Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1051-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 7-ի

N 1051-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են պահանջներ` օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքների անվտանգ կատարման համար:

2. Սույն կանոնների պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների վրա (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:

3. Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման օբյեկտները ենթակա են գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

Սույն կանոններով աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ սահմանող նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

4. Օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկաների (այսուհետ` ֆաբրիկա) նախագծումը, կառուցումը, շահագործումը, կոնսերվացումը և լուծարումը տեխնիկական անվտանգության պահանջներով պետք է կատարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Ֆաբրիկայի նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության, քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկաների նախագծերը ենթակա են միջուկային և ճառագայթային անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արգելվում է սկսել օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման, հանքահարստացման գործառույթներ` առանց այդ օբյեկտների մասին փորձաքննության դրական եզրակացության: Արգելվում է ֆաբրիկաների կառուցման, շահագործման, կոնսերվացման և գործունեության դադարեցման գործընթացներն իրականացնել նախագծային փաստաթղթերից շեղումներով:

i

6. Նոր կառուցված և վերակառուցված ֆաբրիկաների համալիրները պետք է շահագործման հանձնվեն հանձնաժողովի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

7. Ֆաբրիկա շահագործող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ:

8. Ֆաբրիկայում աշխատանքներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, պարտավոր են հաստատել օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր` այն մշակելով վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

i

9. Ֆաբրիկայի օբյեկտների, այդ թվում` պոչամբարների փակման կամ կոնսերվացման դեպքում, դրանցով զբաղեցված խախտված հողատարածքները ենթակա են ռեկուլտիվացման (վերականգնման): Հողերի ռեկուլտիվացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկա` երկրի մակերևույթի վրա տեղակայված շենքերի և շինությունների ու տեխնոլոգիական սարքավորումների համալիր` նախատեսված օգտակար հանածոների ընդունման, ջարդման, տեսակավորման, մեխանիկական և ֆիզիկաքիմիական հարստացման, արտադրանքի (կոնցենտրատի) պահեստավորման համար.

2) օգտակար հանածոների հարստացում` պինդ հանքային հումքի սկզբնական վերամշակում` հանքաքարից բոլոր օգտակար բաղադրամասերի կորզման (անհրաժեշտության դեպքում` և դրանց բաժանման) համար` կիրառելով մեխանիկական և քիմիական-մեխանիկական հարստացման եղանակներ.

3) դասակարգիչ` տեխնոլոգիական սարք, որի միջոցով կատարվում են մանրացված հանքանյութի բաժանումը և դրանց տեսակավորումն ըստ մեծության, խտության կամ ըստ անցման արագության: Կախված միջավայրից, որտեղ տեղի է ունենում մասնիկների խմբավորումը, դասակարգիչները լինում են հիդրավլիկ և պնևմատիկ` կախված կիրառվող ուժի տեսակից` գրավիտացիոն, կենտրոնախույս և էլեկտրական.

4) հանքահարստացման (ֆլոտացման) մեքենա` մեքենասարքավորում, որի մեջ կատարվում է օգտակար հանածոների հարստացում: Կախված խյուսի խառնման և աերացիայի (օդով հագեցման) եղանակներից` հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաները լինում են մեխանիկական, պնևմատիկ և կոմբինացված (ենթաաերացիային).

5) հանքահարստացման ռեագենտներ` քիմիական ռեակցիային մասնակցող օրգանական և անօրգանական նյութեր, որոնց որոշակի քանակությունն ավելացնելով հարստացման խյուսին` կարգավորում է օգտակար հանածոյի հարստացման գործընթացը.

6) գրավիտացիոն հանքահարստացում` հանքանյութն իրարից բաժանելու եղանակ, որը հիմնված է ծանրության կամ կենտրոնախույս ուժերի դաշտում հանքանյութի տեսակարար կշիռների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.

7) մագնիսական հանքահարստացում` հանքահարստացման եղանակ, որը հիմնված է մագնիսական դաշտում հարստացվող հանքաքարին այլ նյութերի բաղադրիչների մագնիսական հատկությունների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.

8) էլեկտրական հանքահարստացում` հանքահարստացման եղանակ, որը հիմնված է էլեկտրական դաշտում հանքաքարին այլ նյութերի բաղադրիչների էլեկտրական հատկությունների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.

9) ռադիոմետրիկ հանքահարստացում` օգտակար հանածոների հանքահարստացման եղանակ` իոնիզացնող և ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների, ռենտգենյան սարքերի և տարրական մասնիկների արագացուցիչների օգտագործմամբ.

10) ապարախյուս` կոպիտ և բարակ կախույթներից (սուսպենզիա), խարամներից և տիղմերից բաղկացած, միմյանց հետ փոխկապակցված պինդ մասնիկների և հեղուկների խառնուրդ.

11) խտացուցիչ` գլանաձև ռեզերվուար, որտեղ ծանրության ուժի ազդեցությամբ պինդ նյութերը նստեցման (խառնելու) եղանակով անջատվում են հեղուկից և ռեզերվուարի հատակում գտնվող անցքով քերիչների օգնությամբ բեռնաթափվում.

12) խտանյութ` օգտակար հանածոների հարստացումից ստացված նյութ, որի մեջ արժեքավոր բաղադրիչի պարունակությունն զգալիորեն բարձր է սկզբնական նյութի (հանքաքարի) պարունակությունից.

13) պոչեր` օգտակար հանածոների հարստացումից հետո ավելացած նյութեր, որոնք պարունակում են օգտակար բաղադրիչների այնպիսի քանակություն, որոնց կորզումը տվյալ ֆաբրիկայում աշխատող տեխնոլոգիաների պայմաններում անհնար է կամ տնտեսապես ոչ նպատակահարմար.

14) պոչամբար` սովորաբար ծալքավոր տեղանքում կառուցված հիդրոտեխնիկական կառույց` նախատեսված հանքահարստացումից հետո առաջացած նյութերի, դրանց նստվածքների ու պոչային խյուսի կուտակման, արտադրական հոսքային ջրերի հավաքման և մաքրման համար.

15) շրջանառվող ջրամատակարարում` արդյունաբերական ջրամատակարարման համակարգ` նախատեսված արտադրական նպատակով օգտագործված ջրի մաքրման և նույն արտադրական գործընթացի մեջ վերաշրջանառությամբ օգտագործման համար.

16) ապարների ջարդման և տեսակավորման մեքենա` մեքենասարքավորում` նախատեսված օգտակար հանածոների և այլ լեռնային ապարների ջարդման, մանրացման, տեսակավորման և փոխադրման համար: Կիրառվող տեսակներն են` հարվածային, դիմային, կոնային, սռնակային և այլն.

17) հանքաքարի մանրացում` արտաքին մեխանիկական ուժերի հարվածի և տրոհման ազդեցությամբ լեռնային զանգվածի բաժանում առանձին` ավելի փոքր չափեր ունեցող մասերի, որի ժամանակ համահարթվում են նյութի մասնիկները կապակցող ուժերը, և առաջանում են նոր մակերեսներ.

18) քարամաղում` համեմատաբար մեծ կտորներով օգտակար հանածոների և այլ ապարների մաղում, ըստ խոշորության տարբեր կարգերի բաժանում, որն իրականացվում է մաղման մակերես ունեցող սարքավորումների միջոցով և հիմնականում կիրառվում է հանքահարստացումից առաջ հանքաքարի ջարդման և մանրացման վերջին փուլում.

19) հանքաքարի տեսակավորում` միատեսակ չափերով հատիկավոր և բազմադիսպերս նյութի մասնիկների բաժանում` ըստ տեսակների` քարամաղման, հիդրավլիկ և պնևմատիկ դասակարգման օգնությամբ, կամ կենտրոնախույս դաշտում.

20) բունկեր` մետաղե, երկաթբետոնե, փայտե կամ համակցված կոնստրուկցիայով շինություն` նախատեսված հանքաքարի կամ այլ նյութերի կուտակման, կարճ ժամանակով պահեստավորման և փոխաբեռնման համար.

21) կորզում` բաժանման տեխնոլոգիական գործընթացներում (օգտակար հանածոների հարստացման, մետալուրգիական, քիմիական տեխնոլոգիայի և այլն) ելանյութից օգտակար բաղադրամասերը հանելու (կորզելու) չափանիշ: Կորզումը որոշվում է կորզված նյութի և ելանյութում դրա զանգվածների հարաբերությամբ` արտահանված տոկոսներով.

22) ամալգամացում` սնդիկով հանքաքարերից մետաղ կորզելու եղանակ, որի ժամանակ սնդիկով թրջվելիս` մետաղները վերածվում են ամալգամի և անջատվում դատարկ ապարներից ու ավազից: Ամալգամացման եղանակը կիրառվում է հանքաքարից ազնիվ մետաղներ կորզելու համար.

23) ժապավենային փոխակրիչ` անընդհատ գործողությամբ անշարժ, շարժական և կիսաշարժ մեքենա` նախատեսված օգտակար հանածոների բարձման և փոխադրման համար.

24) էլեկտրատեղակայանքներ` էլեկտրական մեքենաների, սարքերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների և օժանդակ էլեկտրական սարքավորումների համախումբ` նախատեսված ֆաբրիկայի տեղամասերին, արտադրամասերին, տեխնոլոգիական սարքավորումներին էլեկտրական էներգիայի հաղորդման, փոխակերպման և բաշխման համար.

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11. Յուրաքանչյուր հանքահարստացուցիչ ֆաբրիկայում կազմակերպության ղեկավարի հրամանով պետք է սահմանվի համակարգված հսկողություն շենքերի, շինությունների ու կառույցների վիճակի անվտանգության և ճիշտ շահագործման վրա:

12. Ֆաբրիկայի յուրաքանչյուր տեղամասի համար կազմակերպության ղեկավարի կողմից պետք է հաստատվի հրդեհի և պայթյունի վտանգավորության կարգ և իրականացվեն այդ կարգին համապատասխանող անվտանգության միջոցառումներ` դրանց կոնկրետ կատարողների պարտականությունների ու իրավունքների նշմամբ:

13. Ֆաբրիկայի արտադրամասերում շահագործվող յուրաքանչյուր սարքավորման և ագրեգատի համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է մշակվի հրահանգ` արտադրության տվյալ գործընթացի (պրոցես) անվտանգ վարման համար:

14. Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

15. Ֆաբրիկայում աշխատող անձինք պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության սարքին միջոցներով, ունենան արտահագուստ, հատուկ կոշիկներ, հակագազեր, ձեռնոցներ և շնչադիմակներ` ԵՏՀ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ ընդունված ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Արգելվում է օգտագործել անսարք և ժամկետանց պաշտպանության միջոցներ:

16. Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող բոլոր անձինք (այդ թվում` նաև ժամանակավոր) պետք է անցնեն նախնական ուսուցում և գիտելիքների ստուգում`

1) տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցով.

2) թունավորումներից, էլեկտրահարումից, այլ դեպքերից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հարցերով.

3) վնասակար և թունավոր նյութերի հետ անվտանգ աշխատելու հարցերով:

17. Ֆաբրիկայի աշխատանքներում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով ուսուցումը և որակավորումը կատարվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան:

18. Ֆաբրիկայում աշխատող բանվորական անձնակազմի ուսուցումը և գիտելիքների ստուգումն իրականացվում են կազմակերպության միջոցների հաշվին, ղեկավարության կողմից ըստ մասնագիտությունների հաստատված ծրագրերի և թեմատիկ պլանների համաձայն: Եթե ֆաբրիկայում աշխատող անձինք, ելնելով աշխատանքային պայմաններից, կատարում են աշխատանքներ` երկու և ավելի մասնագիտությունների գծով, ապա նրանք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում` յուրաքանչյուր մասնագիտության գծով:

i

19. Ֆաբրիկայում աշխատող այն անձինք, որոնց աշխատանքները կապված են էլեկտրական սարքերի (մեքենաների) սպասարկման հետ, պետք է տեխնիկական անվտանգության գծով ունենան որակավորման խումբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:

20. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատող նախքան աշխատանքն սկսելը պարտավոր է իր աշխատատեղում ստուգել մեխանիզմների, պաշտպանիչ սարքերի, գործիքների և աշխատանքների համար անհրաժեշտ հարմարանքների սարքինությունը:

21. Մեխանիզմների, մեքենաների, տրանսպորտային միջոցների գործարկումն սկսելուց առաջ աշխատողը պարտավոր է տալ ձայնային ազդանշան, որոնց նշանակության մասին պետք է ծանոթ լինեն բոլոր աշխատողները: Տրվող ազդանշանների աղյուսակը պետք է փակցված լինի աշխատող մեխանիզմի վրա կամ դրա մոտակայքում:

22. Ֆաբրիկայի աշխատողներին արգելվում է հանգստանալ կամ այլ գործունեությամբ զբաղվել աշխատող մեխանիզմների մոտակայքում, տրանսպորտային ուղիների ու սարքավորումների վրա, ծխել կամ սնունդ ընդունել անմիջապես աշխատատեղում:

23. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա բավարար լուսավորություն և ապահովված լինի անկախ աղբյուրից կամ մարտկոցից սնվող վթարային լուսավորությամբ:

24. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատող, նկատելով մարդկանց կյանքին, արտադրությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգավոր երևույթներ, պարտավոր է դրանց մասին անհապաղ տեղեկացնել տվյալ տեղամասի ղեկավարին, մարդկանց տեղահանել անվտանգ գոտի:

25. Ֆաբրիկայում աշխատատեղերը և մարդկանց անցատեղերը պետք է լինեն մաքուր վիճակում: Արգելվում է անցատեղերի ծանրաբեռնումը տարբեր իրերով, առարկաներով և նյութերով: Տարբեր նյութերը, մեքենաների մասերը, մետաղի ջարդոնը և արտադրական թափոնները պետք է պահվեն հատուկ առանձնացված տեղերում:

26. Ֆաբրիկայի տարածքում աշխատողների տեղաշարժը թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատկացված անցատեղերով, աստիճաններով ու հարթակներով: Խստիվ արգելվում են աշխատողների անցումները խողովակների, վաքերի, արգելքների և այլ սարքավորումների վրայով: Սպասարկման բոլոր հարթակները, անցման կամրջակները և աստիճանները պետք է լինեն ամուր և դիմացկուն, ունենան 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներ: Առանձին դեպքում` առավել ապահով անցատեղերում այդ բարձրությունը կարող է լինել նվազագույնը 0,8 մ:

27. Մեխանիզմների, սարքավորումների սպասարկման աշխատանքային հարթակների սանդուղքները պետք է ունենան հետևյալ թեքման անկյունները`

1) մշտական շահագործման տակ գտնվողները` 450-ից ոչ ավելի.

2) հերթափոխում ոչ հաճախակի օգտագործվողները` 600-ից ոչ ավելի.

3) խյուսափոսերում, ջրհորներում գտնվողները` մինչև 750: Բոլոր դեպքերում աստիճանների լայնությունը պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս, սանդուղքների աստիճանների միջև բարձրությունը` 0,35 մ-ից ոչ ավելի, սանդղակի լայնությունը` 0,25-ից ոչ ավելի: Սանդղաաստիճանները պետք է պատրաստվեն ակոսավոր մետաղաթիթեղից:

28. Հավաքակցման համար նախատեսված հարթակները, փոսիկները, խյուսափոսերը, ջրհորներն ու առուները և այլն պետք է ցանկապատվեն 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով:

29. Խողովակները, վաքերը և այլ հաղորդակցուղիներ (կոմունիկացիաներ) չպետք է ծանրաբեռնեն աշխատանքային հարթակները, իսկ դրանք աշխատանքային հարթակներում կամ անցատեղերում խաչվելու դեպքում պետք է տեղադրվեն հատակից առնվազն 2 մ բարձրության վրա:

30. Աշխատանքային հարթակները և մարդկանց անցատեղերը հատող ռեագենտագծերը պետք է սարքավորվեն ընդկալներով: Ընդկալների նվազագույն բարձրությունը հարթակի (անցատեղի) հատակից` պետք է լինի 1,8-ից ոչ պակաս: Արգելվում է ագրեսիվ լուծույթներ (ռեագենտներ) փոխադրող խողովակագծերի անցկացումն այլ խողովակագծերից վերև:

31. Նվազագույն հեռավորությունը մեքենաների և սարքավորումների միջև, ինչպես նաև հեռավորությունը շինության պատից սարքավորումների եզրաչափերի միջև պետք է լինի`

1) հիմնական անցատեղերում` 1,5 մ-ից ոչ պակաս.

2) մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 1 մ-ից ոչ պակաս.

3) պատի և մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս.

4) դեպի բաքերը, չաները, ռեզերվուարները տանող սպասարկման և վերանորոգման անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս:

32. Հեռակառավարման և չափիչ-ստուգիչ սարքեր չունեցող, հատակից 1,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ տեղադրված ճնշումային արմատուրների սպասարկման համար պետք է տեղադրվեն մշտական հարթակներ` 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

33. Մեքենասարքավորումների խոշոր հանգույցների և տարրերի փոխադրման համար նախատեսված անցումների նվազագույն լայնությունը որոշվում է հանգույցների և տարրերի ամենամեծ ընդլայնական չափով` ավելացված 0,6 մ:

34. Վառելիքաքսուքային, սրբող, մաքրող նյութերն աշխատանքային տեղերում պետք է պահվեն փակ մետաղե անոթներում: Արգելվում է հեշտ բռնկվող նյութերի (բենզին, նավթ և այլն) պահումն աշխատանքային տեղերում:

35. Ֆաբրիկայի արտադրական նշանակության ճանապարհները պետք է լինեն հարմար` հրշեջ մեքենաների երթևեկության համար: Եթե արտադրական պայմաններից ելնելով` չի պահանջվում դեպի ֆաբրիկայի շինությունները կառուցել մուտքի ճանապարհներ, ապա հրշեջ մեքենաների մուտքը պետք է ապահովվի շենքի երկու կողմերի ամբողջ երկայնքով 6 մ լայնությամբ հարթեցված տարածքով:

36. Ճանապարհի բանուկ մասի կամ հարթեցված տարածքի եզրից մինչև ֆաբրիկայի շենքի պատը հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ ավելի: Հրշեջ մեքենաների համար հարթեցված տարածքը պետք է լինի մաքուր, չծանրաբեռնված տարբեր իրերով, ունենա մակերեսային ջրահեռացում, իսկ կավահողային և փոշենման գրունտի դեպքում` ծածկվի խարամով:

37. Ֆաբրիկայի բոլոր արտադրական և օժանդակ շենքերը, շինությունները, տեղակայանքները և պահեստարանները պետք է ապահովված լինեն հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցներով, գործիքներով, գույքով:

38. Ֆաբրիկայի տարածքով պետք է անցկացվի հակահրդեհային ջրախողովակ` միացված արտադրատնտեսական կամ խմելու ջրատարի հետ: Ջրածորակները (հիդրատները) պետք է տեղադրվեն ճանապարհների և մուտքերի երկայնքով` իրարից 150 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, շենքերի պատից 5 մ-ից ոչ պակաս և խաչմերուկների մոտակայքում բանուկ մասի եզրից` 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

39. Ֆաբրիկայի տարածքում ձևավորվող կեղտաջրերը և հատակի ողողաջրերը նախքան ջրատարներ կամ ջրային ռեսուրսներ արտամղվելը պետք է ենթարկվեն տեղային մաքրման, իսկ արտահոսքը պետք է իրականացվի միայն ջրօգտագործման թույլտվության դեպքում` տրված իրավասու մարմնի կողմից:

40. Ֆաբրիկայի տատանում (թրթռում) առաջացնող սարքավորումների (ապարաջարդիչներ, աղացներ, քարամաղեր և այլն) համար պետք է կենսագործվեն տատանումը (թրթռումը) նվազեցնող տեխնոլոգիական, սանիտարատեխնիկական միջոցառումներ:

41. Աղմուկ առաջացնող սարքավորումների տեղադրման շինությունները մյուս տեղամասերից պետք է անջատվեն ձայնամեկուսիչ միջնապատերով:

42. Ֆաբրիկայի այն շինություններում, որտեղ տեղակայված են մեծաքանակ ջրային մակերեսով սարքավորումներ (ֆիլտրացնող մեքենաներ, դասակարգիչներ, խտացման չաներ, խտանյութի սեղաններ և այլն), կոնդենսատի կազմակերպված հոսքն ապահովելու համար պետք է նախատեսվեն սարքեր:

43. Ֆաբրիկայի շինությունների կոնստրուկտիվ տարրերը, պատերը, առաստաղը պետք է ունենան այնպիսի մակերես և ծածկույթ, որպեսզի հնարավոր լինի դրանց հեշտ մաքրումը, և բացառվեն ցիանիդի և մյուս վտանգավոր նյութերի կուտակումները:

44. Ֆաբրիկայի այն շինություններում, որտեղ տեխնոլոգիական գործընթացներն իրականացվում են թթու միջավայրում, պատերի, հատակի, առաստաղի, հարկամիջյան ծածկերը պետք է համապատասխանեն գործող շինարարական նորմերին:

45. Ֆաբրիկայի արտադրական սարքավորումները և արտադրական կոնստրուկցիաները, որոնց մակերեսի ջերմաստիճանը բարձր է (ավելի քան 45 oC), պետք է ջերմամեկուսացվեն:

 

2. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

46. Ֆաբրիկայի տեխնիկական սարքերի շարքն են դասվում ագրեգատները, մեքենաները, մեխանիզմները, տեխնիկական համակարգերն ու համալիրները, տեխնոլոգիական սարքավորումները և ապարատները:

47. Ֆաբրիկայում շահագործման մեջ գտնվող տեխնիկական սարքերը պետք է լինեն անխափան վիճակում, հագեցված` ազդարարման միջոցներով, անհրաժեշտ հսկիչ-չափիչ սարքերով, ինչպես նաև ունենան գործող միջոցներ` գերծանրաբեռնվածությունից պաշտպանության համար:

48. Ֆաբրիկայում շահագործվող անվտանգության չափիչ-ստուգիչ սարքերի և այլ սարքերի ու հարմարանքների նկատմամբ անհրաժեշտ է ապահովել չափումների միասնականությունը, որը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

49. Ֆաբրիկայի մեքենաների ու մեխանիզմների բոլոր շարժվող մասերը (կցորդիչ, փոկանիվ, փոխանցիչ և այլն) պետք է ունենան սարքին մոտենալը բացառող ճաղաշարքեր: Մեքենաների ու մեխանիզմների ատամնային և շղթայական փոխանցումները, անկախ դրանց տեղադրման բարձրությունից և շարժման արագությունից, պետք է ունենան հոծ ճաղաշարքեր:

50. Նախքան մեքենասարքավորման գործարկումը` մեքենավարը պետք է համոզված լինի մոտակայքում գտնվող մարդկանց անվտանգության մեջ և կիրառի նախազգուշական, ձայնային ազդանշաններ: Տեսադաշտից դուրս գտնվող սարքավորումների գործարկումից առաջ պետք է տրվի ձայնային նախազգուշական ազդանշան` 10 վ-ից ոչ պակաս տևողությամբ: Առաջին ազդանշանից հետո պետք է տրվի դադար` 30 վ-ից ոչ պակաս տևողությամբ, որից հետո պետք է տրվի երկրորդ ազդանշանը` 30 վայրկյան տևողությամբ:

51. Աշխատատեղերում բարձր աղմուկի դեպքում պետք է նախատեսվեն նաև լուսային ազդանշաններ: Տրվող ազդանշաններին պետք է ծանոթ լինեն ֆաբրիկայի բոլոր աշխատողները: Ազդանշանների պայմանական նշանները պետք է տեղադրվեն երևացող տեղերում:

52. Ֆաբրիկայի բոլոր աշխատատեղերը պետք է ունենան բավարար լուսավորություն, սարքին գործիքներ, հարմարանքներ, էլեկտրահարումից պաշտպանության միջոցներ և գույք:

53. Ֆաբրիկայի տեխնիկական սարքերի վիճակը պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխում` մեքենավարի (օպերատորի) կողմից, շաբաթական մեկ անգամ` հերթափոխի տեխնիկական պատասխանատու անձի կողմից, ամենամսյա` ֆաբրիկայի գլխավոր մասնագետների (գլխավոր մեխանիկի, գլխավոր էներգետիկի) կողմից: Ստուգման արդյունքները պետք է լուսաբանվեն հերթափոխի հանձնման-ընդունման գրանցամատյանում:

54. Ֆաբրիկայի սարքերի գործարկումը, հավաքակցումը կամ ապահավաքակցումը պետք է կատարվեն միայն արտադրող գործարանի տեխնիկական անձնագրերին, շահագործման և մյուս նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

55. Արգելվում է մեքենայի աշխատանքի ժամանակ կատարել դրա շարժվող մասերի կամ ճաղաշարքերի վերանորոգում, թափվածքը հավաքել ձեռքով, ինչպես նաև ձեռքով յուղել գործող մեքենան` առանց համապատասխան հարմարանքի:

56. Էլեկտրաէներգիայի անջատման կամ այլ պատճառներով սարքի կանգառի դեպքերում բոլոր էլեկտրաշարժիչների շարժաբերները, որոնց ինքնագործարկումն անթույլատրելի է, պետք է ունենան դրանց ինքնագործարկումը կանխարգելող սարք` էլեկտրաէներգիայի հաղորդման վերականգնման դեպքում:

57. Հանքաքարի ընդունման բունկերները պետք է սարքավորվեն հանքաքարի կախվածքները, պնդանալը, սառչելը կանխող հարմարանքներով: Աշխատանքային գոտիներ փոշու ներթափանցումը կանխելու նպատակով բունկերների բարձման և բեռնաթափման համար պետք է կիրառվեն դոզավորիչ սարքեր:

58. Կուտակիչ բունկերները և չոր հանքաքարի համար տարողությունները պետք է սարքավորվեն դրանց գերլցումը կանխարգելող ավտոմատ սարքերով: Հանքաքարի մնացորդային շերտի բարձրությունը բունկերում պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

59. Ֆաբրիկայում նմուշառումը պետք է կատարվի կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված կարգով, մեխանիկական նմուշառման սարքի միջոցով` ավտոմատ ռեժիմով կամ հեռակառավարմամբ: Ձեռքով նմուշառումը կարող է կատարվել տեխնոլոգիական սխեմայով սահմանված կետերից:

60. Նմուշառման տեղը (հարթակը) պետք է լինի հարմար և անվտանգ, ունենա տեղային լուսավորություն, դրանց սարքերի շարժվող մասերը պետք է լինեն ցանկապատված: Արգելվում է չսարքավորված կետերից կատարել նմուշառումներ:

61. Փաթեթավորման մեքենաների շենքերն ապրանքային արտադրանքի պահեստից պետք է մեկուսացվեն պատով և ունենան որմնախորշեր` փոխակրիչների ժապավենների անցման համար: Որմնախորշերը պետք է հերմետիկ փակվեն վարագույրներով, գոգնոցներով, որոնք չպետք է խանգարեն փոխակրիչի վրայով արտադրանքի փոխադրմանը:

62. Տարայի տեղափոխումը փաթեթավորման մեքենայի մեքենավարի աշխատատեղի մոտ` պետք է կատարվի մեքենայացված եղանակով:

63. Պատրաստի արտադրանքով պարկերի ուղղորդման համար մամլիչ փոխակրիչներից առաջ պետք է տեղադրվեն հատուկ ուղղորդիչներ: Մամլիչի աշխատանքի ժամանակ փաթեթավորված պարկերը ձեռքով ուղղելը կամ դրանց հանելն արգելվում է:

64. Հանքահարստացման ռեագենտների (այսուհետ` ռեագենտներ) նմուշառումը նախատեսվում է իրականացնել մեքենայացված հարմարանքի օգնությամբ, իսկ եթե ռեագենտների նմուշառումն իրականացվում է ձեռքով, ապա աշխատողները պետք է օգտվեն 200 մմ երկարությամբ բռնակ ունեցող նմուշառման սարքից:

 

4. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՕԴԱՓՈԽՄԱՆ, ՓՈՇԵՃՆՇՄԱՆ, ԱՍՊԻՐԱՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

65. Բոլոր նոր գործարկվող և վերակառուցվող ֆաբրիկաներում պետք է լինեն օդափոխության, գազամաքրման, փոշեորսման, օդի լավորակման համակարգեր, որոնք կապահովեն աշխատատեղերի օդային միջավայրի կազմը` համաձայն գործող սանիտարական նորմերի:

66. Ֆաբրիկայի արտադրական շենքերում, որտեղ մշտապես գտնվում են մարդիկ, անկախ դրանցում օդի կեղտոտվածության աստիճանից, պետք է իրականացվի արհեստական օդափոխություն:

67. Ֆաբրիկայի տարածքում օդի մեջ փոշու քանակը որոշելու համար առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է կատարվի օդի նմուշառում, ինչպես նաև աշխատատեղերում պետք է ստուգվեն օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժունակությունը:

68. Ֆաբրիկայի բոլոր շինությունները, որոնց մթնոլորտում հնարավոր են մարդկանց առողջության համար վնասակար գազերի, աերոզոլների և այլ խառնուրդների կուտակումներ, անհրաժեշտ է սարքավորել օդաքաշման-օդափոխության միջոցներով` դրանք կահավորելով համապատասխան չափիչ-ստուգիչ սարքերով: Նշված շինություններում պետք է նաև տեղակայվեն ազդարարման համակարգեր, որոնք կգործեն վտանգավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները բարձրանալու դեպքերում:

69. Նոր տեղադրվող և վերակառուցվող օդափոխության կայանքների գործարկումը պետք է կատարվի հանձնաժողովի միջոցով, որի կազմը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով: Արգելվում է շահագործման հանձնել թերություններ ունեցող կամ ոչ արդյունավետ աշխատող օդափոխության կայանքներ:

70. Օդափոխության կայանքների շահագործման և սպասարկման կարգը յուրաքանչյուր ֆաբրիկայում սահմանվում է հատուկ հրահանգով` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից:

71. Ֆաբրիկայի աշխատանքի ամբողջ ընթացքում օդափոխության և ասպիրացիայի բոլոր հիմնական կայանքները պետք է աշխատեն առանց ընդհատումների: Դրանց կանգնեցումը թույլատրվում է միայն կարճ ժամանակահատվածով` ոչ տևական պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման համար: Օդափոխության կայանքների անսարքինության դեպքում արգելվում է աշխատեցնել փոշի և գազ անջատող մեխանիզմները:

72. Ֆաբրիկայի բոլոր շինությունների փոշուց մաքրումը պետք է կատարվի մեքենայացված եղանակով, փոշեծծիչ սարքի միջոցով կամ ջրով լվացմամբ:

73. Այն արտադրամասերում, որտեղ նախատեսվում է հատակի թաց մաքրում, ինչպես նաև թաց տեխնոլոգիական գործընթացներով աշխատող բոլոր արտադրամասերում հատակը պետք է ունենա ոչ ջրաթափանցիկ ծածկույթ: Հատակի թեքությունը ջրի հոսքի համար պետք է լինի 1,80-ից ոչ պակաս: Հիմնական անցատեղերում հատակի թեքությունը չպետք է գերազանցի 2,60-ը, ծառայողական անցատեղերում` 60-ը:

74. Քլորաարգասիքների և այլ ռեագենտների կիրառման դեպքում` ցիան պարունակող արդյունաբերական հոսարանների վնասազերծումն անհրաժեշտ է կատարել միայն հերմետիկացված սարքավորումներով, հսկողության սարքերով և հեռակառավարմամբ:

75. Ապարների ջարդման և տեսակավորման մեքենաները (այսուհետ` ապարաջարդիչ մեքենա), հանքաքար և միջանկյալ արգասիքներ փոխադրող փոխակրիչների ժապավենները, հանքաքարի բարձման և բեռնաթափման սարքավորումների տեղերը (սնուցիչներ, չորացման համար ագրեգատներ, էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական սեպարատորներ, հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաներ, փրփուրաընդունիչների վաքեր, ռեագենտների լուծույթներով տարողություններ) պետք է սարքավորվեն ասպիրացիոն ծածկույթների համակարգերով կամ հիդրոփոշեզերծման համակարգերով` բլոկավորված արտադրական սարքավորումների հետ: Սարքավորումների բլոկավորման համակարգը պետք է ապահովի դրանց միացումը` աշխատանքից 3-5 րոպե առաջ, և դրանց անջատումը` ոչ շուտ, քան սարքավորման կանգառից 5 րոպե հետո:

76. Շինությունները, որոնցում պահվում են ռեագենտներ, պետք է սարքավորվեն օդափոխությամբ, որը կապահովի դրանց մթնոլորտում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի չափաքանակների պահպանումը: Ռեագենտների պահման շինություններից դուրս եկող օդը նախքան մթնոլորտ արտանետվելը պետք է ենթարկվի մաքրման և չեզոքացման:

77. Ռեագենտային բաժանմունքում պետք է նախատեսվի ձայնային կամ լուսային ազդարարման համակարգ, ինչը կտա ազդարարում` օդափոխիչների աշխատանքների դադարեցման դեպքում:

78. Օդափոխության կայանքի աշխատանքն ընդհատվելու կամ օդում վնասակար նյութերի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի չափաքանակից բարձրանալու դեպքերում արտադրամասում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ մարդիկ տարհանվեն մաքուր օդ:

79. Ռեագենտների բեռնաթափման շինությունները, տարաների և անոթների բացման տեղերը, լուծույթների չաները, տղմազտիչները և այլ սարքեր, որոնցում հնարավոր է վնասակար նյութերի կուտակումներ, ընդհանուր օդափոխության հետ միաժամանակ պետք է ունենան նաև տեղային արտածծիչ օդափոխություն:

80. Տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ժամանակ ներհոսման և արտաքաշման օդափոխության բոլոր սարքերը պետք է աշխատեն անընդհատ: Անսարք օդափոխման համակարգերի պայմաններում այնպիսի տեխնոլոգիական սարքավորումների շահագործումը, որոնց աշխատանքն ուղեկցվում է փոշու կամ գազի անջատմամբ, արգելվում է:

81. Խտանյութի չորացման, ինչպես նաև օդափոխության և գազամաքրման համակարգերի կառավարումը պետք է իրականացվի կառավարման վահանակից` տեղակայված օպերատորային սենյակում: Չորացման ագրեգատների սպասարկման տեղերում պետք է նախատեսվեն ցնցուղավորող սարքեր` մղվող օդի ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար:

82. Վակուում-պոմպերից արտածծված գազաօդային խառնուրդները մթնոլորտ նետելուց առաջ պետք է հավաքվեն ընդհանուր ձայնամեկուսիչ-հավաքիչում, մաքրվեն վնասակար բաղադրիչներից և յուղերից:

 

4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՋԱՐԴՄԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԻՉ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲՈՒՆԿԵՐՆԵՐ

 

83. Հանքաքարի ընդունման մասնաշենքից (բաժանմունքից) առաջ պետք է տեղադրվի լուսացույց` տրանսպորտային միջոցի ընդունման մուտքի կամ արգելքի համար: Առանձին դեպքերում հանքաքարի բեռնաթափումը կարող է իրականացվել բունկերի սկզբնամասում տեղակայված արգելափակիչի հետ բլոկավորված ձայնային լուսացույցով:

84. Հանքաքարի ընդունման, բեռնաթափման սարքերի և բունկերների աշխատանքային հարթակները պետք է ապահովված լինեն լուսային և ձայնային ազդանշաններով, որոնք տրվում են տրանսպորտային միջոցի մոտենալուց 1,5-2 րոպե առաջ:

85. Հանքաքարը հպակային էլեկտրաքարշերով փոխադրման ժամանակ բեռնաթափման կետերում պետք է տեղադրվեն էլեկտրահարման վտանգի մասին նախազգուշացնող նշաններ: Ընդունման բունկերի վերևի շենքը մտնող էլեկտրաքարշային բացատարման հպալարերը պետք է սարքավորվեն հողանցվող սեկցիոն անջատիչներով:

86. Բունկերի ընդունման հարթակի և սնուցիչի ու խոշոր ապարաջարդիչ մեքենայի հարթակների միջև պետք է պահպանվի կապ (հեռախոսային, ռադիոկապ, լուսային):

87. Ընդունող սարքերի բեռնաթափման բացվածքները կողերից և բեռնաթափման հակառակ կողմից պետք է ցանկապատվեն բազրիքներով, երկկողմանի բեռնաթափման դեպքում ցանկապատումը պետք է կատարվի կողային մասերից:

88. Ինքնաթափ ավտոմեքենաների հետընթաց շարժը սահմանափակելու համար` ֆաբրիկայի բունկերի բացվածքների ցանկապատերի բարձրությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ ավելի` մինչև 23 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1 մ-ից ոչ պակաս` 24-ից մինչև 45 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,1 մ-ից ոչ պակաս` 46-ից մինչև 55 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,3 մ-ից ոչ պակաս` 56-ից մինչև 80 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,5 մ-ից ոչ պակաս` 81 և ավելի տոննա բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար:

89. Բունկերի ընդունիչ հարթակները և հանքաքարի բեռնաթափման հարթակները պետք է սարքավորվեն փոշենստեցման (փոշեորսման) արդյունավետ միջոցներով:

90. Արգելվում է բեռնավորել ընդունող բունկերները, եթե բաց են բեռնաթափման ելանցքերը, և բեռնաթափել դրանք, եթե սպասարկող անձնակազմը գտնվում է բեռնաթափման գոտում:

91. Բունկերներում հանքաքարի կուտակումների, կախվածքների, անցափակումների վերացման համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ (էլեկտրաթրթռիչներ, պնևմատիկ սարքեր, ջրալվացում և այլն): Այդ նպատակների համար մարդկանց բունկեր իջեցնելն արգելվում է:

92. Միջանկյալ բունկերները, եթե դրանք չեն բեռնավորվում ինքնաբեռնաթափվող սայլակներով, պետք է ծածկվեն վահանակներով: Ինքնաբեռնաթափվող սայլակների կամ դարձափոխային փոխակրիչների կիրառման դեպքում բունկերների բեռնավորման անցքերը պետք է ծածկվեն 200 x 200 մմ ցանցաճաղերով կամ ունենան 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատեր:

93. Բունկերները և սարքերը զննումից կամ վերանորոգումից առաջ պետք է ազատվեն հանքաքարից և օդափոխվեն:

94. Վերանորոգման նպատակով բունկերների կամ ընդունիչ ձագարների մեջ մարդկանց իջեցնելու համար արտադրամասի ղեկավարի կողմից պետք է կազմվի կարգադրագիր-թույլտվություն և աշխատանքների կազմակերպման պլան` պարտադիր կարգով պահպանելով հետևյալ պայմանները`

1) բունկերը պարբերաբար պետք է մաքրվի հանքաքարից.

2) աշխատանքները բունկերի ներսում պետք է կատարվեն տեխնիկական պատասխանատու անձի հսկողությամբ.

3) բունկերում աշխատող անձինք պետք է հրահանգավորվեն.

4) պետք է տեղադրվեն ազդանշաններ բունկերի ներսում կատարվող աշխատանքների մասին.

5) մարդկանց` բունկեր իջեցնելուց առաջ պետք է կանգնեցվեն բեռնաբարձիչ և բեռնաթափիչ սնուցիչները, անջատվեն դրանք, և պետք է կախվի ցուցատախտակ` «Չմիացնել. մարդիկ են աշխատում» գրառմամբ.

6) բունկերը պետք է սարքավորվի հատուկ ծածկոցներով` վերևից որևէ առարկաների, իրերի ընկնելը կանխելու համար.

7) վերանորոգում կատարող անձինք պետք է հագնեն պաշտպանիչ գոտիներ, ունենան հենարաններից հուսալի կապ, աշխատանքի ընթացքում ճոպանները պետք է լինեն ձգված վիճակում.

8) պաշտպանիչ գոտիները և ճոպանները շահագործման ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ պետք է ենթարկվեն ստատիկ փորձարկման` 2250 կՆ բեռնվածությամբ, 5 րոպե տևողությամբ, ունենան դրոշմանիշ` վերջին փորձարկման մասին նշմամբ.

9) շնչառական օրգանների համար` աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով.

10) բունկերի ներսում լուսավորության համար պետք է կիրառվեն փոխադրովի լամպեր` 36 Վ-ից ոչ բարձր լարմամբ.

11) վտանգավոր իրավիճակներ առաջանալու դեպքում աշխատողները պետք է անհապաղ դուրս հանվեն բունկերից:

i

95. Եթե ընդունիչ և միջանկյալ բունկերի մեջ նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ, ապա դրանք պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 291-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

2. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՋԱՐԴՈՒՄԸ

 

96. Ապարների ջարդման և տեսակավորման մեքենայի (այսուհետ` ապարաջարդիչ մեքենա) աշխատանքին և դրա մեջ հանքաքարի մատուցման ընթացքին հետևող օպերատորի աշխատանքային հարթակը պետք է ունենա մետաղե ցանցավոր ճաղաշարք, որպեսզի կանխվեն ապարաջարդիչ մեքենայից հանքաքարի հնարավոր արտանետումները հարթակի վրա:

97. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածքում լեռնային զանգվածի կախվածքների վերացման համար ֆաբրիկայի ղեկավարի կողմից պետք է մշակվի և հաստատվի հրահանգ, որով պետք է սահմանվեն աշխատանքների անվտանգ կազմակերպման մեթոդները, կախվածքների վերացման հաջորդականությունը:

98. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածքում հանքաքարի մեծ կտորների խցանումները վերացնելու համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ ունեցող ամբարձիչ սարքավորումներ: Հանքաքարի խցանված կտորների դուրսհանումը ձեռքով` արգելվում է:

99. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածք մարդկանց իջնելու դեպքում պարտադիր կարգով պետք է պահպանվեն սույն կանոնների 94-րդ կետով սահմանված պահանջները:

100. Այն ծածկոցները և հարթակները, որոնց վրա տեղադրված են թրթռաքարամաղեր, պետք է հաշվարկվի դրանց թրթռադիմացկունությունը: Քարամաղերը պետք է տեղադրվեն թրթռամեկուսիչ հիմքերի վրա, որը սարքավորման աշխատանքի ժամանակ պետք է խլացնի առաջացող թրթռումները (տատանումները):

101. Թրթռաքարամաղերի և ապարաջարդիչ մեքենաների վրա պետք է նախատեսվեն պաշտպանիչ հարմարանքներ` սպասարկող անձնակազմին հանքաքարի կտորների պատահական արտանետումներից պաշտպանելու համար`

1) կոնաձև ապարաջարդիչ մեքենաների համար` խուլ հանովի ցանկապատեր` բացառությամբ փլվածքների տակ աշխատող 1-ին փուլի խոշոր ապարաջարդիչների.

2) այտավոր ապարաջարդիչ մեքենաների համար` խուլ հանովի ցանկապատեր` դիտանցքային պատուհաններով, ինչը կբացառի ապարաջարդիչի բացվածքից հանքաքարի կտորների դուրս թռչելը:

102. Թրթռամաղերն սպասարկող անձինք պետք է օգտվեն հակաաղմկային ականջակալներից:

103. Այտավոր ապարաջարդիչ մեքենաների աշխատանքների նկատմամբ դիտարկում կատարելու համար արգելվում է օգտագործել վերանորոգման և յուղման համար նախատեսված հարթակները` կառուցված այն մասնաշենքերում, որոնք գտնվում են աշխատանքային տարածքների ելքերից վտանգավոր հեռավորության վրա: Դեպի այդպիսի հարթակներ տանող ելքերը պետք է փակվեն դռներով և դռնակով` բլոկավորված ապարաջարդիչ մեքենայի թողարկման համակարգի հետ:

104. Արգելվում է սնուցիչի աշխատանքի ժամանակ մաքրել էլեկտրաթրթիռային սնուցիչների վաքերը, կանգնել սնուցիչների կողերին, հպվել դրանց:

105. Թմբուկային թրթռաքարամաղերի աշխատանքի ժամանակ արգելվում են`

1) մաքրել պերֆորիացումը (հորատումը), կատարել հոլովակի մաքրում կամ փոխում.

2) քարամաղը շահագործել հանված ցանկապատով:

106. Ճանկավոր, հորիզոնական և ուղղահայաց մուրճավոր ապարաջարդիչ մեքենաները պետք է ունենան էլեկտրական բլոկավորում, որը կբացառի ապարաջարդիչ մեքենայի գործարկումը, եթե դրա իրանի կափարիչը գտնվում է բաց վիճակում: Ճանկավոր և հորիզոնական մուրճավոր ապարաջարդիչ մեքենաների 50 կգ-ից ավելի քաշ ունեցող կափարիչները պետք է բացվեն միայն մեքենայացված եղանակով:

107. Պայթյունավտանգ փոշի առաջացնող հանքաքարերի ջարդումը պետք է կատարվի միայն պայթյունի առաջացումը կանխարգելակող միջոցներ ձեռնարկելուց հետո:

108. Միջին և մանր ապարաջարդիչ մեքենաներին հանքաքար մատուցող ժապավենային փոխակրիչները պետք է սարքավորվեն մետաղաորսիչներով, կորզիչներով, մագնիսային տափօղակներով` հանքաքարի մեջ հայտնված մետաղի կտորների զատման համար: Փոխակրիչների ժապավենից մետաղի կտորների զատումը թույլատրվում է միայն փոխակրիչը կանգնեցնելուց և մագնիսական համակարգն անջատելուց հետո:

 

3. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՆՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

109. Աղացների և դասակարգիչների գործարկման սարքերը տեղից կառավարելու դեպքում դրանք պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի գործարկող անձը կարողանա հետևել դրանց աշխատանքին:

110. Թույլատրվում է աղացի ներսում աշխատել միայն տեխնիկական պատասխանատու անձի ներկայությամբ` ֆաբրիկայի ղեկավարության կողմից տրված կարգադրագիր-թույլտվությամբ, պայմանով, եթե, համաձայն աշխատանքների կատարման նախագծի, ապահովված են անվտանգության բոլոր պահանջները:

111. Արգելվում է աշխատանքի ժամանակ պտուտակահանել կամ թուլացնել աղացի մտոցի պնդօղակները, երբ աղացը գտնվում է մտոցով ներքևի դիրքում, ինչպես նաև` ամրացնել աղացի խխունջանման սնուցիչի պատյանի ավտոմատ ամրակապի պնդօղակները:

112. Կոնտեյներների մեջ մետաղագնդերի բարձման տեղերը պետք է ցանկապատվեն, և պետք է կախվի ցուցատախտակ` «Վտանգավոր է» գրառմամբ: Կոնտեյների բարձման ժամանակ մարդիկ պետք է գտնվեն անվտանգ հեռավորության վրա, իսկ մետաղագնդերով կոնտեյներների բարձումը պետք է կատարվի դրանց կողերից 100 մմ ցածր:

113. Դասակարգիչների սպասարկման համար նախատեսված աշխատանքային հարթակները պետք է տեղակայված լինեն դասակարգիչի տաշտի կողից 600 մմ ցածր: Դասակարգիչների տաշտի հակառակ կողմից աշխատանքային հարթակները պետք է սարքավորվեն 1000 մմ բարձրություն ունեցող մետաղե բազրիքով:

114. Դասակարգիչների վրա պետք է կառուցվեն բազրիքներով կամրջակներ` պտտման մեխանիզմների անվտանգ սպասարկման, ձողերի կամ պարույրների բարձրացման համար: Սպասարկման հարթակի շուրջը, դասակարգիչի տաշտի կողին պետք է տեղադրվեն ցանցավոր ցանկապատեր` բարձրությունը` առնվազն 300 մմ, ցանցախորշերի չափերը` 25 x 25 մմ:

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ

 

115. Ռեագենտների ծախսային հարթակներում հեղուկ ռեագենտների և դրանց լուծույթների մատուցումը միջանկյալ բաքերի կամ սնուցիչների մեջ պետք է կատարվի մեքենայացված եղանակով: Արգելվում է չոր վիճակում ցիանիդի և ծծմբային նատրիումի կոնցենտրացված ծծմբային թթուների մատուցումն անմիջապես սնուցման գործընթացի կետերին: Ռեագենտների փոխադրումը հանքահարստացման բաժանմունք թույլատրվում է միայն հատուկ այդ նպատակների համար նախատեսված անոթների մեջ:

116. Բաժնեչափային հարթակների վրա տեղակայված ծախսային տարողություններից ռեագենտների մատուցումը հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաներին (այսուհետ` ֆլոտամեքենա) և այլ ագրեգատներին պետք է իրականացվի ավտոմատացված հերմետիկ բաժնևորիչների օգնությամբ:

117. Այն բաժանմունքներում, որոնցում հնարավոր է աշխատողների շփումը ռեագենտների հետ, պետք է տեղադրվեն տաք և սառը ջրով լվացարաններ, նախատեսվեն սարքեր` մաշկի վրա ընկած նյութերի արագ հեռացման համար:

118. Եթե ցիանիդի ծախսային տակառները գտնվում են ռեագենտների հարթակներում, ապա դրանք պետք է գտնվեն առանձին մեկուսացված փակ սենյակում` սարքավորված տեղական արտածծող օդափոխությամբ:

119. Ռեագենտատար խողովակագծերի արտանցումը մատուցման կետերին պետք է իրականացվի այն կարգով, որպեսզի բացառվի աշխատողների մուտքը դեպի ցիանիդի լուծույթը: Արգելվում է կատարել ռեագենտների քանակի չափում դրանց մատուցման կետերում:

120. Ռեագենտների չաները, միջանկյալ ծախսային տակառները և դրանց հետ կապված հաղորդակցման կառուցվածքները պետք է ունենան վթարային տարողություններ, որոնց մեջ անհրաժեշտության դեպքում ռեագենտները կարող են ամբողջությամբ դատարկվել:

121. Ռեագենտային հարթակների հոսքային ջրերը պետք է հեռացվեն առանձին խողովակագծերով` շրջանցելով հանքահարստացման բաժանմունքի դրենաժային համակարգը: Արգելվում է թթուների խառնումը ցիանիդի, քսանտագենատների, ծծմբային նատրիումի և հիդրոսուլֆատների լուծույթների հետ, քանի որ այդ դեպքում կարող են առաջանալ բարձր թունավորությամբ ծծմբաջրածնային և կապտաթթվային գազեր, ինչպես նաև խողովակագծերը խցանող չլուծվող նստվածքներ:

122. Հերթափոխի տեխնիկական ղեկավարը, համաձայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված հրահանգի, պարտավոր է ստուգել ռեագենտային հարթակի վրա աշխատողների անհատական պաշտպանության միջոցների առկայությունն ու դրանց սարքին վիճակը:

123. Ֆլոտախուցն ապարախյուսով լցվելու դեպքում` ֆլոտամեքենայի իլային բլոկի օդամղիչը ձեռքով պտտելը թույլատրվում է միայն փրփրամղիչը կանգնեցնելուց հետո` հանովի փայտյա լաստակից: Շարժիչի միացումը թույլատրվում է միայն մարդկանց` լաստակից հեռացնելուց հետո:

124. Ֆլոտամեքենայի վթարային բեռնաթափման և ողողաջրերի հավաքման համար պետք է նախատեսվեն պոմպերով խյուսափոսեր:

125. Պնևմատիկ ֆլոտամեքենաների օդավերելակային խողովակների փոխման կամ մաքրման դեպքում աշխատողները պետք է օգտվեն պաշտպանիչ ակնոցներից:

126. Խյուսի տեխնոլոգիական նմուշառումն անմիջապես աշխատող ֆլոտախցից պետք է կատարվի հատուկ այդ նպատակի համար նախատեսված նմուշասարքով` փրփրամղիչի պարտադիր կանգնեցմամբ:

127. Պնևմամեխանիկական ֆլոտամեքենաների խցերն օդ մղող օդամղիչները պետք է տեղակայվեն հատուկ շինություններում, որտեղ նախատեսված են ձայնամեկուսիչ և աղմուկախլացուցիչ սարքեր:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1051-Ն
Որոշում