Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ1/0052/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ1/0052/05/08                             2008 թ.

Նախագահող դատավոր` Հ. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                    

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հ. Թոսունյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Հակոբ Թոսունյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Կապանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ընկերության տնօրեն Հակոբ Թոսունյանի` 20.000 դրամ վարչական տուգանքի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` 25.03.2008 թվականի թիվ 087048 որոշումը և 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերության տնօրեն Հակոբ Թոսունյանից բռնագանձել 20.000 դրամ վարչական տուգանքի գումարը:

Հակընդդեմ հայցով Հակոբ Թոսունյանը պահանջել է վերացնել Տեսչության 25.03.2008 թվականի թիվ 087048 որոշումը և 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտը:

Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Թոսունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հակընդդեմ հայցը մերժվել է վիճարկվող ակտը բողոքարկելու ժամկետների բացթողման պատճառաբանությամբ: Վարչական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ակտը բողոքարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովին, որպիսի պայմաններում դատական կարգով ակտի բողոքարկման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ ժամկետներ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճիռը` 20.01.2008 թվականի թիվ 1110403 ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասով, այդ մասով փոփոխել դատական ակտը` հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

Վարչական դատարանի կողմից դատական սխալ թույլ չի տրվել: Անձն անհիմն չի զրկվել դատական պաշտպանության իրավունքից, քանի որ իրավունքների և պարտականությունների ծագման հիմք է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելը: Այդ պահից առաջանում է անձի օրենքով երաշխավորված իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու իրավական հնարավորությունը, որից օգտվել է պատասխանողը` վարչական տուգանքի որոշումը վերացնելու պահանջով դիմելով դատական պաշտպանության: Նշված պահանջը իրավացիորեն մերժվել է Վարչական դատարանի կողմից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 14.02.2008 թվականի թիվ 1110403 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում Տեսչության 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտով Ընկերությանն առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:

2. Ընկերության տնօրենը ակտի օրինակը ստացել է 22.02.2008 թվականին:

3. 13.03.2008 թվականին ակտը բողոքարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով):

4. Հանձնաժողովի 28.03.2008 թվականի որոշմամբ ակտը թողնվել է անփոփոխ:

5. Ակտի վիճարկման պահանջը դատարան է ներկայացվել 20.05.2008 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցի դեպքում հայցը դատարան կարող է ներկայացվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է:

Սույն գործով հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը բաց է թողել վարչական ակտի վիճարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը:

Վարչական դատարանի վերոնշյալ եզրահանգումը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Տեսչության 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտն Ընկերության տնօրենին ներկայացվել է 22.02.2008 թվականին: 13.03.2008 թվականին ակտը վարչական կարգով բողոքարկվել է Հանձնաժողովին, որի 28.03.2008 թվականի որոշմամբ ակտը թողնվել է անփոփոխ: Վերոնշյալից հետևում է, որ Տեսչության 20.02.2008 թվականի ակտը դատական կարգով կարող էր բողոքարկվել 14.04.2008-ից (վարչական կարգով ակտի բողոքարկման համար սահմանված երեսնօրյա ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից) հաշվարկած երկու ամսվա ընթացքում` մինչև 14.06.2008 թվականը:

Սույն գործով Տեսչության 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտի վիճարկման պահանջը դատարան է ներկայացվել 20.05.2008 թվականին: Այսինքն, Ընկերությունն ակտի վիճարկման պահանջը դատարան է ներկայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման արդյունքում պատասխանողը զրկվել է դատական կարգով բողոքարկված վարչական ակտի ըստ էության քննության հնարավորությունից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-241.1-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ1/0052/05/08
Որոշում