020.0603.230905
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 սեպտեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ստորագրված` Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 1970 թ. հուլիսի 1-ին` Ժնևում:
Համաձայնագիրը բացվել է ստորագրման` մինչև 1971 թ. մարտի 31-ը, իսկ դրանից հետո միանալու` Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն` հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների համար:
Համաձայնագրի նպատակն ուղևորների և բեռների միջազգային ավտոճանապարհային փոխադրումները զարգացնելն ու կատարելագործելն է, ավտոճանապարհային երթևեկության անվտանգությունն ուժեղացնելը, միջազգային ավտոճանապարհային փոխադրումների ոլորտում աշխատանքի որոշակի պայմանները կարգավորող կանոններն Աշխատանքի միջազգային կազմակերպության սկզբունքներին համապատասխանեցնելը և այդ կանոնների պահպանումն ապահովելու համար համատեղ որոշակի միջոցներ ձեռնարկելը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1976 թ. հունվարի 5-ին:
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրը չի ստորագրել:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է հանդիսանում հավելվածը, որը բաղկացած է երկու առդիրներից: Հավելվածով և դրա երկու առդիրներով սահմանվում են տրանսպորտային միջոցում տեղադրվող հսկիչ սարքի տիպային նմուշի հաստատման, տեղադրման և ստուգման ընթացակարգերը, հսկիչ սարքի պատրաստմանը, փորձարկմանը, տեղադրմանը և ստուգմանը, ինչպես նաև գրանցման թերթիկներին, հաստատման նշանին և հաստատման հավաստագրին ներկայացվող պահանջները, հաստատման հավաստագրի ձևը:
2. Համաձայնագիրն ստորագրվել է 1970 թ. հուլիսի 1-ին Ժնևում ստորագրված` ստորագրման արձանագրության միջոցով, որով հավաստվում է համաձայնագրի ստորագրումը նույն օրը և նույն վայրում:
Համաձայնագրի 24 հոդվածի ուժով ստորագրման արձանագրությունը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը և ունի այն նույն ուժը, վավերականությունը և տևողությունը, որն ունի համաձայնագիրը:
Ստորագրման արձանագրությունը, միաժամանակ, հանդես է գալիս որպես համաձայնագիրն ստորագրած երկրների կողմից համաձայնագրի 4-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածների, ինչպես նաև` Շվեյցարիայի կողմից համաձայնագրի հավելվածի վերաբերյալ արված հայտարարություններն ամփոփող միջազգային փաստաթուղթ: Հայտարարությունները հիմնականում իրենցից ներկայացնում են համաձայնագրի կիրառման կապակցությամբ առանձին իրավունքների իրացման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած երկրների իրավաբանորեն ամրագրված մտադրություններ:
3. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- իրենց տարածքներում Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցով իրականացվող ավտոճանապարհային փոխադրումների նկատմամբ կիրառել համաձայնագրի 5, 6, 7, 8, 9 և 10-րդ հոդվածներով նախատեսված դրույթներից ոչ պակաս խիստ դրույթներ,
- երաշխավորել համաձայնագրի 5, 6, 7, 8 և 9-րդ հոդվածներով սահմանված` միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող վարորդների նվազագույն տարիքի և համապատասխան ուսումնական մակարդակի ապահովվածությունը, վարորդների և անձնակազմի անդամների աշխատանքի, ընդմիջումների, հանգստի ժամանակահատվածները, անձանց, տրանսպորտային միջոցի և բեռի անվտանգությունը երաշխավորելու համար համաձայնագրի դրույթներից անհրաժեշտ չափով շեղվելու` վարորդների իրավունքը,
- հանձնարարել իրենց տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցներում տեղադրել և օգտագործել հսկիչ սարք: Դրա նորմալ և պատշաճ օգտագործման հնարավորության բացակայության դեպքում ապահովել անձնակազմի անդամներին գրանցման թերթիկներով:
4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են, մասնավորապես, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (29, 30 հոդվածներ) կոչված են ապահովելու պետությունների միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված` 1970թ. հուլիսի 1-ին Ժնևում ստորագրված` Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ-603