ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ-2/0083/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ-2/0083/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 23.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վարդենիսի հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ «Պապ Գերասիմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 1.254.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.254.500 ՀՀ դրամ:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոք չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ հոդվածները, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 35-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 16.2 կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը մերժելիս անտեսել է, որ Ընկերության տնօրենը դատարան ներկայացրած իր դիմումով չի առարկել 1.254.500 ՀՀ դրամի չափով պարտավորություն ունենալու փաստի դեմ, այլ միայն հայտնել է, որ ներկայումս հնարավոր չէ նշված գումարը վճարել, քանի որ ընկերությունը չի գործում: Մինչդեռ Դատարանը դրանք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածին համապատասխան չի համարել ապացուցման կարիք չունեցող:
Դատարանն անտեսել է նաև վարչական գործի նյութերում առկա Ընկերությանը քաղաքացիական ոլորտում կապիտալ շինարարություն իրականացնելու համար 11.03.2002 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրված լիցենզիան և պետական տուրքի գծով 1.254.500 ՀՀ դրամի չափով 2003-2004 թվականներին չկատարված պարտավորություն ունենալու մասին Ծառայության կազմած տեղեկանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 23.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 11.03.2002 թվականին Ընկերությանը տրվել է 6717 լիցենզիան քաղաքաշինական ոլորտում կապիտալ շինարարություն իրականացնելու համար:
2. Լիցենզիայի գործունեության ժամկետը սահմանվել է մինչև 11.03.2005 թվականը:
3. Ծառայության 01.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Ընկերությունը պետական տուրքի գծով ունի 1.254.500 ՀՀ դրամի պարտավորություն, որից 200.000 ՀՀ դրամը` ապառք, 1.054.500 ՀՀ դրամը` տույժ: Դրանք առաջացել են 2003, 2004 թվականների ընթացքում պետական տուրքից և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերից:
4. Ընկերության տնօրենը Դատարանին հասցեագրված դիմումի մեջ նշել է, որ Ընկերությունը 2004 թվականից մինչ օրս չի գործում, ուստի հնարավորություն չունի վճարել բյուջեի հանդեպ առաջացած պարտավորությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է:
Չնայած սույն գործով Ընկերության տնօրենի կողմից ներկայացված դիմումի մեջ նշվել է, որ Ընկերությունը 2004 թվականից մինչ օրս չի գործում, ուստի հնարավորություն չունի վճարել բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունը, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հոդվածը դատարանին թույլ է տալիս առանձին դեպքերում հակառակ կողմի ընդունած փաստի ապացուցումը համարել անհրաժեշտ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:
Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` քաղաքաշինության բնագավառում կապիտալ շինարարություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պետական տուրքը գանձվում է տարեկան` բազային տուրքի 100-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետում վճարումը, ինչպես նաև նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
Սույն գործով Դատարանի կողմի հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հայցվորն իր պնդած փաստերը հաստատող բավարար իրավական և փաստաթղթային հիմնավորումներ չի ներկայացրել, որի պատճառով հայցադիմումով ներկայացված պահանջը դատական կարգով չի հիմնավորվել:
Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել, որ այդ Ընկերության պարտականությունների վերաբերյալ տեղեկանքի համաձայն` դրանք գոյացել են 2004-2005 թվականների ընթացքում, մինչդեռ Ընկերությանը տրված լիցենզիայի գործողության ժամկետը ավարտվում է 11.03.2005 թվականին:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս
1. գնահատում է ապացույցները,
2. որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել,
3. որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը,
4. որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504 (ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):
i
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)): Դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածների պահանջը ենթադրում է, որ դատարանը պետք է պատճառաբանի նաև կողմի ներկայացրած ապացույցները ոչ բավարար համարելու վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև որոշի տվյալ փաստական հարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա նորմը, որը սույն գործով դատարանը չի կատարել:
Մասնավորապես, սույն գործով հայցվորի կողմից Դատարան է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից 11.03.2002 թվականին Ընկերությանը տրված թիվ 6717 լիցենզիայի պատճենը և Ընկերության պարտավորությունների վերաբերյալ Ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որում նշված է, որ Ընկերության 1.254.500 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գծով պարտավորություններն առաջացել են 2003, 2004 թվականների պետական տուրքից և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերից: Այսինքն` վերոնշյալ տեղեկանքով հիմնավորվում է, որ Ընկերության պետական տուրքի գծով պարտավորությունները հաշվարկվել են 2003, 2004 թվականների պետական տուրքից և դրա նկատմամբ հաշվարկված տույժերից:
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 19-րդ հոդվածները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզավորված անձի մոտ յուրաքանչյուր տարի պետական տուրք վճարելու պարտավորությունը ծագում է լիցենզիա տալու ուժով: Այսինքն` Ընկերության մոտ պետական տուրք վճարելու պարտավորության առկայությունը կարող է հիմնավորվել համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից լիցենզիա տրված լինելու և այն Ընկերության կողմից արդեն իսկ վճարված չլինելու փաստով:
Հետևաբար, վերոնշյալ տեղեկանքով արձանագրված պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում այն բավարար հիմք է Ծառայության հայցը բավարարելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներից` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 23.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան