Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 23-ՐԴ, 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0725/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0725/05/08                             2008 թ.

Դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Միսակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի (այսուհետ` Վարչական դատարան) 08.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գագիկ Սարգսյանի, Սուսաննա Մուրադյանի, Գոհար Սարգսյանի, Սաթենիկ Սարգսյանի ընդդեմ Միսակ Գրիգորյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և Միսակ Գրիգորյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Սարգսյանը, Սուսաննա Մուրադյանը, Գոհար Սարգսյանը և Սաթենիկ Սարգսյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը` Երևանի Չկալովի փողոցի 30 հասցեում հայցվորներին պատկանող 23 քմ սենյակի և 12 քմ օժանդակ մակերեսները Միսակ Գրիգորյանի անվամբ սեփականացնելու մասով, ինչպես նաև անվավեր ճանաչել այդ մասով Միսակ Գրիգորյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միսակ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի, 48-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերի, 51-րդ հոդվածի 1-ին կետի, 52-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 25-րդ հոդվածի 1-ին կետի, 26-րդ հոդվածի, 27-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, 187-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 38-րդ, 57-րդ, 63-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել օրինական ուժի մեջ մտած Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2007 թվականի վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ հայցվորներն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ չեն տիրապետում վիճելի անշարժ գույքը: Սույն գործով Վարչական դատարանը, վճռի հիմքում չդնելով որևէ ապացույց, հաստատված է համարել, որ հայցվորները վեճի առարկա անշարժ գույքը բացահայտ, բարեխղճորեն և անընդմեջ տիրապետում են որպես սեփական գույք:

i

Այսինքն` սույն գործով վիճարկվող վարչական ակտով հայցվորների որևէ իրավունք կամ օրինական շահ չի շոշափվել, և այդ պատճառով էլ անհիմն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 38-րդ հոդվածների կիրառումը: Երևանի քաղաքապետարանի վիճարկվող որոշումը` բողոք բերած անձի մասով, ընդունվել է օրենքի պահանջների պահպանմամբ և չի հակասում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին, և այն վիճարկվող մասով իրավաչափ վարչական ակտ է: Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի հիմքով Գագիկ, Գոհար, Սաթենիկ Սարգսյանները և Սուսաննա Մուրադյանը սույն գործով պատշաճ հայցվորներ չեն:

i

2) Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում չեն բողոքարկել Երևանի քաղաքապետի որոշումը և նշված հոդվածի ուժով նշված որոշումը` Միսակ Գրիգորյանի մասով, դարձել է անբողոքարկելի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 08.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կադաստրի ղեկավարի 04.03.2008 թվականի թիվ ԵԼ-1520 գրության համաձայն` Չկալով փողոցի թիվ 30 հասցեում գտնվող շինությունները, ըստ կադաստրային գործի տվյալների, 17.11.1952 թվականին, որպես անօրինական կառույց, հաշվառվել են Միսակ Գրիգորյանի պապու` Միսակ Գրիգորի Կարապետյանի անվամբ:

2. Երևանի Չկալովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անօրինական շինությունները` 24 քմ սենյակը և կից 7 քմ մակերեսով օժանդակ կառույցը, Գևորգ Սարգսյանը 2.500 ռուբլով ձեռք է բերել 20.09.1967 թվականին կնքված ներքին առուվաճառքի պայմանագրով Միսակ Գրիգորյանի տատուց` Նվարդ Կարապետյանից:

3. Գևորգ Սարգսյանը Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի 25.07.1985 թվականի թիվ 14/10 որոշմամբ ընտանիքի 5 անձի համար ստացել է երեք սենյականոց բնակարան` Ջիվանու փողոցի 11 շենք, բնակարան 25 հասցեում: Նույն որոշմամբ Չկալովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող տարածքը թողնվել է Գագիկ Սարգսյանի ընտանիքի օգտագործմանը:

4. Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 24.11.1989 թվականի թիվ 34/30 որոշման համաձայն` շրջխորհրդի գործկոմը որոշել է. «Չկալովի փողոցի թիվ 30 բակի տան բնակիչ Գագիկ Սարգսյանի ընտանիքի 5 անձերին (ինքը, կինը` Սուսաննա Արարատի Մուրադյան, երեք երեխաները` Սարգիս, Գոհար, Սաթենիկ Գագիկի Սարգսյաններ) թույլատրել պայմանագիր կնքել Կոնդ թաղամասում կառուցվող 3-սենյականոց բնակարան ստանալու համար»:

5. Երևանի քաղաքապետի 09.11.2005 թ. թիվ 2391-Ա որոշմամբ ճանաչվել է Միսակ Գրիգորյանի սեփականության իրավունքը Երևանի Չկալովի փողոցի թիվ 30 հասցեի անշարժ գույքի նկատմամբ: Նշված որոշման հիման վրա 06.02.2006 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում և տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2047460 վկայականը (գ.թ. 46-47, 84):

6. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.10.2007 թվականի թիվ 07-3122 վճռով մերժվել է Գագիկ, Գոհար, Սաթենիկ Սարգսյանների, Սուսաննա Մուրադյանի հայցն ընդդեմ Միսակ Գրիգորյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Վերաքննիչ դատարանը Գագիկ, Գոհար, Սաթենիկ Սարգսյանների, Սուսաննա Մուրադյանի հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորներն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ չեն տիրապետում Երևան քաղաքի Չկալովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող վիճելի անշարժ գույքը, որպիսի հիմքով հայցվորները չեն կարող սեփականության իրավունք ձեռք բերել նշված գույքի նկատմամբ (54-57):

7. Նշված վճռի դեմ ներկայացված` Գագիկ, Գոհար, Սաթենիկ Սարգսյանների, Սուսաննա Մուրադյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 27.12.2007 թ. թիվ 3-1996 (ՎԴ) որոշմամբ վերադարձվել է: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռաբեկ բողոքին կից ներկայացված` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը, Կոնդ թաղամասի իրացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հայտարարությունը, 20.09.1967 թ-ի առուվաճառքի պայմանագիրն այդ գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ չեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Սույն գործում առկա` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.10.2007 թվականի թիվ 07-3122 վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Գագիկ, Գոհար, Սաթենիկ Սարգսյաններն ու Սուսաննա Մուրադյանն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ չեն տիրապետել Երևան քաղաքի Չկալովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են` ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Սույն գործով Դատարանը Երևանի քաղաքապետի 09.11.2005 թ-ի թիվ 2391-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասին հայցապահանջի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչարարություն իրականացնելիս Երևանի քաղաքապետը պարտավոր էր մասնակից դարձնել սույն գործով հայցվորներին, «ինչի արդյունքում ձեռքբերման վաղեմության ուժով կճանաչվեին հայցվորների իրավունքները Երևան քաղաքի Չկալովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող 23 քմ սենյակի և դրան կից օժանդակ մակերեսի նկատմամբ»:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2007 թվականի թիվ 07-3122 վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ հայցվորներն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ չեն տիրապետել վիճելի անշարժ գույքը: Միաժամանակ, դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերոնշյալ վճռով հաստատված հանգամանքները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, վերստին ապացուցման կարիք չունեն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով որևէ կերպ չեն շոշափվել հայցվորների իրավունքներն ու օրինական շահերը, և սույն վարչական գործով դատարանն առանց բավարար ապացույցների առկայության, հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորները բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետել են վիճելի անշարժ գույքը: Նման պարագայում անհիմն են նաև հայցվորներին` վարչական վարույթին մասնակից դարձնելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:

i

ՀՀ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վարչական դատարանի դատական ակտերը, որից բխում է, որ վճռաբեկ բողոքում կարող են առաջ քաշվել այնպիսի հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ, որպիսիք բողոք բերող անձի կողմից արտահայտվել են ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Ստորադաս դատարանում սույն գործի քննության ընթացքում Միսակ Գրիգորյանի կողմից ներկայացված առարկություններում չի ներառվել հայցվորների կողմից Երևանի քաղաքապետի որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում չբողոքարկելու և այն անբողոքարկելի դառնալու մասին դիրքորոշումը, որպիսի պայմաններում և ստորադաս դատարանի կողմից նման հանգամանք որևէ կերպ քննության չի առնվել և չի քննարկվել: Ընդ որում նման եզրահանգման գալիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ բողոք բերած անձը ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածից բխող դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված չի եղել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 08.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/0725/05/08
Որոշում