ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0051/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ2/0051/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Քոչինյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճռի դեմ` ըստ Անժելա Քոչինյանի հայցի ընդդեմ Արճիսի գյուղապետարանի` գյուղապետի գործողություններն ապօրինի ճանաչելու, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասի հատակագիծը համայնքի հողերի քարտեզից սահմանազատելու և ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Անժելա Քոչինյանը պահանջել է իր սեփական հողամասը համայնքի հողերի քարտեզում հաստատելու գործողությունները ճանաչել ապօրինի, ճանաչել սեփականության իրավունքը պետության կողմից իրեն սեփականաշնորհված 1200 քմ հողամասի նկատմամբ և պարտավորեցնել Արճիսի գյուղապետին վիճելի հողամասի հատակագիծը սահմանազատել համայնքի հողերի քարտեզից, հաստատել այն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանում (այսուհետ Կադաստր)` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Քոչինյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, սխալ ընկալելով Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանի իմաստը և ապացուցողական նշանակությունը, այն դիտել է որպես սեփականաշնորհման ակտ և վճռում նշել, որ Անժելա Քոչինյանը սահմանված կարգով և ժամկետներում դիմում չի ներկայացրել իրավասու պետական մարմնին հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար:
Մինչդեռ, հայցվորը հստակ պահանջել է օրենքի ուժով ճանաչել բնակարան կառուցելու համար իրեն հատկացված տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
Դատարանը չի տարբերակել պետական հողերի և քաղաքացիների տիրապետության տակ գտնվող հողամասերի սեփականաշնորհման օրենքով նախատեսված հիմքերը: Պետական հողերը սեփականաշնորհվել են ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ստեղծված ժամանակավոր հանձնաժողովների միջոցով: Սեփականաշնորհված հողերի համար տրվել են պետական ակտեր: Քաղաքացիների կողմից օգտագործվող տնամերձ հողամասերը սեփականաշնորհվել են այդ ժամանակ գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով:
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև գործում առկա հողի հարկի վճարման անդորրագիրը հայցվորի ամուսնու` Ռոբերտ Քոչինյանի անվամբ, Կադաստրի տեղակալի 15.10.2007 թվականի գրությունը, համաձայն որի Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը Կադաստրը չի վիճարկել, այլ իրավունքի գրանցում կատարելու համար պահանջել է գրանցման ենթակա հողամասի հատակագծի սահմանազատումը համայնքի հողերի քարտեզից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս` բնակարան կառուցելու համար:
2. Անժելա Քոչինյանի կողմից օգտագործվող հողամասի նկատմամբ պետական գրանցում չի կատարվում, քանի որ նշված հողամասը գտնվում է 001-001 ծածկագրով 0,89 հա համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում:
3. ՀՀ կառավարության 22.06.2006 թվականի թիվ 1061-Ն որոշմամբ հողամասն անհատույց փոխանցվել է Արճիս համայնքի սեփականությանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:
Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս բնակարան կառուցելու համար:
i
Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է նույնանման փաստական հանգամանքներում օրենքի ուժով սեփականության իրավունքի ծագման հարցերին (տես` Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-106 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով տնամերձ հողամասերի նկատմամբ ծագում է այն անձանց սեփականության իրավունքը, ում դրանք հատկացվել են: Տվյալ դեպքում Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը վեճի առարկա հողամասի նկատմամբ ծագել է օրենքի ուժով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:
Վիճելի հողամասի սեփականատեր օրենքի ուժով հանդիսանում է Անժելա Քոչինյանը: Հետևաբար, վերջինս իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Անժելա Քոչինյանի սեփականատեր դառնալու վերաբերյալ հայցվորի պնդումը հիմնավոր չէ, քանի որ սեփականության իրավունքը հաստատող միակ փաստաթուղթը իրավասու մարմնի կողմից տրվող վկայականն է, որը հայցվորը չունի: Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա հողամասի նկատմամբ Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը ծագել է օրենքի ուժով, անկախ դրա պետական գրանցման փաստից:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա հողամասը սեփականության իրավունքով Արճիս համայնքին օտարելով խախտվել է Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը այդ հողամասի նկատմամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան