Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով      Քր.գործ N ՎԲ-273/06

վերաքննիչ դատարանի դատավճիռ

Քրեական գործ N 94/05

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

դատավորներ` Մ.Պետրոսյան, Ս.Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ Մ.Խաչատրյանի

                   դատավորներ     Դ.Ավետիսյանի

                                  Հ.Ասատրյանի

                                  Հ.Ղուկասյանի

                                  Մ.Սիմոնյանի

                                  Ս.Օհանյանի

                   քարտուղար      Ք.Մարտիրոսյանի

                   մասնակցությամբ

                   մեղադրող       Ա.Շահինյանի

 

2006 թվականի հոկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով դատապարտյալ Արթուր Հարությունի Բարսեղյանի վճռաբեկ բողոքը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 02-ի դատավճիռների դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

i

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Արթուր Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 1 /մեկ/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով հաշվակցվել է ձերբակալման տակ գտնվելու երեք օր ժամկետը, թողնվել է կրելու 11 /տասնմեկ/ ամիս 25 /քսանհինգ/ օր, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամկետով:

Դատավճռով որոշվել է Արթուր Հարությունի Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի բռնագանձել 2.224.416 /երկու միլիոն երկու հարյուր քսանչորս հազար չորս հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի հատուցում:

i

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկել է տուժողի իրավահաջորդ ճանաչված Հ.Մարգարյանը, որը խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության և Արթուր Բարսեղյանի կատարած արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով:

ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 02-ի դատավճռով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռն Արթուր Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով, քաղաքացիական հայցի մասով փոփոխվել է, և որոշվել է Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի բռնագանձել 1.294.416 /մեկ միլիոն երկու հարյուր իննսուն չորս հազար չորս հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Արթուր Բարսեղյանի արարքն առաջին ատյանի դատարանի կողմից որակված է ճիշտ, և նրա նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ:

Արթուր Բարսեղյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 11.10.2006 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Դատարանի դատավճռով հաստատված է համարվել, որ Արթուր Հարությունի Բարսեղյանը 2004 թվականի մայիսի 08-ին` ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցի 50 հասցեում գործող ավտոշուկայում տեսնելով, որ Արմեն և Անդրանիկ Գալստյանները, Արամ Մարգարյանը և Էռնեստ Աբրահամյանը ավտոմեքենայի գնի սակարկության առթիվ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկում և բռնություն գործադրում իր խնամակալության տակ գտնվող հաշմանդամ հորը` Հարություն Բարսեղյանին, սարսափահար լինելով նրան կորցնելու մտքից, հուզական գերլարվածությունից կորցրել է ինքնատիրապետումը և, հայտնվելով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, հորը պաշտպանելու նպատակով միջամտել է ծեծկռտուքին, տեղում պատահականորեն ձեռքն ընկած բահի փայտյա բռնակով անկանոն շարժում է կատարել և հարվածել կռվին մասնակից Արմեն Գալստյանին, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ, ինչն արտահայտվել է նրանում, որ չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որի արդյունքում էլ Արթուր Բարսեղյանի կատարած արարքին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, և նրան անհիմն կերպով դատապարտել են ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով այն դեպքում, երբ նրա արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը: Արթուր Բարսեղյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, և նրա կողմից թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, քանի որ իր հաշմանդամ հոր կյանքը վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելու համար նա կարող է պաշտպանել միայն հոր նկատմամբ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով:

Վճռաբեկ բողոքով Արթուր Բարսեղյանը խնդրում է «բեկանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.12.2004 թվականի և վերաքննիչ դատարանի 02.03.2005 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով կայացված դատավճիռները և քրեական գործի վարույթը կարճել», իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Արթուր Բարսեղյանին առաջադրված մեղադրանքով մեղադրական եզրակացության և առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների դատավճիռների նկարագրական մասերից երևում է, որ ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարաններն ըստ էության հաստատված են համարել, որ Ա. Բարսեղյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն այդ հարցն ընդհանրապես քննության չի առնվել, և նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Այն դեպքում, երբ հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարելիս, ի տարբերություն անհրաժեշտ պաշտպանության, վնաս պատճառելը տեղի է ունենում հակաօրինական արարքն ավարտելուց կամ դադարեցվելուց հետո:

Սույն գործով, ինչպես ընդունված է նախաքննության մարմնի որոշումներով և դատարանների դատավճիռներով, Ա. Բարսեղյանն Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել հենց Ա. Գալստյանի և մյուսների հակաօրինական արարք կատարելու ընթացքում: Այսպես` Ա.Բարսեղյանի նկատմամբ կայացված առաջին ատյանի դատարանի դատավճռում նշված է, որ դատարանը ապացուցված համարեց հետևյալը. «Ամբաստանյալ Արթուր Բարսեղյանը... տեսնելով, որ գործով տուժող Արմեն Գալստյանը և վկաներ Անդրանիկ Գալստյանը, Արամ Մարգարյանը և Էռնեստ Աբրահամյանը ավտոմեքենայի գնի սակարկության ժամանակ, ծեծի են ենթարկում իր խնամքի տակ գտնվող հաշմանդամ հորը, Հարություն Բարսեղյանին, սարսափահար լինելով նրան կորցնելու մտքից, կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվելով հանկարծակի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, հորը պաշտպանելու և տուժողի հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով միջամտել է ծեծկռտուքին, տեղում` պատահական ձեռքն ընկած փայտով, անկանոն շարժումներ է կատարել, որի ընթացքում հարվածել է կռվին մասնակից` Արմեն Գալստյանի գլխին, նրան պատճառելով առողջությանը ծանր վնաս» /հատ.2, գ. թ. 222/:

Դեպքը նման ձևով ապացուցված է համարվել նաև նախաքննությամբ /տես մեղադրանք առաջադրելու որոշումը, մեղադրական եզրակացության նկարագրական ու պատճառաբանական մասերը հատ.1, գ.թ. 195, 317-318, 322/:

Նշված հանգամանքները նույն ձևով ապացուցված են նաև վերաքննիչ դատարանի դատավճռով /հատ. 2, գ. թ. 305-314/:

Այսպիսով` ինչպես նախաքննությամբ, այնպես էլ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների դատաքննություններով ապացուցվել է.

1. Կռվի նախահարձակները եղել են Արմեն Գալստյանը, Անդրանիկ Գալստյանը, Արամ Մարգարյանը և Էռնեստ Աբրահամյանը,

2. Արթուր Բարսեղյանը խառնվել է կռվին, երբ տեսել է, որ 1-ին կետում թվարկված անձինք ծեծի են ենթարկում իր խնամքի տակ գտնվող հաշմանդամ հորը` Հարություն Բարսեղյանին,

3. Արթուր Բարսեղյանը կռվին մասնակցել է հորը պաշտպանելու և տուժողի հակաիրավական գործողությունը կանխելու նպատակով,

4. Արթուր Բարսեղյանն Արմեն Գալստյանի գլխին փայտով հարվածել է կռվի ընթացքում, այսինքն` հոր` Հարություն Բարսեղյանի վրա հարձակումը դեռ դադարեցված չլինելու պայմաններում:

Գործի նյութերով ապացուցված է նաև, որ կռվի ընթացքում Արթուր Բարսեղյանի հորը` Հարություն Բարսեղյանին, պատճառվել է միջին ծանրության վնաս: Համաձայն դատաբժշկական թիվ 459/Հ փորձագետի եզրակացության` «Քաղ. Հ.Բարսեղյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի թեթև աստիճանի առանց ցողունային երևույթների սալջարդի, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդի, մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների արյունազեղումների ձևով, պատճառվել են բութ, կոշտ առարկաների ներգործությամբ, հնարավոր է նշված ժամկետում և առաջացրել է առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Ելնելով վնասվածքների բնույթից, տեղակայումից և հաշվի առնելով փորձաքննության ներկայացված փայտյա ձեռնափայտի ձևը, չափերը և այլ կառուցվածքային առանձնահատկությունները պետք է եզրակացնել, որ քաղ. Հ.Բարսեղյանի մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմում տեղ է գտել բութ առարկայի անմիջական ազդեցությունը` հարվածը/ները/ և այդ վնասվածքները կարող էին պատճառվել ինչպես ներկայացված փայտյա ձեռնափայտի կտորներով, այնպես էլ այլ նույնանման բութ առարկայով» /հատ. 1, գ.թ. 156-157/:

Նախաքննությամբ քրեաիրավական գնահատական է տրվել Էռնեստ Աբրահամյանի, Արամ Մարգարյանի, Անդրանիկ Գալստյանի և Արմեն Գալստյանի արարքներին:

Այսպես` 01.09.2004 թվականին Արամ Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2004 թվականի մայիսի 08-ին` ժամը 12.00-ի սահմաններում Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցի 50 հասցեում գործող ավտոշուկայում ավտոմեքենայի գնի սակարկության առիթով ծագած վիճաբանության ժամանակ, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայով` ձեռնափայտով, հարվածներ է հասցրել Հարություն Բարսեղյանին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Քաղաքացիների միջամտությամբ կռիվը մի պահ դադարեցնելուց հետո Արամ Մարգարյանն իր խուլիգանական գործողությունները շարունակել է Արմեն և Անդրանիկ Գալստյանների, Էռնեստ Աբրահամյանի հետ, որի ընթացքում նորից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Բարսեղյանների հասցեին և բռնություն գործադրել նրանց նկատմամբ» /հատ.1, գ.թ. 219/:

Անդրանիկ Գալստյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով /հատ. 1, գ.թ. 277/:

Հետագայում Էռնեստ Աբրահամյանի և Անդրանիկ Գալստյանի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով` գործուն զղջալու հետևանքով /հատ.1, գ.թ. 248, 284/:

Նույն հիմքերով դադարեցվել է նաև Արամ Մարգարյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը /հատ. 1, գ.թ. 296/, իսկ Արմեն Գալստյանի նկատմամբ չի իրականացվել քրեական հետապնդում /հատ. 1, գ.թ. 299/:

Այսպիսով` Էռնեստ Աբրահամյանի, Արամ Մարգարյանի, Անդրանիկ և Արմեն Գալստյանների մասով առկա են ոչ արդարացման հիմքերով նախաքննության մարմնի վերջնական և ուժի մեջ մտած որոշումները: Նշված որոշումներից հետևում է, որ կռվի ու ծեծկռտուքի նախաձեռնողները եղել են Էռնեստ Աբրահամյանը, Արամ Մարգարյանը, Անդրանիկ և Արմեն Գալստյանները: Այդ որոշումներում ընդգծված է նաև, որ Արթուր Բարսեղյանը հորը պաշտպանելու նպատակով է միջամտել ծեծկռտուքին և այդ ընթացքում հարվածել Արմեն Գալստյանին` պատճառելով նրա առողջությանը ծանր վնաս:

Գործով հարցաքննված անձանց ցուցմունքներով նույնպես միանշանակորեն ապացուցվել է, որ Արթուր Բարսեղյանը ծեծկռտուքին մասնակցել է միայն այն ժամանակ, երբ կռիվն արդեն սկսված է եղել:

Մեղադրյալ Արթուր Բարսեղյանը ցուցմունքներ է տվել, որ 2004 թվականի մայիսի 08-ին` ժամը 11.30-ի սահմաններում, ավտոշուկայում վաճառքի համար իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից նկատել է, թե ինչպես տուժող Արմեն Գալստյանը հարվածել է իրենից քիչ հեռու կանգնած իր հաշմանդամ հոր դեմքին և դիմել փախուստի, իսկ հայրը գնացել է նրա հետևից: Հետևելով նրանց` տեսել է, որ եղբայրներ Արմեն և Անդրանիկ Գալստյանները, Արման Մարգարյանը և Էռնեստ Աբրահամյանը ծեծի են ենթարկում հորը, իսկ Արման Մարգարյանն այդ ընթացքում ձեռնափայտով փորձել է հարվածել հոր գլխին, բղավել է, որ հայրը գլխից հաշմանդամ է, քաղաքացիների ու իր միջամտությամբ կռիվը դադարել է, և իրենք մոտեցել են իրենց մեքենաների մոտ: Քիչ անց տեսել է, որ վերջիններս կրկին մոտեցել են հորը և նորից սկսել ծեծի ենթարկել նրան: Այդ ժամանակ բղավելով` ծեծողներին զգուշացրել է հոր հաշմանդամ լինելու մասին` սարսափելով հորը կորցնելու մտքից, ցանկանալով պաշտպանել նրան տուժողի և նրա ընկերների շարունակվող հարվածներից, կորցրել է ինքնատիրապետումը, միջամտել վիճաբանությանը, որի ընթացքում չի գիտակցել, թե ում է հարվածել և քանի անգամ: Այնուհետև տուն վերադարձի ճանապարհին հայրը հայտնել է, որ ինքը փայտով հարվածել է Արմեն Գալստյանի գլխին:

Համանման ցուցմունքներ տվել է նաև Արթուր Բարսեղյանի հայրը` գործով վկա Հարություն Բարսեղյանը:

Գործով վկա Գուրգեն Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2004 թվականի մայիսի 08-ին` ժամը 12.00-ի սահմաններում, ավտոշուկայում լսել է վիճաբանության ձայներ: Հետաքրքրությունից դրդված` գնացել է այդ ուղղությամբ: Աղմուկի մեջ լսել է Արթուր Բարսեղյանի բղավոցը. «հորս չխփեք նա հաշմանդամ է»: Դրանից հետո` քիչ անց լսել է «խփեցին եղբորս» մեկ այլ բղավոց, շրջվելով տեսել է Արմեն Գալստյանին գետնին ընկած վիճակում, իսկ ամբաստանյալին` փայտը ձեռքին կանգնած: Այդ ընթացքում տեսել է, թե ինչպես է ամբաստանյալի հայրը քաշում նրա թևից և կրկնում. «Արթուր ուշքի եկ»:

Համանման ցուցմունքներ տվել են վկաներ Սվետլանա Այդիկյանը, Արմեն Ծատուրյանը, Խաչատուր Ստեփանյանը և ուրիշները:

Իսկ այն, որ Արթուր Բարսեղյանի հայրը` Հարություն Բարսեղյանը, հանդիսացել է 2-րդ խմբի հաշմանդամ` և դեռ 2001 թվականի դեկտեմբերի 25-ին Արթուր Բարսեղյանը ճանաչվել է հոր նկատմամբ որպես հոգաբարձու, հիմնավորված է Երևանի Էրեբունու թաղապետի 25.12.2001 թվականի թիվ 350 որոշմամբ /հատ.1, գ. թ.29/:

Գործով նշանակված դատահոգեբանական փորձաքննությամբ ապացուցվել է, որ իրոք արարքը կատարելու պահին Ա. Բարսեղյանը գտնվել է աֆեկտի վիճակում:

Սակայն այս դեպքում պետք է կիրառվեր անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, քանզի աֆեկտի վիճակում գործած Արթուր Բարսեղյանը գտնվելիս է եղել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Ի տարբերություն անհրաժեշտ պաշտպանության` հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարելիս բացակայում է իրավական շահերը պաշտպանելու նպատակը, և ընդհակառակը, անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն:

Սույն քրեական գործով այդպիսի իրավական շահ է հանդիսացել հաշմանդամ հորն արդեն իսկ սկսված և շարունակվող ոտնձգություններից պաշտպանելը:

Վերը նշվածն ապացուցում է, որ դատապարտյալի հոր` Հարություն Բարսեղյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական:

Արթուր Բարսեղյանը պաշտպանությունն իրականացրել է հոր շահերի պաշտպանության համար: Պաշտպանությունն իրականացնելիս հոր նկատմամբ իրականացված ոտնձգությունը փաստացիորեն ավարտված չի եղել, և պաշտպանությամբ վնաս է պատճառվել ոչ թե 3-րդ անձի, այլ հորը ծեծողներից մեկին: Այսինքն` պաշտպանությունն իրականացվել է ժամանակին, և թույլ չի տրվել սահմանների անցում:

Վճռաբեկ դատարանը նկատի է ունենում նաև, որ վեճի ու կռվի նախահարձակները եղել են Արմեն և Անդրանիկ Գալստյանները, Արամ Մարգարյանն ու Էռնեստ Աբրահամյանը:

i

Վերոգրյալների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Բարսեղյանը կռվի մասնակից Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այն հանցագործություն չի համարվում: ՈՒստի Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը:

Այսպիսով` դատարանը գտնում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, նրա նկատմամբ կիրառվել են ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնք տվյալ քրեական գործով կիրառման ենթակա չէին, նրա նկատմամբ պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների պահանջների համաձայն` նշված խախտումները դատավճիռը բեկանելու և Ա.Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք են:

Հետևաբար Արթուր Բարսեղյանի նկատմամբ կայացված առաջին ատյանի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանների վերը նշված դատավճիռները ենթակա են բեկանման, և քրեական գործի վարույթը` կարճման, ինչպես նաև Արթուր Բարսեղյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը` դադարեցման, որովհետև քրեական գործի վարույթի կարճման հիմքն առկա է եղել դեռևս առաջին ատյանի և քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարաններում գործի քննության ժամանակ:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 403-406-րդ հոդվածներով, 419-րդ հոդվածի 5-րդ կետով, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Արթուր Հարությունի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 02-ի դատավճիռները բեկանել և քրեական գործի վարույթը կարճել, Արթուր Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա արարքում հանցակազմ չլինելու պատճառով:

Հարուցված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Մ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ.ՍԻՄՈՆՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.10.2006
N ՎԲ-273/6
Որոշում