(ուժը կորցրել է 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)
i
040.0646.170504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2004 թվականի N 646-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 8-ի
N 646-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի (այսուհետ` սիրողական որս և ձկնորսություն) իրականացման միջոցները, եղանակները և ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանված սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում նշված վայրի կենդանիները համարվում են որսի տեսակներ:
i
3. Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսը թույլատրվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որսորդական զենքերի օգտագործմամբ:
II. ՈՐՍԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
4. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է`
ա) բնակավայրերից, բնակչության հանգստի գոտիներից, բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներից և ավտոմայրուղիներից որսի նպատակով որսորդական ակոսավոր հրազեն գործադրելը, առնվազն 5000 մետր, իսկ ողորկափող որսորդական հրազենը` 500 մետր հեռավորությունից.
բ) որսն իրականացնել առանց տվյալ անձի որսորդական զենք պահելու և կրելու թույլտվությունն իր հետ ունենալու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սիրողական որս և ձկնորսություն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթղթի.
գ) օրենքով սահմանված կարգով չհաշվառված, օբյեկտների պահպանության համար հատկացված որսորդական հրազենը, ինչպես նաև մարտական զենքը և մարտական փամփուշտը որսի նպատակով գործադրելը.
դ) տվյալ որսատեսակին չհամապատասխանող փամփուշտով կամ տվյալ զենքի համար նախատեսված հեռահարությունից ավելի հեռու գտնվող կենդանիների վրա կրակելը.
ե) ջրային տարածքներում, կերհանդակներում (արոտավայրերում և խոտհարքներում) և ցանկատարածքներում ակոսափող որսորդական հրազեն գործադրելը.
զ) աղեղներ, ծուղակներ (փոսեր), ցանցեր և օղակներ կիրառելը.
է) ծխի, քիմիական և պայթուցիկ նյութերի կիրառմամբ վայրի կենդանիների որսը` բացառությամբ հոտավետ խայծերի.
ը) որսի ժամանակ լուսարձակներ կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառելը.
թ) մեխանիկական տրանսպորտային միջոցներ կիրառելը.
ժ) ձվեր հավաքելը, ձագերին բներից հանելը, կենդանիների բները ու որջերը քանդելը.
ժա) կենդանիների ապրելավայրերը և հավաքատեղերը վնասելն ու ոչնչացնելը.
ժբ) բնական աղետներից փրկվող և այլ անօգնական վիճակում գտնվող կենդանիների որսը.
ժգ) էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքեր և մագնիտոֆոններ կիրառելը.
ժդ) առանց թույլտվության վայրի կենդանիներին անազատ պայմաններում պահելը.
ժե) էլեկտրական հոսանքով որս կատարելը:
III. ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ՈՐՍԱՇՐՋԱՆԸ)
5. Յուրաքանչյուր տարվա համար սիրողական որսի որսաշրջանը սահմանում է կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
6. Որսաշրջանի բացումից առնվազն 2 ամիս առաջ լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանում է որսորդական տեսակների ցանկը, յուրաքանչյուր որսորդական տեսակի որսի ժամկետները, չափաքանակները և վայրերը, որի մասին առնվազն մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով ծանուցում է հասարակայնությանը:
7. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների յուրաքանչյուր տեսակի որսի և ձկնորսության ժամկետները, չափաքանակները և վայրերը, յուրաքանչյուր ներկայացված հայտի դեպքում, նշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին կնքված պայմանագրում:
IV. ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Որսորդների պարտավորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
V. ՈՐՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
9. Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության իրավունք ունեն սույն կանոններին իրազեկ այն անձինք, ովքեր ունեն որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել են բնօգտագործման վճարները և կնքել սիրողական որսի ու ձկնորսության պայմանագիր, կամ հանդիսանում են այդպիսի պայմանագիր կնքած իրավաբանական անձի անդամներ (աշխատողներ):