Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ...

17.12.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.12.2010  -ից մինչեւ   17.12.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն որոշում)

i

040.2158.210103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2158-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրատարակչական գործի գործակալության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Մինչև վերակազմակերպումը` «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշվի հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան: Նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառել իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

4. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 20427,1 հազար դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկի տնօրինության 28727,9 հազար դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

5. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում հրատարակությունների պետական գրանցման և հաշվառման, հրատարակությունների ազգային անձեռնմխելի ֆոնդերի (հավաքածուների) պահպանության, ազգային մատենագիտության, գրքագիտության, կենտրոնացված քարտագրացուցակավորման, մամուլի վիճակագրության և տեղեկատվության, ճյուղային սոցիոլոգիական հետազոտությունների, գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN), երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման (ISMN) և պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) ազգային գործակալությունների կենտրոնն է:

6. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական առարկան ու նպատակներն են`

մշակութային գործունեության իրականացումը.

Հայաստանի Հանրապետությունում ամեն տեսակի` թղթային և այլ նյութական կրիչներով լույս տեսած հրատարակությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում (ներառյալ` սփյուռքը) Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ լույս տեսած հրատարակությունների, մատենագիտական ու վիճակագրական պետական գրանցումը, հաշվառումը, պահպանությունը և այդ հրատարակություններով Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի ֆոնդերի (հավաքածուների) համալրումը.

ազգային մատենագիտության ընթացիկ ցանկերի, հայ տպագրության տարեգրքերի (ամենամսյա), ինչպես նաև մատենագիտական այլ ցանկերի (ընթացիկ ու հետադարձ) և ժողովածուների կազմումը, հրատարակումն ու տարածումը թղթային և այլ նյութական կրիչներով ու էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով.

մատենագիտական տեղեկատվության տվյալների պետական պաշարների ստեղծումն ու համալրումը, օգտվողներին մատենագիտական և վիճակագրական տեղեկատվությամբ ապահովումը, մատենագիտական տեղեկատվության համահայկական միասնական տարածքի ստեղծումը.

Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած պարբերական և ոչ պարբերական հրատարակությունների վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալների կազմումը և «Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում» վիճակագրական ժողովածուի հրատարակումը.

Հայաստանի Հանրապետության գրադարանները գրքերի միասնական համառոտ բնութագրիչ քարտերով ապահովումը.

Հայաստանի Հանրապետությունում գրքի, երաժշտական (նոտագրական) հրատարակությունների և պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման համակարգերի ազգային գործակալությունների աշխատանքների կազմակերպումը.

գրադարաններին և գիտատեղեկատվական, գիտամշակութային կազմակերպություններին հրատարակությունների պարտադիր օրինակների բաշխումն ու առաքումը.

բ) «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` իրավաբանական և ֆիզիկական անձանց հրատարակչական գործի բնագավառում ծառայությունների (տեղեկատվական, ինդեքսավորման, գրանցման) մատուցում.

գ) «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:

i

7. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

(7-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 279-Ն, 02.12.10 թիվ 1572-Ն որոշումներ)

i

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) ապահովել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

բ) սահմանել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

(8-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 279-Ն որոշում)

9. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2158-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է հրատարակչական գործի և համակարգչային տառատեսակների մշակման, պահպանման ու թվայնացման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին տեղեկատվության և գրահրատարակչության վարչության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկի իրավահաջորդն է:

Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

(1-ին կետը փոփ. 02.12.10 թիվ 1572-Ն որոշում)

2. Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:

6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

7. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

8. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` Հայաստանի ազգային գրապալատ,

ռուսերեն լրիվ` «Նացիոնալնայա կնիժնայա պալատա Արմենիի», գօսուդարստվեննայա նեկօմմերչեսկայա օրգանիզացիյա,

ռուսերեն կրճատ` Նացիոնալնայա կնիժնայա պալատա Արմենիի,

անգլերեն լրիվ` «National Book Chamber of Armenia» Non-commercial State Organization,

անգլերեն կրճատ` National Book Chamber of Armenia:

9. Գրապալատի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Գևորգ Քոչարի 21:

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում հրատարակությունների պետական գրանցման և հաշվառման, հրատարակությունների ազգային անձեռնմխելի ֆոնդերի (հավաքածուների) պահպանության, ազգային մատենագիտության, գրքագիտության, կենտրոնացված քարտագրացուցակավորման, մամուլի վիճակագրության և տեղեկատվության, ճյուղային սոցիոլոգիական հետազոտությունների, գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN), երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման (ISMN) և պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) ազգային գործակալությունների կենտրոնն է:

11. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում թղթային և այլ նյութական կրիչներով ամեն տեսակի հրատարակությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում (ներառյալ` սփյուռքը) Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ լույս տեսած հրատարակությունների, մատենագիտական ու վիճակագրական պետական գրանցումը, հաշվառումը, պահպանությունը և այդ հրատարակություններով Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի ֆոնդերի (հավաքածուների) համալրումը.

բ) ազգային մատենագիտության ընթացիկ ցանկերի, հայ տպագրության տարեգրքերի (ամենամսյա), ինչպես նաև մատենագիտական այլ ցանկերի (ընթացիկ և հետադարձ) ու ժողովածուների կազմումը, հրատարակումը, տարածումը թղթային և այլ նյութական կրիչներով ու էլեկտրոնային միջոցներով, մատենագիտական տեղեկատվության տվյալների պետական պաշարների ստեղծումը և համալրումը, օգտվողներին մատենագիտական տեղեկատվությամբ ապահովումը և մատենագիտական տեղեկատվության համահայկական միասնական տարածքի ստեղծումը.

գ) Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած պարբերական և ոչ պարբերական հրատարակությունների վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալների կազմումն ու հրապարակումը.

դ) Հայաստանի Հանրապետության գրադարանները գրքերի միասնական համառոտ բնութագրիչ (անոտատիվ) քարտերով ապահովելը.

ե) Հայաստանի Հանրապետությունում գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN), երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման (ISMN) և պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) ազգային գործակալությունների աշխատանքների վարումը և կազմակերպումը.

զ) գրադարաններին և գիտատեղեկատվական, գիտամշակութային կազմակերպություններին հրատարակությունների պարտադիր (անվճար) օրինակների բաշխումն ու առաքումը.

է) համակարգչային տառատեսակների մշակումը, թվայնացումը և պահպանումը:

(11-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1572-Ն որոշում)

i

12. Կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`

ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում (ներառյալ սփյուռքը) ամեն տեսակի` թղթային ու այլ նյութական կրիչներով լույս տեսած հայկական հրատարակությունների օրինակների, ինչպես նաև արտասահմանյան օտար մամուլում Հայաստանի և հայ ժողովրդի մասին հրապարակված նյութերի հավաքման, մշակման, գրանցման, հաշվառման և պահպանման աշխատանքները.

բ) ազգային մատենագիտության (ընթացիկ և հետադարձ) կազմման, մատենագիտության տեղեկատվական տվյալների պետական պաշարների ստեղծման ու համալրման և մատենագիտական տեղեկատվությամբ օգտվողներին ապահովելու նպատակով` իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում (ներառյալ սփյուռքը) լույս տեսած պարբերական ու ոչ պարբերական ամեն տեսակի հրատարակությունների, ինչպես նաև արտասահմանյան օտար մամուլում Հայաստանի և հայ ժողովրդի մասին լույս տեսած հոդվածների մատենագիտական ցանկերի, հայ տպագրության տարեգրքերի (ամենամսյա), ինչպես նաև մատենագիտական այլ ցանկերի (ընթացիկ և հետադարձ) և ժողովածուների կազմումը, հրատարակումը և տարածումը թղթային և այլ նյութական կրիչներով ու էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով.

գ) պատրաստում է Հայաստանի Հանրապետությունում պարբերական ու ոչ պարբերական հրատարակությունների վերաբերյալ տարեկան վիճակագրությունը և հրատարակում «Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում» վիճակագրական ժողովածուն.

դ) կազմում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակված գրքերի միասնական համառոտ բնութագրիչ (անոտատիվ) քարտերը և տպագիր կամ էլեկտրոնային փոխանցման եղանակով դրանք տրամադրում Հայաստանի Հանրապետության գրադարաններին.

ե) Հայաստանի Հանրապետությունում գրքի, երաժշտական (նոտագրական) հրատարակությունների, պարբերականների և բնագավառին առնչվող միջազգային ստանդարտ համարակալման այլ համակարգերի ներդրման ու աշխատանքների կազմակերպման նպատակով համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.

զ) համաձայն ISBN, ISMN միջազգային գործակալությունների և ISSN միջազգային կենտրոնի կողմից ISBN, ISMN ազգային գործակալությունների և ISSN ազգային կենտրոնի համար սահմանված գործառույթների`

ղեկավարում է ISBN, ISMN ազգային գործակալությունների և ISSN ազգային կենտրոնի աշխատանքները,

Հայաստանի Հանրապետությունում հրատարակչությունների, հրատարակություն իրականացնող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների հիման վրա իրականացնում է ISBN, ISMN, ISSN և այլ համակարգերում նրանց գրանցումը, առանձին հրատարակիչներին և (կամ) նրանց հրատարակություններին հատկացնում է համապատասխան նույնականացուցիչներ և վարում դրանց հաշվառումը,

տրամադրում է տեղեկատվական խորհրդատվություն և աջակցում հրատարակիչներին` վերահսկողություն իրականացնելու միջազգային ստանդարտների և դրանց կիրառման ընթացակարգերի պահպանման նկատմամբ,

վարում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակություն իրականացնող սուբյեկտների և նրանց կողմից լույս ընծայված պարբերական ու ոչ պարբերական հրատարակությունների փաստագրական և մատենագիտական տվյալների ցանկերն ու դրանք փոխանցում միջազգային կենտրոններին` համապատասխան կրիչներում զետեղելու և հրապարակելու համար,

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց հայտերի հիման վրա տրամադրում է տեղեկանքներ տվյալ համակարգերում գրանցված հրատարակիչների և նրանց կողմից իրականացված հրատարակությունների վերաբերյալ,

մասնակցում է ISBN, ISMN միջազգային գործակալությունների և ISSN միջազգային կենտրոնների կողմից հրավիրված տարեկան հավաքներին ու համաժողովներին,

խթանում է Հայաստանի Հանրապետությունում ISBN, ISMN, ISSN և միջազգային այլ ստանդարտացման համակարգերի օգտագործմանը,

պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում ISBN, ISMN միջազգային գործակալություններին և ISSN միջազգային կենտրոնին,

իրականացնում է ISBN, ISMN միջազգային գործակալությունների և ISSN միջազգային կենտրոնի, ինչպես նաև բնագավառին առնչվող միջազգային ստանդարտ համարակալման այլ գործակալությունների ու կենտրոնների կողմից ազգային գործակալությունների ու կենտրոնների համար նախատեսված այլ գործառույթներ.

է) Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործի կազմակերպմանը նպաստելու նպատակով`

հրատարակությունների նախնական գրանցման համակարգի միջոցով, հրատարակիչների դիմումների հիման վրա, ապահովում է հրատարակությունների խմբագրական-հրատարակչական գործընթացի վերջին փուլում դրանց ձևավորման, մատենագիտական դասակարգման և հրատարակչական տվյալների զետեղման համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև առանձին գրքերի համար նշանակում է հրատարակչական տվյալների համապատասխան ցուցիչներ,

իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություններ բնակչության շրջանում գրքի նկատմամբ թեմատիկ-բովանդակային պահանջարկն ուսումնասիրելու և դրա արդյունքները շահագրգիռ համապատասխան մարմիններին, կազմակերպություններին ու հրատարակիչներին տրամադրելու համար,

կազմում և հրատարակում է գրավաճառ զանազան տեղեկատուներ (գրացուցակներ, տեղեկագրեր).

ը) համագործակցում է Հայաստանի Հանրապետության գրադարանային-մատենագիտական և գիտատեխնիկական տեղեկատվական կազմակերպությունների հետ` մասնակցելով մատենագիտական նկարագրության, դասակարգման աշխատանքներին.

թ) իրականացնում է գիտամեթոդական, ազգային մատենագիտության, կենտրոնացված քարտագրացուցակավորման, մամուլի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ձեռնարկների և այլ նյութերի մշակումը,

ժ) կազմակերպում է գիտագործնական սեմինարներ, համաժողովներ և խորհրդակցություններ:

ժա) մշակում, թվայնացնում և պահպանում է համակարգչային տառատեսակները:

Պետական ֆինանսավորմամբ մշակված և (կամ) թվայնացված համակարգչային տառատեսակների նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

(12-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1572-Ն որոշում)

i

13. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` իրավաբանական և ֆիզիկական անձանց հրատարակչական գործի բնագավառում գրանցման, ինդեքսավորման և տեղեկատվական, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով համակարգչային տառատեսակների մշակման ծառայությունների մատուցում:

Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

(13-րդ կետը փոփ. 02.12.10 թիվ 1572-Ն որոշում)

14. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

15. Կազմակերպության կողմից իր կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով կազմակերպության համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է 1 աղբյուրից` գնումների կատարման ձևով: Կազմակերպության կողմից պետությանն այլ ծառայություններ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:

Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական և նպատակային նվիրատվությունները և հատկացումները:

17. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

18. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

19. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

20. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

21. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

22. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

23. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

24. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

25. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:

Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

26. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

27. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինն ու գործադիր մարմինը` տնօրենը:

28. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:

29. Լիազորված պետական մարմինը`

ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.

գ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

դ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

զ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.

է) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

ը) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

ժա) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

30. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:

31. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը կարգավորվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

32. Կազմակերպության տնօրենը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունն ու կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

33. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

34. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

35. Կազմակերպության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

36. Կազմակերպության տնօրենը միաժամանակ ղեկավարում է ISBN, ISMN և ISSN ազգային գործակալությունների աշխատանքները:

37. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

38. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է կազմակերպության տնօրենի տեղակալներից մեկը:

39. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

40. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, ստեղծագործական և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով` տնօրենին առընթեր ստեղծվում է խորհրդակցական մարմին` գիտական խորհուրդ:

Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կազմակերպության տնօրենը (նախագահ), տնօրենի տեղակալը, գիտնական քարտուղարը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարները, մատենագետներ, գրադարանների, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտական խորհրդի կազմը հաստատում է կազմակերպության տնօրենը` լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով:

Գիտական խորհուրդն իր իրավասության սահմաններում քննարկում է կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր, կազմակերպության գործունեության տարեկան և ընթացիկ ծրագրերն ու դրանց կատարման հաշվետվությունները:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

42. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

44. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

46. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2158-Ն
Որոշում