Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ                 Վարչական գործ թիվ ՎԴ/1492/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1492/05/08                                2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.05.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ «Անկրկնելի Ցուլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Սերյոժա Հակոբյանի` 7.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի` Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետի 29.11.2007 թվականի թիվ 044496 որոշումը մասնակի վերացնելու և մնացած մասը փոփոխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է բռնագանձել Սերյոժա Հակոբյանից 7.500.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սերյոժա Հակոբյանը պահանջել է մասնակի վերացնել Ծառայության 29.11.2007 թվականի թիվ 044496 որոշումը և մնացած մասը փոփոխել:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի իմաստով Դատարանը վարչական ակտը վերացնելիս իրավասու չէր փոփոխել այն և վճռով սահմանել տուգանքի չափ:

Դատարանը, կիրառելով վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերը սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անտեսել է այն հանգամանքը, որ նշված հոդվածը նման իրավունք վերապահում է վարչական մարմնին և ոչ թե դատարանին:

Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս իրավասու է վարչական մարմնի համար սահմանել միայն պարտականություն` ընդունել վարչական ակտ կամ կատարել գործողություն, այն է` իրականացնել վարչարարություն` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության 14.11.2007 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Ընկերության տնօրեն Սերյոժա Հակոբյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին Ընկերությանը պատկանող տարածքի առևտրի իրականացման վայրում 25 ֆիզիկական անձանց տրամադրել է վաճառատեղեր, որով խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասը:

2) Սերյոժա Հակոբյանը Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետի 29.11.2007 թվականի որոշմամբ տուգանվել է 7.500.000 ՀՀ դրամի չափով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման վաճառատեղեր վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված սահմանադրական նորմը, ամրագրելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, միաժամանակ օրենսդրին հասցեագրել է հիմնարար առաքելություն` օրենքների հիման վրա որոշելու պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց իրավասությունը (լիազորությունը) իշխանությունն իրականացնելիս:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, դատարանը ստուգում է նաև, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողություն կատարելը կամ անգործություն դրսևորելը իրականացվել է օրենսդրությանը համապատասխան: Երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, և վարչական դատարանը հանգում է այն հետևության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է օրենսդրությանը ոչ համապատասխան, ապա վճռի եզրափակիչ մասը սահմանում է իրավասու վարչական մարմնի պարտականությունը` վարչական ակտ ընդունել կամ կատարել գործողություն` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումը:

Սույն գործով Սերյոժա Հակոբյանը պատասխանատվության է ենթարկվել 25 ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրման համար: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող նորմը նախատեսում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սերյոժա Հակոբյանը պատասխանատվության է ենթարկվել տուգանքի առավելագույն չափով` յուրաքանչյուր տեղի համար 300.000 ՀՀ դրամով:

Դատարանը, սույն գործի քննության ժամանակ ստուգելով վարչական մարմնի կողմից հայեցողական լիազորության իրականացումը, անվավեր է ճանաչել Ծառայության 29.11.2007 թվականի թիվ 044496 որոշման խմբագրությունը և պարտավորեցրել է Ծառայությանը 30-օրյա ժամկետում փոփոխել որոշումը` հաշվի առնելով, որ իրավախախտման ծավալի մեջ է մտնում 19 ֆիզիկական անձանց վաճառատեղեր տրամադրելու փաստը, ինչպես նաև այն, որ տրամադրված յուրաքանչյուր տեղի համար տուգանքի չափը պետք է որոշվի վարչարարության հիմնական սկզբունքների հաշվառմամբ, որի նպատակահարմար չափը չի կարող գերազանցել 150.000 ՀՀ դրամը:

i

Մինչդեռ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ այն դեպքում, երբ Դատարանը հաստատված է համարում վարչական մարմնի հայեցողական լիազորության իրականացումը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, իրավասու չէ սահմանել պատասխանատվության առավելագույն, նվազագույն կամ կոնկրետ չափ: Այսինքն` Դատարանը միջամտել է վարչական մարմնի հայեցողական լիազորությանը, ինչը թույլատրելի է միայն հայեցողական լիազորության իրավաչափության ստուգման տեսանկյունից (Տե՛ս Արթուր Խաչատրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի` պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-295 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

i

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 21.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/1492/05/08
Որոշում