040.0702.180603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2003 թվականի N 702-Ն
i
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 35-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 53-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 702-Ն որոշման
ԿԱՐԳ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում` վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքը կարող է փոխանցվել հետևյալ ձևերով`
ա) գրավոր պայմանագրով` կողմերի ստորագրությամբ.
բ) իրավահաջորդության կարգով.
գ) ժառանգության կարգով:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը, բացառությամբ իրավահաջորդության և ժառանգության կարգերի, իրականացվում է գրավոր պայմանագրով:
i
4. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` իրավահաջորդության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում` օրենքով սահմանված կարգով` իրավահաջորդի ներկայացրած փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կրկնօրինակի հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` ժառանգության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում` օրենքով սահմանված կարգով` ժառանգորդի ներկայացրած ժառանգության իրավունքի վկայականի կրկնօրինակի հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
6. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքն ստանձնողն այդ իրավունքի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում ձևակերպելու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում ներկայացնում է ջրային պետական կադաստր` գրանցման, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը համարվում է չձևակերպված:
(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)