(ուժը կորցրել է 05.10.16 թիվ 272-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)
600.0194.291205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005496
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2005 թվականի N 194-Ն
i
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող, ինչպես նաև համակցված ցիկլով աշխատող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 18.08.06 թիվ 176-Ն որոշում)
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի նոյեմբերի 30-ի
N 194-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Սույն կարգը սահմանում է ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատանքի, ինչպես նաև այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները:
1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները
i
Արտադրող` էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Բաշխող` էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա
ունեցող իրավաբանական անձ.
Հաղորդող` էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Հաշվարկային տարի` հաշվարկային ժամանակահատված, որն սկսվում է տվյալ
տարվա ապրիլի 1-ի ժամը 0.00-ին և ավարտվում
հաջորդ տարվա մարտի 31-ի ժամը 24.00-ին.
Պայմանագիր` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մատակարար -
սպառող (ինքնավար արտադրող) պայմանագիր.
Հաշվարկային ամիս` Պայմանագրով ամրագրված հաշվարկային
ժամանակահատված.
Սահմանազատման կետ` էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության
սահման.
Վերականգնվող
էներգառեսուրսներ
օգտագործող, ինչպես
նաև համակցված ցիկլով
աշխատող ինքնավար
արտադրող
(Ինքնավար արտադրող)` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական
էներգիա արտադրող իրավաբանական անձ.
Միկրոէլեկտրակայան
(այսուհետև` ՄիկրոԷԿ)` մինչև 150 կՎտ տեղակայված հզորություն
ունեցող էլեկտրակայան:
(1-ին կետը փոփ. 18.08.06 թիվ 176-Ն որոշում)
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Ինքնավար արտադրողը էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատելու համար դիմում է Բաշխողին` ստանալու միացման տեխնիկական պայմանները:
2.2 Արտադրողի կամ Հաղորդողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցին միանալու տեխնիկական պայման ստանալու դեպքում Ինքնավար արտադրողը դիմում է նաև նրանց` ստանալու լրացուցիչ տեխնիկական պայմաններ:
3. Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ
զուգահեռ աշխատանքը
3.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքն ապահովելու համար Ինքնավար արտադրողը պարտավոր է`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգին միացումն իրականացնել ներկայացրած տեխնիկական պայմանների համաձայն,
բ) ունենալ Բաշխողի հետ կնքված Պայմանագիր:
3.2 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքը կարող է իրականացվել հետևյալ տարբերակներով.
ա) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրականապես մեկ կետում.
բ) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին մեկ համայնքի կամ հարակից համայնքների տարածքում գտնվող տարբեր կետերում:
3.3 Բաշխողը Ինքնավար արտադրողին միացման տեխնիկական պայմանները տրամադրելու դեպքում այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով)` հաշվառման նպատակով:
3.4 Ինքնավար արտադրողի և Բաշխողի պարտավորությունները` կապված ՄիկրոԷԿ-ի աշխատանքի ռեժիմների և անվտանգության ապահովման հետ, սահմանվում են Պայմանագրով:
4. Էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվեկշռային հաշվարկը
4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերով:
4.2 Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը տեղադրվում են Սահմանազատման կետերում և պետք է ապահովեն էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը:
4.3 Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ընթացքում հաշվառված էլեկտրական էներգիայի հաշվարկն իրականացվում է հետևյալ պայմաններով.
ա) Հաշվարկային ամսվա ավարտից հետո Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ.
բ) հաշվեկշռային հաշվարկը կատարվում է Պայմանագրով սահմանված ժամկետում.
գ) Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հաշվարկային տարին սկսում են էլեկտրական
էներգիայի զրոյական հաշվեկշռով:
4.4 Տվյալ Հաշվարկային ամսվա համար էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը (WՀկշ) հաշվարկվում է`
ա) սույն կարգի 3.2 կետի ա) ենթակետում նշված դեպքում` հետևյալ բանաձևով.
WՀկշ = W ԱՑ - W ԲՑ - W Դ,
որտեղ`
W ԱՑ - Ինքնավար արտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիան է,
W ԲՑ - էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիան է,
W Դ - նախորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկի արդյունքում դեբետագրված էլեկտրական էներգիան է.
բ) սույն կարգի 3.2 կետի բ) ենթակետում սահմանված դեպքում` հետևյալ բանաձևով.
WՀկշ = W ԱՑ - W ԲՑ(1 - k) - W Դ
որտեղ`
k - ն գործակից է, որը հաշվի է առնում էլեկտրաէներգիայի կորուստները բաշխման ցանցում և հավասար է 0,08 -ի:
4.5 Տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվեկշռային հաշվարկի արդյունքում`
ա) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ -ն, ունի դրական նշան, ապա այն (WՀկշ) Ինքնավար արտադրողի կողմից ենթակա է վճարման,
բ) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ -ն, ունի բացասական նշան, ապա այն (WՀկշ) ենթակա է դեբետագրման` հաջորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկում հաշվի առնելու համար:
Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա համար, երբ հաշվեկշռային հաշվարկի արդյունքում WՀկշ-ն ունի բացասական նշան, այն զրոյացվում է (դուրս է գրվում):
5. Վճարման կարգը
5.1 Սույն կարգի 4.5 կետի ա) ենթակետի համաձայն հաշվարկված էլեկտրաէներգիայի դիմաց Ինքնավար արտադրողը վճարում է Հանձնաժողովի կողմից Բաշխողի համար սահմանված սակագնով: Վճարման կարգը սահմանվում է Պայմանագրով: