(Սույն օրենսգիրքն ուժը կորցրել է 17.12.2005 թվականից` 24.10.05 ՀՕ-211-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «08» հունիսի 1994թ. Հ.Ն-1076-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առաջարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «11» հոկտեմբերի 1994թ. Հ.Ն-1111-I
Անտառն աշխարհագրական լանդշաֆտի տարրերից մեկն է, ծառերի, բուսական այլ կենսաձևերի, հողի, կենդանիների, մանրէների ու բնական միջավայրի բաղկացուցիչ մասերի փոխադարձորեն կապված և փոխազդող ամբողջությունը:
Անտառային օրենսգիրքը կոչված է նպաստելու անտառների գիտականորեն հիմնավորված պահպանությանը, պաշտպանությանը, վերարտադրությանը և արդյունավետ օգտագործմանը` ելնելով անտառների էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակությունից:
ԳԼՈՒԽ I
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խնդիրները |
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խնդիրներն են` անտառի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար բնական հատկությունների պահպանումը, վերարտադրությունն ու արտադրողականության բարձրացումը, բազմակողմանի և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու օրինականության ամրապնդումը:
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
i
Հոդված 3. |
Հայաստանի Հանրապետությունում անտառների պետական սեփականությունը |
Հայաստանի Հանրապետությունում անտառը պետության բացառիկ սեփականությունն է և տրվում է միայն օգտագործման իրավունքով:
i
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդը |
Հայաստանի Հանրապետությունում բոլոր անտառները և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերը կազմում են Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդը:
ԳԼՈՒԽ II
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
Հոդված 5. |
Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական կառավարումը |
Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական կառավարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական իշխանության տեղական մարմինները և Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները:
i
Հոդված 6. |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում |
Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա են`
- անտառային տնտեսության վարման հիմնական ուղղությունների սահմանումը.
- անտառային տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու գործունեության կարգի սահմանումը.
- անտառներն ըստ նշանակության դասակարգելը, դրանք մեկ խմբից մյուսը փոխադրելը.
- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում այլ բնապահպան միջոցառումների հետ համատեղ ծրագրերի մշակումը և դրանց կատարման կազմակերպումը.
- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման կարգի սահմանումը.
- հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաստատումը.
- անտառօգտագործման (անտառային ֆոնդի օգտագործման) վճարների սահմանումը.
- անտառային տնտեսության վարման գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը և կոորդինացումը.
- անտառաշինության, պետական անտառային կադաստրի վարման, անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային մոնիտորինգի կազմակերպումը.
- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման հարցերով միջազգային համագործակցության իրականացումը:
i
Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետության պետական իշխանության տեղական մարմինների իրավասությունն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում |
Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական իշխանության տեղական մարմինների իրավասությանը ենթակա են`
- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համատեղ անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման.
- անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.
- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համատեղ անտառօգտագործողների համար լրացուցիչ արտոնություններ սահմանելը.
- անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների արդյունահանման, կաբելների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման և այլ աշխատանքները վերահսկելը:
i
Հոդված 8. |
Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների իրավասությունը |
Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների իրավասությանը ենթակա են`
- անտառային ֆոնդի պետական հաշվառումը.
- պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցված անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման.
- անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
- անտառների վերարտադրությունը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը.
- անտառային ֆոնդի տարածքների հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքարի կազմակերպումը.
- անտառօգտագործման կանոնների խախտման, անտառային ֆոնդի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման ու ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.
- պետական իշխանության տեղական մարմինների որոշումների համաձայն անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը:
ԳԼՈՒԽ III
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 9. |
Հայաստանի Հանրապետությունում անտառների դասակարգումը |
Հայաստանի Հանրապետությունում անտառներն ըստ իրենց նպատակային նշանակության դասակարգվում են հետևյալ խմբերի`
- պաշտպանական նշանակության անտառներ,
- սոցիալական նշանակության անտառներ,
- հատուկ նշանակության անտառներ:
Պաշտպանական նշանակության անտառներն են`
ա) ջրապահպան (գետերի, լճերի, ջրամբարների առափնյա անտառները` ներառյալ ձկների ձվադրատեղերը պաշտպանող անտառները).
բ) հակաէրոզիոն (հողապաշտպան անտառազանգվածները):
Սոցիալական նշանակության անտառներն են` սանիտարահիգիենիկ (ջրամատակարարման աղբյուրների, սանիտարական պահպանության գոտիների անտառները), առողջարարական, ռեկրեացիոն նշանակության անտառները:
Հատուկ նշանակության անտառներն են` բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառները:
ԳԼՈՒԽ IV
ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ, ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂ
i
Հատման տարիքը որոշվում է ելնելով անտառների հիմնական նպատակային նշանակությունից, էկոլոգիական, տնտեսական խնդիրներից, հատատեղերի արտադրողականությունից, աճող ծառատեսակների կենսաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև հատամասերում անտառի վերականգնման ժամկետներից:
Հատման տարիքը հիմնավորվում է հատուկ գիտական հետազոտությունների միջոցով և հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 11. |
Հաշվարկային հատատեղ |
Հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորման (հաշվարկային հատատեղը) երկարատև ժամանակաշրջանի համար հաշվարկվում է անտառաշինության ժամանակ անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր ձեռնարկության ու կազմակերպության համար առանձին` ելնելով անսպառ և անընդհատ անտառօգտագործման սկզբունքներից:
Հաշվարկային հատատեղը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հատկապես լիազորված մարմնի կողմից և գործում է անտառաշինության աշխատանքների ավարտից հետո, հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Անտառային ֆոնդում տեղի ունեցող փոփոխությունների դեպքում (սահմանների, հատման տարիքի) հաշվարկային հատատեղում կարող են կատարվել ուղղումներ:
ԳԼՈՒԽ V
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՈՉ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հոդված 12. |
Անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելու կարգը |
Անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված նպատակներով անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. |
Անտառային օգտագործումների իրականացման և անտառային տնտեսության վարման հետ կապված անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելը |
Անտառային տնտեսություն վարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները կարող են անտառներում և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում կառուցել անտառային տնտեսության վարման հետ կապված արտադրական և դրանց օժանդակ օբյեկտներ` անհրաժեշտության դեպքում անտառային տարածքները փոխադրելով ոչ անտառայինի:
ԳԼՈՒԽ VI
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
i
Հոդված 14. |
Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության ու գործարկման պայմանները և շինարարության տեղի ու նախագծերի համաձայնեցումը |
Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության և գործարկման ժամանակ, ինչպես նաև նոր տեխնոլոգիական պրոցեսներ արմատավորելիս պետք է նախատեսվեն և իրագործվեն այնպիսի միջոցառումներ, որոնք ապահովեն անտառների պահպանումը կեղտաջրերի, քիմիական նյութերի, արդյունաբերական արտանետումների, մնացորդների և կոմունալ-կենցաղային թափոնների բացասական ներգործությունից:
Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների շինարարության տեղը և նախագծերը որոշվում են պետական էկոլոգիական փորձաքննության հիման վրա և համաձայնեցվում Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական իշխանության տեղական մարմինների, Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների և այլ շահագրգիռ մարմինների հետ:
Հոդված 15. |
Անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը |
Անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների արդյունահանումը, կաբելների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացումը, հորատման և այլ աշխատանքները կատարվում են պետական իշխանության տեղական մարմինների, Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից տրված թույլտվության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
i
ԳԼՈՒԽ VII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 16. |
Անտառօգտագործման տեսակները |
Անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման (անտառային ֆոնդի օգտագործման) հետևյալ տեսակները`
- բնափայտի մթերում.
- երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում.
- կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքում և մթերում).
- անտառից օգտվելը որսորդական տնտեսության կարիքների համար.
- անտառից օգտվելը գիտահետազոտական նպատակներով.
- անտառից օգտվելը մշակութային-առողջարարական նպատակներով:
Հոդված 17. |
Անտառօգտագործումն իրականացնելու ժամկետները |
Անտառային ֆոնդի տարածքները սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման են հատկացվում կարճատև` մինչև հինգ տարի և երկարատև` հինգից մինչև տասը տարի ժամկետով:
Հոդված 18. |
Անտառօգտագործողները |
Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործողներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները:
Հոդված 19. |
Անտառային ֆոնդի տարածքները օգտագործման հատկացնելու կարգը |
Անտառային ֆոնդի տարածքները հատկացվում են օգտագործման հատուկ փաստաթղթերի` անտառօգտագործման պայմանագրի, անտառահատման տոմսի կամ օրդերի, անտառային տոմսի հիման վրա:
Անտառահատման տոմսը կամ օրդերը և անտառային տոմսն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառային ֆոնդի տեղամասերի միանվագ օգտագործման իրավունք:
Անտառային ֆոնդից հատկացվող յուրաքանչյուր տեղամասի և անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերի ձևակերպման և հատկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:
i
Հոդված 20. |
Անտառներում քաղաքացիների գտնվելու իրավունքը |
Քաղաքացիներն իրավունք ունեն գտնվել անտառներում իրենց հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և այլ սննդամթերք հավաքելու համար:
Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառային մշակույթների վնասում, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ:
Անտառներում քաղաքացիների գտնվելը, վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ հավաքելը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով հրդեհային անվտանգության ապահովման և անտառապտղատու, անտառասերմնային, ընկուզապտղային տնտեսությունների վարման շահերից:
Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում քաղաքացիների գտնվելը կարող է սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 21. |
Անտառօգտագործման պայմանագիրը |
Անտառօգտագործման պայմանագիրը պետք է ընդգրկի`
- անտառային ֆոնդի օգտագործման հատկացվող հատվածի սահմանների նկարագրությունը.
- անտառօգտագործման տեսակը, ծավալները և կարգը.
- անտառօգտագործողի պարտականություններն անտառային պաշարների պահպանության, պաշտպանության և վերարտադրության ապահովման նպատակով.
- անտառտնտեսական միջոցառումների ֆինանսավորման պայմաններն ու կարգը.
- անտառօգտագործման վճարների չափը և դրանց մուծման ժամկետները.
- անտառային ֆոնդի հատվածի բնութագիրը և նրա վիճակին ներկայացվող պահանջները օգտագործման ժամկետի ավարտման պահին.
- մատակարարումների ծավալները պետական կարիքների համար:
Պայմանագիրը կարող է լրացուցիչ ընդգրկել անտառային ֆոնդի օգտագործման այլ պայմաններ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Պայմանագիրը կնքվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անտառօգտագործողների միջև:
Հոդված 22. |
Անտառահատման տոմսը (օրդերը) և անտառային տոմսը |
Անտառահատման տոմսն այն փաստաթուղթն է, որն անտառօգտագործողին տալիս է բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու դուրսբերման իրավունք: Անտառահատման տոմսը նախատեսում է բաց թողնվող բնափայտի և երկրորդական անտառանյութի քանակական և որակական բնութագրումը, դրա արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները:
Անտառահատման տոմսը տրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:
Արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերն այն փաստաթուղթն է, որն անտառօգտագործողին բնափայտի ու կողմնակի անտառօգտագործման և դուրսբերման իրավունք է տալիս: Այն համապատասխան անտառահատման տոմսի հիման վրա տրվում է անտառապետության կողմից:
Անտառային տոմսը կողմնակի անտառօգտագործման իրավունք է տալիս: Այն նախատեսում է անտառօգտագործման չափերը, ժամկետները, արժեքը և պայմանները:
Անտառային տոմսը տրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:
ԳԼՈՒԽ VIII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. |
Անտառօգտագործողների իրավունքները |
Անտառօգտագործողներն իրավունք ունեն`
- իրականացնել միայն այն անտառօգտագործումները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.
- ինքնուրույն ընտրել անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձևերը.
- սահմանված կարգով բացել անտառտնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորել անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցել ժամանակավոր արտադրական և տնտեսական կառուցվածքներ, կազմակերպել ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` դրանց տեղաբաշխվածությունը համաձայնեցնելով անտառային տնտեսության մարմինների հետ:
Հոդված 24. |
Անտառօգտագործողների պարտականությունները |
Անտառօգտագործողները պարտավոր են`
- աշխատանքները կատարելու ընթացքում թույլ չտալ հողատարման առաջացում, բացառել կամ սահմանափակել անտառօգտագործման բացասական ազդեցությունը անտառների վիճակի և վերարտադրության, ինչպես նաև ջրամբարների և այլ բնական օբյեկտների վրա.
- թույլ չտալ թերհատումներ և գերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում և անտառներում.
- ապահովել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը և աշխատանքների կատարման վայրերում իրականացնել հակահրդեհային միջոցառումներ, անտառային հրդեհների առաջացման դեպքում մարել դրանք.
- հատատեղերը մաքրել հատման մնացորդներից, անտառօգտագործման հետևանքով անտառային ֆոնդի խախտված հատվածները բերել օգտագործման համար պիտանի վիճակի.
- լիարժեք և արդյունավետ օգտագործել հատատեղերը և անտառահանդակները.
- ժամանակին և լրիվ մուծել անտառօգտագործման վճարը:
Հոդված 25. |
Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքի դադարման կամ սահմանափակման հիմքերը |
Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքը դադարում է, երբ`
- լրացել է անտառօգտագործման ժամկետը.
- անտառօգտագործողը հրաժարվում է անտառային ֆոնդից օգտվելու իրավունքից.
- առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում:
Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող են դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը կամ նրա տեղական մարմինները, երբ`
- անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում.
- անտառօգտագործողների կողմից երկու անգամից ավելի խախտվում են անտառօգտագործման սահմանված կանոնները.
- առաջանում են արտակարգ իրավիճակներ (տարերային աղետներ, պատերազմական գործողություններ և այլն).
- անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառային ֆոնդի օգտագործմանը` նախատեսված ծավալների սահմաններում.
- անտառօգտագործող ձեռնարկությունը կամ կազմակերպությունը լուծարվել է.
- անտառօգտագործողը պարբերաբար չի մուծել անտառօգտագործման վճարը:
Անտառօգտագործման իրավունքի դադարման դեպքում անտառօգտագործման պայմանագիրը, անտառահատման տոմսը (օրդերը), անտառային տոմսն անվավեր են համարվում:
Անտառօգտագործման իրավունքը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմնի կամ նրա տեղական մարմինների կողմից, երբ խախտվում են անտառօգտագործման պայմանագրի կետերը:
Հոդված 26. |
Անտառային ֆոնդի օգտագործման հայտի մերժումը |
Անտառային ֆոնդի օգտագործման հայտը մերժվում է այն դեպքերում, երբ`
- դիմողը կանխամտածված իր մասին ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել.
- դիմողը չունի անտառօգտագործման համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական հնարավորություններ.
- անտառային ֆոնդի տվյալ հատվածում արդեն կատարվում է անտառօգտագործում:
i
Հոդված 27. |
Անտառօգտագործողների իրավունքների երաշխիքները |
Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է (բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի):
Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման: Անտառօգտագործողներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IX
ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ
Հոդված 28. |
Անտառահատումների տեսակները և եղանակները |
Անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառավերականգնման հատումների եղանակով, որոնք կատարվում են հասունացած և գերհասուն անտառամասերում:
Բնափայտը մթերվում է նաև միջանկյալ օգտագործման հատումներ կատարելիս (անտառի խնամք և սանիտարական հատումներ, ինչպես նաև այլ հատումներ կատարելիս, անտառային տարածությունների մաքրումը` կապված հիդրոհանգույցների, խողովակաշարերի, ճանապարհների շինարարության հետ անտառուղիներ գցելիս, հակահրդեհային շերտեր ստեղծելիս և այլն):
Հոդված 29. |
Միջանկյալ օգտագործման և այլ հատումներ կատարելիս բնափայտի մթերման չափը որոշելը |
Միջանկյալ օգտագործման հատումներ կատարելիս բնափայտի մթերման չափը որոշվում է անտառաշինության նյութերի հիման վրա, ելնելով անտառների տեսակակազմի և որակի բարելավման անհրաժեշտությունից, իսկ այլ հատումներ կատարելիս` անտառային տարածությունների մաքրման, անտառուղիներ գցելու և այլ աշխատանքների ծավալներից:
ԳԼՈՒԽ X
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 30. |
Երկրորդական անտառանյութի մթերմանը ներկայացվող ընդհանուր պահանջները |
Արդյունաբերական վերամշակման, անտառային արտադրությունների զարգացման և բնակչության կարիքների բավարարման համար երկրորդական անտառանյութի մթերումը պետք է իրականացվի առանց անտառին վնաս պատճառելու:
Երկրորդական անտառանյութի մթերման կարգը սահմանվում է սույն օրենսգրքի 31 հոդվածով:
Հոդված 31. |
Կոճղերի մթերումը |
Կոճղերի մթերումը թույլատրվում է ամբողջ տարվա ընթացքում` չվերականգնված հատատեղերում և երիտասարդ տնկարկներում: Կոճղերի մթերման եղանակները և այն տնկարկների տարիքը, որտեղ թույլատրվում է կոճղերի մթերում, սահմանում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը` իր իրավասության սահմաններում:
Կոճղերի մթերումն արգելվում է այն անտառամասերում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:
ԳԼՈՒԽ XI
ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 32. |
Կողմնակի անտառօգտագործումն իրականացնելու ընդհանուր պայմանները |
Խոտհունձը, անասունների արածեցումը, փեթակների և մեղվանոցների տեղադրումը, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքումն ու մթերումը, ինչպես նաև այլ կողմնակի անտառօգտագործումները պետք է իրականացվեն առանց անտառին վնաս պատճառելու:
Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածություններում արգելվում է դրանց մաքրումը, ծառերի հատումը, հողը վարելը, կապիտալ շինությունների կառուցումը:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվադեպ և ոչնչացող բույսեր հավաքելը:
Կողմնակի անտառօգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կողմնակի անտառօգտագործման կանոնադրությամբ:
i
Հոդված 33. |
Խոտհունձը և անասունների արածեցումը |
Անտառներում և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում խոտհունձը և անասունների արածեցումն արգելվում է այն հատվածներում, որտեղ դա կարող է վնաս պատճառել անտառին:
Այն տարածությունները, որտեղ թույլատրվում է խոտհունձ և անասունների արածեցում, որոշվում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների կամ կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
i
Հոդված 34. |
Անտառային ֆոնդի խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործման հատկացնելը |
Անտառային տնտեսության կարիքների համար չօգտագործվող խոտհարքները և արոտավայրերը վճարովի, ժամանակավոր օգտագործման կարող են հատկացվել ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին, եթե այդ օգտագործումը չի հակասում անտառային տնտեսության շահերին: Խոտհարքները և արոտավայրերը օգտագործման են հատկացվում` պահպանելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության պահանջները:
ԳԼՈՒԽ XII
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Հոդված 35. |
Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու կարգը |
Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու իրավունք ունեն մասնագիտացված որսորդական տնտեսությունները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները:
Անտառային ֆոնդի տարածքներում անտառօգտագործումը և անտառտնտեսական միջոցառումները պետք է իրականացվեն` հաշվի առնելով վայրի կենդանիների ապրելու համար բարենպաստ պայմանների պահպանման անհրաժեշտությունը:
Անտառներում կենդանիների թիվը կարգավորվում է անտառահանդակների համար թույլատրելի խտության սահմաններում այն հաշվով, որ կենդանիները վնաս չպատճառեն անտառային տնտեսությանը:
Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու կարգը և պայմանները սահմանվում են որսորդական տնտեսության կարիքների համար անտառից օգտվելու կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 36. |
Գիտահետազոտական նպատակներով անտառային ֆոնդից օգտվելու կարգը |
Անտառային ֆոնդում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար համապատասխան ձեռնարկություններին և կազմակերպություններին հատկացվում է հատուկ անտառային տարածք: Հատկացված անտառատարածքներում կարող է սահմանափակվել կամ լրիվ արգելվել անտառօգտագործումը այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից, եթե դա անհամատեղելի է գիտահետազոտական աշխատանքների նպատակների հետ:
Գիտահետազոտական նպատակներով անտառից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:
Հոդված 37. |
Մշակութային-առողջարարական նպատակներով անտառից օգտվելու կարգը |
Բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով պետական իշխանության տեղական մարմինները, Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները, ինչպես նաև դրանց հետ համաձայնեցնելով` այլ ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները, անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում իրականացնում են անտառային տարածքների բարեկարգման և բնակչության սպասարկման միջոցառումներ, հաշվի առնելով անտառային միջավայրի և բնական լանդշաֆտի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները:
Մշակութային-առողջարարական նպատակներով անտառից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:
ԳԼՈՒԽ XIII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
i
Հոդված 38. |
Անտառօգտագործման առանձնահատկությունները բնության հատուկ պահպանվող տարածքներում |
Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 39. |
Անտառօգտագործման առանձնահատկությունները քաղաքային անտառներում |
Քաղաքային անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով և բնակչության հանգստի համար:
Քաղաքային անտառներում արգելվում է անտառվերականգնման հատումների իրականացման կարգով բնափայտի մթերումը, երկրորդական անտառանյութի, ինչպես նաև կողմնակի անտառօգտագործման արտադրանքի արդյունագործական մթերումը և անասունների արածեցումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքային անտառներում կարող են արգելվել նաև անտառօգտագործման այլ տեսակներ, եթե դրանք անհամատեղելի են մշակութային-առողջարարական միջոցառումների իրականացման և բնակչության հանգստի կազմակերպման հետ:
i
Հոդված 40. |
Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային գոտում |
Սահմանային գոտում անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը` սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ:
ԳԼՈՒԽ XIV
ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ: ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ
Հոդված 41. |
Անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումներ |
Անտառների արտադրողականությունը բարձրացնելու և որակը բարելավելու նպատակով իրականացվում են անտառի խնամքի, սանիտարական և սակավարժեք ծառուտների վերականգնման հատումներ, կատարվում են անտառների վերարտադրության, տեսակային և տարիքային կազմի բարելավման, արդյունավետ օգտագործման, անտառասերմնային բազաների ստեղծման, հիդրոմելիորատիվ և այլ անտառապատման միջոցառումները:
Հոդված 42. |
Անտառավերականգնման և անտառապատման կարգը |
Անտառային ֆոնդի տարածքների էկոլոգիական վիճակի բարելավման, անտառապատվածության ապահովման և արդյունավետ օգտագործման նպատակներով հատված, այրված և նախկինում անտառածածկ այլ տարածքներում կատարվում է անտառավերականգնում, իսկ անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության այլ հողերում` անտառապատում:
Անտառավերականգնման աշխատանքի ծավալների և եղանակների որոշումը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր տեսակների ընտրությունը կատարում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպությունները` անտառաշինության փաստաթղթերի հիման վրա, հաշվի առնելով անտառային ֆոնդում տեղի ունեցող փոփոխությունները:
Անտառավերականգնումը, անտառատնկումը, անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումն իրականացնում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպությունները:
Անտառօգտագործողները պարտավոր են հատատեղերում կատարել անտառավերականգնման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցված եղանակներով ու մեթոդներով և ժամանակին հանձնել իրենց հիմնադրած անտառամշակույթները:
Հոդված 43. |
Անտառօգտագործողների պարտականությունները հատատեղերում անտառավերականգնման համար բարենպաստ պայմաններ ապահովելու բնագավառում |
Անտառօգտագործողները պարտավոր են կատարել անտառային պաշարների վերականգնման համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:
Այդ պահանջները պետք է հաշվի առնվեն նաև բնափայտի մթերման և տեղափոխման նոր տեխնիկա մշակելիս: Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները կարող են ընդհատել անտառավերականգնման համար վտանգ ներկայացնող աշխատանքների կատարումը:
Հոդված 44. |
Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների և կազմակերպությունների պարտականությունները անտառների արտադրողականության բարձրացման ուղղությամբ |
Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպություններն անտառների որակական կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման նպատակով պարտավոր են`
- կատարել անտառի խնամքի, տնտեսապես առավել արժեքավոր տեսակների սելեկցիայի, անտառային սերմնաբուծության և տեսակափորձարկման աշխատանքները.
- միջոցառումներ ձեռնարկել հողի բերրիությունը բարձրացնելու, գերխոնավ հողերը չորացնելու, հողերի ջրային և հողմային հողատարման, ճահճակալման, աղակալման և հողերի վիճակը վատացնող այլ երևույթները կանխելու համար, ինչպես նաև իրականացնել այլ միջոցառումներ անտառների տեսակակազմը բարելավելու, արտադրողականությունն ու պաշտպանական հատկությունները բարձրացնելու ուղղությամբ.
- ապահովել հատկապես կաղնու, հաճարենու, սոճենու և այլ արժեքավոր ծառատեսակների ժամանակին վերարտադրությունը, դրանց արդյունավետության ու բնապահպան հատկությունների բարձրացումը.
- միջոցառումներ ձեռնարկել անտառավերականգնման և նոր անտառների ստեղծման նպատակով անտառային ֆոնդի հողերի լիակատար և արդյունավետ օգտագործման համար:
i
ԳԼՈՒԽ XV
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 45. |
Անտառների պահպանության ու պաշտպանության նպատակները և խնդիրները |
Անտառները ենթակա են պահպանման հրդեհներից, ապօրինի հատումներից և արածեցումից, անտառօգտագործման սահմանված կարգի խախտումներից և անտառին վնաս պատճառող այլ գործողություններից, ինչպես նաև ենթակա են պաշտպանության վնասատուներից և հիվանդություններից:
Անտառների պահպանությունը և պաշտպանությունն ընդգրկում է կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համալիր և իրականացվում է` հաշվի առնելով անտառների տարածքային և կենսաբանական առանձնահատկությունները:
Հոդված 46. |
Անտառային պահպանության և պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը |
Անտառների պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացումը դրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, կազմակերպությունների և պետական անտառային պահպանության ծառայության վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական իշխանության տեղական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովում են անտառների պահպանությունը և պաշտպանությունը, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` դրանք մարելու համար ներգրավելով մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է բնակչության և տրանսպորտային միջոցների մուտքը անտառներ, ինչպես նաև որոշ անտառային տարածքներում բոլոր տեսակի աշխատանքները:
Հոդված 47. |
Պետական մարմինների հատուկ լիազորությունները անտառային հրդեհների, վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարի գործում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական իշխանության տեղական մարմինները անտառային հրդեհների առաջացումը կանխարգելելու, դրանց, ինչպես նաև վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով`
- ամեն տարի, մինչև հրդեհավտանգ ժամանակաշրջանն սկսվելը, հաստատում են անտառային հրդեհների դեմ պայքարի գործնական առաջադրանքները.
- սահմանում են անտառային հրդեհները մարելու համար բնակչության, բանվոր-ծառայողների, հակահրդեհային տեխնիկայի, ձեռնարկությունների և կազմակերպությունների տրանսպորտային և այլ միջոցների օգտագործման կարգը.
- հրդեհները մարող անձանց ապահովում են փոխադրամիջոցներով, սննդով և բուժօգնությամբ.
- անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար նախատեսվում են անտառահրշեջ կազմակերպությունների ստեղծումը և ապահովում են դրանց պարտականությունների կատարումը.
- աջակցում են հակահրդեհային ճանապարհների շինարարությանը և վերականգնմանը, անտառահրշեջ ծառայությունների ապահովմանը վառելիքաքսանյութերով, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններին ապահովում են անհրաժեշտ հերթապահ մեքենաներով և տրանսպորտային այլ միջոցներով ու վառելիքի պաշարով.
- կազմակերպում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման լայն լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով.
- համաձայնեցնում են հրդեհների դեմ պայքարի բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում այդ նպատակի համար ստեղծելով հատուկ հանձնախմբեր.
- ապահովում են վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը:
Հոդված 48. |
Այն ձեռնարկությունների և կազմակերպությունների պարտականությունները, որոնց գործունեությունն ազդում է անտառների վիճակի և վերարտադրության վրա |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնց գործունեությունն ազդում է անտառների վիճակի և վերարտադրության վրա, պարտավոր են պետական իշխանության տեղական մարմինների և Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցված կիրառել տեխնոլոգիական, սանիտարական և այլ միջոցառումներ, որոնք ապահովում են անտառների պահպանությունը:
ԳԼՈՒԽ XVI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 49. |
Հայաստանի Հանրապետության պետական անտառային պահպանության ծառայությունը |
Հայաստանի Հանրապետության պետական անտառային պահպանության ծառայությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների համակարգում` անտառների պահպանության և պաշտպանության միջոցառումներ իրականացնելու և անտառների վիճակի պահպանության, պաշտպանության և օգտագործման նկատմամբ հսկողություն ապահովելու նպատակով:
Պետական անտառային պահպանության ծառայությունը լիազորված է կանխելու և վերացնելու անտառային օրենսդրության խախտումները:
Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներն իրավունք ունեն`
- կրել սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար.
- իրենց սեփական տների նորոգման համար անտառտնտեսությունից անվճար ստանալ շինափայտ և պետական իշխանության տեղական մարմինների կողմից հաստատված նորմերով` վառելափայտ.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ծառայողական հողակտորներ.
- ծառայության ժամանակ կրել և օգտագործել հրազեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
- անտառային օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև դատարան և արբիտրաժ հայցեր ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով:
Անտառային պահպանության ծառայության աշխատակիցները ենթակա են անձի պարտադիր պետական ապահովագրության` անտառների վերարտադրության, պահպանության և պաշտպանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների հաշվին:
Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցների կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:
Պետական անտառային պահպանության ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
ԳԼՈՒԽ XVII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
Հոդված 50. |
Անտառօգտագործման վճարների չափերը և դրանց գանձման կարգը |
Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումը (անտառային ֆոնդի օգտագործումը) վճարովի է, բացառությամբ գիտահետազոտական նպատակներով անտառային ֆոնդից օգտվելու դեպքերի:
Անտառօգտագործման վճարների չափերը սահմանվում են, ելնելով անտառային պաշարի տեսակից, որակից և քանակից, անտառային ֆոնդի օգտագործվող հատվածի բնական-աշխարհագրական, անտառապատման և տնտեսական պայմաններից, ստացված արտադրանքի գներից:
Անտառօգտագործման վճարները կարող են գանձվել անտառային ֆոնդի օգտագործումից ստացված արտադրանքի միավորի հաշվարկից, իսկ անտառօգտագործման առանձին տեսակների համար` անտառային ֆոնդի օգտագործվող տարածության յուրաքանչյուր հեկտարի համար սահմանված դրույքներով:
Անտառօգտագործման վճարների գանձման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 51. |
Անտառօգտագործման վճարների բաշխումը |
Անտառօգտագործման վճարները մուտքագրվում են այն շրջանների (քաղաքների) բյուջեները, որոնց տարածքում տեղի է ունենում անտառային ֆոնդի օգտագործումը:
Այդ միջոցներից անտառների պահպանության և պաշտպանության համար հատկացումների չափերը որոշում է պետական իշխանության համապատասխան տեղական մարմինը:
ԳԼՈՒԽ XVIII
ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 52. |
Անտառաշինության էությունը |
Անտառաշինությունն ընդգրկում է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության, արտադրողականության բարձրացման, արդյունավետ օգտագործման, անտառային տնտեսության միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման միջոցառումների համակարգը:
Անտառաշինությունն ընդգրկում է`
- անտառտնտեսական ձեռնարկությունների տարածքների սահմանների որոշումը և ներտնտեսական կազմակերպումը.
- տեղեկագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը.
- անտառային ֆոնդի գույքագրումը, որի միջոցով որոշում են անտառների տեսակային և տարիքային կազմը, վիճակը, ինչպես նաև անտառային պաշարների որակական և քանակական բնութագրերը.
- անտառային ֆոնդի այն հատվածների հայտնաբերումը, որտեղ անհրաժեշտ է կատարել խնամքի, սանիտարական և միջանկյալ օգտագործման այլ հատումներ, անտառավերականգնման և անտառատարածքի ընդարձակման, անտառի պահպանության և պաշտպանության այլ տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև դրանց կատարման կարգի և եղանակների սահմանումը.
- անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը և անտառները մեկ խմբից մյուսը փոխադրելու համար առաջարկությունների նախապատրաստումը.
- անտառավերականգնման հատումների, հաշվարկային հատատեղերի և միջանկյալ օգտագործման հատումների չափերի հաշվարկումը.
- անտառավերականգնման և անտառների ընդարձակման, անտառները հրդեհներից պահպանելու, վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու միջոցառումների և այլ անտառտնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.
- կողմնակի և երկրորդական անտառօգտագործման ծավալների, անտառային ֆոնդի մշակութային-առողջարարական և որսորդական տնտեսության կարիքների նպատակներով օգտագործման ծավալների որոշումը.
- անտառաշինության ժամանակ մշակված նախագծերի իրականացման նկատմամբ հեղինակային հսկողությունը, ինչպես նաև այլ անտառաշինական գործողություններ:
Հոդված 53. |
Անտառաշինության նախագծերը |
Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաև մշակում են անտառային տնտեսության հետագա կազմակերպման և զարգացման հիմնադրույթները:
Անտառաշինության նախագծերը Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման իրականացման, ընթացիկ և հեռանկարային ծրագրավորման պարտադիր նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:
ԳԼՈՒԽ XIX
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Հոդված 54. |
Պետական անտառային կադաստր: Անտառային ֆոնդի պետական հաշվառում |
Պետական անտառային կադաստրի վարումը և անտառային ֆոնդի պետական հաշվառումն իրականացվում են անտառների պահպանության, վերարտադրության, անտառային ֆոնդի արդյունավետ օգտագործման և կազմակերպման ու պաշտպանության, քանակական և որակական փոփոխությունների պարբերաբար հսկողության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական իշխանության տեղական մարմիններին, շահագրգիռ ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկներին և քաղաքացիներին անտառային ֆոնդի մասին տեղեկություններով ապահովելու համար:
Պետական անտառային կադաստրի և անտառային ֆոնդի պետական հաշվառման տվյալները ենթակա են մամուլում հրապարակման:
Պետական անտառային կադաստրը և անտառային ֆոնդի պետական հաշվառումը բովանդակում են անտառային ֆոնդի իրավական ռեժիմի, դրա քանակական և որակական վիճակի, անտառների դասակարգման և տնտեսական գնահատման մասին այն տեղեկությունների միասնական համակարգը, որոնք անհրաժեշտ են անտառային տնտեսության վարման և անտառային ֆոնդում տնտեսական գործունեության արդյունքների գնահատման համար:
Պետական անտառային կադաստրի վարումը և անտառային ֆոնդի պետական հաշվառումը կատարվում են Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ XX
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 55. |
Անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողությունը |
Անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է` ապահովել անտառային ֆոնդի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառային տնտեսություն վարելու, անտառների պահպանության ու պաշտպանության կանոնների, ինչպես նաև անտառային օրենսդրությամբ սահմանված մյուս կանոնների պահպանումը բոլոր անտառօգտագործողների կողմից:
Պետական վերահսկողությունն անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական իշխանության տեղական մարմինները և Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 56. |
Անտառային մոնիտորինգ |
Անտառային մոնիտորինգը անտառային ֆոնդի վիճակի և զարգացման ընթացքի (դինամիկայի) դիտարկումների և հետազոտումների գնահատման ու կանխատեսման համակարգն է, որի նպատակն է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում արդյունավետ կառավարումը և անտառների էկոլոգիական նշանակության բարձրացումը:
ԳԼՈՒԽ XXI
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 57. |
Անտառային վեճերի լուծման կարգը |
Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ծագող վեճերը լուծվում են դատական կամ արբիտրաժային կարգով:
i
Հոդված 58. |
Անտառների սեփականության իրավունքը խախտող գործարքների անվավերությունը |
Անտառային ֆոնդի հատվածների առքուվաճառքի, նվիրատվության, գրավ դնելու, փոխանակման, ինչպես նաև անտառօգտագործման իրավունքի վերազիջման գործարքներն անվավեր են:
i
Հոդված 59. |
Անտառային օրենսդրության խախտումների տեսակները |
Սույն օրենսգրքի 58 հոդվածով նախատեսված գործարքներ կատարելու, ինչպես նաև`
- ծառերը և թփերն ապօրինաբար վնասելու և հատելու.
- հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելու կամ ոչնչացնելու.
- անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելու.
- անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, մնացուկներով և կոմունալ-կենցաղային թափոններով աղտոտելու.
- ժամանակավոր օգտագործման հատկացված անտառային ֆոնդի հատվածների վերադարձման ժամկետները խախտելու.
- անտառամշակույթները, անտառային տնկարաններում սերմնաբույսերը կամ տնկիները, ինչպես նաև անտառավերականգնման համար նախատեսված տարածություններում բնական ծագում ունեցող մատղաշն ու ինքնացանը վնասելու կամ ոչնչացնելու.
- հատատեղերի և ոչ անտառապատ այլ կարգի անտառային հողերի անտառապատման կարգը և ժամկետները խախտելու.
- անտառային ֆոնդի հողամասերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու, այդ հողամասերում ծառերն ու թփերն արմատախիլ անելու, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման, անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելու և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելու.
- անտառային ֆոնդի տարածքներում ինքնակամ խոտհունձ կատարելու և անասուններ արածեցնելու, ինչպես նաև խոտհնձի և անասունների արածեցման կանոնները խախտելու.
- անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու.
- անտառային ֆոնդի հողերի բերրի շերտը վնասելու կամ ոչնչացնելու.
- անտառներում սանիտարական կանոնները խախտելու.
- անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործում իրականացնելու.
- անտառային ֆոնդի հողերում ոռոգման և անտառաչորացման առուները, դրենաժային համակարգերը, ինչպես նաև ճանապարհները վնասելու կամ ոչնչացնելու.
- ինքնակամ վայրի պտուղ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու այն հողամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառային տոմսերով.
- վայրի պտուղ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու ժամկետները և եղանակները խախտելու.
- հատատեղերի հատկացման և անտառագնահատման, բնափայտի մթերման և դուրսբերման, երկրորդական անտառանյութ մթերելու, հատատեղերի տեղազննման սահմանված կարգը խախտելու.
- անտառային ֆոնդում սահմանափակող, անտառաշինական և այլ նշանները վնասելու և ոչնչացնելու.
- անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելու.
- քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելու և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության այլ խախտումների մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 60. |
Անտառային ֆոնդի ինքնակամ զավթած հատվածների վերադարձման կարգը |
Անտառային ֆոնդի ինքնակամ զավթած հատվածները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:
Հոդված 61. |
Անտառների վիճակի և վերարտադրության համար վտանգ ներկայացնող աշխատանքների դադարեցումը |
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկապես լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով արգելում կամ դադարեցնում են ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվող աշխատանքները, եթե դրանց իրականացման ընթացքում չեն ապահովվում տեխնոլոգիական, սանիտարական, հակահրդեհային և այլ միջոցառումները, որոնց հետևանքով վտանգ է առաջանում անտառների վիճակի և վերարտադրության համար:
ԳԼՈՒԽ XXII
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 62. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենսգիրքը, ապա կիրառվում է միջազգային պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 նոյեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան Հ.Ն-1111-I.-ՀՕ-122
|
|