ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ N 3-1888(ՏԴ)
նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան 2006թ.
Քաղաքացիական գործ N Տ4-226/2006թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
2006թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով աշխատանքի պետական տեսչության Վայոց Ձորի մարզի տարածքային կենտրոնի (այսուհետ` տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006թ. վճռի դեմ ըստ տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արամ Սարդարյանի` վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորը խնդրել է բռնագանձել պատասխանողից 279.250 ՀՀ դրամ տուգանքի գումարը:
ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006թ. վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է տեսչությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
i
1) տնտեսական դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Սույն խախտումը հիմնավորվում է հետևյալ կերպ.
Տնտեսական դատարանը գործի քննության ժամանակ հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում, այն է` 15.06.2006թ. հանձնել է կապի կազմակերպությանը: Արդյունքում տնտեսական դատարանը հիմք ընդունելով հայցադիմումը դատարանի գրասենյակում ստացվելու ամսաթիվը հանգել է այն եզրակացության, որ անցել է կայացված N 21 որոշման կատարման վաղեմության ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. Արամ Սարդարյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը տեսչությունը կայացրել է 17.03.2006թ.:
2. Հայցվորը հայցադիմումը հանձնել է կապի կազմակերպությանը 15.06.2006թ.:
3. Տնտեսական դատարան հայցադիմումը մուտք է եղել 19.06.2006թ.:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006թ. վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:
Օրենքի սույն դրույթը կիրառման ենթակա է նաև քաղաքացիական դատավարության իրավահարաբերությունների նկատմամբ և հայցադիմումի հանձնումը կապի կազմակերպությանը համարվում է դատարանին հանձնված: Հետևաբար, տեսչության հայցադիմումը ՀՀ տնտեսական դատարան է ներկայացվել ոչ թե 19.06.2006թ., այլ 15.06.2006թ., քանի որ նշված օրը հայցադիմումը հանձնվել է կապի կազմակերպությանը: Այսինքն, տեսչությունը բաց չի թողել որոշման կատարման վաղեմության ժամկետը:
i
Նշված նյութական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ