020.0532.231104
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 նոյեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի` Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կամընտիր արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կամընտիր արձանագրությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է 2000թ. մայիսի 25-ին, Նյու Յորքում` մանկավաճառությունը, երեխաների մարմնավաճառությունը և մանկական պոռնոգրաֆիան արգելելու նպատակով: Այն ուժի մեջ է 2002 թ. հունվարի 18-ից:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992 թ. հուլիսի 1-ին, իսկ արձանագրությունն ստորագրել է 2003 թ. սեպտեմբերի 24-ին:
2. Կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- քրեական իրավունքի ոլորտ ընդգրկել մանկավաճառությունը, մարմնավաճառության նպատակով երեխա առաջարկելը, ստանալը, փոխանցելը կամ տրամադրելը, մանկական պոռնոգրաֆիայի նյութեր արտադրելը, բաշխելը, տարածելը, ներմուծելը, արտահանելը, առաջարկելը, վաճառելը կամ պահելը,
- երեխայի որդեգրման հետ կապված ձեռնարկել բոլոր իրավական և վարչական միջոցները,
- անձին քաղաքացիության հիմքով չհանձնելու պարագայում ձեռնարկել պատշաճ միջոցներ քրեական հետապնդում հարուցելու նպատակով գործը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու համար,
- նշված արարքների, դրանց կատարման փորձի և հանցակցության համար սահմանել համարժեք պատժամիջոցներ,
- ձեռնարկել համապատասխան միջոցներ` իր տարածքում կատարված` արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար և այդ հանցագործությունների կատարման նպատակով օգտագործված գույքի, այդ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների առգրավման և բռնագրավման համար,
- ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես` համապատասխան օրենքների, վարչական միջոցների, սոցիալական ռազմավարությունների և ծրագրերի ընդունում ու կիրառում, արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների և դրանց հետևանքների վերաբերյալ հասարակության իրազեկվածության ապահովում,
- ինչպես նաև ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների զոհ հանդիսացող երեխաներին օգնություն տրամադրելու համար: Կողմերը քրեական դատավարության բոլոր փուլերում պետք է ձեռնարկեն այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված պատշաճ միջոցներ:
3. Կամընտիր արձանագրությունը սահմանում է հանցագործությունների քննության գործում միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես` փոխադարձ իրավական օգնություն, արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց հանձնում: Այդ հանցագործությունները` որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառված են համարվում Կողմերի միջև կնքված հանձնման մասին պայմանագրերում և պետք է ներառվեն հետագայում կնքվելիք պայմանագրերում:
Կողմերի միջև միջազգային համագործակցության ուղղություններից է նաև արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների պատճառների վերացումը:
4. Կամընտիր արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացնելու է զեկույց այն միջոցների վերաբերյալ, որոնք ձեռնարկվել են արձանագրության դրույթների կատարման համար:
5. Կամընտիր արձանագրությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը կնպաստի հասարակության և պետության կողմից մանկությունը հովանավորելու և պաշտպանելու` ՀՀ Սահմանադրության պահանջի (հոդված 32) իրացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2000 թ. մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի` Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-533