Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մարտի 1995 թ. թիվ 55

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1994 թ. դեկտեմբերի 11-ի թիվ 568 որոշման

 

i

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ`

 

1. Հաստատել «ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստման և արժեթղթերի բլանկների ներկրման ու իրացման լիցենզավորման» կարգը (կցվում է):

2. Արժեթղթերի բլանկների պատրաստման և դրանց բլանկների ներկրման ու իրացման լիցենզավորման պարտականությունները դնել Տնտեսական մեխանիզմի դրամաշրջանառության և արժեթղթերի վարչության վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԹԻՎ 55 ՀՐԱՄԱՆՈՎ

«07» 03 1995 Թ.

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է ի կատարումն ՀՀ Կառավարության 1994 թ. դեկտեմբերի 11-ի թիվ 568 որոշման համաձայն և սահմանում է ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստման և ՀՀ արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման լիցենզավորման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստումը, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի բլանկների ներկրումն ու իրացումը ենթակա է լիցենզավորման արժեթղթերի շուկայի պետական լիազորված մարմնի կողմից: Ոչ մի անձ` ֆիզիկական անձ, իրավաբանական կարգավիճակ չունեցող և իրավաբանական կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, բանկ, չի կարող այլ անձանց համար պատրաստել կամ նրանց վաճառել արժեթղթերի բլանկները, եթե նա չունի համապատասխան լիցենզիա:

i

1.2. Արժեթղթեր թողարկողները կարող են իրենց կողմից թողարկվող արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների համար օգտագործել միայն արժեթղթերի բլանկների պատրաստման կամ ներկրման և իրացման լիցենզիա ունեցող անձանցից (այսուհետև լիցենզավորված անձինք) ձեռք բերված արժեթղթերի բլանկները և արժեթղթերի բլանկների կիսաֆաբրիկատները:

1.3. Արժեթղթերի բլանկների պատրաստման լիցենզիա ունեցող անձինք կարող են իրացնել իրենց կողմից պատրաստված արժեթղթերի բլանկները գրավոր տեղյակ պահելով արժեթղթերի շուկայի պետական լիազորված մարմնին իրացված արժեթղթերի բլանկների քանակի, տեսակի, ինչպես նաև ձեռք բերող անձի մասին:

1.4. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման լիցենզիա ունեցող անձինք կարող են արժեթղթերի բլանկները ներկրել այլ երկրներից կամ գնել արժեթղթերի բլանկները ՀՀ-ում արժեթղթերի բլանկների պատրաստման լիցենզիա ունեցող ձեռնարկություններից:

i

1.5. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման լիցենզիա ունեցող անձինք կարող են իրացնել ներկրած կամ ՀՀ-ում ձեռք բերված արժեթղթերի բլանկները միայն արժեթղթեր թողարկողներին:

i

1.6. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործունեությամբ կարող են զբաղվել նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող արժեթղթերի շուկայի մասնակիցները` ֆոնդային բորսաները, ինվեստիցիոն ընկերությունները, թողարկման կազմակերպությունները, ինվեստիցիոն խորհրդատվական և բրոքերային գրասենյակները, (բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

/լրաց. 07.06.95 թիվ 144 հրաման/

 

2. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2.1. Արժեթղթերի բլանկների պատրաստման լիցենզիան տրվում է տպարաններին, ինչպես նաև ձեռնարկություններին, որոնք ունեն արժեթղթերի բլանկների արտադրության համապատասխան սարքավորումներ և տեխնոլոգիա:

2.2. Արժեթղթերի բլանկների պատրաստման լիցենզիա ստանալու համար դիմորդը պետական լիազորված մարմնին ներկայացնում է դիմում, որին կցվում է հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված կարգով վավերացված ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը,

բ) ՀՀ ՆԳՆ ծառայության կամ համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագիր ձեռնարկությունում արժեթղթերի պահպանման անվտանգության մասին:

- արժեթղթերի բլանկների պատրաստման հատուկ տեխնոլոգիայի առկայությունը, ներառյալ նմուշների պատրաստման, նրանց համարակալման և մշակման,

- հատուկ սարքավորումների և տեխնոլոգիայի առկայությունը, որոնք ապահովում են արժեթղթերի բլանկների կեղծման և մյուս չարաշահումներից առավելագույն պաշտպանվածության հնարավորությունը,

- բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը,

- արժեթղթերի պատրաստի բլանկների և կիսաֆաբրիկատների հուսալի հաշվառումն ու պահպանումը,

գ) լիցենզիայի տրման համար գանձվող վճարի (նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափով), մասին բանկային մարմնի փաստաթղթերի պատճենը,

դ) ՀՀ ներքին գործերի նախարարության եզրակացությունները ձեռնարկությունում արժեքների անվտանգության ռեժիմի պահպանման վիճակի մասին:

i

2.3. Պետական լիազորված մարմինը լիցենզիայի ստացման համար ներկայացված դիմումը քննարկում է ստացման օրից մեկ ամսվա ընթացքում:

2.4. Առանձին դեպքերում պետական լիազորված մարմինը կարող է հայտերի քննարկմանը ներգրավել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետներին, այդ մարմինների ղեկավարների համաձայնությամբ:

2.5. Պետական լիազորված մարմնին իրավունք է վերապահվում.

ա) դիտել ձեռնարկության արտադրական շենքերը, սարքավորումները և տարածքը,

բ) ծանոթանալ արժեթղթերի բլանկների պատրաստման տեխնոլոգիան նկարագրող փաստաթղթերին,

գ) ծանոթանալ ձեռնարկություններում արժեթղթերի պահպանման և հաշվառման համակարգի հետ:

2.6. Ձեռնարկությունները պարտավոր են անհրաժեշտության դեպքում պետական լիազորված մարմնին ներկայացնել արժեթղթերի բլանկների թողարկման վիճակի մասին լրացուցիչ փաստաթղթեր:

2.7. Պոլիգրաֆիական սարքավորումները վարձակալող ձեռնարկություններին տրված լիցենզիայի ժամկետը չպետք է գերազանցի վարձակալական պայմանագրի գործողության ժամկետը:

2.8. Առարկությունների բացակայության դեպքում պետական լիազորված մարմինը լիցենզիա է տալիս դիմորդին (լիցենզիայի ձևը կցվում է` հավելված 1):

2.9. Լիցենզիայի մերժումը թույլատրվում է այն դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերը և ձեռնարկության տեխնիկական վիճակը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին: Լիցենզիայի մերժման մասին պետական լիազորված մարմինը գրավոր հայտնում է դիմորդին, նշելով բոլոր պատճառները, որոնք հիմք են հանդիսացել լիցենզիա տալու մերժման համար:

2.10. Դիմորդը կարող է դատական կարգով բողոքարկել լիցենզիայի մերժումը:

2.11. Ձեռնարկությանը իրավունք է վերապահվում կրկնակի խնդրանքով դիմել լիցենզիայի ստացման համար վերը նշված եզրակացության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո:

 

3. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3.1. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման լիցենզիան տրվում է այն ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին, որոնք նախատեսում են զբաղվել արժեթղթերի բլանկների ներկրմամբ և իրացմամբ:

3.2. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման լիցենզիա ստանալու համար դիմորդը պետական լիազորված մարմնին ներկայացնում է դիմում, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմորդի համապատասխան ձևով վավերացված հիմնադիր փաստաթղթերը,

բ) տեղեկանք ներմուծվող կամ իրացվող արժեթղթերի բլանկների մասին, նշելով`

- արժեթղթերի բլանկներ պատրաստողի անվանումը և հասցեն,

- արժեթղթերի բլանկների մասին այլ տեխնիկական տվյալներ,

գ) ներմուծվող կամ իրացվող արժեթղթերի բլանկների նմուշը,

դ) տեղեկանք ներմուծվող և իրացվող արժեթղթերի բլանկների քանակի, ներմուծման կամ իրացման ժամկետների մասին,

ե) թույլտվության համար գանձվող գումարի (նվազագույն աշխատավարձի 10-նապատիկ չափով) մուծման մասին բանկային փաստաթղթի պատճենը:

3.3. Ներկայացված փաստաթղթերը քննարկվում են 20 օրվա ընթացքում:

i

3.4. Առարկությունների բացակայության դեպքում պետական լիազորված մարմինը դիմորդին տալիս է թույլտվություն (ձևը հավելվում է` հավելված 2):

3.5. Լիցենզիայի մերժումը թույլատրվում է այն դեպքում, եթե ներկայացված չեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, կամ

դիմորդի հիմնադիր փաստաթղթերով նրան արգելվում է զբաղվել նման գործունեությամբ, կամ

ներկայացված փաստաթղթերը հակասում են ՀՀ օրենսդրությանը:

3.6. Դիմորդը կարող է դատական կարգով բողոքարկել թույլտվության մերժումը:

3.7. Դիմորդին իրավունք է վերապահվում կրկնակի խնդրանքով դիմել լիցենզիայի ստացման համար վերը նշված եզրակացության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո:

 

4. ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

4.1. ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստման, ներկրման և իրացման լիցենզիայի վերահսկումը իրականացնում է պետական լիազորված մարմինը:

4.2. Արժեթղթերի բլանկների պատրաստման կամ ներկրման և իրացման լիցենզիա ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր ամիս ոչ ուշ քան հաջորդ ամսվա 5-ը պետական լիազորված մարմնին հաշվետվություն տալ իր կողմից պատրաստված, ներկրված և իրացված արժեթղթերի բլանկների մասին:

4.3. Սույն կարգի 4.2. կետում նշված հաշվետվությունը պետք է պարունակի.

- հաշվետու ամսվա ընթացքում պատրաստված, ներկրված կամ ձեռք բերված արժեթղթերի բլանկների քանակը ըստ տեսակների,

- հաշվետու ամսվա ընթացքում իրացված արժեթղթերի բլանկների քանակը ըստ տեսակների,

- հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ պատրաստված, ներկրած կամ ձեռք բերած, բայց չիրացված արժեթղթերի բլանկների քանակը ըստ տեսակների,

- այն ձեռնարկությունների և կազմակերպությունների անվանումները, հասցեները և կապի միջոցները, որոնք տվյալ լիցենզավորված անձից ձեռք են բերել արժեթղթերի բլանկներ կամ դրանց կիսաֆաբրիկատներ, նշելով` յուրաքանչյուր հաստատության կողմից ձեռք բերված արժեթղթերի բլանկների քանակը ըստ տեսակների, արժեթղթերի բլանկների ձեռք բերման պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, ձեռք բերված արժեթղթերի բլանկների օգտագործման նպատակը և իրացված արժեթղթերի բլանկներին վերաբերվող այլ ինֆորմացիա,

- բոլոր տեսակի արժեթղթերի բլանկների տեխնիկական նկարագիրը:

4.4. Պետական լիազորված մարմինը կարող է ստուգումներ կատարել հաշվետվության մեջ ներկայացված ինֆորմացիայի իսկությունը ճշտելու նպատակով:

4.5. Հաշվետվության մեջ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև հաշվետվությունը պարբերաբար ուշացնելու դեպքում պետական լիազորված մարմինը նախազգուշացնում է լիցենզավորված անձին:

Նմանատիպ խախտումը կրկնակի անգամ կատարելու դեպքում պետական լիազորված մարմինը իրավասու է դադարեցնելու լիցենզիայի գործողությունը:

Լիազորված անձը կարող է դատական կարգով բողոքարկել պետական լիազորված մարմնի որոշումը:

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 11 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960075

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.03.1995
N 55
Հրաման