(ուժը կորցրել է 30.12.10 թիվ 1730-Ն որոշում)
i
040.1888.111202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1888-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում գործող աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
(1-ին կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում)
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի բույսերի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժինը լրացնել «Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» տողով:
(3-րդ կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում, որը չի կատարվել դրա անհնարինության պատճառով)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 13.01.05 թիվ 101-Ն, 04.03.10 թիվ 201-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1888-Ն որոշման
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմում գործող առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բուսասանիտարիայի բնագավառում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
i
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
(6-րդ կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում)
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
i
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելումը.
3) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման ու արտահանման գործառույթների իրականացման ընթացքում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ապահովումը.
4) ագրարային կանոններով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
5) «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերումը և կանխումը.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, բույսերի վնասակար օրգանիզմների դեմ իրականացվող պայքարի, թունանյութերի, սերմնանյութերի, տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և օգտակար այլ հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ վերահսկողության ապահովումը:
(7-րդ կետը փոփ. 13.01.05 թիվ 101-Ն, 04.03.10 թիվ 201-Ն որոշումներ)
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իրագործում է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծրագրեր.
2) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.
3) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը.
5) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում, իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
6) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում լիազոր մարմին` հաստատման.
7) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.
8) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.
9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.
10) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմնանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին:
(8-րդ կետը փոփ. 13.01.05 թիվ 101-Ն, 04.03.10 թիվ 201-Ն որոշումներ)
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
i
10. Տեսչության պետն ի պաշտոնե տեսչության պետական գլխավոր տեսուչն է (այսուհետ` պետական գլխավոր տեսուչ) և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Պետական գլխավոր տեսուչի իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(10-րդ կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում)
11. Տեսչության պետը պատասխանատու է բույսերի կարանտինի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
i
17. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները կրում են համազգեստ, որն ունի խորհրդանիշ և տարբերանշան:
Տարածքային մարմինների պետերն ի պաշտոնե համապատասխան տարածքի պետական տեսուչներ են, որոնց իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(17-րդ կետը փոփ. 04.03.10 թիվ 201-Ն որոշում)
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(կանոնադրությունը փոփ. 13.01.05 թիվ 101-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 21-ի
N 1888-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բուսասանիտարական հսկողության և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին
Բուսասանիտարիայի և հաշվառման բաժին
II. Տարածքային մարմիններ
Բուսասանիտարիայի պետական տեսչության Երևանի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության Ագարակի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության Բավրայի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության Գոգավանի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության Այրումի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Երևանի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Արագածոտնի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Արարատի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Արմավիրի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Լոռու մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Կոտայքի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Շիրակի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Սյունիքի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Վայոց ձորի մարզային ստորաբաժանում
Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Տավուշի մարզային ստորաբաժանում
(կառուցվածքը փոփ. 13.01.05 թիվ 101-Ն, 04.03.10 թիվ 201-Ն որոշումներ)