Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 68 ...

 

 

040.1559.101106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1559-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.

i

բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քանդման ենթակա պետական կամ համայնքային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները (այսուհետ` վարձակալներ), բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները և նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները.».

գ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են մեկ այլ բնակարանի վարձակալության կամ դրամական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգով սահմանված նորմերով:

Ընդ որում, բնակարանի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տրվում է վարձակալներին, սեփականատերերին և փախստականներին.».

դ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարաններից դրանցում նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող ընտանիքների վերաբնակեցման պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնք անօթևան են և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) սկսած 2000 թվականի հոկտեմբերի 25-ից Երևան քաղաքում չեն օտարել բնակելի տուն (բնակարան), որի հետևանքով արհեստականորեն չեն վատթարացրել իրենց բնակարանային պայմանները:».

ե) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել պետական միջոցների հաշվին քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման տարեկան ծրագիր` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

Ծրագիրը պետք է ներառի ճշտված տեղեկատվություն քանդման ենթակա վթարային բնակելի տների` վերաբնակեցման ենթակա ընտանիքների թվի, կազմի և բնակեցման հիմքերի մասին:

Տարեկան ծրագրերի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին):».

զ) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սահմանել, որ`

ա) սույն որոշման գործողությունը տարածվում է պետական, համայնքային և հանրային բնակելի ֆոնդի Հայաստանի Հանրապետության օրենքով սեփականաշնորհման ոչ ենթակա վթարային, ինչպես նաև մինչև 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման ընթացքում քանդման ենթակա վթարային դարձած բնակարանային շինարարական կոոպերատիվ բնակելի տներում բնակվող բնակիչների վրա.

բ) պետական միջոցների հաշվին քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման տարեկան ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:».

է) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 7-րդ կետով.

i

«7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին (Երևանի թաղային համայնքների ղեկավարներին` առաջարկությամբ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող քանդման ենթակա բնակելի տների բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում, հաշվառում և գույքային գործարքների պետական գրանցում:».

i

ը) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգով բնակելի տարածությամբ ապահովվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քանդման ենթակա վթարային պետական կամ համայնքային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները (այսուհետ` վարձակալներ) ու սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները:

3. Սույն կարգի 2-րդ կետով նշված անձանց վերաբնակեցումն իրականացվում է մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից, նոր կառուցվող կամ վերականգնվող բնակելի տներում բնակարանների վարձակալության կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում, ընդ որում`

ա) վարձակալներին` բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)` սույն կետով սահմանված հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից:

Նշված անձանց համար հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է`

միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին` 1-սենյականոց բնակարան.

ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին` 2-սենյականոց բնակարան.

չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին` 3-սենյականոց բնակարան.

վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին` 4-սենյականոց բնակարան.

յոթ և ավելի մարդուց բաղկացած ընտանիքին` 5-սենյականոց բնակարան.

բ) փախստականներին` բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետի «ա» ենթակետում սահմանված նորմերից.

գ) սեփականատերերին` բնակարանի հատկացում կամ դրամական փոխհատուցում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան.

դ) վթարային բնակարաններում` նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող բնակիչներին` բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նրանց ընտանիքներին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց բնակարանային ապահովումը բնակարանների հատկացման միջոցով լուծելու դեպքում բնակարանները հանձնվում են վարձակալության և կարող են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման համար տրամադրվող ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման սահմանային չափը որոշվում է ելնելով վերաբնակեցվող ընտանիքին (անձերի թվով) սույն կարգի 3-րդ կետով սահմանված նորմերով հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ բնակավայրում ձևավորված շուկայական միջինացված արժեքից (Երևանում` բացառելով առաջին և տասներկուերորդ գոտիներում ձևավորված արժեքները):

Շուկայական միջինացված արժեքի վերաբերյալ տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2006
N 1559-Ն
Որոշում