01.02.1997 - 30.12.1998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«19» հուլիսի 1993 թ. Հ.Ն-0897-I
ԳԼՈՒԽ 1
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի խնդիրները |
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը նպատակ ունի ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանությունը, տնտեսական անվտանգությունը, ներքին շուկայի պաշտպանվածությունը, խթանելու հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացումը, սահմանելու մաքսային և այլ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները մաքսային գործի բնագավառում:
Հոդված 2. |
Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
1) «Ներմուծում Հայաստանի Հանրապետություն և արտահանում Հայաստանի Հանրապետությունից» - Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և այլ առարկաների փաստացի տեղափոխումը.
2) «Տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության տարածքով» - Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկու կետերի միջև` առանց բեռնագիրը փոխելու.
3) «Տեղափոխում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով» - ապրանքների և այլ առարկաների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, արտահանումը այդ տարածքից կամ տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով ցանկացած տեսակի փոխադրամիջոցով, ներառյալ խողովակաշար փոխադրամիջոցները և էլեկտրահաղորդման գծերը.
4) «Բացթողում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով» - մաքսատան կամ մաքսային կետի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ այդ տարածքի սահմաններից դուրս ապրանքների և այլ առարկաների բացթողումը.
i
5) «Ազատ շրջանառություն» - Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կամ այդ տարածքի սահմաններից դուրս առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների և այլ առարկաների տնօրինումը.
6) «Ժամանակավոր ներմուծում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և ժամանակավոր արտահանում այդ տարածքից» - ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` այդ տարածքից հետադարձ արտահանման պայմանով, և արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` այդ տարածք հետադարձ ներմուծման պայմանով.
7) «Մաքսային հսկողության գոտի» - Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերի տարածք կամ մաքսային հսկողության ենթակա ապրանքների և այլ առարկաների մաքսային պահպանման տարածք.
8) «Հայտարարատու» - ապրանքների կամ այլ առարկաների հայտարարագրումն իրականացնող քաղաքացի, ձեռնարկություն, հիմնարկ կամ կազմակերպություն.
9) «Ապրանքներ» - քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը պատկանող գույքը, որը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
10) «Առարկա» - ոչ իրացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող յուրաքանչյուր առարկա.
11) «Իրեր» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման առարկաներ, այդ թվում անհատական օգտագործման փոխադրամիջոցներ.
12) «Փոխադրամիջոցներ» - Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործող կամ այդ տարածքից դուրս եկող այն փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջազգային փոխադրումների կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս այլ տնտեսական գործունեության համար, եթե սույն օրենսգրքում այլ բան չի նախատեսված.
13) «Արժույթ և արժեքներ» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող հայրենական արժույթ, արտարժույթ և այլ արժութային արժեքներ, որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
14) «Ժառանգական գույք» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող առարկաներ, որոնք մտնում են արտասահմանում կամ Հայաստանի Հանրապետությունում բացված ժառանգական գույքի կազմի մեջ.
15) «Միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին ու ներկայացուցչություններին պատկանող առարկաներ» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող առարկաներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների, դրանց առընթեր գործող այլ ներկայացուցչությունների պաշտոնեական կամ ծառայողական օգտագործման համար:
i
Հոդված 3. |
Մաքսային քաղաքականությունը և մաքսային գործը |
Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է միասնական մաքսային քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունում մաքսային քաղաքականությունն իրականացվում է սույն օրենսգրքին, «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և մյուս օրենքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգը, մաքսային հարկումը, ձևակերպումը, հսկողությունը և մաքսային քաղաքականության կենսագործման մյուս միջոցները կազմում են մաքսային գործը:
Հայաստանի Հանրապետության մաքսային գործը զարգանում է միջազգային պրակտիկայում ընդունված նորմերի ու չափանիշների հետ ներդաշնակեցման և համապատասխանեցման սկզբունքով, մաքսային գործի միջազգային համագործակցությանը Հայաստանի Հանրապետության գործուն մասնակցությամբ:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը |
Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է միասնական մաքսային տարածք:
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի շրջանակները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն են: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել ազատ մաքսային գոտիներ: Ազատ մաքսային գոտիների իրավական կարգավիճակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
Հոդված 5. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե սույն օրենսգրքով կամ մաքսային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանվում են այլ կանոններ, քան այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:
ԳԼՈՒԽ 2
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 6. |
Մաքսային գործի ղեկավարումը |
Մաքսային գործի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և Հայաստանի Հանրապետության կառավարման բարձրագույն մարմինները:
i
Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները |
Մաքսային գործը անմիջականորեն իրագործում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հանդիսանում են իրավապահ մարմիններ:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները կազմում են միասնական հանրապետական համակարգ, որը ներառում է`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը,
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները,
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսային կետերը:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի պետական կառավարման կենտրոնական մարմինն է:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները և մաքսային կետերը Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:
Ելնելով Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության զարգացման նպատակներից, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները և մաքսային կետերը գործում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող տարածքների սահմաններում:
Հայաստանի Հանրապետության մաքսասակագնային հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակման, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերով սահմանված այլ խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն առընթեր գործում է մաքսասակագնային խորհուրդ: Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Մաքսասակագնային խորհրդի խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության մաքսասակագնային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների, ներառյալ մաքսատուրքեր սահմանելու, վերացնելու և փոփոխելու, սակագնային արտոնությունների և առավելությունների մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սակագնի անվանացանկի փոփոխությունների մասին առաջարկությունների մշակումը.
2) մաքսասակագնային կարգավորման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը.
3) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքներ և այլ առարկաներ ներմուծելիս և այդ տարածքից արտահանելիս ընդհանուր հանրապետական շուկայի պաշտպանության միջոցառումների մշակումը.
4) մաքսային գործին առընչվող այլ խնդիրների վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
Թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության իրավապահ և պետական այլ մարմինների համագործակցության ապահովման նպատակով ստեղծվում է հանրապետական համակարգիչ խորհուրդ: Թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանրապետական համակարգիչ խորհրդի կազմը հաստատում և նրա գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հիմնական խնդիրները |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանությունը և տնտեսական անվտանգությունը, հանրապետական շուկայի պաշտպանվածությունը.
2) ապահովել մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրականացումը.
3) ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս մաքսասակագնային մեխանիզմի իրականացումը, ապրանքների և այլ առարկաների ներմուծման ու արտահանման թույլտվության կարգի արդյունավետ կիրառումը, մաքսատուրքերի և մաքսավճարների հավաքումը և մուծումը Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե.
4) կատարելագործել մաքսային հսկողության ու ձևակերպման մեխանիզմները, ստեղծել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմաններ.
5) պայքարել մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս մաքսային կանոնների խախտումների դեմ, աջակցել միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին ու կասեցնել ապօրինի միջամտությունը միջազգային տրանսպորտային հաղորդակցության միջոցների գործունեությանը.
6) աջակցել Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանը.
7) աջակցել ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացմանը.
8) ապահովել մաքսային գործին վերաբերող հարցերով պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների իրազեկությունը և դրանց համար մասնագետների պատրաստումը.
9) ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը մաքսային գործին վերաբերող մասերում, համագործակցությունը օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.
10) վարել Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրությունը.
11) կատարել մաքսային գործի վերլուծական, հետազոտական և խորհրդատվական աշխատանքներ:
i
Հոդված 9. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում որպես պաշտոնատար անձ կարող է աշխատել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց շնորհվում են հատուկ կոչումներ: Հատուկ կոչումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսվում է ծառայողական համազգեստ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կանոնները` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:
Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները կիրառվում են նաև մաքսային լաբորատորիաների ղեկավարների ու մասնագետների նկատմամբ:
i
Հոդված 10. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրենց ապօրինի գործողությունների համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Հոդված 11. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների գանգատարկումը |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների վերաբերյալ գանգատները քննության են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 12. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տարբերանշանը |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների օգտագործման տակ գտնվող տրանսպորտային միջոցները ունեն իրենց տարբերանշանը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
i
Հոդված 13. |
Մաքսային վարչության մաքսատների և մաքսային կետերի գտնվելու վայրը |
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները և մաքսային կետերը գտնվում են`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրա` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն անցակետերում, որոնցով իրականացվում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի այլ շրջաններում.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրա գտնվող այն կետերում, որոնք ազատ մաքսային գոտիների սահմաններ են, ինչպես նաև ազատ մաքսային գոտիների տարածքում:
ԳԼՈՒԽ 3
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 14. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների համագործակցությունը այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները իրենց խնդիրների իրականացման նպատակով համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ:
Հոդված 15. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների համագործակցությունն արտասահմանյան պետությունների մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ |
Իրենց լիազորություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համագործակցում են արտասահմանյան պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ:
i
ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
i
Հոդված 16. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման ընդհանուր դրույթները |
i
Սույն օրենսգրքով, «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող է տեղափոխվել ցանկացած ապրանք կամ այլ առարկա, որի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից արգելված կամ սահմանափակված չէ, ինչպես նաև ցանկացած ապրանք կամ այլ առարկա, որի տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով արգելված չէ:
Ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են մաքսային հսկողության ներքո: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը կատարվում է մաքսատների և մաքսային կետերի գտնվելու վայրում: Այլ վայրերով ապրանքներն ու այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել միայն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության թույլտվությամբ: Մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը ենթակա է մաքսային ձևակերպման:
Ապրանքների և այլ առարկաների առանձին տեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կարող է արգելվել կամ սահմանափակվել, իսկ տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով` արգելվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 17. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը |
Տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող տրանսպորտային միջոցները (ներառյալ անհատական օգտագործման փոխադրամիջոցները) կանգնեցվում են այդ սահմանի վրա մաքսատան կամ մաքսային կետի գտնվելու վայրում` համապատասխան մաքսային գործողություններ կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում փոխադրամիջոցների կանգառի տևողությունը, բացի անհատական օգտագործման փոխադրամիջոցներից, և այդ կանգառի տեղը որոշում է համապատասխան տրանսպորտային ձեռնարկությունը` սահմանապահ զորքերի, մաքսատան կամ մաքսային կետի և մյուս շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ, հաշվի առնելով մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ ժամանակը: Կանգառի տևողությունը չի կարող կրճատվել ի վնաս մաքսային հսկողության ու ձևակերպման իրականացման: Տրանսպորտային միջոցների, ներառյալ անհատական օգտագործման փոխադրամիջոցների, մեկնումը այդպիսի կետից կատարվում է մաքսատան կամ մաքսային կետի և սահմանապահ զորքերի թույլտվությամբ:
Հոդված 18. |
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների և այլ առարկաների ներմուծման և արտահանման կարգը |
Ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվում են և այդ տարածքի սահմաններից արտահանվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:
i
Հոդված 19. |
Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների և այլ առարկաների տարանցիկ փոխադրման կարգը |
Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների և այլ առարկաների տարանցիկ փոխադրման երթուղիների և ուղղությունների ցանկը, տարանցիկ փոխադրման մյուս պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
Հոդված 20. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրերի տեղափոխման կարգը |
Քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անարգել տեղափոխել ցանկացած իր, բացի այն իրերից, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից արգելված է կամ սահմանափակված, ինչպես նաև այն իրերից, որոնց տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով արգելված է:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրերի առանձին տեսակների տեղափոխման քանակային և արժեքային սահմանափակումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
i
Հոդված 21. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արժույթի և արժեքների տեղափոխման կարգը |
Արժույթը և արժեքները կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվել և այդ տարածքի սահմաններից արտահանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 22. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ժառանգական գույքի տեղափոխման կարգը |
Հայաստանի Հանրապետությունում կամ արտասահմանում բացված ժառանգության կազմի մեջ մտնող գույքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող է տեղափոխվել սույն օրենսգրքի 20 և 21 հոդվածներով սահմանված կարգով:
Արտասահմանում բացված ժառանգական գույքի կազմի մեջ մտնող ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար հիմք են հանդիսանում ժառանգման իրավունքի և ժառանգական գույքի կազմին այդ ապրանքների և այլ առարկաների պատկանելու մասին սահմանված կարգով օրինականացված փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետությունում բացված ժառանգական գույքի կազմի մեջ մտնող ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար հիմք են հանդիսանում ժառանգական իրավունքի և այդ ապրանքների ու այլ առարկաների ժառանգական գույքի կազմին պատկանելու մասին փաստաթղթերը:
Հոդված 23. |
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգը |
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող և միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում չգտնվող քաղաքացիների կողմից որպես ձեռքի ուղեբեռ և ուղեկցվող ուղեբեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առարկաներ տեղափոխելիս կիրառվում են սույն օրենսգրքի 20 և 21 հոդվածների դրույթները:
i
ԳԼՈՒԽ 5
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Հոդված 24. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների բացթողման ընդհանուր դրույթները |
Ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց են թողնվում`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կամ այդ տարածքի սահմաններից դուրս ազատ շրջանառության համար.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծելու կամ այդ տարածքի սահմաններից ժամանակավոր արտահանելու նպատակով.
3) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրելու նպատակով:
Ապրանքները և այլ առարկաները բաց են թողնվում մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո այն ծավալով, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նրանց տեղափոխման նպատակին:
Այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնց նկատմամբ մաքսատուրք գանձելու առումով արտոնություններ են սահմանված, կարող են օգտագործվել միայն այն նպատակներով, որոնց կապակցությամբ տրվել են այդ արտոնությունները: Ապրանքների և այլ առարկաների օգտագործումն այլ նպատակներով թույլատրվում է համապատասխան մաքսային ձևակերպումը կատարելուց հետո:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով չեն կարող բաց թողնվել այն ապրանքներն ու այլ առարկաները`
1) որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրումը նրա տարածքով արգելված է.
2) որոնց վերաբերյալ մաքսային ձևակերպում չի կատարվել.
3) որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի դրույթների խախտումով:
i
Հոդված 25. |
Ազատ շրջանառության համար թույլտվությունը |
Ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց են թողնվում այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնց համար`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու կամ այդ տարածքի սահմաններից արտահանելու համար մուծված են մաքսատուրք կամ մաքսավճարներ, եթե «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերին համապատասխան այդպիսի ապրանքներ և այլ առարկաները ենթակա են մաքսատուրքի կամ մաքսավճարների.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու կամ այդ տարածքի սահմաններից արտահանելու համար մաքսատանը կամ մաքսային կետին ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքեր:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնք ենթակա են մաքսատուրքի ու մաքսավճարի, կարող են ազատ շրջանառության համար բաց թողնվել առանց այդ մաքսատուրքերը և մաքսավճարները մուծելու, եթե «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը կամ քաղաքացուն տրամադրվել է մաքսատուրքի և մաքսավճարների մուծումը հետաձգելու կամ մաս-մաս վճարելու իրավունք:
Ապրանքներն ու այլ առարկաները կարող են ազատ շրջանառության համար մաքսատանը կամ մաքսային կետում հայտարարագրվել`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելիս.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծելու կամ այդ տարածքի սահմաններից ժամանակավոր արտահանելու թույլտվությունից հետո.
3) մաքսային հսկողության տակ պահելու ժամկետի ընթացքում:
Հոդված 26. |
Բացթողումը ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման նպատակով |
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող կամ այդ տարածքի սահմաններից ժամանակավոր արտահանվող ապրանքներն ու այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց են թողնվում բացթողման օրվանից սկսած մեկ տարին չգերազանցող ժամկետով: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և քաղաքացու դիմումով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը կարող է երկարացնել այդ ժամկետը` ելնելով այդ ապրանքների և այլ առարկաների օգտագործմամբ իրականացվող տնտեսական, գիտական, մարդասիրական և գործունեության մյուս տեսակների տևողությունից:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը նախատեսում է այն դեպքերը, երբ ապրանքների և այլ առարկաների ժամանակավոր ներմուծումն ու ժամանակավոր արտահանումը թույլատրվում են հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորությամբ: Նման դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնվող ապրանքներն ու այլ առարկաները պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ այդ տարածքի սահմաններից դուրս տեղափոխվեն առանց որևէ փոփոխության, բացի բնական մաշվածությունից ու ձևափոխությունից:
Մինչև սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետների լրանալը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման նպատակով բաց թողնված ապրանքներն ու այլ առարկաները պետք է դուրս բերվեն այդ տարածքի սահմաններից կամ մաքսատանը կամ մաքսային կետում հայտարարագրված լինեն ազատ շրջանառության համար կամ հանձնված լինեն մաքսատուն կամ մաքսային կետ պետական սեփականության վերածելու համար կամ հանձնված լինեն մաքսատուն կամ մաքսային կետ պահպանման համար կամ ոչնչացված լինեն մաքսատան կամ մաքսային կետի հսկողության ներքո, եթե այդպիսի ապրանքներն ու այլ առարկաները չեն կարող օգտագործվել որպես իրեր և նյութեր:
Այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնք ժամանակավոր արտահանման նպատակով բաց են թողնվել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմանից դուրս մինչև սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետների լրանալը, պետք է պարտադիր ներմուծված լինեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ էլ մաքսատանը կամ մաքսային կետում հայտարարագրված լինեն այդ տարածքի սահմաններից դուրս ազատ շրջանառության համար կամ մաքսատանը կամ մաքսային կետում հայտարարագրված լինեն որպես Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից դուրս կորսված կամ ոչնչացված, եթե կորստի կամ ոչնչացման փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:
Հոդված 27. |
Տարանցիկ փոխադրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների և այլ առարկաների բացթողումը |
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով բաց են թողնվում այն ապրանքները և այլ առարկաները, որոնց համար`
1) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով մաքսատանը կամ մաքսային կետում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքեր.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման մաքսային ձևակերպման համար մաքսատանը կամ մաքսային կետին մուծվել են մաքսավճարներ:
i
ԳԼՈՒԽ 6
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
i
Հոդված 28. |
Ընդհանուր դրույթներ մաքսային հսկողության մասին |
Պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն:
Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող քաղաքացիների, փոխադրամիջոցների, ապրանքների և այլ առարկաների հաշվառման, մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգման, մաքսային զննության միջոցով, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված այլ ձևերով:
Հսկողություն իրականացնելիս կիրառվում են մարդու կյանքի, առողջության, կենդանիների և բույսերի համար անվտանգ, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին նյութական վնաս չհասցնող տեխնիկական միջոցներ:
Մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից իրականացվող հսկողության մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:
Հոդված 29. |
Ապրանքների և այլ առարկաների մաքսային հսկողության տակ գտնվելու ժամանակաշրջանը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն ու այլ առարկաները մաքսային հսկողության տակ են գտնվում`
1) ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու դեպքում` ներմուծման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումը.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ազատ շրջանառության համար արտահանելու դեպքում` մաքսատանը կամ մաքսային կետում ապրանքների կամ այլ առարկաների և այդպիսի ապրանքների կամ այլ առարկաների մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից.
3) ժամանակավոր Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու պահից մինչև արտահանումը Հայաստանի Հանրապետությունից.
4) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանման դեպքում` մաքսատանը կամ մաքսային կետում ապրանքների և այլ առարկաների մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև հետադարձ ներմուծման դեպքում բացթողումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
5) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետություն ներմուծելու պահից մինչև Հայաստանի Հանրապետությունից արտահանելը:
i
Հոդված 30. |
Մաքսային հսկողության գոտիները |
Մաքսային հսկողության գոտիները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մաքսային վարչության առաջարկությամբ: Մաքսային հսկողության ներքո ապրանքների և այլ առարկաների պահպանումն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տարածքում կամ շենքում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն է որոշում մաքսային հսկողության գոտիների տարածքը:
Ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը մաքսային սահմանով իրականացվում է մաքսատան կամ մաքսային կետի հսկողության ներքո:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները մաքսային հսկողության գոտում իրենց վերապահված իրավասության սահմաններում կարող են գործողություններ կատարել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ:
Հոդված 31. |
Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ տեղափոխող քաղաքացիները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող քաղաքացիները պարտավոր են մաքսատանը կամ մաքսային կետում ներկայացնել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան:
i
Հոդված 32. |
Ապրանքների և այլ առարկաների զննումը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման օրինականության ստուգման, հաշվառման, մաքսատուրքերով ու մաքսավճարներով հարկման նպատակով մաքսատունը կամ մաքսային կետն իրավունք ունեն կատարելու փոխադրամիջոցների, ապրանքների և այլ առարկաների զննում:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ ու այլ առարկաներ տեղափոխող կամ դրանց պահպանումն իրականացնող ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ներկայացուցիչը պարտավոր է ներկա գտնվել զննությանը:
Այն դեպքում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքացին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է այնպիսի առարկաներ, որոնք այլ պետական մարմինների կողմից ենթակա են հսկողության կամ հաշվառման կամ մաքսատուրքով հարկման, ինչպես նաև առարկաներ, որոնց տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արգելված է կամ սահմանափակված, մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը իրավունք ունի կատարելու այդ իրերի զննում` բացելով ուղեբեռը:
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար արգելված առարկաների տեղափոխումը կանխելու նպատակով զննության կարող են ենթարկվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող և միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղևորության գոտում գտնվող քաղաքացիների իրերը:
Քաղաքացու իրերի զննությունը կատարվում է միայն այդ քաղաքացու կամ լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:
Եթե քաղաքացին կամ նրա լիազոր ներկայացուցիչը բացակայում են, իրերի զննումը կատարվում է`
1) այն դեպքում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ չուղեկցվող ուղեբեռը պարունակում է այնպիսի առարկաներ, որոնք մարդու կյանքի և առողջության, կենդանիների ու բույսերի համար վտանգ են ներկայացնում կամ կարող են նյութական վնաս հասցնել քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին.
2) չուղեկցվող ուղեբեռով իրերի ստացման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում քաղաքացու կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալու դեպքում.
3) միջազգային փոստառաքումով իրերի առաքման դեպքում:
Քաղաքացու կամ նրա լիազոր ներկայացուցչի բացակայության դեպքում իրերի զննումը կատարվում է այդպիսի իրերի փոխադրումը, առաքումը կամ դրանց պահպանումն իրականացնող ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ներկայացուցիչների ներկայությամբ:
i
Անձի քննումը որպես մաքսային հսկողության բացառիկ ձև թույլատրվում է կատարել մաքսատան կամ մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային հսկողության գոտում գտնվող կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղևորության գոտում գտնվող քաղաքացին իր մոտ թաքցնում է մաքսանենգության առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար:
Քննումը սկսելուց առաջ մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է քաղաքացուն ներկայացնել մաքսատան կամ մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշումը, քաղաքացուն ծանոթացնել այդպիսի քննության ընթացքում նրա իրավունքների ու պարտականությունների հետ, առաջարկել կամավոր հանձնել թաքցրած առարկաները:
Անձի քննությունը կատարվում է քննվողի հետ նույն սեռին պատկանող մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի երկու ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննությանը չմասնակցող քաղաքացիների մուտքն այդ սենյակ և այդպիսի քաղաքացիների կողմից անձի քննությանը ներկա գտնվելու հնարավորությունը պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն բուժաշխատողի կողմից:
Անձի քննության մեթոդիկան սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության հետ:
Հոդված 35. |
Մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձանց մուտքը ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության տարածք կամ շենքեր |
Մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձինք մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով մտնել ցանկացած ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության այն տարածքը կամ այն շենքերը, որոնք գտնվում են մաքսային հսկողության գոտիներում և կամ որտեղ գտնվում են մաքսային հսկողության ենթակա առարկաներ:
Հոդված 36. |
Մաքսային ապահովումներ |
Այն փոխադրամիջոցների, շենքերի, տարողությունների և այլ տեղերի վրա, որոնք պարունակում են մաքսային հսկողության ենթակա և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց չթողնված ապրանքներ և այլ առարկաներ, մաքսատան կամ մաքսային կետի կողմից կարող են դրվել կնիքներ, կապարակնիքներ և մաքսատան կամ մաքսային կետի այլ ապահովումներ:
Հոդված 37. |
Մաքսանենգությունից բացի այլ հանցագործությունների մասին համապատասխան իրավապահ մարմիններին հայտնելը |
Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսանենգությունից բացի այլ հանցագործությունների նշաններ հայտնաբերելու դեպքում մաքսատան կամ մաքսային կետի պետը կամ նրա տեղակալը ձեռք բերված տեղեկությունների մասին պարտավոր է հայտնել համապատասխան իրավապահ մարմիններին:
Հոդված 38. |
Մաքսային հսկողությունից ազատելը |
Մաքսատունը կամ մաքսային կետը մաքսային հսկողության բոլոր միջոցները կամ առանձին միջոցներ չի կիրառում սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված դեպքերում միայն:
Մաքսային հսկողություն չկիրառելը չի նշանակում, որ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք և քաղաքացիները ազատվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգը պահպանելու պարտավորությունից:
Հոդված 39. |
Ռազմական տեխնիկան զննումից ազատելը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական օդանավերը մաքսային զննության ենթակա չեն: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական և ռազմափոխադրական այն օդանավերը, որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարության համաձայն կատարում են ռազմաօպերատիվ բնույթի առաջադրանքներ, ինչպես նաև երթուղով շարժվող ռազմական տեխնիկան, ազատվում են զննությունից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող զինծառայողներին պատկանող իրերը ենթակա են զննության, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Այն զորամասերի հրամանատարները, որոնց կազմում ուղարկվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ռազմական տեխնիկա, պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքի և մաքսային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի դրույթների պահպանման համար:
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնող օտարերկրյա ռազմական և ռազմափոխադրական օդանավերը, ինչպես նաև ռազմական տեխնիկան զննության ենթակա չեն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:
i
ԳԼՈՒԽ 7
ՄԱՔՍԱՏՈՒՐՔ ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐ
i
Հոդված 40. |
Ապրանքների և այլ առարկաների վրա մաքսատուրք դնելը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և այլ առարկաները հարկվում են մաքսատուրքով` «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
Հոդված 41. |
Մաքսատան կամ մաքսային կետի վրա դրված պարտականությունների կատարման համար գանձվող մաքսավճարները |
Փոխադրամիջոցների (այդ թվում` անհատական օգտագործման), ապրանքների, ժառանգական գույքի, ինչպես նաև չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստառաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող իրերի մաքսային ձևակերպման և պահպանման համար գանձվում են մաքսավճարներ:
Հոդված 42. |
Մաքսային գործի բնագավառում ծառայություններ մատուցելու համար գանձվող մաքսավճարները |
Մաքսային ձևակերպման վայրերից դուրս կամ մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման համար, մաքսատան կամ մաքսային կետի պատասխանատվությամբ ապրանքները և այլ առարկաները պահպանման հանձնելու համար, եթե դա պարտադիր չէ սույն օրենսգրքին համապատասխան, գանձվում են մաքսավճարներ:
Հոդված 43. |
Այն արժույթը, որով մուծվում են մաքսատուրքերը և մաքսավճարները |
Վճարողի ցանկությամբ մաքսատուրքերը և մաքսավճարները կարող են մուծվել ինչպես հայրենական արժույթով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից գնվող արտարժույթով, իսկ արտաքին առևտրական գործարքների օբյեկտ հանդիսացող ապրանքների մաքսային ձևակերպման համար գանձվող վճարները` արտարժույթով: Այն դեպքերը, երբ մաքսատուրքերի և մաքսավճարների մի մասը պետք է մուծվի արտարժույթով, որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Արտարժույթի վերահաշվարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` մաքսատան կամ մաքսային կետի կողմից մաքսատուրքերի կամ մաքսավճարների մուծման պահանջի ներկայացման պահին սահմանված փոխարժեքով:
Հոդված 44. |
Մաքսատուրքերի և մաքսավճարների մուծման հետաձգումը և մաս-մաս մուծումը |
Ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հայտարարության հիման վրա մաքսատան կամ մաքսային կետի պետը իրավունք ունի թույլատրել մաքսատուրքի և մաքսավճարի ամբողջ գումարի մուծումը հետաձգել մինչև մեկ ամսով կամ այն մուծել մաս-մաս` մեկ ամիսը չգերազանցող ժամկետում: Նման դեպքերում մաքսատունը կամ մաքսային կետը կարող է պահանջել մաքսատուրքերը և մաքսավճարները մուծելու պարտավորությունների կատարման երաշխիք:
i
Հոդված 45. |
Մաքսավճարների օգտագործումը |
Մաքսավճարները օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի զարգացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը նախապատրաստում և հրապարակում է մաքսավճարների գանձման շնորհիվ ստացված միջոցների ծախսման մասին տարեկան հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 8
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 46. |
Մաքսային ձևակերպման կարգը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման նկատմամբ մաքսային հսկողության ապահովման, դրանք մաքսային տարածք ներմուծելու, մաքսային սահմաններից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման պետական կարգավորման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձինք կատարում են մաքսային ձևակերպման գործողություններ:
Մաքսային ձևակերպման գործողությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 47. |
Մաքսային ձևակերպումն իրականացնելու տեղը և ժամանակը |
Մաքսային ձևակերպումը կատարվում է մաքսատան կամ մաքսային կետի աշխատաժամանակի ընթացքում և այնպիսի տեղում, որը հաստատում է մաքսատունը կամ մաքսային կետը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելով:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների խնդրանքով մաքսային ձևակերպումը կարող է կատարվել այլ տեղերում և այլ ժամանակ:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը ապրանքների ու այլ առարկաների առանձին տեսակների մաքսային ձևակերպումը կարող է թույլատրել որոշակի մաքսատներում կամ մաքսային կետերում:
Հոդված 48. |
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիների ներկայությունը մաքսային ձևակերպման ժամանակ |
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք համապատասխան լիազորություններ ունեն մաքսային ձևակերպման ենթակա ապրանքների ու այլ առարկաների նկատմամբ, իրավունք ունեն ներկա գտնվելու նման ձևակերպմանը:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային ձևակերպմանը ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիների ներկայությունը պարտադիր է:
i
Հոդված 49. |
Մաքսային ձևակերպման լեզուն |
Սույն օրենսգրքով նախատեսված մաքսային փաստաթղթերը ձևակերպվում են հայերեն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջազգայնորեն ճանաչված որևէ լեզվով:
Հոդված 50. |
Բեռնային գործողությունները |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ ու այլ առարկաներ փոխադրող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին մաքսատան կամ մաքսային կետի պահանջով պարտավոր է կատարել մաքսային ձևակերպման ենթակա ապրանքների ու այլ առարկաների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, ապրանքների և այլ առարկաների փաթեթավորումը, վերափաթեթավորումը, ինչպես նաև բացել այն շենքերը, տարողությունները և մյուս տեղերը, որոնք կարող են պարունակել նման ապրանքներ և այլ առարկաներ:
Այն ապրանքների և այլ առարկաների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը կամ վերափաթեթավորումը, որոնց մաքսային ձևակերպումը ավարտված չի եղել, ինչպես նաև այդ ապրանքների ու այլ առարկաների կամ դրանց փաթեթների նույնացման նշանների կամ պիտակների փոփոխումը կարող է կատարվել միայն մաքսատան կամ մաքսային կետի թույլտվությամբ:
Հոդված 51. |
Այլ պետական մարմինների մասնակցությունը մաքսային ձևակերպմանն ու հսկողությանը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից անասնաբուժական, բուսական-սանիտարական և այլ տեսակի հսկողություն իրականացնելուց հետո միայն կարող է մաքսային ձևակերպումը համարվել ավարտված:
Հոդված 52. |
Փորձանմուշներ և նմուշներ վերցնելը |
Ապրանքների և այլ առարկաների վրա մաքսատուրք դնելու, մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության, ինչպես նաև հայրենական սպառողների շահերի պաշտպանության ապահովման նպատակով մաքսատունը կամ մաքսային կետը իրավունք ունի վերցնելու ապրանքների և այլ առարկաների փորձանմուշներ, իսկ մաքսատան լաբորատորիաները` կատարելու դրանց մասնագիտական հետազոտում:
Փորձանմուշներն ու նմուշները վերցվում են հետազոտումը ապահովող նվազագույն քանակությամբ: Փորձանմուշներ և նմուշներ վերցնելը, դրանց հետազոտումը, ինչպես նաև և տնօրինումը չպետք է անհիմն ձգձգեն ապրանքների և այլ առարկաների բացթողումը:
Ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է տեղեկացվեն կատարված հետազոտման արդյունքների և դրանցից վերցված փորձանմուշների հետագա տիրապետման մասին:
Այն ապրանքների և առարկաների փորձանմուշներն ու նմուշները, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չի եղել, սույն օրենսգրքի 51 հոդվածում նշված պետական մարմինների կողմից իրականացվող հսկողության նպատակով կարող են վերցվել միայն մաքսատան կամ մաքսային կետի համաձայնությամբ:
Մաքսատան կամ մաքսային կետի կողմից փորձանմուշներ ու նմուշներ վերցնելու կարգը, ժամկետները և դրանց հետազոտման, ինչպես նաև տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
Հոդված 53. |
Ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության կողմից կազմվող արձանագրությունները |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրող ձեռնարկությունը, հիմնարկը կամ կազմակերպությունը կազմում է համապատասխան արձանագրություններ մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերում բովանդակվող տվյալները ապրանքներին և այլ առարկաներին չհամապատասխանելու մասին, ինչպես ապրանքների ու այլ առարկաների, այնպես էլ դրանց փաթեթների վնասվածքների մասին:
Այդ արձանագրությունները ներկայացվում են մաքսատուն կամ մաքսային կետ:
Հոդված 54. |
Մաքսային ձևակերպման պահանջների պարզաբանումը մաքսատան կամ մաքսային կետի կողմից |
Մաքսատունը կամ մաքսային կետը պարտավոր է ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին տեղեկացնել մաքսային ձևակերպման կարգի մասին:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ու այլ առարկաների բացթողումը մերժելու դեպքում մաքսատունը կամ մաքսային կետը պարտավոր է պարզաբանել մաքսային ձևակերպման այն պահանջները, որոնց կատարումը բացթողման հնարավորություն կտա:
i
ԳԼՈՒԽ 9
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
i
Հոդված 55. |
Հայտարարագրման ենթակա ապրանքները և այլ առարկաները |
Փոխադրամիջոցները, ապրանքները, ինչպես նաև միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին և ներկայացուցչություններին պատկանող առարկաները, արժույթը հայտարարագրվում են մաքսատանը կամ մաքսային կետում:
Սույն հոդվածի 1-ին մասում չնշված առարկաները մաքսատանը կամ մաքսային կետում հայտարարագրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված դեպքերում:
i
Հոդված 56. |
Հայտարարագրման ձևերը |
Հայտարարագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված ձևով գրավոր կամ բանավոր, որտեղ նշվում են ճշգրիտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
i
Հոդված 57. |
Հայտարարատուի պարտականությունները |
Փոխադրամիջոցների, ապրանքների և այլ առարկաների, այդ թվում` միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին ու ներկայացուցչություններին պատկանող ապրանքների և այլ առարկաների, արժույթի հայտարարագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով այդպիսի ապրանքներ ու այլ առարկաներ փոխադրող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կամ միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների կամ ներկայացուցչությունների կողմից կամ այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Սույն հոդվածի 1-ին մասում չնշված առարկաները հայտարարագրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով այդպիսի առարկաները փոխադրող քաղաքացիների կողմից:
Հայտարարատուն պարտավոր է`
1) մաքսատանը կամ մաքսային կետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքներն ու այլ առարկաները.
2) մաքսատանը կամ մաքսային կետին ներկայացնել մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ տեղեկություններ բովանդակող փաստաթղթեր.
3) վճարել մաքսատուրք և մաքսավճարներ, եթե ապրանքներն ու այլ առարկաները ենթակա են մաքսային հարկման:
Սույն օրենսգրքի 58 հոդվածում նշված ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության թույլտվությամբ կարող են կատարել մաքսային ձևակերպման առանձին գործառնություններ: Նման մաքսային ձևակերպման արդյունքները ներկայացվում են մաքսային վարչություն:
Հոդված 58. |
Պայմանագրի հիման վրա ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին տրվող հայտարարագրման թույլտվությունը |
Պայմանագրի հիման վրա մաքսային վարչության կողմից ձեռնարկությանը, հիմնարկին և կազմակերպությանը հայտարարագրման թույլտվությունը տրվում է այդպիսի ձեռնարկությանը, հիմնարկին և կազմակերպությանը որպես հայտարարատու ճանաչելու մասին վկայական տալով:
Թույլտվությունը տրվում է այն ձեռնարկությանը, հիմնարկին և կազմակերպությանը, որը գտնվում է հանրապետության տարածքում և մաքսային վարչությանը ներկայացրել է համապատասխան դիմում:
Դիմումը պետք է քննության առնվի ստացման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում: Մաքսային վարչությունն իրավունք ունի դիմողի մասին լրացուցիչ տեղեկություններ պահանջել պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, այդ թվում բանկերից, ֆինանսական հիմնարկներից:
Առանձին դեպքերում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարացվել մինչև երկու ամիս:
Այն վկայականը, որը դիմողը չի ստացել ճանաչման մասին որոշում ընդունելու օրվանից վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ վկայականն ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտարարատուն չի կատարում իր պարտականությունները, համարվում է ուժը կորցրած:
Վկայականը մաքսային վարչության կողմից կարող է ուժը կորցրած համարվել`
1) հայտարարատուի կողմից պարտականությունները բազմիցս չկատարելու դեպքում.
2) վկայական տալու համար պահանջվող տեղեկությունների մեջ այնպիսի կեղծիքների հայտնաբերման դեպքում, որոնք էական նշանակություն են ունեցել հայտարարագրման թույլտվության վերաբերյալ որոշում ընդունելու համար.
3) սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում.
4) ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների իրավունքները խախտող կամ պետության շահերին վնաս հասցնող այլ գործողություններ կատարելու դեպքում:
Հայտարարագրման թույլտվության մասին նոր դիմումը կարող է քննության առնվել վկայականը ուժը կորցրած համարելու օրվանից մեկ տարին լրանալուց հետո` խախտումների պատճառները վերացնելու պայմանով:
Վկայականը տալու համար գանձվում է վճար Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված չափով:
Բացառվում է որևէ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության մենաշնորհը հայտարարատու դառնալու հարցում:
Հոդված 59. |
Հայտարարագրման համար լիազորված անձը |
Փոխադրամիջոցների, ապրանքների ու այլ առարկաների, այդ թվում միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին ու ներկայացուցչություններին պատկանող ապրանքների ու այլ առարկաների հայտարարագրման գործողություններն իրականացվում են հայտարարատուի լիազոր ներկայացուցիչ հանդիսացող անձի կողմից:
Մաքսատունը կամ մաքսային կետը իրավունք ունի նշված անձից պահանջել ներկայացնելու նրա լիազորությունը հաստատող փաստաթղթեր, իսկ հայտարարագրման գործողություններում այդ անձի կողմից թույլ տրված անբարեխղճության հիմնավոր կասկածների առկայության դեպքում` հայտարարատուին առաջարկել չեղյալ համարել լիազորությունը:
i
Հոդված 60. |
Հայտարարագրման արարողակարգը |
Հայտարարագրման արարողակարգը, ներառյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը, սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:
ԳԼՈՒԽ 10
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՄԻ ՄԱՔՍԱՏՆԻՑ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻՑ ՄՅՈՒՍԸ
Հոդված 61. |
Ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը |
Այն ապրանքները և այլ առարկաները, որոնց մաքսային ձևակերպումը ավարտված չէ, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքներինը, կարող են մաքսային ապահովության միջոցների կիրառմամբ փոխադրվել մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը` այդպիսի ապրանքները և այլ առարկաները փոխադրման ընդունած ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ քաղաքացու պատասխանատվության ներքո:
Հոդված 62. |
Փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները |
Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները կամ քաղաքացին իրավունք ունեն ապրանքներն ու այլ առարկաները մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը փոխադրման չընդունել հետևյալ դեպքերում.
1) երբ մաքսային և տրանսպորտային փաստաթղթերը ձևակերպված են սահմանված կարգի խախտումով.
2) երբ փոխադրամիջոցի և ապրանքների ու այլ առարկաների փաթեթների վրա դրված մաքսային ապահովումները, առանց այդ ապահովումների խախտման չեն բացառում փոխադրվող ապրանքների և այլ առարկաների մատչելիության հնարավորությունները:
Ապրանքներն ու այլ առարկաները փոխադրման ընդունած ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր են համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ հասցնել ապրանքներն ու այլ առարկաները, ինչպես նաև դրանց այն փաստաթղթերը, որոնք պետք է հանձնվեն այդ մաքսատանը կամ մաքսային կետին:
Հոդված 63. |
Ապրանքները և այլ առարկաները, ինչպես նաև փաստաթղթերը տեղ հասցնելու ժամկետը |
Մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը փոխադրման ընդունված ապրանքները և այլ առարկաները, ինչպես նաև համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին հանձնման ենթակա դրանց փաստաթղթերը պետք է այդ մաքսատուն կամ մաքսային կետ հասցվեն առաքման մաքսատան կամ մաքսային կետի կողմից սահմանված ժամկետում` տեղ հասցնելու սովորական ժամկետներին համապատասխան, ելնելով այդպիսի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտի տեսակի հնարավորություններից, նախատեսվող երթուղուց և փոխադրման մյուս պայմաններից:
Հոդված 64. |
Ձեռնարկվող միջոցները, երբ փոխադրամիջոցը չի կարողացել հասնել համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ |
Եթե փոխադրամիջոցը վթարի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով չի կարողացել հասնել համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ, ապա ապրանքների կամ այլ առարկաների բեռնաթափումը թույլատրվում է այլ վայրում: Այդ դեպքում ապրանքների և այլ առարկաների փոխադրումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պատասխանատու են այդ ապրանքների և այլ առարկաների համար:
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ու այլ առարկաների փոխադրումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր են մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձանց տանել այդ ապրանքների և այլ առարկաների գտնվելու վայրը կամ ապահովել դրանց փոխադրումը մաքսատուն կամ մաքսային կետ:
Հոդված 65. |
Ապրանքները կամ այլ առարկաները համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ չհասցնելը |
Մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը ապրանքների և այլ առարկաների փոխադրման ժամանակ դրանք չհանձնելու կամ կորստի դեպքում, եթե չհանձնելը կամ կորուստը պայմանավորված չէ վթարով կամ անհաղթահարելի ուժով, փոխադրումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է վճարեն այն մաքսատուրքերն ու մաքսավճարները, որոնք կվճարվեին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով այդ ապրանքներն ու այլ առարկաները տեղափոխելիս, պահպանելով այդպիսի տեղափոխման սահմանված կարգը:
ԳԼՈՒԽ 11
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Հոդված 66. |
Մաքսային հսկողության ներքո պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքներն ու այլ առարկաները մինչև մաքսային ձևակերպումը կարող են պահպանվել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ մաքսատան կամ մաքսային կետի կողմից: Ձեռնարկությունը, հիմնարկը և կազմակերպությունն այդպիսի ապրանքներն ու այլ առարկաները պահպանում են մաքսատան կամ մաքսային կետի թույլտվությամբ և նրա հսկողության ներքո:
Հոդված 67. |
Միայն մաքսատան կամ մաքսային կետի կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները |
Մաքսատան կամ մաքսային կետի պահպանման համար պարտադիր հանձնման ենթակա են`
1) այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս բաց չեն թողնվել Հայաստանի Հանրապետություն ներմուծման վրա դրված արգելքների ու սահմանափակումների, կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վրա դրված արգելքների հետևանքով և Հայաստանի Հանրապետությունից դուրս չեն բերվել դրանց ներմուծման օրը.
2) այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս ենթակա են մաքսատուրքի և մաքսավճարների այդպիսի վճարումները չմուծելու դեպքում, եթե չի տրվել այդ վճարումները հետաձգելու կամ մաս-մաս վճարելու իրավունք.
3) սույն օրենսգրքի 26 հոդվածի 4-րդ մասում նշված ապրանքներն ու այլ առարկաները:
Մաքսատան կամ մաքսային կետի պահպանմանը հանձնված արժույթը և արժեքները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում պահվում են Հայաստանի Հանրապետության բանկերում`ավանդով:
Մաքսային պահպանության տակ գտնվող ապրանքներն ու այլ առարկաները այլ պետական մարմինների կողմից կարող են ստուգման, հետազոտման կամ այլ գործողությունների ենթարկվել միայն մաքսային մարմինների թույլտվությամբ կամ մասնակցությամբ:
Հոդված 68. |
Ապրանքների և այլ առարկաների պահպանման ժամկետները |
Ապրանքներն ու այլ առարկաները մաքսատան կամ մաքսային կետի հսկողության ներքո կարող են պահվել մի տարի ժամկետով:
Սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված ապրանքներն ու այլ առարկաները (բացառությամբ արժույթի և արժեքների) մաքսատան կամ մաքսային կետի կողմից պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չմուծված մաքսատուրքի գումարի չափը չի հասել այդ ապրանքների և այլ առարկաների արժեքին:
Հոդված 69. |
Մաքսային հսկողությունը ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության կողմից ապրանքներն ու այլ առարկաները պահպանելիս |
Ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության կողմից պահպանվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացնելիս մաքսատունը կամ մաքսային կետն իրավունք ունի կատարել նաև ապրանքների և այլ առարկաների գույքագրում:
Հոդված 70. |
Ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության կողմից ապրանքներն ու այլ առարկաները պահպանելիս կատարվող գործողությունները |
Բացի ապրանքների և այլ առարկաների պահպանության ապահովման համար անհրաժեշտ գործողություններից, մաքսային հսկողության ներքո դրանց պահպանումն իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները մաքսային հսկողության համար անհրաժեշտ պահանջների պահպանմամբ իրավունք ունեն ապրանքների և այլ առարկաների պահպանման ժամանակաընթացքում կատարել հետևյալ գործողությունները.
1) դրանք նախապատրաստել վաճառքի և փոխադրման (խմբաքանակների բաժանում, առաքումների ձևավորում, տեսակավորում, վերափաթեթավորում).
2) խառնել ապրանքները (բաղադրամասերը)` առանց ստացված արտադրանքին նրա սկզբնական բաղադրիչներից էապես տարբերվող բնութագրեր տալու.
3) հավաքման պարզ գործողություններ:
Մաքսատունը կամ մաքսային կետը իրավունք ունի թույլ չտալ կատարելու սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված գործողություններն այն դեպքում, երբ ձեռնարկությունը, հիմնարկը և կազմակերպությունը պայմաններ չեն ապահովում այդպիսի ապրանքների և այլ առարկաների մաքսային հսկողության նպատակով իրենց տարածքում կամ շենքերում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մշտական տեղավորման համար:
Հոդված 71. |
Ապրանքների և այլ առարկաների հանձնումը |
Մաքսային հսկողության ներքո ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները կարող են հանձնվել միայն մաքսատան կամ մաքսային կետի թույլատվությամբ:
Առանց մաքսատան կամ մաքսային կետի թույլտվության ապրանքներն ու այլ առարկաները հանձնելու դեպքում ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պետք է վճարեն այն մաքսատուրքն ու մաքսավճարները, որոնք պետք է վճարվեին սահմանված կարգի պահպանմամբ ապրանքներն ու այլ առարկաները տեղափոխելիս:
Ինչպես ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության, այնպես էլ մաքսատան կամ մաքսային կետի կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները կարող են հանձնվել նաև այն անձին, որին պահպանման ժամանակաընթացքում անցել է այդ ապրանքների և այլ առարկաների սեփականության կամ դրանց տիրապետման և օգտագործման իրավունքը:
i
ԳԼՈՒԽ 12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ
i
Հոդված 72. |
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու սահմանված կարգը, կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել ներկայացուցչությունների պաշտոնեական օգտագործման համար նախատեսված առարկաները` ազատվելով մաքսատուրքից և մաքսավճարներից, բացառությամբ մաքսատան կամ մաքսային կետի գտնվելու վայրից դուրս և մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս առարկաների պահպանման, մաքսային ձևակերպման համար մուծվող մաքսավճարների:
i
Հոդված 73. |
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները, ինչպես նաև նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված առարկաները, ներառյալ առաջին անհրաժեշտության առարկաները, և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանել, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առարկաների տեղափոխման սահմանված կարգը և ազատվելով մաքսատուրքերից ու մաքսավճարներից, բացառությամբ մաքսատան կամ մաքսային կետի գտնվելու վայրից դուրս և մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս առարկաների պահպանման, մաքսային ձևակերպման համար մուծվող մաքսավճարների:
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց հետ ապրող նրանց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռն ազատվում է զննությունից, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ նա պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված առարկաներ, կամ այնպիսի առարկաներ, որոնց ներմուծումը և արտահանումը արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կարգավորվում է կարանտինային և այլ հատուկ կանոններով: Այդպիսի զննությունը կարող է կատարվել միայն սույն հոդվածում նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:
Հոդված 74. |
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցները և նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները, եթե այդ աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել առաջին անհրաժեշտության առարկաներ` ազատվելով մաքսատուրքերից և մաքսավճարներից, բացառությամբ մաքսատան կամ մաքսային կետի գտնվելու վայրից դուրս և մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս առարկաների պահպանման, մաքսային ձևակերպման համար մուծվող մաքսավճարների:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք առարկաները ներմուծում են Հայաստանի Հանրապետություն և արտահանում Հայաստանի Հանրապետությունից սույն օրենսգրքի 20 և 21 հոդվածներով սահմանվող կարգով:
Հոդված 75. |
Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների և նրանց անձնակազմի անդամների մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունները, հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը և հյուպատոսական ներկայացուցչության ծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները օգտվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններից:
Յուրաքանչյուր առանձին պետության հետ հատուկ համաձայնագրի հիման վրա, փոխադարձության սկզբունքից ելնելով, հյուպատոսական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող նրանց ընտանիքների անդամների վրա կարող են տարածվել սույն օրենսգրքով օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի անդամների համար նախատեսված մաքսային արտոնությունները:
i
Հոդված 76. |
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը |
Հայաստանի Հանրապետության պետական սահմանով Հայաստանի Հանրապետության պետական սահմանով փոխադրվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը ենթակա չեն ոչ բացման, ոչ պահման: Եթե հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում կան սույն հոդվածի երրորդ մասում չնշված առարկաներ, մաքսատունն կամ մաքսային կետն իրավունք ունի պահանջելու, որ ճամպրուկը բացվի նրանց ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը բացելուց հրաժարվելու դեպքում այն վերադարձվում է առաքման վայրը:
Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը կազմող բոլոր առարկաները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող նկատելի արտաքին նշաններ:
Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր ու պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը` միայն պաշտոնական թղթակցություններ և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:
Հոդված 77. |
Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական բանբերների մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական բանբերները կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել իրենց անձնական օգտագործման առարկաները` փոխադարձության հիման վրա ազատվելով մաքսային զննությունից, մաքսատուրքից և մաքսավճարներից, բացառությամբ մաքսատան կամ մաքսային կետի գտնվելու վայրից դուրս և մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս մաքսային առարկաների պահպանման, ձևակերպման համար մուծվող մաքսավճարների:
i
Հոդված 78. |
Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների և պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները |
Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև փոխադարձության հիման վրա միջպետական բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետություն եկող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների աշխատողներին տրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ: Նույնպիսի արտոնություններ են տրվում նաև այդ անձանց ուղեկցող ընտանիքների անդամներին:
Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և հյուպատոսական պաշտոնատար անձանց, այդպիսի անձանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց, որոնք նույն նպատակներով տարանցիկ ուղևորություն են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքով, տրամադրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ:
Հոդված 79. |
Միջազգային կազմակերպությունների, նրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև նրանց անձնակազմի մաքսային արտոնությունները |
Միջազգային միջկառավարական կազմակերպությունների, նրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների համար մաքսային արտոնությունները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակություններին և նրանց անձնակազմին մաքսային արտոնություններ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
Հոդված 80. |
Այլ կազմակերպությունների ու անձանց մաքսային արտոնությունները |
Հայրենական և օտարերկրյա իրավաբանական անձանց ու քաղաքացիների մասնակցությամբ համատեղ ձեռնարկություններին, օտարերկրյա ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ներկայացուցչությունների օտարերկրյա աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին մաքսային արտոնություններ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
i
Հոդված 81. |
Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների մաքսային արտոնությունները |
Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները մաքսատուրքեր և մաքսավճարներ մուծում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով: Նրանց մաքսային արտոնություններ են տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
ԳԼՈՒԽ 13
ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
i
Հոդված 82. |
Մաքսանենգությունը |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով, հավասարապես նաև զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան:
ԳԼՈՒԽ 14
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 83. |
Մաքսային կանոնների խախտում կատարած անձանց պատասխանատվությունը |
Սույն գլխում «անձինք» ասելով հասկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, պաշտոնատար անձինք:
Մաքսային կանոնների խախտում կատարած անձինք ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքին համապատասխան:
Պաշտոնատար անձինք մաքսային կանոնները խախտելու համար ենթակա են պատասխանատվության, եթե սույն օրենսգրքով սահմանված պահանջների կատարման ապահովումը մտել է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները մաքսային կանոնները խախտելու համար ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 84. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական կարգադրությանը կամ օրինական պահանջին չենթարկվելը, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորելը |
Պաշտոնեական պարտականությունները կատարելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական կարգադրությանը կամ օրինական պահանջին չենթարկվելը, բացի սույն օրենսգրքի 85-89 հոդվածներով նախատեսվող դեպքերի`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Պաշտոնական պարտականությունները կատարելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորելը, եթե այն չի առաջացնում քրեական պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(84-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 85. |
Փոխադրամիջոցը չկանգնեցնելը |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի գտնվելու վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող փոխադրամիջոցը չկանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(85-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 86. |
Փոխադրամիջոցի մեկնումն առանց թույլտվության |
Մաքսային հսկողության ներքո գտնվող փոխադրամիջոցի մեկնումն առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(86-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 87. |
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին և այլ առարկաներին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը |
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին և այլ առարկաներին մաքսային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(87-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 88. |
Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին չներկայացնելը |
Մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների, այլ առարկաների, փոխադրամիջոցների, արժույթի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը, անկախ դրանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(88-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 89. |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին ապրանքները, այլ առարկաները և փաստաթղթերը չհասցնելը |
Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին այն ապրանքները, այլ առարկաները չհասցնելը, որոնք գտնվում են մաքսային հսկողության ներքո և Հայաստանի Հանրապետության մի մաքսային մարմնից տեղափոխվում են մեկ ուրիշը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին հանձնելու համար ընդունված այդ ապրանքներին, այլ առարկաներին վերաբերող մաքսային կամ այլ փաստաթղթեր չհասցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(89-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 90. |
Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության մյուս միջոցները վնասելը կամ կորցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(90-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 91. |
Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության բեռնային և այլ գործողություններ կատարելը |
Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և այլ առարկաների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ առարկաների կամ դրանց փաթեթների վրա դրված նույնացման նշանների կամ պիտակների փոխումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով:
(91-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 92. |
Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ և այլ առարկաներ հանձնելը |
Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և այլ առարկաները փոխադրողի կողմից որևէ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով:
(92-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 93. |
Հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորությունների խախտումը |
Հետադարձ արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներ և այլ առարկաները արտասահման չարտահանելը կամ հետադարձ ներմուծման պարտավորությամբ արտասահման արտահանված ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:
(93-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 94. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը մաքսային հսկողությունը շրջանցելով, մաքսանենգության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:
(94-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 95. |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը` դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը` դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, առարկաների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով, ապրանքներին և այլ առարկաներին այլ տեսք տալով կամ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին ապրանքների և այլ առարկաների տեղափոխման համար կեղծ փաստաթղթեր, կեղծ տեղեկություններ բովանդակող փաստաթղթեր ներկայացնելով, որոնք հիմք են համարվում ապրանքների և այլ առարկաների տեղափոխման համար, եթե դրանք չեն կատարվել խոշոր չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:
(95-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 96. |
Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը` մաքսային հսկողությունից թաքցնելով |
Մաքսային հսկողությունը շրջանցելով կամ այդպիսի հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը, ինչպես նաև այն ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը, որոնց նկատմամբ մաքսատուրքի հարկման մասում մաքսային արտոնություններ են սահմանված և որոնք առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների թույլտվության օգտագործվել են այն նպատակներով, քան նրանք, որոնց կապակցությամբ տրամադրվել են այդպիսի արտոնություններ, մաքսանենգության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:
(96-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 97. |
Ապրանքները և այլ առարկաները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանումով |
Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները և այլ առարկաները չհայտարարագրելը, այսինքն` այդպիսի ապրանքների և այլ առարկաների մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, հավասարապես նաև դրանց հայտարարագրումը ոչ իրենց անվանումով, մաքսանենգության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:
(97-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 98. |
Մաքսատուրքի հարկման մասում մաքսային արտոնություններ ունեցող ապրանքների և այլ առարկաների օգտագործումն այլ նպատակներով, առանց համապատասխան թույլտվության |
Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների թույլտվության մաքսատուրքի հարկման մասում մաքսային արտոնություններ ունեցող ապրանքների և այլ առարկաների օգտագործումն այլ նպատակներով, քան նրանք, որոնց կապակցությամբ տրամադրվել են այդպիսի արտոնություններ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(98-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
Հոդված 99. |
Մաքսային վճարումները չկատարելը |
Սահմանված ժամկետներում մաքսատուրքը և մաքսավճարները չվճարելը կամ թերի վճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` չվճարված մաքսատուրքի կամ մաքսավճարի հնգապատիկի չափով:
(99-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-92 օրենք)
ԳԼՈՒԽ 15
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
i
Հոդված 100. |
Մաքսանենգության վերաբերյալ գործերի հետաքննությունը |
Մաքսանենգության վերաբերյալ գործերի հետաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 101. |
Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթը |
Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները տրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սույն օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեղակալները:
ԳԼՈՒԽ 16
ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 102. |
Թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի վերահսկելի մատակարարումները |
Թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և այդպիսի շրջանառությանը մասնակցող անձանց բացահայտելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, յուրաքանչյուր առանձին դեպքում օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածությանը համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործվում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն` թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրանյութերն ու հոգեկան խիստ ներգործող նյութերը ներմուծել Հայաստանի Հանրապետություն, արտահանել Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրել նրա տարածքով:
«Վերահսկելի մատակարարման» մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի ապօրինի շրջանառություն, իսկ ընդունված որոշման մասին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինն անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
27 օգոստոսի 1993 թ. քաղ. Երևան Հ. Ն-0893-I.-ՀՕ-77
|
|