040.1602.011204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1602-Ն
«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
87. Կրթահամալիրի գումարտակների հրամանատարները`
1) ղեկավարում են իրենց գումարտակների սովորողների և դաստիարակների կողմից ռազմագիտական ծրագրերի իրականացման աշխատանքներն ու ղեկավարում իրենց ենթակա գումարտակները.
2) ղեկավարում են իրենց ենթակա գումարտակների սովորողների ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքները.
3) ռազմագիտական պարապմունքներ են անցկացնում իրենց ենթակա գումարտակների սովորողների, դաստիարակների հետ.
4) մասնակցում են կրթահամալիրի ռազմագիտական ծրագրերի մշակման աշխատանքներին.
5) կրթահամալիրի` իրենց ենթակա գումարտակների սովորողների հետ անցկացնում են նախնական զինվորական և մասնագիտական պատրաստության աշխատանքներ.
6) ապահովում են իրենց ենթակա գումարտակներում կրթահամալիրի ներքին կարգուկանոնների ու կանոնակարգերի պահպանումը, գումարտակների տեղաբաշխման պահպանությունը և ստուգում գումարտակների անձնակազմի պահակային և այլ ծառայությունների կատարումը.
7) հետևում են իրենց ենթակա գումարտակներին հատկացված բոլոր շենքերի և շինությունների վիճակին և ճիշտ շահագործմանը, դրանց և տարածքը մաքուր վիճակում պահելուն.
8) ստուգում են իրենց ենթակա գումարտակներում ռազմագիտական ծրագրերի կազմակերպման և իրականացման վիճակը, դաստիարակներին օգնում են ծրագրերով նախատեսված պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում նկատված թերությունների վերացման համար.
9) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իրենց իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում են խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.
10) իրականացնում են կրթահամալիրի կանոնակարգերով և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.
11) գումարտակի հրամանատարը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:
Կրթահամալիրի գումարտակի հրամանատարներ կարող են նշանակվել բարձրագույն ռազմական կրթություն ունեցող անձինք կամ բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր ոչ պակաս քան 5 տարի ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ աշխատել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ կրթահամալիրում: Կրթահամալիրի գումարտակի հրամանատարն ի պաշտոնե հանդիսանում է կրթահամալիրի տնօրենի տեղակալը և ենթարկվում է կրթահամալիրի տնօրենին, շտաբի պետին, կրթահամալիրի տնօրենի տեղակալներին:
88. Կրթահամալիրի աշխատակազմի ղեկավարը`
1) սույն կանոնադրությամբ, կանոնակարգերով ու տնօրենի հրամաններով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կրթահամալիրի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
2) տնօրենին է ներկայացնում առաջարկություններ կրթահամալիրի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
3) կազմակերպում է կրթահամալիրում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
4) վերահսկում է կրթահամալիրի աշխատողների կողմից խորհրդի որոշումների և տնօրենի հրամանների` սահմանված ժամկետում կատարման ընթացքը.
5) նախապատրաստում է տնօրենի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում տնօրենին.
6) ապահովում է համագործակցությունը պետական մարմինների ու կազմակերպությունների հետ.
7) կազմակերպում է կրթահամալիրի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
8) կրթահամալիրում խորհրդի որոշումները կամ տնօրենի հրամաններն ու կարգադրությունները հանձնում է դրանց պահանջների կատարման համար պատասխանատու անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանք փակցնում է հայտարարությունների տախտակի վրա.
9) վարում է կրթահամալիրի կադրային աշխատանքները.
10) պահպանում է կրթահամալիրի արխիվային և այլ փաստաթղթեր.
11) սովորողներին է հանձնում նրանց վկայականներն ու ատեստատները` բացառությամբ դրանք հանդիսավոր պայմաններում հանձնվելու դեպքերի.
12) կրթահամալիրի աշխատողներին ու սովորողներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկանքներ.
13) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:
Կրթահամալիրի աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող անձը:
Կրթահամալիրի աշխատակազմի ղեկավարը ենթարկվում է միայն կրթահամալիրի տնօրենին:
89. Կրթահամալիրի տնտեսվարը (թիկունքի պետը)`
1) պատասխանատու է կրթահամալիրի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, կրթահամալիրի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների` ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.
2) տնօրենի հանձնարարությամբ միջոցներ է ձեռնարկում կրթահամալիրի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար.
3) տնօրենի հանձնարարությամբ կազմակերպում և իրականացնում է կրթահամալիրի համար անհրաժեշտ գնումների ամբողջ գործընթացը.
4) կազմակերպում է կրթահամալիրի օժանդակ տնտեսության, այգեգործական ու բանջարաբուծական գործունեությունը, ինչպես նաև տարածքի բարեկարգման աշխատանքները.
5) սովորողներին ապահովում է բարձրորակ սննդով, հագուստով, կոշիկներով, հիգիենիկ պարագաներով, գրենական պիտույքներով, սպիտակեղենով և սահմանված այլ գույքով, որոնց համար պատասխանատվություն է կրում.
6) վերահսկում և պատասխանատվություն է կրում պահեստներում և շինություններում գույքի առկայության և սահմանված կարգով պահպանության վիճակի համար.
7) կազմակերպում է կրթահամալիրի գույքի գույքագրման աշխատանքները.
8) ապահովում և պատասխանատվություն է կրում կրթահամալիրի տրանսպորտային միջոցների ճիշտ շահագործման, ժամանակին սպասարկման և նորոգման համար.
9) կազմակերպում է կրթահամալիրի շենքերի ու շինությունների, ջրմուղ-կոյուղու ցանցերի ու կառույցների, կրթահամալիրի գույքի և կահույքի ճիշտ շահագործումը և ժամանակին նորոգումը, դրանց նախապատրաստումը ձմռանը, կրթահամալիրի տեղաբաշխման տարածքի, մերձակա ավտոճանապարհների կարգին վիճակում պահելը, ինչպես նաև թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը.
10) կազմակերպում է կրթահամալիրի սովորողների բաղնիքալվացքային սպասարկումը.
11) կրթահամալիրի տնօրենի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի ճաշերի ընդհանուր ճաշացուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր շաբաթ մինչև տվյալ շաբաթվա ուրբաթ օրը կրթահամալիրի տնօրենի հաստատմանը ներկայացնում հաջորդ շաբաթվա ճաշացուցակը.
12) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.
13) թիկունքի գծով տեղակալը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:
90. Ավագ դաստիարակը և դաստիարակը (վաշտի, դասակի կամ ջոկի հրամանատարը)`
1) դաստիարակչական աշխատանք է տանում սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մանկավարժների հետ.
2) կրթահամալիրի օրակարգերով ու կրթական ծրագրերով նախատեսված ժամերին սովորողների հետ անցկացնում է ռազմագիտության, ռազմահայրենասիրական ու ռազմամարզական կրթական, ինչպես նաև սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող կրթական և այլ ծրագրեր.
3) իր վերադասներին ներկայացնում է իրեն ենթակա սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ, ինչպես նաև առաջարկություններ` սովորողների կողմից թույլ տրված խախտումների վերացման նպատակով.
4) ուսուցչի բացակայության դեպքում կամ սովորողների ազատ ժամերին սովորողների համար կազմակերպում է ռազմահայրենասիրական, ռազմագիտական ուսումնական պարապմունքներ, ինչպես նաև ապահովում է սովորողների դասապատրաստումը.
5) հետևում է սովորողների կողմից օրակարգերի ու կանոնակարգերի պահանջների պահպանմանը և դասապատրաստման ընթացքին.
6) արգելում է սովորողների այն գործողությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը.
7) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.
8) կազմակերպում է սովորողների տեղավորումը, ապահովում է սովորողների կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների ու կանոնակարգերի պահանջների կատարումը, հետևում է իրեն ենթակա սովորողների արտաքին տեսքին և կեցվածքին, համազգեստ կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.
9) կազմակերպում է սովորողներից նշանակվող օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, վերահսկում նրանց կողմից ծառայության կատարումը.
10) յուրաքանչյուր շաբաթ ամփոփում է իրեն ենթակա սովորողների կրթական առաջադիմության, սովորողների կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը և գրավոր զեկուցում վերադասին.
11) տնօրենի կողմից սահմանված հերթապահությունների ցուցակին համապատասխան հերթապահում է կրթահամալիրում, այդ թվում` գիշերը.
12) պարբերաբար ներկա է գտնվում իրեն ենթակա սովորողների վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին).
13) կազմակերպում է իրեն ենթակա սովորողներին հատկացված տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ճիշտ շահագործումն ու նորոգումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգում է դրանց առկայությունը, վիճակը և հաշվառումը.
14) վարժահավաքների, երթերի, զորավարժությունների, հրաձգությունների և այլ միջոցառումներից կամ դաշտային պարապմունքներից առաջ ստուգում է սովորողների պատրաստվածությունն այդ միջոցառումներին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդ միջոցառումների ընթացքում սովորողների անվտանգության ապահովման կամ սովորողների կողմից խախտումների կամ անվտանգության նորմերի պահանջների կատարման ապահովման համար.
15) հետևում է սովորողների կողմից զբաղեցված տարածքի, շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, տարածքի մաքրությանը, ինչպես նաև տարածքում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը.
16) կազմակերպում է իրեն ենթակա սովորողների բուժքննության, բաղնիքալվացքատնային աշխատանքները.
17) կազմակերպում է իրեն ենթակա սովորողների համար դասագրքերի, այլ գրականության, կանոնադրությունների, կանոնակարգերի, հրահանգների և ուսումնական ձեռնարկների ստացումը, պահպանումն ու հաշվառումը, ինչպես նաև դրանց հանձնումը ժամանակավոր օգտագործման, վերահսկում դրանց պահպանումը.
18) գումարտակի հրամանատարին կամ իր անմիջական ղեկավարին զեկուցում է ենթակաների բոլոր խնդրանքների, խրախուսանքների, զանցանքների և կարգապահական տույժերի մասին.
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով, աշխատանքային պայմանագրերով, կրթահամալիրի կանոնակարգերով, կրթահամալիրի խորհրդի կամ տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:
Կրթահամալիրի դաստիարակ կամ ավագ դաստիարակ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող անձը` բացառությամբ խորհրդի սահմանած դեպքերի:
91. Կրթահամալիրի` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչը`
1) կազմակերպում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները, այդ ուղղությամբ համագործակցում դասղեկների հետ.
2) մասնակցում է կրթահամալիրի և սովորողի ընտանիքի հետ սերտ կապի և համագործակցության ամրապնդմանը.
3) նպաստում է կրթահամալիրի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.
4) դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի ղեկավարությամբ կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար.
5) կրթահամալիրի, դրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու գործում.
6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.
7) մասնակցում է կրթահամալիրի ուսումնադաստիարակչական աշխատանքի, սովորողների առաջադիմության և վարքի ընթացիկ վերահսկմանը.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով, աշխատանքային պայմանագրերով, կրթահամալիրի կանոնակարգերով, կրթահամալիրի խորհրդի կամ տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:
92. Կրթահամալիրի անունից իրավունք ունեն հանդես գալու միայն խորհրդի նախագահն ու կրթահամալիրի տնօրենը, ինչպես նաև նրանց կողմից դրա համար լիազորված անձինք: Կրթահամալիրի անունից հանդես եկող անձինք պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ կրթահամալիրի:
93. Կրթահամալիրի խորհրդի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կրթահամալիրում շտաբի պետի, գումարտակի հրամանատարի, տնօրենի տեղակալի կամ դաստիարակի պաշտոնում աշխատելու համար կարող են գործուղվել սպայական կազմի պայմանագրային զինծառայողներ:
94. Սովորողների անվտանգության ապահովման նպատակով կրթահամալիրում, խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ ու քանակով, իրականացվում է դաստիարակների ու բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն:
95. Կրթահամալիրի պաշտոնների համակարգն ու ստորադասությունը որոշում է խորհուրդը:
VII. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
96. Կրթահամալիրում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ:
Կրթահամալիրում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
97. Կրթահամալիրի խորհրդակցական մարմինները, դրանց կազմավորման կարգն ու լիազորությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և կրթահամալիրի խորհրդի որոշումներով:
98. Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենը, նրա բոլոր տեղակալները, շտաբի պետը, կրթահամալիրի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչը, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, բժիշկը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, ծնողական խորհրդի, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, մինչև երկու դաստիարակներ: Մանկավարժական խորհրդի կազմը հաստատում է տնօրենը:
99. Մանկավարժական խորհրդի աշխատանքներին իրավունք ունեն մասնակցելու լիազոր պետական մարմնի ներկայացուցիչը և խորհրդի անդամը:
100. Մանկավարժական խորհուրդը`
1) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում կրթահամալիրի զարգացման ծրագրի վերաբերյալ.
2) քննարկում է հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.
3) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերի վերաբերյալ.
4) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերի, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերի, ձեռնարկների և այլ նյութերի վերաբերյալ.
5) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում կրթահամալիրի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության վերաբերյալ.
6) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում սովորողներին քննություններին, վերաքննություններին թույլատրելու, քննություններից և որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու վերաբերյալ.
7) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում սովորողներին գովասանագրով, գերազանցության մեդալով պարգևատրելու վերաբերյալ.
8) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում կրթահամալիրի շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների, ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու վերաբերյալ.
9) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում հանրակրթական դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման վերաբերյալ.
10) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին կամ խորհրդին կրթահամալիրի գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին, կրթահամալիրի գործունեության բարելավման վերաբերյալ.
11) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում կրթահամալիրի առարկայական մեթոդմիավորումների նախագահների, մանկավարժների, տնօրենի տեղակալների հաշվետվությունների ու հաղորդումների վերաբերյալ.
12) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին ուսումնական հաստատության աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
13) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում կրթահամալիրի դասացուցակների, օրակարգերի, ոչ հանրակրթական ծրագրերի ու կրթահամալիրի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ կամ կրթահամալիրի կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ:
101. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է կրթահամալիրի տնօրենը, որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է: Տնօրենի բացակայության դեպքում խորհուրդը նախագահում է տնօրենին փոխարինող անձը:
102. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների կազմման համար, որոնք կազմվում են եռօրյա ժամկետում և ստորագրվում խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը խորհրդի համաձայնությամբ կարող է ձայնագրվել:
103. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`
1) տնօրենի նախաձեռնությամբ.
2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.
3) լիազոր պետական մարմնի կամ խորհրդի անդամի առաջարկությամբ:
104. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Կրթահամալիրի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կամ այլ աշխատողներ կարող են ներկա գտնվել նիստերին:
105. Անհրաժեշտության դեպքում, մանկավարժական խորհրդի նիստերին կարող են հրավիրվել ծնողներ, սովորողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք:
106. Կրթահամալիրի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ խորհրդի նախագահին, մանկավարժական խորհրդի անդամներին պատշաճ տեղեկացնում է մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի նախագծի մասին, ինչպես նաև դրա մասին տեղեկատվություն է փակցնում կրթահամալիրում դրա համար նախատեսված տեղերում:
107. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
108. Մանկավարժական խորհրդի որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ: Տնօրենն իրավունք ունի ընդունելու որոշումներ կամ տալ հրամաններ` հաշվի չառնելով դրանց մասին մանկավարժական խորհրդի որոշումը: Այս դեպքում տնօրենը պարտավոր է իր կողմից ընդունված որոշմանը կամ տրված հրամանին կից կամ հրամանում տալ համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև տվյալ հրամանի պատճենը, և ընդունված որոշման մասին տեղեկատվությունն ուղարկել խորհրդի նախագահին:
109. Մանկավարժական խորհրդի անդամներն իրավունք ունեն խորհրդին բողոքարկելու մանկավարժական խորհրդի որոշմանը հակասող կամ դրանից չբխող կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանց մանկավարժական խորհրդի որոշման տնօրենի ընդունած որոշումը կամ հրամանը:
110. Մեթոդական միավորումներն ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում: Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ` հարակից առարկաների ուսուցիչներից:
111. Առարկայական մեթոդական միավորումը`
1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին տալիս երաշխավորություններ.
2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում.
3) նպաստում է ուսուցիչների որակավորման բարձրացմանը.
4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին նախապատրաստում է ատեստավորման.
5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ.
6) ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.
7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.
8) առաջարկություն է ներկայացնում կրթահամալիրի տնօրենին ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման վերաբերյալ:
112. Կրթահամալիրի տնօրենը, խորհրդակցելով համապատասխան տեղակալի հետ, փորձառու ուսուցիչներից նշանակում է մեթոդական միավորումների ղեկավարներին:
113. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսն առնվազն մեկ անգամ: Նիստերն արձանագրվում են սահմանված կարգով:
114. Դասարանի ծնողների ընդհանուր ժողովը մեկ ուսումնական տարվա համար ընտրում է նախագահից և 2-4 անդամից բաղկացած դասարանների ծնողական խորհուրդ:
115. Կրթահամալիրի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
116. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
117. Ծնողական խորհուրդների նիստերին իրավունք ունեն մասնակցելու տնօրենը, նրա տեղակալները, մանկավարժները, խորհրդի անդամները:
118. Համակրթահամալիրային հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը կամ կրթահամալիրի խորհրդի նախագահը կամ կրթահամալիրի տնօրենն իրավունք ունեն հրավիրելու ընդհանուր ժողովներ: Տարվա ընթացքում ծնողական խորհրդի նիստերը, համաձայն կրթահամալիրի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Կրթահամալիրի խորհրդի անդամների, տնօրենի, նրա տեղակալների, շտաբի պետի, մասնաճյուղերի ղեկավարների, նրանց տեղակալների մանկավարժական խորհրդի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:
119. Կրթահամալիրի ծնողական խորհուրդը`
1) կրթահամալիրի տնօրենի, խորհրդի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
2) աջակցում է կրթահամալիրին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.
3) լսում է տնօրենի հաղորդումը կրթահամալիրի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.
4) կրթահամալիրի և ծնողների միջև ամրապնդում է կապերը մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում.
5) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
6) օգնում է կրթահամալիրին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.
7) մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է կրթահամալիրի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.
8) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
9) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը կրթահամալիրում.
10) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:
120. Կրթահամալիրի ծնողական խորհուրդը համագործակցում է կրթահամալիրի մանկավարժական և այլ խորհուրդների հետ:
121. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:
122. Ծնողական խորհուրդն իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:
123. Կրթահամալիրի աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը կրթահամալիրի սովորողների ընդհանուր ժողովն է:
VIII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
124. Կրթահամալիրում կրթական գործընթացի մասնակիցներն են`
1) սովորողը.
2) սովորողի ծնողը.
3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
4) վարչական աշխատողները:
125. Կրթահամալիրում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
126. Սովորողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և խորհրդի կամ տնօրենի կողմից սահմանված կարգով իրավունք ունի`
1) ստանալու անվճար հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմագիտական կրթություն.
2) անվճար օգտվելու կրթահամալիրի գրադարաններից, ռազմաուսումնամարզական համալիրներից և ուսումնանյութական բազայից.
3) յուրացնելու նախասիրական, այդ թվում` լրացուցիչ կրթական ծրագրեր, ստանալու վճարովի ծառայություններ.
4) ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները, ինչպես բանավոր և գրավոր, այնպես էլ` ազատ ստեղծագործություններով.
5) մասնակցելու կրթահամալիրի ներքին կյանքին, ընտրվելու սովորողների ինքնակառավարման մարմիններում.
6) խրախուսվելու օրինակելի վարքի կամ բարձր առաջադիմության համար.
7) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին.
8) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
9) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
10) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից.
11) սովորողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով և տնօրենի հրամաններով սահմանված այլ իրավունքներ:
127. Սովորողը պարտավոր է`
1) մասնակցել ուսումնական բոլոր պարապմունքներին, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական այլ ծրագրերին ու աշխատանքներին.
2) բարեխղճորեն սովորել ու տիրապետել բոլոր կրթական ծրագրերին.
3) առանց սահմանված կարգով տրված թույլտվության` չբացակայել կրթահամալիրի տարածքից.
4) խնամքով վերաբերվել կրթահամալիրի գույքին.
5) հարգել մյուս սովորողների իրավունքները, արժանապատվությունը, ազատությունները.
6) պահպանել հայերենի մաքրությունն ու անաղարտությունը.
7) պահպանել անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնները.
8) կրթահամալիր չբերել, չօգտագործել, օգտագործման համար այլ սովորողների չտրամադրել ծխախոտ, ոգելից խմիչքներ և հոգեմետ նյութեր.
9) կրթահամալիր չբերել, առանց համապատասխան թույլտվության չօգտագործել կամ օգտագործման համար այլ սովորողների չտրամադրել զենք, զինամթերք, թունավոր, դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր.
10) այլ սովորողների նկատմամբ չկիրառել ոչ կանոնակարգային միջոցներ, ինչպես նաև վիճելի կամ այլ հարցեր լուծելու համար չկիրառել ուժ կամ ահաբեկում կամ շորթում.
11) այլ սովորողի նկատմամբ չգործադրել հոգեկան կամ ֆիզիկական բռնություն.
12) հոգատար վերաբերվել տարիքով փոքրերի նկատմամբ, օգնել ու պաշտպանել թույլերին, հիվանդներին.
13) չօգտագործել հանցագործ աշխարհի վարվելաձևեր կամ լեզու.
14) պահպանել կրթահամալիրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կրթահամալիրի կանոնադրության, կրթահամալիրի ներքին կարգապահական և այլ կանոնների ու կանոնակարգերի պահանջները.
15) պահպանել կրթահամալիրի պատիվն ու ավանդույթները.
16) բարձր պահել կրթահամալիրի սովորողի բարձր կոչումը.
17) հավատարիմ լինել երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները.
18) աննկուն կրել կրթության ընթացքում առաջացած դժվարությունները.
19) հարգել կրթահամալիրի ղեկավարներին, ուսուցիչներին, մյուս աշխատողներին և միմյանց, պահպանել կրթահամալիրում սահմանված քաղաքավարության ու ողջույնի կանոնները.
20) իրեն արժանապատվորեն պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանմանը.
21) սովորողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով ու տնօրենի հրամաններով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ:
128. Արգելվում է առանց սովորողների համաձայնության նրանց ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և սույն կանոնադրությամբ: Սովորողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնություն գործադրողը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
129. Սովորողներն անվճար ապահովվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպասարկողների հանդերձանքի նորմաների մասին» N 107 որոշմամբ սահմանված` սովորողների համար նախատեսված նորմաներով, համազգեստով, կոշիկով, սպիտակեղենով, անձնական հիգիենայի պարագաներով և այլ գույքով.
2) տվյալ դասարանի աշակերտի համար նախատեսված անհրաժեշտ բոլոր դասագրքերով, ինչպես նաև անհրաժեշտ գրենական պիտույքներով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» N 706 որոշման 1-ին կետով սահմանված սննդով.
4) բժշկական սպասարկմամբ (պետական պատվերով):
130. Սովորողներն իրավունք ունեն կրթահամալիրի տարածքից դուրս գալու, ինչպես նաև սովորողների ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն սովորողներին այցելելու` խորհրդի կողմից հաստատված կարգով:
131. Սովորողները կրթահամալիրի տարածքում, կրթական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում, ինչպես նաև կրթահամալիր գալիս կամ կրթահամալիրից դուրս գալիս պարտավոր են կրել խորհրդի կողմից սահմանված ձևի համազգեստ` համապատասխան տարբերանշաններով: Համազգեստը կրելու կարգը սահմանում է խորհուրդը:
132. Սովորողները պետք է մասնակցեն`
1) կրթահամալիրի, նրա տարածքի հերթապահություններին, ինչպես նաև կրթահամալիրի տարածքի և գույքի, ճաշարանի ու խոհանոցի սանիտարական մաքրման, սննդամթերքի պատրաստման աշխատանքներին (այսուհետ` վերակարգի աշխատանքներ).
2) կրթահամալիրի գույքի վերանորոգման, տարածքի կանաչապատման և այլ աշխատանքներին.
3) արտադասարանական այգեգործական, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման ու ծառատնկման աշխատանքներին:
133. Արգելվում է սովորողներին ժամը 23.00-6.00-ը պահակային կամ այլ ծառայությունում, ինչպես նաև ծանր աշխատանքներում ներգրավելը:
134. Արգելվում է սովորողներին սանիտարական նորմերով տվյալ տարիքի անձանց համար արգելված աշխատանքներում ներգրավելը:
135. Սովորողներին տրվում են հայկազունական կոչումներ, որոնց տեսակները, տարբերանշանները, դրանք կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կոչումները տալու կարգը, տնօրենի առաջարկությամբ, սահմանում է խորհուրդը:
136. Սովորողի նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսանքի միջոցները`
1) շնորհակալության հայտնում.
2) պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով պարգևատրում.
3) պարգևատրում անձնական լուսանկարով` նկարված կրթահամալիրի բացված դրոշի մոտ.
4) արտահերթ կոչման շնորհում.
5) կրթահամալիրի կրծքանշաններով, նշաններով, խորհրդանիշերով կամ այլ պարգևով պարգևատրում.
6) նախկինում տրված կարգապահական տույժի հանում.
7) ծնողների կամ նրա այլ օրինական ներկայացուցիչների հետ լրացուցիչ տեսակցության կամ տուն գնալու լրացուցիչ իրավունքի տրամադրում.
8) խորհրդի կողմից սահմանված այլ խրախուսանքի միջոցների կիրառում:
137. Սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակում` մինչև 1 օր ժամկետով.
5) կրթահամալիրի տարածքից դուրս գալու հերթական իրավունքից զրկում.
6) կրթահամալիրի կողմից տրված հայկազունական կոչման իջեցում կամ դրանից զրկում.
7) կրթահամալիրի սովորողի համազգեստը կամ տարբերանշանը կամ պարգևը կրելու իրավունքից զրկում կամ կասեցում.
8) կրթահամալիրի կողմից տրված կրթահամալիրի կրծքանշանից, նշանից, խորհրդանիշից կամ այլ պարգևից զրկում կամ այն կրելու իրավունքի կասեցում.
9) կրթահամալիրից հեռացում:
138. Սովորողը հեռացվում է կրթահամալիրից`
1) սովորողի կողմից քրեորեն պատժելի կամ դիտավորությամբ հակաիրավական այլ գործողություններ կատարելու դեպքում.
2) մեկ տարվա ընթացքում երկու անգամ առանց թույլտվության կրթահամալիրի տարածքից բացակայելու դեպքում.
3) մեկ տարվա մեջ տասն օրից ավելի կամ միաժամանակ հինգ օրից ավելի առանց հարգելի պատճառների կրթահամալիր չներկայանալու դեպքում.
4) չարամտորեն չսովորելու կամ չարամտորեն կրթահամալիրի կանոնակարգերի պահանջները խախտելու դեպքում.
5) մեկ տարվա ընթացքում երեքից ավելի գրավոր կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում.
6) կրթական պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Սովորողը կրթահամալիրից հեռացվում է տնօրենի հրամանով: Սովորողի` կրթահամալիրից հեռացման հարցը պարտադիր պետք է քննարկվի կրթահամալիրի մանկավարժական խորհրդում: Հեռացված սովորողի մասին պետք է հայտնել կրթահամալիրի խորհրդին:
139. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է փոխհատուցել սովորողի կողմից կրթահամալիրին պատճառված վնասները:
140. Խրախուսանք կամ կարգապահական տույժեր տալու կարգն ու պայմանները սահմանում է խորհուրդը:
141. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1) պաշտպանելու երեխայի շահերն ու իրավունքները.
2) մասնակցելու կրթահամալիրի կառավարմանը` կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով.
3) մասնակցելու կրթահամալիրի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
4) բողոքարկելու կրթահամալիրի աշխատողների ապօրինի գործողությունները.
5) համագործակցելու կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
6) մասնակցելու կրթահամալիրի ներքին գնահատմանը:
Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև կրթական պայմանագրով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ:
142. Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) իր երեխայի կամ խնամարկյալի համար ապահովել սովորողի կրթության համար անհրաժեշտ պայմաններ.
2) սահմանված ժամկետներում երեխային կամ խնամարկյալին բերել կրթահամալիր` չխախտել կրթահամալիրի մուտքի ու ելքի կանոնների պահանջները.
3) երեխային կամ խնամարկյալին դուրս բերել կրթահամալիրից միայն կրթական պայմանագրով նախատեսված կարգով ու դեպքերում.
4) չխախտել սույն կանոնադրությամբ ու կրթահամալիրի ներքին փաստաթղթերով սահմանված կարգը.
5) հնարավոր օժանդակություն (ոչ նյութական) ցուցաբերել կրթահամալիրի աշխատողներին` իր երեխայի կամ խնամարկյալի կողմից կրթական ծրագրերի յուրացումն ապահովելու համար.
6) հատուցել իր երեխայի կամ խնամարկյալի կողմից կրթահամալիրին հասցված վնասները:
Սովորողի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև կրթական պայմանագրով սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պարտականություններ:
143. Կրթահամալիրի ուսուցիչ կարող է լինել այն անձը, ով ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական (մանկավարժական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Կրթահամալիրում այլ մանկավարժական աշխատանքի կարող են ընդունվել մանկավարժի կամ այլ մասնագիտական որակավորում ունեցող կամ համապատասխան տարիֆաորակավորման պահանջները բավարարող` բարձրագույն կրթությամբ մասնագետներ, ինչպես նաև բարձրագույն զինվորական կրթություն ունեցող սպաներ և խորհրդի համաձայնությամբ այլ անձինք:
144. Կրթահամալիրի տնօրենի, նրա տեղակալի, շտաբի պետի, գումարտակի հրամանատարի, մասնաճյուղերի ղեկավարների, նրանց տեղակալների, ուսուցչի, դաստիարակի, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի, հոգեբանի, սոցիալական աշխատողի աշխատանքը համարվում է մանկավարժական աշխատանք:
145. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու կրթահամալիրի կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու կրթահամալիրի կառավարման և խորհրդակցական համապատասխան մարմիններում.
3) մասնակցելու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկելու կրթահամալիրի ղեկավար և խորհրդակցական մարմինների հրամանները, կարգադրությունները և որոշումները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
7) ընտրելու և օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր, ուսուցողական նյութեր, ձեռնարկներ, ինչպես նաև սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
9) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
10) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
11) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
12) օգտվելու կրթահամալիրի գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` սույն կանոնադրությանը համապատասխան.
13) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
14) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
146. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել սովորողի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3) նպաստել կրթահամալիրում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.
5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
7) համագործակցել գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
8) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
9) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.
10) պահպանել սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված, ինչպես նաև կրթահամալիրի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված մանկավարժի էթիկայի կանոնների պահանջները.
11) բարձրացնել իր որակավորումը.
12) համագործակցել ծնողների հետ` սովորողների ուսուցման և դաստիարակության հարցերում.
13) ուսումնական հաստատության մանկավարժները և այլ աշխատողներ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով և տնօրենի հրամաններով ու աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ.
14) զինվորական սպայական կոչումներ ունեցող կրթահամալիրի տնօրենը, շտաբի պետը, նրա տեղակալը, գումարտակների հրամանատարը և դաստիարակներն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում պարտավոր են առաջնորդվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրություններով, ինչպես նաև կրել համապատասխան զինվորական համազգեստ, եթե նրանց զինվորական համազգեստ կրելն արգելված չէ:
IX. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
147. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
148. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը և գույքային իրավունքները:
149. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կրթահամալիրի լուծարումից հետո մնացած գույքի:
150. Կրթահամալիրի սեփականության պահպանման հոգսը կրում է կրթահամալիրը:
151. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
152. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կրթահամալիրին ամրացված գույքը:
153. Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
154. Կրթահամալիրը խորհրդի համաձայնությամբ իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության կամ կառուցապատման իրավունքով:
155. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները:
156. Կրթահամալիրը ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
157. Կրթահամալիրի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի:
X. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ
158. Կրթահամալիրն ունի Երևանի Նուբարաշենի և Գորիսի մասնաճյուղերը:
159. Մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն և գործում են կրթահամալիրի ու մասնաճյուղի կանոնադրությունների համաձայն:
160. Մասնաճյուղերի ղեկավարներին նշանակում է խորհուրդը: Մասնաճյուղերն ունեն մասնաճյուղի գումարտակի հրամանատար:
161. Մասնաճյուղերը գործում են կրթահամալիրի համաձայնությամբ և կրթահամալիրի անունից: Կրթահամալիրը պատասխանատվություն է կրում իր մասնաճյուղերի գործունեության համար:
162. Մասնաճյուղերն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական գործունեություն:
XI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
163. Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
(կանոնադրությունը փոփ. 29.05.08 թիվ 680-Ն, խմբ. 23.12.10 թիվ 1722-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1722-Ն որոշման
ԿԱԶՄ
i
«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական
դաստիարակության վարչության պետ
Ա. Դանիելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր
մասնագետ
Ռ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր
մասնագետ
Ս. Անթառանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական
Թ. Թովմասյան - մանկավարժական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մ. Կալոյան - մանկավարժական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Է. Գալուստյան - ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
(2-րդ հավելվածը լրաց. 23.12.10 թիվ 1722-Ն, 27.01.11 թիվ 40-Ն, 19.01.17 թիվ 13-Ն որոշումներ)