Դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ:

Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ, մարզական և այլ պատկերագրեր:

Բնակավայրից դուրս տեղադրված 5.21.1. և 5.21.2. նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրագործվում է համապատասխանաբար ավտոմայրուղիով կամ այլ ճանապարհով, իսկ բնակավայրերում տեղադրված այդ նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրագործվի համապատասխանաբար ավտոմայրուղիով կամ այլ ճանապարհով: Սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ այդ օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում:

5.22. «Բնակավայրի սկիզբ»: Այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող կանոնների պահանջները:

5.23. «Բնակավայրի վերջ»: Այն տեղը, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները:

5.24. «Բնակավայրի սկիզբ»: Այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող կանոնների պահանջները:

5.25. «Բնակավայրի վերջ»: 5.24. նշանով նշված բնակավայրի վերջը:

5.26. «Օբյեկտի անվանում»: Բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն):

5.27. «Հեռավորությունների ցուցիչ»: Մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ):

5.28. «Կիլոմետրային նշան»: Մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ):

5.29.1, 5.29.2. «Երթուղու համարը»: 5.29.1.` ճանապարհին (երթուղուն) շնորհված համարը, 5.29.2.` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը:

5.30.1. - 5.30.3. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»: Բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է:

5.31. «Շրջանցման սխեմա»: Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի:

5.32.1. - 5.32.3. «Շրջանցման ուղղություն»: Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն:

5.33. «Կանգ-գիծ»: Լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ:

5.34.1, 5.34.2. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ»: Բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն:

5.35. «Դարձափոխային երթևեկություն»: Ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հակառակի:

5.36. «Դարձափոխային երթևեկության վերջ»:

5.37. «Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ»:

5.38. «Բնակելի գոտի»: Տարածք, որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության կարգ սահմանող կանոնների պահանջները:

5.39. «Բնակելի գոտու վերջ»:

 

6. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին: Դրանք են`

6.1. «Առաջին բժշկական օգնության կետ»:

6.2. «Հիվանդանոց»:

6.3. «Ավտոլցավորման կայան»:

6.4. «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում»:

6.5. «Ավտոմոբիլների լվացում»:

6.6. «Հեռախոս»:

6.7. «Սննդի կետ»:

6.8. «Խմելու ջուր»:

6.9. «Հյուրանոց կամ մոթել»:

6.10. «Հանգրվան»:

6.11. «Հանգստի վայր»:

6.12. «Պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության պահակետ»:

6.13. «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ»:

 

7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)

 

Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: Դրանք են`

7.1.1. «Հեռավորություն մինչև օբյեկտ»: Ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը:

7.1.2. «Հեռավորություն մինչև օբյեկտ»: Ցույց է տալիս 2.4.` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5.` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը:

7.1.3, 7.1.4. «Հեռավորություն մինչև օբյեկտ»: Ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ:

7.2.1. «Ազդման գոտի»: Ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին:

7.2.2. - 7.2.6. «Ազդման գոտի»:

Ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`

- 7.2.2.` 3.27. «Կանգառն արգելված է», 3.28.` «Կայանելն արգելված է»,

3.29.` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30.` «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին.

- 7.2.3.` 3.27. - 3.30. նշանների ազդման գոտու վերջը.

- 7.2.4.` 3.27. - 3.30. նշանների ազդման գոտում գտնվելու մասին.

- 7.2.5, 7.2.6.` 3.27.-3.30. նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում:

7.3.1. - 7.3.3. «Ազդման ուղղություններ»: Ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտներ:

7.4.1. - 7.4.8. «Տրանսպորտային միջոցի տեսակ»: Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը:

Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`

- 7.4.1.` 3.5. տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում` նաև կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա,

- 7.4.3.` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա,

- 7.4.8.` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա:

7.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր», 7.5.2. «Աշխատանքային օրեր», 7.5.3. «Շաբաթվա օրեր»: Ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է:

7.5.4, 7.5.5. - 7.5.7. «Գործողության ժամանակ»: 7.5.4. ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 7.5.5. - 7.5.7.` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է:

7.6.1. - 7.6.9. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»: Ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`

- 7.6.1.` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար.

- 7.6.2. - 7.6.9.` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլետների համար:

7.7. «Կայանում չգործարկված շարժիչով»: Ցույց է տալիս, որ 5.15.` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանելը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով:

7.8. «Վճարովի ծառայություններ»: Տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են:

7.9. «Կայանման տևողության սահմանափակում»: Տեղեկացնում է, 5.15.` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին:

7.10. «Ավտոմոբիլների զննման տեղ»: Տեղեկացնում է, որ 5.15. «Կայանման տեղ» կամ 6.11. «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն:

7.11. «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում»: Տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից:

7.12. «Վտանգավոր կողնակ»: Նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործել վտանգավոր է: Կիրառվում է 1.23.` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ:

7.13. «Գլխավոր ճանապարհի ուղղություն»: Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում:

7.14. «Երթևեկության գոտի»: Ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը:

7.15. «Կույր հետիոտներ»: Տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.20., 5.16.1. և 5.16.2.` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ:

7.16. «Խոնավ ծածկույթ»: Տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն ժամանակահատվածի վրա, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է:

7.17. «Հաշմանդամներ»: Տեղեկացնում է, որ 5.15.` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով:

7.18. «Բացի հաշմանդամներից»: Տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա:

7.19. «Վտանգավոր բեռի դասը»: Ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ԳՈՍՏ 19433-88 ստանդարտի:

Կիրառվում է 3.32.` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.9.1. - 4.9.3.` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ:

Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 7.2.2.-7.2.4. և 7.13. ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին:

 

Հավելված N 2

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

1. Հորիզոնական գծանշում

 

1.1. Հոծ գիծ է, որը բաժանում է հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշում է ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց է տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է ու ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները:

1.2.1. - հոծ գիծ է, որը ցույց է տալիս երթևեկելի մասի եզրը:

1.2.2. - ընդհատվող գիծ է, որը ցույց է տալիս երկու գոտի ունեցող ճանապարհների երթևեկելի մասի եզրը (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երկու անգամ փոքր է դրանց միջև եղած տարածությունից):

1.3. - չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը:

1.4. - ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27.` «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին:

1.5. - բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը, իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները:

1.6. - «մոտեցման գիծ» - ընդհատվող գիծ է, որը նախազգուշացնում է երթևեկության հակադիր կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1. կամ 1.11. գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը):

1.7. - ընդհատվող գիծ է, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են):

1.8. - լայն ընդհատվող գիծ է, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև սահմանը` խաչմերուկներում, ճանապարհների տարբեր մակարդակների հատումներում, ավտոբուսների կանգառի կետերի վայրերում և այլն:

1.9. - ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցները անջատված են, բաժանում է հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը:

1.10. - ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28.` «Կայանելն արգելված է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին:

1.11. - բաժանում է հակադիր կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց, ինչպես նաև ցույց է տալիս հետադարձի, կայանման հրապարակների մուտքի, ելքի և նման տեղեր, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ:

1.12. «Կանգ» գիծ - ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5.` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում:

1.13. - ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը, անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

1.14.1, 1.14.2. «Զեբր» - ցույց են տալիս հետիոտնային անցում: Գծանշման սլաքները (1.14.2.) ցույց են տալիս հետիոտների երթևեկության ուղղությունը:

1.15. - ցույց է տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:

1.16.1. - 1.16.3. - տրանսպորտային հոսքերի բաժանման կամ միացման տեղերում ցույց են տալիս ուղղորդ կղզյակներ:

1.17. - ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և «տաքսիների» կայանման վայրերը:

1.18. - ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղություններն ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.8.1.` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.8.2.` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ շրջադարձը դեպի մոտակա երթևեկելի մաս արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձ:

1.19. - նախազգուշացնում է երթևեկելի մասի նեղացման տեղին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների քանակը նվազում է) կամ հակադիր տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1. կամ 1.11. գծանշմանը մոտենալու մասին: Առաջին դեպքում 1.19. գծանշումը կարող է կիրառվել 1.18.1. - 1.18.3.` «Ճանապարհի նեղացում» նշանների հետ:

1.20. - նախազգուշացնում է 1.13. գծանշմանը մոտենալու մասին:

1.21. «STOP» գրառում - նախազգուշացնում է 1.12. գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի հետ:

1.22. - ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը:

1.23. - ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին:

1.24.1. - 1.24.3. - կրկնօրինակում են համապատասխան ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին:

1.25. - ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները:

1.1, 1.2.1. և 1.3. գծերը հատելն արգելվում է: Թույլատրվում է ճանապարհի կողնակին կանգնելու նպատակով հատել երթևեկելի մասի եզրը ցույց տվող 1.2.1. գիծը, եթե այն գտնվում է վարորդից աջ:

1.2.2, 1.5. - 1.8. գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:

1.9. գծերը, դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում, թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիներ: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9. գծանշումից դեպի աջ: Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում, երթևեկության հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9. գծանշումը հատելն արգելվում է:

1.11. գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:

 

2. ՈՒղղահայաց գծանշում

Նշում է`

2.1.1. - 2.1.3. - ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեանցների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար.

2.2. - թունելների, կամուրջների և ուղեանցների թռիչքային կառույցների ստորին եզրը.

2.3. - բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները.

2.4. - ուղղորդ կարճասյուները, ուղեցցերը, պաշտպանիչների հենակները և այլն.

2.5. - պաշտպանիչների կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա.

2.6. - պաշտպանիչների կողային մակերևույթները ճանապարհի այլ հատվածների վրա.

2.7. - վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները:

 

Հավելված N 3

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(պայմաններ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է

տրանսպորտային միջոցների շահագործումը)

 

1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները և կցորդները պետք է գրանցվեն (վերագրանցվեն) ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչության կամ օրենսդրությամբ սահմանված այլ մարմիններում` դրանց ձեռք բերման կամ մաքսային ձևակերպման օրվանից 5 օրվա ընթացքում կամ էլ մինչև տարանցիկ համարանիշերի գործողության ժամկետի լրանալը:

2. Մեխանիկական տրանսպորտային միջոցների (բացի տրամվայներից և տրոլեյբուսներից) և կցորդների վրա պետք է հատուկ նախատեսված տեղերում փակցվեն համապատասխան տիպի գրանցման համարանիշեր (համաձայն ՀՍՏ-110-95 ստանդարտի), իսկ ավտոմոբիլների վրա, բացի դրանից, դիմապակու աջ ներքևի անկյունում` պետական տեխնիկական զննություն անցնելու մասին կտրոնը:

Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի թափքի կառուցվածքով նախատեսված տեղերում, չափսային կամ այլ պատճառներով գրանցման համարանիշերն ամրացնել հնարավոր չէ, ապա այդ հարցը լուծվում է պետավտոտեսչության մարմինների հետ համաձայնեցնելով:

Գրանցման համարանիշերի թվերը և տառերը (բացի երկրի ճանաչման նշանից) պետք է կրկնվեն բեռնատար ավտոմոբիլների, կցորդների (բացի թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլետների կցորդներից) և ավտոբուսների (բացի հատուկ փոքր դասի) թափքի հետնապատին: Թվերի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 300 մմ, լայնությունը` ոչ պակաս 120 մմ, գծերի հաստությունը` 30 մմ, տառերի չափսերը կազմում են թվերի չափսերի 2/3:

Տրամվայների և տրոլեյբուսների վրա նշվում են համապատասխան գերատեսչությունների կողմից հատկացվող գրանցման համարները:

3. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և կահավորվածությունը պետք է բավարարեն համապատասխան ստանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով:

4. Մարդկանց փոխադրման համար օգտագործվող կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն կողի վերին եզրից առնվազն 0,3 մ ցածր և հատակից` 0,3 - 0,5 մ բարձր ամրացված նստարաններով, իսկ երեխաների փոխադրման ժամանակ, կողերը պետք է ունենան հատակի մակերևույթից ոչ պակաս 0,8 մ բարձրություն: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ:

5. Մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու նպատակով կահավորվում է նախազգուշական հարմարանքներով, որոնք իրենցից ներկայացնում են անկյունագծով 50 մմ լայնությամբ իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, 200 մմ x 200 մմ չափսերի լուսանդրադարձիչ մակերևույթով դրոշակներ կամ վահանակներ: Ճկուն կապող օղակի վրա պետք է տեղադրվեն երկուսից ոչ պակաս նախազգուշացնող հարմարանքներ:

Կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 25907-89 ստանդարտի պահանջներին:

6. Հեծանիվը պետք է ունենա սարքին ղեկ, արգելակ և ձայնային ազդանշան, առջևից կահավորված լինի սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից` նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով:

7. Լծասայլը պետք է ունենա կառուցվածքով նախատեսված կայանման սարքին արգելակ և հակագլորման հենակներ, առջևից կահավորված լինի երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով (մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), իսկ հետևից` երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով:

8. Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն ճանաչման նշաններ`

«Ավտոգնացք» - կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված, նարնջագույն երեք լապտերիկների տեսքի:

«Արագության սահմանափակում» - երեխաների խմբեր, վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 9.3. և 9.4. կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, 3.24.` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքի (տրամագիծը` ոչ պակաս 160 մմ, եզրաշերտի լայնությունը` տրամագծի 1/10 չափով):

«Դանդաղընթաց տրանսպորտային միջոց» - արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքի (կողմի երկարությունը` 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը` 45 - 48 մմ):

«Երեխաների փոխադրում» - երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 1.21.` «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքի (կողմը` ոչ պակաս 250 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10 չափով):

«Երիթներ» - երիթավորված դողերով կահավորված մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` գագաթը վեր կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «Մ» պատկերանշանով եռանկյան տեսքի (կողմի երկարությունը` ոչ պակաս 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10 չափով):

«Երկարաչափ տրանսպորտային միջոց» - բեռով կամ առանց բեռի 20 մ ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների և, անկախ երկարությունից, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների հետևի մասում` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքի (չափերը` ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 մմ):

Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ ոչ պակաս չափսեր ունեցող երկու միանման նշաններ:

«Խուլ վարորդ» - խուլ և համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև շրջանիկների պատկերով դեղին շրջանի տեսքի (նշանի տրամագիծը` 160 մմ, շրջանիկներինը` 40 մմ):

«Մեծ եզրաչափերով բեռ» - անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքի (չափսերը`

400 x 400 մմ, զոլերի լայնությունը` 50 մմ):

«Վթարային կանգառ» - լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող գագաթը վերև ուղղված սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքի (կողմը` 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 - 50 մմ):

Կանոնների 5.2. կետում նախատեսված դեպքերում` այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս:

«Վտանգավոր բեռ» - վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքի (չափսերը` 690 x 300 մմ), որի աջ մասը (400 x 300 մմ) նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը` սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ:

«ՈՒսումնական տրանսպորտային միջոց» - վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքի (կողմը` ոչ պակաս 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10 չափով):

Թույլատրվում է երկկողմանի նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին:

Վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել նաև հետևյալ ճանաչման նշանները`

«Բժիշկ» - բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում, կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքի (կողմը` 140 մմ, շրջանի տրամագիծը` 125 մմ, խաչի գծիկի լայնությունը` 25 մմ, բարձրությունը` 90 մմ):

«Հաշմանդամ» - 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 7.17.` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքի (կողմը` 150 մմ):

9. Տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ երանգավորման և դրանց վրա տեղադրվող հատուկ լուսային և ձայնային ազդանշաններին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՍՏ-185-99 ստանդարտով, իսկ դրանք կիրառելու թույլտվություն ունեցող մարմինների ցանկը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից:

Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել կարմիր, կապույտ, դեղին, նարնջագույն և լուսնասպիտակ հատուկ լուսային ազդանշաններ:

Հատուկ ձայնային ազդանշանն իրենից ներկայացնում է բարձր և ցածր ձայնային երանգների հերթագայություն` սահմանված վերոհիշյալ ստանդարտով:

Հատուկ ձայնային և լուսային ազդանշաններով կահավորված լինելու վերաբերյալ տեղեկությունները պետք է նշված լինեն տրանսպորտային միջոցների գրանցման փաստաթղթերում:

10. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները տեղադրվում են`

- մեծ եզրաչափերի և (կամ) ծանրաքաշ բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ ներգործող թունավոր նյութեր փոխադրող, իսկ հատուկ կանոններով սահմանված դեպքերում` նաև այդ փոխադրումներն ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա.

- ճանապարհների շինարարության, վերանորոգման կամ պահպանման, ինչպես նաև անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա.

- կանոնների 22.4. կետում սահմանված եզրաչափային նորմերը գերազանցող տրանսպորտային միջոցների վրա:

11. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան կարող են տեղադրվել հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք օգտագործվում են դրամական հասույթ և թանկարժեք բեռներ փոխադրելու համար:

12. Բոլոր գույների առկայծող փարոսիկները տեղադրվում են տրանսպորտային միջոցների կտուրին կամ դրանից բարձր, ընդ որում` ամրացման ձևերը տրանսպորտային միջոցի երթևեկության բոլոր ռեժիմներում պետք է ապահովեն տեղակայման հուսալիությունը և լուսային ազդանշանի տեսանելիությունը հորիզոնական հարթությունում` 360օ անկյունով:

13. Շահագործումն արգելվում է`

- այն տրանսպորտային միջոցներին, որոնք սահմանված ժամկետներում չեն անցել պետական տեխնիկական զննություն, որոնց դիմապակու վրա բացակայում է տվյալ տարվա պետական տեխնիկական զննություն անցնելու մասին կտրոնը և որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության.

- այն տրանսպորտային միջոցներին, որոնք առանց համապատասխան թույլտվության կահավորված են առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով կամ էլ թափքի արտաքին մակերևույթի վրա ունեն պետական ստանդարտներին չհամապատասխանող հատուկ գունագրաֆիկ սխեմաներ, գրառումներ և այլ նշումներ.

- այն տրանսպորտային միջոցներին, որոնք կահավորված են կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով և հանգույցներով.

- այն տրանսպորտային միջոցներին, որոնց վրա նախատեսված տեղերում բացակայում են գրանցման համարանիշերը, կամ, որոնք կրում են փոխարինված, կեղծված, կամ էլ անընթեռնելի համարանիշեր.

- այն տրոլեյբուսներին և տրամվայներին, որոնց մոտ առկա է դրանց տեխնիկական շահագործման համապատասխան կանոններում նշված անսարքություններից թեկուզ մեկը.

- այն ավտոմոբիլներին, ավտոբուսներին, ավտոգնացքներին, կցորդներին, մոտոցիկլետներին, մոպեդներին, տրակտորներին և այլ ինքնագնաց մեքենաներին, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում ստորև բերված անսարքությունների և պայմանների ցանկի պահանջներին:

 

ՑԱՆԿ *

 

(անսարքությունների և պայմանների, որոնց դեպքում

արգելվում է տրանսպորտային միջոցների շահագործումը)

 

Սույն ցանկը սահմանում է ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլետների, մոպեդների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների անսարքություններն ու պայմանները, որոնց դեպքում արգելվում է դրանց շահագործումը:

1. Արգելակային համակարգեր

1.1. Ճանապարհային փորձարկումների ժամանակ չեն պահպանվում բանվորական արգելակային համակարգի արդյունավետության հետևյալ նորմերը`

 

                             Միայնակ            Ավտոգնացքներ,

                             տրանսպորտային      որոնցում որպես

Տրանսպորտային միջոցի տեսակը  միջոցներ           քարշակ են հանդիսանում

 

Արգելակման Կայունաց- Արգելակման Կայունաց-

ուղին (մ), ված դանդա- ուղին (մ), ված դանդա-

                             ոչ ավելի   ղեցումը    ոչ ավելի   ղեցումը

                                        (մ/վ2),               (մ/վ2),

                                        ոչ ավելի              ոչ ավելի

 

թեթև մարդատար ավտոմոբիլներ 12,2(14,5) 6,8(6,1) 13,6(14,5) 5,9(6,1) և բեռներ փոխադրելու համար նախատեսված դրանց մոդիֆիկացիաներ

 

մինչև  5 տ ներառյալ          13,6(18,7)  6,8(5,5)  15,2(18,7)  5,7(5,5)

թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսներ

 

նույնը` 5 տ ավելի            16,8(19,9)  5,7(5)    18,4(19,9)  5,5(5)

 

մինչև  3,5 տ ներառյալ        15,1(19)    5,7(5,4)  17,7(22,7)  4,6(4,7)

թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներ

 

նույնը` 3,5 տ մինչև  12 տ    17,3(18,4)  5,7(5,7)  18,8(22,1)  5,5(4,9)

ներառյալ

 

նույնը` 12 տ ավելի           16(17,7)    6,2(6,1)  18,4(21,9)  5,5(5)

 

երկանիվ մոտոցիկլետներ և       7,5( 7,5)  5,5(5,5)      -          -    

մոպեդներ

 

կողային կցորդով               8,2( 8,2)    5(5)        -          -  

մոտոցիկլետներ

 

Ծանոթագրություն:

1. Փակագծերում նշված ցուցանիշները տարածվում են այն տրանսպորտային

միջոցների վրա, որոնց արտադրությունն սկսվել է մինչև 1981թ.

հունվարի 1-ը:

2. Փորձարկումներն անցկացվում են հարթ, չոր, մաքուր, ցեմենտբետոնե կամ

ասֆալտբետոնե ծածկույթով ճանապարհի հորիզոնական հատվածում, ապահովելով

արագությունը արգելակման սկզբում 40 կմ/ժ ավտոմոբիլների, ավտոբուսների

և ավտոգնացքների համար ու 30 կմ/ժ մոտոցիկլետների և մոպեդների

համար: Տրանսպորտային միջոցները փորձարկվում են լիցքավորված և

լրակազմված վիճակում, վարորդի կողմից բանվորական արգելակային

համակարգի կառավարման օրգանին միանգամյա ազդման միջոցով:

3. Տրանսպորտային միջոցների բանվորական արգելակային համակարգի

արդյունավետությունը ԳՕՍՏ 25478-91 ստանդարտի պահանջներին

համապատասխան կարող է գնահատվել նաև այլ պարամետրերով:

 

1.2. Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը:

1.3. Շարժիչը չգործարկված վիճակում, պնևմատիկ և պնևմահիդրավլիկ արգելակային հաղորդակները լրիվ գործի դրվելուց հետո, 15 րոպեի ընթացքում, դրանց հերմետիկության խախտման հետևանքով, առաջանում է օդի ճնշման անկում ավելի քան 0,05 ՄՊա (0,5 կգու/սմ2) չափով:

1.4. Չի գործում պնևմատիկ կամ պնևմահիդրավլիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը:

1.5. Կայանման արգելակային համակարգը թեքության վրա չի ապահովում անշարժ վիճակ`

- մինչև 16% (ներառյալ)` լրիվ բեռնված տրանսպորտային միջոցների համար.

- մինչև 23% (ներառյալ)` լիցքավորված և լրակազմված վիճակում թեթև մարդատար ավտոմոբիլների ու ավտոբուսների համար.

- մինչև 31% (ներառյալ)` լիցքավորված և լրակազմված վիճակում բեռնատար ավտոմոբիլների և ավտոգնացքների համար:

 

2. Ղեկային կառավարում

2.1. Ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է հետևյալ ցուցանիշները`

- 10 աստիճան` թեթև մարդատար ավտոմոբիլների և դրանց բազայի վրա պատրաստված բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների մոտ.

- 20 աստիճան` ավտոբուսների մոտ.

- 25 աստիճան` բեռնատար ավտոմոբիլների մոտ:

2.2. Առկա են դետալների ու հանգույցների կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր: Պարուրակային միացումները սահմանված ձևով ձգված կամ սևեռված չեն:

2.3. Անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը կամ մոտոցիկլետների ղեկային հանդարտիչը:

 

3. Արտաքին լուսային սարքեր

3.1. Արտաքին լուսային սարքերի քանակը, տեսակը, գույնը, դասավորվածությունը և աշխատանքի ռեժիմը չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի կառուցվածքի պահանջներին:

Ծանոթագրություն: Արտադրությունից հանված տրանսպորտային միջոցների վրա թույլատրվում է այլ մակնիշների և մոդելների տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի տեղադրում:

3.2. Լապտերների կարգավորումը չի համապատասխանում ԳՕՍՏ 25478-91 ստանդարտի պահանջներին:

3.3. Սահմանված ռեժիմով չեն աշխատում կամ կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսաանդրադարձիչները:

3.4. Լուսային սարքերի վրա բացակայում են ցրիչները կամ օգտագործվում են տվյալ լուսային սարքի տեսակին չհամապատասխանող ցրիչներ և լամպեր:

3.5. Առկայծող փարոսիկների տեղակայումը, ամրացման ձևերը և լուսային ազդանշանի տեսանելիությունը չեն համապատասխանում ՀՍՏ-185-99 ստանդարտի պահանջներին:

3.6. Տրանսպորտային միջոցի առջևի մասում տեղակայված են կարմիր գույնի լույսերով լուսային սարքեր կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներ, իսկ հետևի մասում` սպիտակ, բացառությամբ հետընթացի և գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկների ու լուսանդրադարձնող գրանցման համարանիշերի, տարբերիչ և ճանաչման նշանների:

3.7. Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են «կանգ» ազդանշաններին:

 

4. Անիվներ և դողեր

4.1. Դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է`

- 2,0 մմ` ավտոբուսների համար.

- 1,6 մմ` թեթև մարդատար ավտոմոբիլների համար.

- 1,0 մմ` բեռնատար ավտոմոբիլների համար.

- 0,8 մմ` մոտոցիկլետների և մոպեդների համար:

Ծանոթագրություն: Կցորդների դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության նորմերը սահմանվում են քարշակող ավտոմոբիլների դողերի նորմերին համանման:

4.2. Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ (անցքեր, կտրվածքներ, ճեղքվածքներ), ինչպես նաև հիմնակմախքի շերտաբաժանում, պահպանաշերտի և կողերի շերտատում:

4.3. Բացակայում է անվահեցի և անվասկավառակի ամրացման հեղույսներից (մանեկներից) թեկուզ մեկը կամ դրանց վրա առկա են ճաքեր:

4.4. Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին:

4.5. Ավտոբուսի, թեթև մարդատար ավտոմոբիլի կամ դրա կցորդի նույն սռնու վրա անկյունագծային դողերի հետ տեղադրված են շառավղային կամ պահպանաշերտի տարբեր նախշանկարով դողեր:

4.6. Բեռնատար ավտոմոբիլի կամ դրանց կցորդների նույն սռնու վրա, անկյունագծային դողի հետ տեղադրված են շառավղային կամ պահպանաշերտի տարբեր տիպի նախշանկարով դողեր:

 

5. Շարժիչ

5.1. Արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ դրանց ծխայնությունը գերազանցում են ԳՕՍՏ-17.2.2.03-87 և ԳՕՍՏ-21393-75 ստանդարտներով սահմանված ցուցանիշները:

5.2. Խախտված է սնման համակարգի հերմետիկությունը:

5.3. Անսարք է բանած գազերի արտածման համակարգը:

 

6. Կառուցվածքի այլ տարրեր

6.1. Ապակեմաքրիչները չեն աշխատում սահմանված ռեժիմով կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները:

6.2. Բացակայում են տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակիները կամ հետին տեսանելիության հայելին:

6.3. Չի աշխատում ձայնային ազդանշանը:

6.4. Տեղադրված են վարորդի նստատեղից տեսադաշտը սահմանափակող, ապակիների թափանցելիությունը վատացնող և երթևեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող լրացուցիչ առարկաներ կամ ծածկույթներ:

6.5. Թեթև մարդատար ավտոմոբիլները կահավորված են վարագույրներով, շերտավարագույրներով կամ վարագույրիկներով (գալարավարագույրներով):

Ծանոթագրություն: 1. Թեթև մարդատար ավտոմոբիլների հետևի դիտապակիների վարագուրապատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով սահմանված դեպքերում և կարգով:

2. Թույլատրվում է օգտագործել արդյունաբերական արտադրության գունամշակված ապակիներ (բացի հայելային), որոնց լուսաթափանցելիությունը համապատասխանում է ԳՕՍՏ 5727-88 ստանդարտի պահանջներին:

6.6. Չեն աշխատում տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված թափքի կամ խցիկի դռների փականքները, ցիստեռնների բկանցքների և բեռնատար հարթակների կողերի փականները, վառելիքի բաքերի խցանները, վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները, դռների կառավարման հաղորդակը, արագաչափը, պտուտագրիչը (առկայության դեպքում) հակաառևանգման և ապակիների տաքացման ու փչահարման հարմարանքները:

6.7. Բացակայում են կառուցվածքով նախատեսված հետին պաշտպանիչ հարմարանքը, ցեխապաշտպան գոգնոցները և ցայտապաշտպանիչները:

6.8. Անսարք են քարշակի և կցորդային մասի քարշակցման և հենակցման հարմարանքները, ինչպես նաև բացակայում են կամ անսարք են կառուցվածքով նախատեսված ապահովական մետաղաճոպանները (շղթաներ): Մոտոցիկլետի և կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք:

6.9. Բացակայում են`

- բժշկական դեղատուփը, կրակմարիչը, վթարային կանգառի ազդանշանը (թարթող կարմիր լապտերիկ)` ավտոբուսներում, թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներում ու անվավոր տրակտորներում.

- երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ` համապատասխանաբար 3,5 և 5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներում և ավտոբուսներում.

- բժշկական դեղատուփը, վթարային կանգառի ազդանշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կողային կցորդով մոտոցիկլետներում:

Ծանոթագրություն: Ավտոբուսում պետք է լինի առնվազն երկու կրակմարիչ, մեկը վարորդի խցիկում, երկրորդը` ուղևորասրահում, իսկ մնացած նշված տրանսպորտային միջոցներում` հեշտ հասանելի տեղերում:

6.10. Տրանսպորտային միջոցները, բացառությամբ սահմանված կարգով նախատեսված դեպքերի, կահավորված են առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով կամ դրանց թափքերի վրա պատկերված են գունագրաֆիկ սխեմաներ և գրառումներ:

6.11. Բացակայում են կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիները կամ դրանց ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ:

6.12. Մոտոցիկլետների և մոպեդների վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը, թամբի վրայի ուղևորի համար լայնակի բռնատեղը, իսկ մոտոցիկլետների վրա, նաև անվտանգության աղեղները:

6.13. Բացակայում են տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված կամ տեղադրված են առանց արտադրող գործարանի կամ դրա լիազորությունն ունեցող այլ կազմակերպության հետ համաձայնեցման, արգելակման համակարգի, ղեկային կառավարման և այլ հանգույցների ու ագրեգատների լրացուցիչ տարրեր, որոնց ներկայացվող պահանջները կանոնակարգված են սույն ցանկով:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2002
N 924-Ն
Որոշում