Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ, «ԱՎԵԼԱՑՎԱԾ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1864 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                   2006

Քաղաքացիական գործ թիվ Տ-1067

Նախագահող դատավոր` Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   Նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) հայցի ընդդեմ «Տավրիդա» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` 38.415.700 ՀՀ դրամ հարկային պարտքի գումարը բռնագանձելու պահանջի մասին և ըստ ընկերության հակընդդեմ դիմումի` 16.06.2005թ. թիվ 1013121 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Ծառայությունը, դիմելով ՀՀ տնտեսական դատարան, պահանջել է պետական բյուջե բռնագանձել 38.415.700 ՀՀ դրամ հարկային պարտքի, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարները:

Հակընդդեմ դիմումով Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման 16.06.2005թ. թիվ 1013121 ստուգման ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2006թ. վճռով Ծառայության հայցն ընդդեմ Ընկերության բավարարվել է մասնակի` հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 197.500 ՀՀ դրամ լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի գծով տույժի գումարը, իսկ հայցի մնացած մասը մերժվել է:

Ընկերության հակընդդեմ դիմումը բավարարվել է` անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 16.06.2005թ. թիվ 1013121 ստուգման ակտը:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ծառայությունը:

Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ`

i

1) դատարանը չի կիրառել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ հաստատված «Նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կազմման» կարգի պահանջները, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների 1-ին կետերը, որոնք չպետք է կիրառեր:

Դատարանը վճիռ կայացնելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ ՀՊԾ հետաքննության բաժինը, կատարելով հետաքննություն, որևէ խախտում չի արձանագրել, այլ օպերատիվ հետախուզության վարչության կողմից ներկայացրած նյութերը վերադարձրել է հետաքննության հիմքերի բացակայության պատճառով, իսկ փորձաքննությամբ հաստատվել է, որ այն հաշիվ-ապրանքագրերը, որոնք հիմք են հանդիսացել ստուգողների կողմից ակտով պարտավորությունների առաջադրման համար, կազմվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան: «Էլոտա» և «Գրիդավ» ՍՊ ընկերությունները գործունեություն չեն իրականացնում, հետևաբար նրանց հետ իրական գործարքներ չեն կատարվել, ուստի «Տավրիդա» ՍՊ ընկերության կողմից վերը նշված ընկերություններից ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերն անհիմն են և անարժանահավատ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 04.04.2005թ. թիվ 1013121 հանձնարարագրի հիման վրա` 07.06.2005թ.-ից մինչև 16.06.2005թ. կատարվել է ստուգում, որի արդյունքում 16.06.2005թ. կազմվել է ստուգման թիվ 1013121 ակտը (գ.թ. 8, 9-14):

2) Ընկերությունը 2004թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում «Էլոտա» և «Գրիդավ» ՍՊ ընկերություններից կանխիկ վճարումներով ձեռք է բերել համապատասխանաբար 34.224,9 հազ. ՀՀ դրամի (այդ թվում 5.704,1 ՀՀ դրամ ԱԱՀ) և 21.802,9 հազ. դրամի (այդ թվում 3.633,8 հազ. ՀՀ դրամ ԱԱՀ)` հումք և նյութեր:

3) Ծառայության ակտով ընկերությանն առաջադրված պարտավորությունների համար հիմք է հանդիսացել միայն «Էլոտա» և «Գրիդավ» ՍՊ ընկերությունների հաշիվ ապրանքագրերը:

4) Ծառայության աշխատակիցների կողմից հաշիվ-ապրանքագրերը համարվել են անապրանքային, այսինքն` իրականում գոյություն չունեցող գործարքները հավաստող փաստաթղթեր:

5) Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 38.415.700 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

6) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 19.12.2005թ. դատա-հաշվապահական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված է, որ ստուգողների կողմից ակտով պարտավորությունների առաջադրման համար հիմք հանդիսացող հաշիվ-ապրանքագրերը կազմվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 25.08.1998թ. թիվ 525 որոշմամբ հաստատված «Նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կազմման» կարգի պահանջներին համապատասխան:

7) «Էլոտա» և «Գրիդավ» ՍՊ ընկերությունների կողմից համապատասխան եռամսյակների համար ցույց տրված իրացման շրջանառությունը արտացոլվել է ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում, ֆինանսական հաշվետվություններում:

8) Համապատասխան հիմքերի բացակայության պատճառով Ծառայության հետաքննության բաժնի պետի 30.12.2005 թվականի թիվ 10275/5 գրությամբ վերադարձվել են Ընկերության վերաբերյալ հետաքննության բաժնին ուղարկված փաստաթղթերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը` վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքում հիշատակված ինչպես «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, այնպես էլ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ հաստատված «Նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կազմման» կարգի պահանջները տնտեսական դատարանի կողմից չկիրառելու վերաբերյալ բողոքի պատճառաբանությունն անհիմն է: Բողոքում, բացի դատաքննության ընթացքում հետազոտված և գնահատված ապացույցների վերաշարադրանքից, բողոք բերած անձը կատարել է սոսկ պնդում այն մասին, որ «.....»Էլոտա» և «Գրիդավ» ՍՊ ընկերությունները գործունեություն չեն իրականացնում, հետևաբար նրանց հետ իրական գործարքներ չեն կատարվել, ուստի «Տավրիդա» ՍՊ ընկերության կողմից վերը նշված ընկերություններից ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերն անհիմն են և անարժանահավատ»:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանի պալատը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում: Այս հոդվածի իմաստով, ելնելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի պահանջից («Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները»), բողոքի հիմք հասկացության մեջ ներառված են նաև բողոքի հիմնավորումները: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նման հիմնավորումների բացակայությունն ինքնին անհիմն է դարձնում բողոքը, և ՀՀ տնտեսական դատարանի կողմից նյութական իրավունքի կիրառման օրինականության ստուգման հիմքն առկա չէ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է բոլոր ապացույցները և կիրառել դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի ուժով կրելով ապացուցման պարտականություն` գործարքների անապրանքային լինելու հանգամանքը որևէ պատշաճ ապացույցով Ծառայությունը չի ապացուցել:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի այլ իրավական ակտերով սահմանված նորմերին, որոնք սույն որոշման պատճառաբանությունների մասն են կազմում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք), 5-րդ հոդվածի (Ձևական պահանջները չարաշահելու արգելքը համաձայն` վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Օրենքի 43-րդ հոդվածի Ապացուցման պարտականությունը բաշխելը/ հիմքով սույն վարչաիրավական հարաբերությունում կիրառելի նույն օրենքի 10-րդ հոդվածի Հավաստիության կանխավարկածը) համաձայն` վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

Ծառայության կողմից դատարանին ներկայացվել են մի շարք հաշիվ-ապրանքագրեր և այլ փաստաթղթեր, սակայն ինչպես դրանց, այնպես էլ կնքված գործարքների անապրանքային լինելու փաստի հավաստիությունը ծառայության կողմից չի ապացուցվել: Գործում առկա, Ծառայության կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն քննարկվող փաստական հանգամանքն ապացուցված համարելու համար, հետևաբար ընկերության կողմից ներկայացված տվյալները և տեղեկությունները պետք է համարվեն հավաստի, քանի որ Ծառայության կողմից հակառակը հիմնավորող որևէ պատշաճ ապացույց չի ներկայացվել:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2006 թվականի վճիռը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1864(ՏԴ)
Որոշում