020.0508.170904
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԹԻՎ 12 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 սեպտեմբերի 2004 թվականի |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2000 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 12 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա Արձանագրությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար բացվել է 2000թ. նոյեմբերի 4-ին` Հռոմում: Արձանագրության նպատակն է բոլոր անձանց իրավահավասարության և խտրականության արգելման` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված երաշխիքների ամրապնդումը:
Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունն ստորագրվել է 2004թ. հունիսի 18-ին` Ստրասբուրգում:
2. Արձանագրությունը հիմնվում է մարդու իրավունքների այն հիմնարար սկզբունքի վրա, ըստ որի` բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքով հավասար պաշտպանության իրավունք ունեն:
Արձանագրությամբ շեշտադրվում է, որ խտրականության արգելման սկզբունքը չի խոչընդոտում Պայմանավորվող պետություններին` ձեռնարկելու լիակատար և արդյունավետ հավասարության ապահովմանն ուղղված միջոցառումներ` պայմանով, որ այդ միջոցառումներն ունենան օբյեկտիվ և ողջամիտ արդարացում:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելն ապահովել առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև ապահովել, որպեսզի որևէ պետական մարմնի կողմից անձի նկատմամբ չդրսևորվի խտրական վերաբերմունք` նշված որևէ հիմքով:
4. Խտրականության համընդհանուր արգելումն ամրագրող` Արձանագրության 1-ին հոդվածը և արձանագրության տարածքային կիրառումը կարգավորող 2-րդ հոդվածը Կոնվենցիայի մասնակից պետությունների հարաբերություններում դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:
5. Արձանագրության նախաբանում հղում է կատարվում օրենքի առջև բոլորի հավասարության և օրենքով հավասար պաշտպանության սկզբունքին: Թեև իրավահավասարության սկզբունքը բացահայտ կերպով ամրագրված չէ ոչ Կոնվենցիայի` խտրականությունն արգելող 14 հոդվածում և ոչ էլ Արձանագրության մեջ, այնուամենայնիվ, այդ սկզբունքը սերտորեն առնչվում է խտրականության արգելման սկզբունքին, և իրավահավասարության սկզբունքի խախտումը հանդիսանում է խտրականություն, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում:
Նախաբանում հղում է կատարվում նաև այն միջոցառումներին, որոնք Պայմանավորվող կողմերը կարող են ձեռնարկել լիակատար և արդյունավետ հավասարություն ապահովելու նպատակով, և միաժամանակ շեշտադրվում է, որ խտրականության արգելման սկզբունքը չի խոչընդոտում նման միջոցառումների իրականացմանը` պայմանով, որ այդ միջոցառումներն ունենան օբյեկտիվ և ողջամիտ արդարացում: Այն փաստը, որ կան անձանց որոշակի խոցելի խմբեր, և գոյություն ունեն de facto անհավասարություններ, կարող է դիտվել որպես որոշակի արտոնություններ սահմանող միջոցառումների օբյեկտիվ և ողջամիտ արդարացում:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել այն, որ խտրականության հասկացության բովանդակությունը ճշգրտվել և հստակեցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքում: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Աբդուլազիզը, Քաբալեսը և Բալկանդալին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1985թ. մայիսի 28-ի վճռում Եվրոպական դատարանը նշել է. «տարբերակումը կամ տարբերությունը հանդիսանում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»: Համանման դիրքորոշում է ամրագրվել նաև Դարբին ընդդեմ Շվեդիայի, 1990թ. հոկտեմբերի 30 /կետ 31/, Կարլեյնզն ընդդեմ Գերմանիայի, 1994թ. հուլիսի 18 /կետ 24/, Շուլեր - Զգրագենն ընդդեմ Շվեյցարիայի, 1993թ. հունիսի 24 /կետ 67/ Եվրոպական դատարանի վճիռներում:
6. Խտրականությունն արգելող ընդհանուր բնույթի դրույթ ամրագրված է նաև Կոնվենցիայի 14 հոդվածում: Ընդ որում, Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված` խտրականության արգելման հիմքերը նույնն են, ինչ Կոնվենցիայի 14 հոդվածով սահմանված հիմքերը: Սակայն, չնայած դրան` Արձանագրության 1-ին հոդվածը երաշխավորում է լրացուցիչ պաշտպանություն ընդդեմ խտրականության: Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորվող լրացուցիչ պաշտպանությունը դրսևորվում է հետևյալում.
- եթե Կոնվենցիայի 14 հոդվածով պետությունները պարտավորվում են ապահովել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներից օգտվելը` առանց այդ հոդվածով նախատեսված որևէ հանգամանքով պայմանավորված խտրականության, ապա Արձանագրության 1-ին հոդվածով պետությունները պարտավորվում են առանց խտրականության ապահովել իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից օգտվելը,
- անձը պաշտպանվում է` ցանկացած պետական մարմնի կողմից ցանկացած ձևով դրսևորվող խտրական վերաբերմունքից:
7. Քննության առարկա Արձանագրությունն ստեղծում է միջազգային իրավական երաշխիք ՀՀ Սահմանադրության 15 և 16 հոդվածներում ամրագրված` բոլոր անձանց իրավահավասարության և խտրականության արգելման սկզբունքների իրացման և Սահմանադրության 4 հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2000 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 12 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
17 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-508