110.0203.220415
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 04 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11015140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 մարտի 2015 թվականի N 203-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման կարգը»` համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Աբրահամյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2015 թ. մարտի 27-ի
N 203-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց (այսուհետ` շրջանավարտ) պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման ընդհանուր պայմանները:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)
(2-րդ կետը փոփ. 29.08.18 թիվ 1071-Ն, 19.02.2020 թիվ 03-Ն, 28.07.2020 թիվ 17-Ն հրամաններ)
3. Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը (այսուհետ` շրջանավարտ) կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպած պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին, եթե վերջին 10 տարվա ընթացքում ունի ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ:
(3-րդ կետը փոփ. 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)
3.1. Սույն կարգի 3-րդ կետի պայմանները չբավարարելու դեպքում շրջանավարտը կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի պահանջների և առնվազն մեկ ուսումնական տարի ուսումնառելուց հետո մասնակցել իր ուսանողական իրավունքը վերականգնած ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ատեստավորմանը:
(3.1-ին կետը լրաց. 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)
4. Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով և հաստատվում քննությունների կազմակերպման ընթացակարգ:
(4-րդ կետը փոփ. 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)
5. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներ` ոչ ուշ, քան դրանց աշխատանքները սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետում:
6. Պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ նշանակվում է նախարարի հրամանով:
7. Հանձնաժողովի անդամների անվանական կազմը հաստատում է ընտրված միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը` պետական ամփոփիչ հանձնաժողովի աշխատանքներն սկսելուց առնվազն երկու շաբաթ առաջ:
8. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտը, նախարարի կողմից սահմանած ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում.
1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ.
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի).
5) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք:
(8-րդ կետը փոփ. 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)
9. Շրջանավարտը պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները հանձնում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: ՈՒսումնական հաստատությունների ցանկը հաստատում է նախարարը:
10. Պետական ամփոփիչ ատեստավորման անցկացման ժամկետները` ընդունող հանձնաժողովի առաջարկությամբ հաստատվում է նախարարի հրամանով:
11. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ատեստավորմանը մասնակցող շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորումն(ները) անցկացվում է բանավոր` նախարարի կողմից հաստատված հարցաշարի(երի) հիման վրա, որը հաստատվում է ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ և տեղադրվում է նախարարության պաշտոնական կայք էջում: Հարցաշարը(երի) ներառում է (են) առանձին մասնագիտական առարկաների հիմնական բովանդակությանը համապատասխանող հարցեր, որոնք բխում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված որակավորման բնութագրից:
(11-րդ կետը փոփ. 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)
12. Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գնահատվում են (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում նույն օրը` պետական ամփոփիչ հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո:
13. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններից դրական գնահատական ստացած շրջանավարտին ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում:
14. Պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` տվյալների ամփոփման և համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից պետական նմուշի դիպլոմ շնորհելու վերաբերյալ (նախկին դիպլոմի ներդիրի գնահատականները պահպանվում են):
15. Պետական ամփոփիչ ատեստավորումից անբավարար գնահատական ստացած շրջանավարտին տվյալ ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
(հավելվածը փոփ. 21.11.2022 թիվ 44-Ն հրաման)