Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ             Քաղաքացիական գործ թիվ 3-34 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-2949                                 2008 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ծառայության Խորհրդային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Հովհաննիսյանի (այսուհետ` պատասխանող)` 784.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պատասխանողից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 784.100 ՀՀ դրամ, որից եկամտահարկի գծով ապառք` 90.000 ՀՀ դրամ, տույժ` 49300 ՀՀ դրամ, սոցիալական վճարների գծով ապառք` 260000 ՀՀ դրամ, տույժ` 127000 ՀՀ դրամ և պետական տուրքի գծով ապառք` 50000 ՀՀ դրամ, տույժ` 207800 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 04.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

i

Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետը և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության 19.04.2002 թվականի թիվ ՔՊԼ 6920 լիցենզիայից բխող իրավահարաբերությունները որևէ կապ չունեն անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Հովհաննիսյանի հետ, հետևաբար պետական տուրքի գծով պարտավորությունների չկատարման վերաբերյալ դիմողի պահանջը պատասխանողին ներկայացվել է անհիմն: Նշված եզրահանգումը հիմնավոր չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետին և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան, անհատ ձեռնարկատեր կարող է լինել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա գործունակ քաղաքացին (ֆիզիկական անձը): Հետևաբար, ճիշտ չէ «քաղաքացի» կամ «ֆիզիկական անձ» հասկացությունները տարանջատել «անհատ ձեռնարկատեր» հասկացությունից, քանի որ «քաղաքացի» կամ «ֆիզիկական անձ» հասկացությունները, իրենց մեջ ներառում են «անհատ ձեռնարկատեր» հասկացության բոլոր բովանդակային տարրերը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 04.07.1999 թվականին ՀՀ պետական ռեգիստրը քաղաքացի Գոհարիկ Հովհաննիսյանին տրամադրել է անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 01Ա N 055924 վկայական մինչև 16.02.2001 թվականը գործողության ժամկետով:

2) 19.04.2002 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը քաղաքացի Գոհարիկ Հովհաննիսյանին տրամադրել է թիվ ՔՊԼ 6920 պետական լիցենզիան: Լիցենզիայի գործողության ժամկետը նշվել է մինչև 19.04.2005 թվականը:

3) Գոհարիկ Հովհաննիսյանը թիվ ՔՊԼ 6920 լիցենզիայի մասով պետական տուրքի վճարումներ չի կատարել 2003-2004 թվականների համար, որի հետևանքով 13.06.2007 թվականի դրությամբ հայցվորի կողմից հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամ ապառք և 207.800 ՀՀ դրամ տույժ:

4) Սույն քաղաքացիական գործով հայցը ներկայացվել է ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Հովհաննիսյանի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանը բազմիցս իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով հայցը ներկայացվել է ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Հովհաննիսյանի, մինչդեռ 19.04.2002 թվականի թիվ ՔՊԼ 6920 լիցենզիան տրվել է ոչ թե անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Հովհաննիսյանին, այլ քաղաքացի Գոհարիկ Հովհաննիսյանին, չի նշել այն իրավական նորմը, որի հիման վրա եկել է այդ հիմքով հայցը մերժման ենթակա լինելու եզրահանգման:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` անհատ ձեռներեցն իր պարտականությունների և ստանձնած պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն իր անձնական այն գույքով, որի վրա բռնագանձում է տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից փոփոխվում է ֆիզիկական անձի իրավունակության բովանդակությունը: Այսինքն` այդ պահից ֆիզիկական անձը հնարավորություն է ստանում ունենալու այնպիսի իրավունքներ և կրելու այնպիսի պարտականություններ, որոնք ոչ անհատ ձեռնարկատեր քաղաքացին չի կարող ունենալ կամ կրել: Մինչդեռ քաղաքացին և անհատ ձեռնարկատերը պարտավորաիրավական հարաբերություններում հանդես են գալիս որպես նույն սուբյեկտը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով 19.04.2002 թվականի թիվ ՔՊԼ 6920 լիցենզիան քաղաքացի Գոհարիկ Հովհաննիսյանին տրված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքի գումարը անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Հովհաննիսյանից գանձելու մասին հայցապահանջը մերժելու համար:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի վճիռը` պետական տուրքի գծով 257.800 ՀՀ դրամ բռնագանձելու հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-34 (ՏԴ)
Որոշում