Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

05.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«23» նոյեմբերի 1999 թ.

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակները

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական անվանումների կանոնավորման, միօրինակացման, օգտագործման, հաշվառման և պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի:

(1-ին հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն օրենք)

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) աշխարհագրական օբյեկտ` աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:

Աշխարհագրական օբյեկտներ են`

- մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,

- պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,

- երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ,

- փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ պատմաճարտարապետական կառույցները և ներբնակավայրային օբյեկտները.

բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)` աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.

գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում` աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում.

դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան` որևէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք` բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.

ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ` որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ.

զ) աշխարհագրական օբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում.

է) աշխարհագրական օբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:

(2-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-22-Ն, 21.03.12 ՀՕ-97-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտումը

 

Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների և այլ աղբյուրների միջոցով:

 

i
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը

 

1. Անվանումները տրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին, բնակավայրերին և գործառական տարածքներին.

բ) Հայաստանի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կատարվում է` տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները հաշվի առնելով:

Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ:

3. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները:

Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները:

Նշանավոր որևէ անհատի անվամբ անվանակոչում կամ անվանափոխում կարող է կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Բացառիկ դեպքերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել կամ անվանափոխվել նաև մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը` համապատասխան հանրային լսումներ կազմակերպելու միջոցով:

4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:

5. Մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա:

(4-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, 17.11.21 ՀՕ-356-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխում թույլատրվում է`

ա) առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.

բ) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս.

գ) աշխարհագրական անունները կանոնավորելիս:

2. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին:

 

i
Հոդված 6. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման կարգը

 

1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետները երկշաբաթյա ժամկետում քննարկել աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը և իրենց եզրակացությունն են ներկայացնում Անշարժ գույքի կադաստրի կոմիտե:

4. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

(6-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-22-Ն, 21.03.12 ՀՕ-97-Ն, 23.03.18 ՀՕ-299-Ն, 17.11.21 ՀՕ-356-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Աշխարհագրական օբյեկտների անվանումների լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայոց լեզվով:

2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում և այլ նյութերում Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն:

 

i
Հոդված 8. Աշխարհագրական օբյեկտների անվանումների կանոնավորումը

 

1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն և օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձևը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և կիրառման ավանդույթներին համապատասխան:

2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:

 

i
Հոդված 9. Աշխարհագրական անվանումների գրանցումը և հաշվառումը

 

i

1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:

Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:

1.1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա`

ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.

բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 05.05.2012 թվականից` 21.03.12 ՀՕ-97-Ն օրենք)

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդ. փոփ. 08.04.08 ՀՕ-22-Ն, 21.03.12 ՀՕ-97-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 10. Աշխարհագրական անվանումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը.

բ) որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասին սույն օրենքով սահմանված դեպքերում.

i

գ) կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, 23.03.18 ՀՕ-299-Ն օրենքներ)

 

i
Հոդված 11. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի իրավասությունը

 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն`

ա) ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը, վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.

բ) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.

գ) հաշվառում, այնուհետև գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 05.05.2012 թվականից` 21.03.12 ՀՕ-97-Ն օրենք)

ե) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.

է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(11-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, 23.03.18 ՀՕ-299-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

i
Հոդված 12. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը

 

1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:             

2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

(12-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն օրենք)

 

Հոդված 13. Աշխարհագրական անվանումների բնագավառի ֆինանսավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտման, կանոնավորման, անվանակոչման և անվանափոխման, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են ֆինանսավորվում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:

2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին:

 

Հոդված 14. Աշխարհագրական անվանումների պահպանությունը

 

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է պետությունը:

 

ԳԼՈՒԽ 4.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

i
Հոդված 15. Պատասխանատվությունն աշխարհագրական անվանումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

 

Աշխարհագրական անվանումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-21

 

 

pin
ՀՀ 23.11.1999
N ՀՕ-21 օրենք