Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ԵՎ 35-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ 3-1726 (ՏԴ)

    քաղաքացիական գործ թիվ Տ2-122-2006թ.                   2006թ.

նախագահող դատավոր` Ա. ՇԱՀՈՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   Նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 19.04.2006 թվականի վճռի դեմ` ըստ «Բլեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ` նաև ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վանաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` նաև տեսչություն)` անձնական հաշվի քարտում բյուջեի վճարումների գծով պետական տուրքի մասով տույժի հաշվարկն անվավեր ճանաչելու և վերահաշվարկ կատարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել անձնական հաշվի քարտում բյուջեի վճարումների գծով պետական տուրքի մասով 927.500 ՀՀ դրամ տույժի հաշվարկը և տեսչությանը պարտավորեցնել կատարել վերահաշվարկ:

ՀՀ տնտեսական դատարանի 19.04.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակի` մասնակիորեն անվավեր է ճանաչվել ՀՀ ԿԱ ՀՊԾ Վանաձորի հարկային տեսչության կողմից հարկային հաշվի քարտի պետական տուրքի ապառքի գումարն ուշացումով վճարելու համար 19.04.2004 թվականի դրությամբ հաշվարկված 927.500 դրամ տույժի գումարը` հարկային հաշվի քարտում թողնելով միայն պետական տուրքի ապառքի գումարն ուշացումով վճարելու համար 01.01.2004 թվականի դրությամբ հաշվարկված 269.500 ՀՀ դրամ գումարը: Պարտավորեցվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ Վանաձորի հարկային տեսչությանը «Բլեյզ» ՍՊ ընկերության հարկային հաշվի քարտում և բյուջե վճարումների գծով կատարել համապատասխան վերահաշվարկ, պետական տուրքի տույժի հաշվարկի մասով` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանը:

Ընկերությունը ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

1) Տնտեսական դատարանը սխալ է կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 35-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով` լիցենզիայի դադարեցման պահից ընկերության նկատմամբ տարեկան պետական տուրք չի հաշվարկվել, այլ հաշվարկվել են տույժեր 2002 թվականից մինչև 2003 թվականը տարեկան պետական տուրքերը սահմանված ժամկետում չվճարելու համար: Այդ տույժերը հաշվարկվել են ոչ թե պետական տուրքի ապառքը վճարելուց հետո, այլ` մինչև վճարումը, հետևաբար դատարանի կողմից տույժերի ընդհանուր գումարից 269.500 ՀՀ դրամ նվազեցնելը հիմնավոր չէ:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 19.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ա/ 20.09.2001 թվականի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կողմից ընկերությանն անժամկետ տրվել է ՀՀ տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնելու համար թիվ 627 լիցենզիան (գ.թ.6): Ընկերության կողմից առաջին անգամ պետական տուրքի վճարումը կատարվել է 05.10.2001 թվականին (գ.թ.13):

բ/ օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտականությունն առաջացել է 06.10.2002թ.:

գ/ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 04.03.2004 թվականի թիվ 58-Ա հրամանի համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ընկերությանը 20.09.2001 թվականին տրամադրված թիվ 627 լիցենզիան (գ.թ.9):

դ/ 18.10.2005 թվականի վճարման թիվ 1 հանձնարարագրի համաձայն` ընկերությունը վճարել է պետական բյուջե 200.000 ՀՀ դրամ լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը (գ.թ.12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` 1) բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Ընկերության կողմից առաջին անգամ պետական տուրքի վճարումը կատարվել է 05.10.2001 թվականին, իսկ հետագայում օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի վճարումներ չեն կատարվել: Ընկերությանը տրամադրված լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 04.03.2004 թվականին, և 200.000 ՀՀ դրամ լիցենզիայի համար սահմանված տարեկան պետական տուրքը պետական բյուջե վճարել է միայն 18.10.2005 թվականին:

Դատարանի եզրահանգումն այն մասին, որ ընկերության տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարել է թիվ 627 լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո, հիմք չէ հայցը մասնակի բավարարելու համար: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Դատարանի այն եզրահանգումը, որ լիցենզիայի դադարեցման պահից ընկերության նկատմամբ չպետք է հաշվարկվեր տարեկան պետական տուրք, հետևաբար` ուշ վճարված պետական տուրքի համար տույժերը հաշվարկման ենթակա չէին` սույն գործի լուծման տեսակետից անհիմն են և ոչ վերաբերելի, քանի որ լիցենզիայի դադարեցման պահից ընկերության նկատմամբ հաշվարկվել է ոչ թե տարեկան պետական տուրք, այլ 2002 թվականից մինչև 2003 թվականը տարեկան պետական տուրքերը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր: Այդպիսիք հաշվարկվել են մինչև պետական տուրքի գծով ապառքի վճարումը, հետևաբար այդ գումարի չափով տույժի գծով հարկատուի պարտավորությունների նվազեցումը չի բխում օրենքի պահանջից:

i

Ինչ վերաբերում է տնտեսական դատարանի վճռի այն պատճառաբանությանը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համապատասխան տույժ չէր կարող հաշվարկվել հարկման օբյեկտի բացակայության պատճառով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ նորմը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ տվյալ դեպքում հարկային պարտավորությունն առաջացել է լիցենզիայի տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով և հարկման օբյեկտի առկայությունն այս իրավահարաբերության համար էական փաստ չէ:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:

2. Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 19.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1726(ՏԴ)
Որոշում