020.0575.300505
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1996 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի հունիսի 9-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակը մի Պայմանավորվող կողմի ներդրողների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն է:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կից հայտարարությունը, համաձայն որի` Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 2004 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 01/2109 հայտագիրը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 193 հայտագիրը կկազմեն համաձայնություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի 5 հոդվածի մեկնաբանության վերաբերյալ, և որ նշված հայտագրերը հանդիսանում են համաձայնագրի անբաժանելի մասը:
3. Ըստ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 2004 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 01/2109 հայտագրի` «Համաձայնագրի 5-րդ հոդվածում «Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումները Պայմանավորվող մյուս Կողմի տարածքում չեն կարող ազգայնացվել, բռնագրավվել կամ ենթարկվել ազգայնացմանը համարժեք միջոցառումների /ստորև` սեփականազրկում/, բացառությամբ դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հասարակության, ելնելով այդ կողմի ներքին կարիքներից, հետագայում` արագ, համարժեք և շահավետ փոխհատուցման պայմանով» շարադրվածքում Հայաստանի Հանրապետությունը հայերեն և անգլերեն տեքստերում նկատի է առնում «բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա հասարակության և պետության ներքին կարիքների համար ներդրումների օտարման դեպքում նախնական համարժեք փոխհատուցում»: «Նախնական փոխհատուցում» տերմինը օտարման մասին որոշում կայացնելու պահից մինչև փաստացի օտարման պահը տրվող փոխհատուցումն է»:
Ըստ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 193 հայտագրի` «... Եգիպտոսի շահագրգիռ մարմիններն իրենց համաձայնությունն են տվել հայկական կողմի առաջարկությանը` ... Համաձայնագրի 5-րդ հոդվածի վերաբերյալ համատեղ մեկնաբանություն ունենալու համար: Մեկնաբանության բովանդակությունը «Նախնական փոխհատուցում» տերմինի օգտագործումն է, որի արժեքը գնահատվում է ըստ օրենքի, օտարման որոշման հրապարակման պահին գործող գների համաձայն»:
4. Համաձայնագրով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- իր տարածքում երաշխավորել Պայմանավորվող մյուս կողմի ներդրողի ներդրումների նկատմամբ բարենպաստ և անաչառ վերաբերմունք, լրիվ պաշտպանություն և անվտանգություն, անխոհեմ կամ խտրական միջոցներով չվնասել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ փոխանցմանը, կատարել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորություն,
- իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների և եկամուտների նկատմամբ չցուցաբերել ավելի պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իր քաղաքացիների և ընկերությունների ներդրումների կամ երրորդ պետության ներդրողների ներդրումների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքն է,
- իր տարածքում չխոչընդոտել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` իրենց ներդրումների ղեկավարման, շահագործման, օգտագործման և տնօրինման գործում և տրամադրել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, որ տրամադրում է իր սեփական կամ էլ մի երրորդ երկրի ներդրողներին,
- իր տարածքում պատերազմի, զինված ընդհարումների, հեղափոխության, պետական արտակարգ իրավիճակի, խռովության կամ այլ պատճառներով մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները վնաս կրելու դեպքում իրականացնել համապատասխան կարգավորում, երաշխավորել վնասը վերացնելու, փոխհատուցելու, այլ բնույթի կարգավորումների ոչ պակաս բարենպաստ լինելը, քան այն, որը տրվում է իր սեփական կամ մի երրորդ պետության քաղաքացիներին կամ ընկերություններին, երաշխավորել որպես փոխհատուցում կատարվող վճարումների ազատ փոխանցելի բնույթը,
- իր զինված ուժերի կամ իշխանությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների սեփականությունը բռնագրավելու, ունեցվածքը ոչնչացնելու պատճառով մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների վնաս կրելու դեպքում նրանց տրամադրել համապատասխան փոխհատուցում, բացառությամբ` եթե սեփականության բռնագրավումը, ունեցվածքի ոչնչացումը հետևանք են պատերազմական գործողությունների կամ բխում են իրադրության անհրաժեշտությունից,
- իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները չենթարկել ազգայնացման, բռնագրավման կամ ազգայնացմանը համարժեք միջոցառումների, բացառությամբ, երբ դա կատարվում է բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` հասարակության և պետության ներքին կարիքների համար, նախնական համարժեք փոխհատուցմամբ` երաշխավորելով, որ նախնական փոխհատուցումն օտարման մասին որոշում կայացնելու պահից մինչև փաստացի օտարման պահը տրվող փոխհատուցումն է, որը գնահատվում է ըստ օրենքի, օտարման որոշման հրապարակման պահին գործող գների համաձայն,
- չսահմանափակել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների և եկամուտների փոխանցումները:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.
ա) քննության առարկա համաձայնագրի սկզբնական տեքստում (առանց Հայաստանի Հանրապետության հայտարարության, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 2004 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 01/2109 հայտագրի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 193 հայտագրի) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննության է առնվել ՀՀ սահմանադրական դատարանում և 1997թ. փետրվարի 3-ին կայացվել է ՍԴՈ-39 որոշումը: Նշված որոշմամբ այդ համաձայնագրի 4 և 5 հոդվածներում ամրագրված պարտավորությունները, դիտարկվելով տրամաբանական փոխկապակցվածության վրա հիմնված մեկ միասնական ամբողջության մեջ, ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ պարբերության դրույթներին չհամապատասխանող,
բ) քննության առարկա համաձայնագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող` հայտագրերի առկայության պայմաններում պահպանվում են սահմանադրական դատարանի 1997թ. փետրվարի 3-ի ՍԴՈ-39 որոշման պահանջները: Մասնավորապես, նշված հայտագրերի ուժով համաձայնագրի սկզբնական տեքստի 5 հոդվածի դրույթները համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ պարբերության դրույթների պահանջներին:
Սահմանադրական դատարանի 1997թ. փետրվարի 3-ի ՍԴՈ-39 որոշման մեջ համաձայնագրի 4 հոդվածի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ այդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով ոչ միայն չի բացառվել իշխանությունների կողմից ներդրողների ունեցվածքի ոչնչացումը, այլև ենթադրվել է դրա հետևանքով պատճառված վնասի համար համապատասխան փոխհատուցում չապահովելու հնարավորություն: Կից հայտագրի առկայության պայմաններում այս վտանգը վերանում է, քանի որ այդ հայտագրի ենթատեքստում համաձայնագիրն իշխանություններին չի լիազորում սեփականության օտարման (այդ թվում ոչնչացման կամ այլ ձևով սեփականազրկման միջոցով) այլ իրավասություն, քան այն իրականացնել բացառիկ դեպքերում` պետության և հասարակության կարիքների համար, օրենքի հիման վրա` նախապես համարժեք փոխհատուցմամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1996թ. հունիսի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ-575