Սեղմել Esc փակելու համար:
{06.08.2016 - 11.04.2020} ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.08.2016 - 11.04.2020} ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.08.2016  -ից մինչեւ   11.04.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.01.2025  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

06.08.2016 - 11.04.2020

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:

 

i
Հոդված 2. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենսդրությունը

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

օզոնային շերտ` մոլորակի սահմանամերձ շերտից վերև գտնվող մթնոլորտային օզոնի շերտը.

օզոնային շերտը քայքայող նյութեր` քիմիական նյութեր, որոնք ցուցաբերում են կամ ունակ են ցուցաբերելու ոչ բարենպաստ ազդեցություն օզոնային շերտի վրա` մաքուր վիճակում կամ խառնուրդներում, որոնց միավոր զանգվածում օզոն քայքայող մաքուր նյութերի քանակը մեկ տոկոսից ավելի է.

կողմ հանդիսացող երկիր` երկիր, որը վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.

կողմ չհանդիսացող երկիր` երկիր, որը չի վավերացրել «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.

ընդհանուր չափաքանակ (քվոտա)` օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր քանակությունը` ըստ տարիների.

անհատական չափաքանակ (քվոտա)` յուրաքանչյուր ներմուծողին օզոնային շերտը քայքայող նյութերի (նյութի) ներմուծման թույլատրվող քանակություն ամեն տարվա համար.

առաքման թույլտվություն` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող հայտատուին տրամադրվող փաստաթուղթ, որով թույլատրվում է այդ նյութերի ներմուծումը կամ արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը, եթե նման գործարքը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին.

հայտատու` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու նպատակով առաքման թույլտվություն ստանալու մասին լիազոր պետական մարմին հայտ ներկայացրած իրավաբանական ու ֆիզիկական անձինք.

հայտ` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու մասին դիմում, որը ներառում է ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման երկրների անվանումները և տվյալներ հայտատուի և նրա կողմից ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի անվանումների, քանակների, գործարքի իրականացման ժամկետների մասին:

 

ԳԼՈՒԽ 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

i
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկի հաստատումը.

2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը.

3) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգի հաստատումը.

4) առաքման թույլտվության տրամադրման կարգի ու ձևի հաստատումը.

5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանը վերաբերող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.

6) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության իրականացման ապահովումը:

 

i
Հոդված 5. Լիազոր պետական մարմնի իրավասությունները

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմնի իրավասություններն են`

1) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը.

2) օզոնային շերտը քայքայող նյութերի քանակությունների հաշվառումը.

3) օզոնային շերտը քայքայող նյութերի անհատական չափաքանակների սահմանումը.

4) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների տրամադրումը` ներկայացված հայտերի հիման վրա.

5) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության մշակումը.

6) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման նկատմամբ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 6. Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման նկատմամբ արգելքները

 

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է`

1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը.

2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ փոխադրումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր:

 

Հոդված 7. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների սահմանման սկզբունքներն ու կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ ոչ ուշ, քան մինչև նախորդող տարվա հունիսի 30-ը:

 

Հոդված 8. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգը

 

1. Օզոնային շերտը քայքայող մեկից ավելի նյութերի ներմուծման համար ներկայացված հայտի դեպքում դրանց թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով` ըստ առանձին նյութերի:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված անհատական չափաքանակների հիման վրա լիազոր պետական մարմինը հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն:

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար հայտը մերժվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, ինչպես նաև ներմուծողին, սույն օրենքի համաձայն, տրամադրված անհատական չափաքանակի սպառման կամ թույլտվության ժամկետի ավարտման դեպքում:

3. Հայտատուն իրավունք ունի սահմանված անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր պետական մարմնին: Տեղյակ չպահելու դեպքում ներմուծողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

4. Առաքման թույլտվություն ստացած հայտատուն մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը պետական լիազոր մարմին է ներկայացնում օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն:

i

5. Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության համար գանձվում (վճարվում) է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի` սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

9. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում` հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

(8-րդ հոդ. փոփ. 29.06.16 ՀՕ-125-Ն օրենք)

 

Հոդված 9. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը

 

1. Մաքսային մարմիններն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը թույլատրում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևի և տրամադրման կարգի հիման վրա ստացած առաքման թույլտվության առկայության դեպքում:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման մասին մաքսային մարմինները տեղեկատվություն են ներկայացնում լիազոր պետական մարմնին տվյալ գործարքի իրականացման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, որը ներառում է`

1) ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման մասին տվյալները.

2) ներմուծված կամ արտահանված կամ տարանցիկ փոխադրման ենթարկված օզոնային շերտը քայքայող նյութերի քանակները և իրականացված գործարքի ժամանակահատվածը.

3) արտահանման և ներմուծման երկրների անվանումները:

 

ԳԼՈՒԽ 4
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 10. Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը

 

1. Հաշվառման ենթակա են`

1) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված ընդհանուր չափաքանակները` ըստ առանձին նյութերի.

2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու մասին հայտերը.

3) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման սահմանված անհատական չափաքանակները և դրանց մնացորդային քանակությունները` ըստ առանձին նյութերի.

4) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման առաքման թույլտվությունները.

5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվությունները:

i

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-5-րդ կետերով սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի քանակություններն ու փաստաթղթերը հաշվառում է լիազոր պետական մարմինը, իսկ 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը հաշվառում են նաև մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքով սահմանված պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՀՕ-218-Ն

 

 

pin
ՀՀ 27.11.2006
N ՀՕ-218-Ն օրենք