Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈ ...

 

27.08.2023 -

 

040.1391.111006

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հոկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1391-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջները և նորմատիվները:

(2-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1564-Ն, 17.08.2023 թիվ 1382-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1391-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացումը, որակավորման հանձնաժողովի խնդիրներն ու աշխատակարգը, հանձնաժողովի կողմից որակավորման կազմակերպումը և անցկացումը:

2. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջներն ու նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

(2-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1564-Ն, 17.08.2023 թիվ 1382-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) փրկարար ծառայության և այլ փրկարարական կազմավորումներում ընդգրկված քաղաքացիներն ստանում են փրկարարի կարգավիճակ` փրկարարների որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(3-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 184-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն, 17.08.2023 թիվ 1382-Ն որոշումներ)

4. Առաջին անգամ որակավորված և փրկարարի կարգավիճակ ստացած փրկարարները տալիս են երդում, որից հետո նրանց տրվում են փրկարարի վկայական, փրկարարի գրքույկ և փրկարարի ժետոն:

5. Փրկարարական կազմավորումները և փրկարարները ենթակա են պարտադիր որակավորման:

6. Փրկարարական կազմավորումների և փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

7. Փրկարարական կազմավորումների և փրկարարների արտահերթ որակավորումն անցկացվում է հերթական որակավորումից առնվազն մեկ տարի հետո` փրկարարական կազմավորումներ ստեղծած մարմնի, փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա և փրկարարական կազմավորումների ու փրկարարի ցանկությամբ:

8. Որակավորման ենթակա չեն`

ա) նոր որակավորում անցնելուց, նոր որակավորման դաս ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե փրկարարները նման ցանկություն չեն հայտնել.

բ) միջազգային կարգի փրկարարները.

գ) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

9. Հղիության կամ երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները ենթակա են որակավորման` արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ որակավորվելու համար:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Որակավորման նպատակը փրկարարական կազմավորումների և փրկարարների առջև դրված խնդիրների լուծման պատրաստականության որոշումն է:

Որակավորման ընթացքում պարտադիր ստուգման են ենթակա փրկարարական կազմավորումների և փրկարարների մասնագիտական պատրաստությունը, հանդերձավորումը փրկարարական միջոցներով ու սարքավորումներով և փրկարարական աշխատանքների կատարման պատրաստության աստիճանը:

11. Որակավորման հիմնական խնդիրներն են`

ա) արտակարգ իրավիճակներում փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար փրկարարական կազմավորումների և փրկարարների պատրաստվածության աստիճանի ստուգումը.

բ) փրկարարների գիտելիքների, մասնագիտական հմտությունների, հակահրդեհային, առաջին բուժօգնության, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի ստուգումը.

գ) համապատասխան խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և հանդերձանքով` որակավորվող կազմավորման և փրկարարի ապահովվածության ստուգումը:

12. Որակավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները, կազմավորումների կազմի մեջ մտնող և անհատ փրկարարները:

 

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. «Փրկարար» որակավորման դաս շնորհվում է այն քաղաքացուն, որն ուսուցում է անցել և հանձնել քննություններ` փրկարարների պատրաստման ծրագրով:

14. «3-րդ կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 3-րդ կարգի համար վերաորակավորված այն փրկարարին, որն ունի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ:

15. «2-րդ կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 2-րդ կարգի համար վերաորակավորված այն փրկարարին, որն ունի 3-րդ կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ:

16. «1-ին կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 1-ին կարգի համար վերաորակավորված փրկարարին, որն ունի 2-րդ կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ:

17. «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է այն փրկարարին, որն ունի 1-ին կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ և մասնակցել է միջազգային փրկարարական աշխատանքների:

18. Համապատասխան որակավորման դաս կարող է շնորհվել նաև այն անձանց, ովքեր չունեն որակավորման պահանջներով նախատեսված փրկարարի աշխատանքային փորձ, սակայն տիրապետում են փրկարարական գործին հարակից մասնագիտությունների և ունեն բավականաչափ տեսական գիտելիքներ ու գործնական ունակություններ:

19. Փրկարարական կազմավորումներին ներկայացվում են հետևյալ պահանջները`

ա) ունենալ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված համապատասխան փրկարարական գույք, տեխնիկա, սարքավորումներ, հանդերձանք և կապի միջոցներ.

բ) համալրված լինել մասնագիտացված փրկարարներով:

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Որակավորող հանձնաժողովը կազմավորում է լիազոր մարմնի ղեկավարը` ելնելով փրկարարական որակավորման առանձնահատկություններից:

21. Որակավորումն անցկացվում է փրկարարական կազմավորումների ղեկավարների ներկայացրած նյութերի հիման վրա` որակավորումից առնվազն 2 շաբաթ առաջ: Փրկարարական կազմավորումների, փրկարարի անմիջական ղեկավարը ներկայացնում է որակավորվող փրկարարի ծառայողական բնութագիրը, փրկարարական աշխատանքների մասնակցության ցուցակ, մասնագիտական պատրաստության դասընթացի մասնակցությունը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք առողջության մասին:

Անհատ փրկարարն իր փաստաթղթերը (մասնագիտական պատրաստությունը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք առողջության մասին) ներկայացնում է որակավորող հանձնաժողով` անձամբ:

22. Որակավորող հանձնաժողովը, քննարկելով որակավորվող փրկարարների փաստաթղթերը, ընդունում է որոշում նշված փրկարարական դասին ներկայացված փրկարարի համապատասխանության մասին:

23. Առաջին անգամ որակավորվող կազմավորումների և «Փրկարար» որակավորման դասի համար որակավորվող փրկարարների համար փրկարարական աշխատանքների մասնակցության ցուցակ և ծառայողական բնութագրեր չեն պահանջվում:

24. Որակավորման անցկացման ժամանակը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(24-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 184-Ն որոշում)

25. Որակավորվողները, նախքան որակավորումը, որակավորվող հանձնաժողովի կողմից լիազորված մասնագետներին հանձնում են քննություններ (ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներից, առաջին բուժօգնության, փրկարարական աշխատանքների հիմունքներից, հակահրդեհային պատրաստության հիմունքներից, ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից (տեսական և գործնական)` համաձայն լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված փրկարարական կարգերին և կազմավորումներին ներկայացվող որակավորման պահանջների և նորմատիվների:

(25-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 184-Ն որոշում)

26. Որակավորող հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարի հետ անցկացնում է հարցազրույց` համապատասխան փրկարարական դասին ներկայացվող պահանջների նրա իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու համար: Հարցազրույցի ժամանակ հաշվի են առնվում ծառայողական բնութագիրը, աշխատանքային փորձը, փրկարարական տվյալ դասին ներկայացվող պահանջներից և նորմատիվներից հանձնվող քննությունների արդյունքները:

27. Որակավորող հանձնաժողովը որակավորման օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում որակավորման արդյունքներն ու ընդունված որոշումները ներկայացնում է որակավորող փրկարարական կազմավորման վերադաս մարմին կամ փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով որակավորող հանձնաժողովի որոշումները: Որակավորող հանձնաժողովն անհատ փրկարարների որակավորման արդյունքներն ու նրանց մասին ընդունված որոշումները մեկշաբաթյա ժամկետում հանձնում է անհատ փրկարարներին:

28. Որակավորող հանձնաժողովը որակավորման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) փրկարարի նկատմամբ`

«Նրան շնորհել որակավորման դաս»,

«Հաստատել նրան տրված որակավորման դասը»,

«Բարձրացնել նրա որակավորման դասը»,

«Հետաձգել նրա որակավորումը և առաջարկել` փրկարարին գործուղել վերապատրաստման»,

«Չի համապատասխանում տրված որակավորման դասին».

բ) փրկարարական կազմավորման նկատմամբ`

«Թույլատրել կատարել փրկարարական աշխատանքներ»,

«Արգելել կատարել փրկարարական աշխատանքներ»,

«Հետաձգել որակավորումը և առաջարկել վերապատրաստվել»:

Որակավորող հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել որակավորող հանձնաժողովի անդամների երկու երրորդը:

29. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման, ինչպես նաև փրկարարի գրքույկի, ժետոնի պատրաստման և այլ ծախսերը կատարվում են փրկարարական կազմավորումների և փրկարարների կամ նրանց վերադաս մարմինների ու կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2006
N 1391-Ն
Որոշում