Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

25.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.06.1998  -ից մինչեւ   25.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 20.11.01 ՀՕ-265 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «26» ապրիլի 1994թ. Հ.Ն-1047-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» հուլիսի 1994թ. Հ.Ն-1090-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

 

i
ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը /այսուհետ` Պետական սահման/ այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղաձիգ մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:

 

Հոդված 2. Պետական սահմանի որոշումը և նրա պահպանությունը

 

i

Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Պետական սահմանի պահպանությունը միջոցառումների համալիր է, որը երաշխավորում է Պետական սահմանի անձեռնմխելիությունը: Պետական մարմինների լիազորությունները Պետական սահմանի պահպանության ոլորտում սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

Հոդված 3. Պետական սահմանի տեղորոշումը

 

Պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսվում, տեղորոշվում է`

1/ ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների,

2/ գետերում /վտակներում/` դրանց միջագծով կամ գետի գլխավոր գետաբազկի միջնամասով, ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը Պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին:

Գետով /վտակով/, ջրավազանով անցնող Պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի /վտակի/ հունը այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում,

3/ հիդրոհանգույցների ջրամբարներում և այլ արհեստական ջրավազաններում` Պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով` մինչև դրանց լցնելը,

4/ երկաթուղային և ավտոճանապարհային կամուջների, ամբարտակների վրա և այլ կառույցներում` այդ կառույցների միջնագծով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ Պետական սահմանի անցումից:

 

Հոդված 4. Պետական սահմանի գծանշումը

 

i

Պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով որոնց ձևերն, տեղագրման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության սահմանային ջրերը

 

Հայաստանի Հանրապետության սահմանային ջրերի թվին են դասվում մինչև պետական սահմանագիծն ընկած այն գետերի /վտակների/ և ջրավազանների ջրերը, որոնց ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

 

i
Հոդված 6. Սահմանակից պետությունների հետ փոխհարաբերությունները սահմանային հարցերում

 

Սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերը Հայաստանի Հանրապետությունը լուծում է փոխադարձ համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

(լրաց. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

ԳԼՈՒԽ 2 ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ

 

Հոդված 7. Պետական սահմանի ռեժիմը

 

Պետական սահմանի ռեժիմը որոշվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Պետական սահմանի ռեժիմն իր մեջ ընդգրկում է`

Պետական սահմանի պահպանման կանոնները,

Պետական սահմանի հատման կանոնները,

Պետական սահմանով անձանց, կենդանիների, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողման կանոնները,

Պետական սահմանի վրա տնտեսական և այլ գործունեություն ծավալելու կարգը:

 

Հոդված 8. Պետական սահմանի պահպանման կանոնները

 

Պետական սահմանի պահպանման կանոններով կարգավորվում են սահմանանշանների տեղադրումը և դրանց վերահսկողական զննումները, ինժեներատեխնիկական կառուցվածքի ստեղծումը և շահագործումը, սահմանակից պետության հետ պետական սահմանագծի անցման ստուգումը:

«Սահմանակից պետության հետ պետական սահմանագծի փոփոխություններ չպարունակող» համատեղ ստուգումների փաստաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով սահմանային շերտի տարածքը հատկացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին /այսուհետ` Սահմանապահ զորքեր/ անժամկետ /մշտական/ օգտագործման:

Պետական սահմանի պահպանման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 9. Պետական սահմանի հատման կանոնները

 

Պետական սահմանով երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող անցման կետերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Պետական սահմանի անցման կետերում ստեղծվում են Սահմանապահ զորքերի ստուգման-բացթողման կետեր, մաքսատներ և մաքսային կետեր:

Օդանավերը կամ թռչող այլ ապարատները Պետական սահմանը հատում են և Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչք են կատարում թռիչքների համար հատկացված օդային միջանցքներով` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Պետական սահմանի հատումը և Հայաստանի Հանրապետության օդային միջանցքներից դուրս թռիչքն արտոնում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ ապարատների թռիչքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում: Թռիչքի և վայրէջքի այլ կարգ արտոնում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օդանավերի կամ թռչող այլ ապարատների համար բաց օդանավակայանների ցանկը, դրանցում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ թռիչքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության օդային տարածք ու օդանավակայաններ մուտք գործող կամ այնտեղ գտնվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս մեկնող օդանավերը և թռչող այլ ապարատները պարտավոր են պահպանել թռիչքի, օդանավակայանի, մաքսային, սանիտարական և այլ կանոնները:

Օտարերկրյա օդանավերը և թռչող այլ ապարատները Հայաստանի Հանրապետության օդային տարածք հարկադրաբար մուտք գործելու կամ այդ տարածքում թռիչքի, ինչպես նաև օդանավակայաններում գտնվելու կանոնները հարկադրաբար չպահպանելու դեպքում պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել մոտակա հայկական օդանավակայանի ղեկավարությանը և հետագայում թռիչքը շարունակել վերջինիս կամ այն օդանավերի կարգադրությունների համաձայն, որոնք ժամանել են օգնության կամ իրավիճակի պարզաբանման համար:

 

Հոդված 10. Անձանց, կենդանիների, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողումը Պետական սահմանով

 

Պետական սահմանը հատող անձանց բացթողումն իրականացնում են Սահմանապահ զորքերի զինծառայողները` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Պետական սահմանով կենդանիների, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել Պետական սահմանով անձանց և տրանսպորտային միջոցների բացթողման ավելի պարզեցված կարգ:

 

Հոդված 11. Պետական սահմանով միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքերի, ռազմական բեռների տեղափոխման ու զորքերի տարանցման կարգը

 

Միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքերի տեղափոխումը Պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական սահմանով օտարերկրյա պետության զորքերի քանակակազմի և ռազմական բեռների տարանցիկ տեղափոխումը թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 12. Հսկողությունը Պետական սահմանը հատելիս

 

Պետական սահմանը հատող անձինք, կենդանիները, տրանսպորտային միջոցները, բեռները և այլ գույքը ենթակա են սահմանային և մաքսային հսկողության: Համապատասխան դեպքերում իրականացվում է նաև սանիտարակարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական և այլ հսկողություն:

Հսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 13. Տնտեսական և այլ գործունեությունը Պետական սահմանում

 

Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տնտեսական և այլ գործունեությունը չպետք է վնաս պատճառի կամ խոչընդոտի Պետական սահմանի պահպանմանը կամ պահպանմանն ուղղված մյուս գործողություններին:

Տնտեսական և այլ գործունեությունն իրականացվում է Սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ:

 

Հոդված 14. Վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում Պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցումը: Կարանտին

 

Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետության տարածքում հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել հաղորդակցությունը կամ կարանտին սահմանվել Պետական սահմանը հատող անձանց, կենդանիների, բեռների, սերմնանյութի, տնկանյութի, բուսական ծագում ունեցող մթերքների բացթողման համար:

 

Հոդված 15. Պետական սահմանը խախտողները

 

Պետական սահման խախտողներ են հանդիսանում`

1/ այն անձինք, ովքեր ցանկացած եղանակով հատել կամ փորձում են հատել Պետական սահմանը` խախտելով նրա հատման կանոնները,

2/ այն տրանսպորտային, տեխնիկական կամ մյուս միջոցները, որոնք հատել են Պետական սահմանը առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կարգի խախտումով,

3/ այն օդանավերը կամ թռչող այլ ապարատները, որոնք հատել են Պետական սահմանը առանց համապատասխան թույլտվության կամ կատարել են թռիչքային կամ այլ կանոնների խախտումներ:

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչները

 

Պետական սահմանի ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծման, ինչպես նաև սահմանային միջադեպերի կարգավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվում են Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչներ:

Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 17. Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը

 

Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը` միջազգային հաղորդակցության համար բաց սահմանային երկաթուղային կայարանները և ավտոմոբիլային կայանների, օդանավակայանների տարածքների շրջանակներում անձանց և տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև Պետական սահմանով անձանց, կենդանիների, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողման հետ կապված այլ գործողությունների կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սահմանապահ զորքերի հրամանատարությունը որոշում է այն շենքերը, որտեղ իրականացվում է սահմանային հսկողություն, իսկ այն շենքերը, որտեղ իրականացվում են մաքսային և այլ հսկողություն` որոշվում են նրա համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 3 ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

Հոդված 18. Սահմանային ռեժիմը

 

Պետական սահմաններում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող կարգով, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերին համապատասխան, սահմանվում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց սահմանային գոտի մուտք գործելու, ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու, տնտեսական գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 19. Սահմանային գոտի և սահմանային շերտ

 

i

Սահմանային գոտին այն տարածքն է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև 5 կմ. լայնությամբ:

Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է Պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև 1 կմ. լայնությամբ:

Ըստ տեղանքի, սույն հոդվածին համապատասխան, սահմանային գոտու և սահմանային շերտի սահմանները որոշում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 20. Սահմանային գոտի և սահմանային շերտ մուտք գործելը

 

i

Սահմանային գոտում մշտապես չբնակվող անձը սահմանային գոտում 3 օրից ավել կարող է գտնվել միայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների թույլտվությամբ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ կարգ չի հաստատված:

Սահմանային շերտ մուտք գործելու, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համաձայնությամբ տալիս են Սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում Սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտք գործելու և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

i
Հոդված 21. Սահմանային գոտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը

 

Սահմանային շերտում սեփականաշնորհումը, ինչպես նաև Պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեություն` արգելվում է:

Սահմանային գոտում հողերի, անտառների, կենդանական աշխարհի օգտագործումը, լեռնային գործը, երկրաբանական հետազոտությունները, հիդրոկառույցների ստեղծում և տնտեսական այլ գործունեությունը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով տեղական պայմանները, սահմանում է սահմանային գոտում տնտեսական գործունեության բոլոր տեսակների իրականացման կարգ:

 

ԳԼՈՒԽ 4 ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Պետական սահմանի պահպանության միջոցառումները

 

Պետական սահմանի պահպանությունը, որպես Պետական սահմանի անձեռնմխելիությունը երաշխավորող միջոցառումների համալիր, ներառում է`

1/ սահմանային ծառայությունը,

2/ Պետական սահմանի ռեժիմի, Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի և սահմանային ռեժիմի ապահովումը,

3/ հակաօդային պաշտպանությունը,

4/ սահմանային գոտում օպերատիվ- հետախուզական գործունեությունը,

5/ Պետական սահմանը խախտողների հայտնաբերումն ու ձերբակալումը,

6/ ինժեներատեխնիկական և այլ միջոցների տեղադրումը և օգտագործումը:

Ցամաքում, սահմանային ջրերում Պետական սահմանի պահպանությունը դրվում է Սահմանապահ զորքերի, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերի վրա: Սահմանապահ և հակաօդային պաշտպանության զորքերը Պետական սահմանի պահպանության խնդիրները կատարելիս ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 23. Սահմանապահ զորքերի կազմակերպման կառուցվածքը

 

i

Սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի կառուցվածքի մեջ: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետը միաժամանակ հանդիսանում է Սահմանապահ զորքերի հրամանատար:

Սահմանապահ զորքերի կառուցվածքը և հաստիքների թվաքանակը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

i
Հոդված 24. Սահմանապահ զորքերի գործունեության հիմնական սկզբունքները

 

Սահմանապահ զորքերի գործունեությունը կազմակերպվում է օրինականության, հրապարակայնության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանության, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, աշխատանքային կոլեկտիվների և բնակչության հետ համագործակցության սկզբունքներով: Սահմանապահ զորքերում որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ շարժման գործունեությունն արգելվում է: Սահմանապահ զորքերի զինծառայողի անդամությունը որևէ հասարակական-քաղաքական կազմակերպությանը կամ շարժմանը կասեցվում է ծառայության ամբողջ ընթացքում:

Սահմանապահ զորքերի հրամանատարությունը Պետական սահմանի պահպանությանն ու նրա ամրացմանն ուղղված Սահմանապահ զորքերի գործունեության մասին պարբերաբար տեղեկացնում է պետական մարմիններին:

Սահմանապահ զորքերի օգտագործումն այլ նպատակներով, բացառությամբ տարերային աղետների և վթարների հետևանքների վերացման դեպքերի, արգելվում է:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

Հոդված 25. Սահմանապահ զորքերի գործունեության օրինականության ապահովումը

 

Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է սույն օրենքին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան:

Ոչ մի արտակարգ հանգամանք կամ որևէ պաշտոնատար անձի ցուցում չի կարող հիմք հանդիսանալ Սահմանապահ զորքերի որևէ հակաօրինական գործողության կամ անգործության համար:

 

ԳԼՈՒԽ 5 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

i
Հոդված 26. Սահմանապահ զորքերի պարտականությունները

 

Սահմանապահ զորքերը պարտավոր են`

1/ խափանել պետական սահմանագծի ապօրինի ամեն մի փորձ,

2/ ետ մղել զորախմբերի և կազմակերպված հանցավոր խմբերի զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել Պետական սահմանում ծագող զինված և այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանը և սեփականության բոլոր ձևերը,

3/ կանխել և թույլ չտալ անձանց և տրանսպորտային միջոցների Պետական սահմանի հատումը անցման կետերից դուրս կամ ապօրինի եղանակներով, հայտնաբերել և ձերբակալել Պետական սահմանը խախտողներին,

4/ սահմանված կետերում համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում իրականացնել անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողումը Պետական սահմանով,

5/ սահմանված կարգով, ինքնուրույն կամ մաքսային ծառայությունների հետ համատեղ կանխել Հայաստանի Հանրապետություն պայթուցիկ, թունավոր, ռադիոակտիվ, թմրեցուցիչ նյութերի, զենքի, ռազմամթերքի ապօրինի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման փորձերը, ինչպես նաև արգելված և մաքսանենգության այլ առարկաների փոխադրումը Պետական սահմանով,

6/ ապահովել Պետական սահմանի ռեժիմի հարցերի վերաբերյալ այն պարտավորությունների կատարումը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից,

7/ ինքնուրույն կամ ներքին գործերի մարմինների հետ համատեղ հսկել սահմանային ռեժիմի պահպանումը,

8/ ինքնուրույն կամ ներքին գործերի մարմինների, միջազգային թռիչքների համար բաց օդանավակայանների, սահմանամերձ երկաթուղային կայարանների և ավտոմոբիլային կայանների աշխատակիցների հետ համատեղ վերահսկել սահմանված ռեժիմի իրականացումը Պետական սահմանի անցման կետերում,

9/ վերահսկողություն իրականացնել Պետական սահմանը հատող օդանավերի կամ թռչող այլ ապարատների կողմից թռիչքային և այլ կանոնների պահպանման նկատմամբ,

10/ ծառայությունը կրելու շրջաններում դրա համար հատուկ լիազորված պետական մարմիններին անհրաժեշտ աջակցություն ցույց տալ բնական ռեսուրսները, ձկնորսության կանոնները, բնական միջավայրը աղտոտումից պահպանելու ուղղությամբ նրանց գործունեության ասպարեզում:

Սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անձանց դիմելիս պարտավոր են ներկայանալ, իսկ վերջիններիս պահանջով` ներկայացնել ծառայողական վկայականը կամ զինվորական գրքույկը` փոխհարաբերության ժամանակ դրսևորելով քաղաքավարություն, համբերություն և զսպվածություն:

Սահմանապահ զորքերն ապահովում են Պետական սահմանի խախտման գործողությունների մեջ կասկածվող, ձերբակալված կամ կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, միջոցներ են ձեռնարկում այդ անձանց բժշկական և այլ օգնություն ցույց տալու ուղղությամբ, ձերբակալված կամ կալանավորված անձի հարազատներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հայտնում են նրա գտնվելու վայրի մասին:

 

Հոդված 27. Սահմանապահ զորքերի իրավունքները

 

Սահմանային գոտում, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքում Պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս Սահմանապահ զորքերն իրավունք ունեն`

1/ իրենց հատկացված հողատարածքներում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառուցվածքներ, տեղաբաշխել և օգտագործել տեխնիկա և սպառազինություն,

2/ տեղաբաշխել սահմանային կարգախմբեր, ծառայողական պարտականությունները կատարելիս տեղաշարժվել տեղանքի ցանկացած հատվածում,

3/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հետաքննություն կատարել Պետական սահմանի խախտումների գործերով և ձեռնարկել օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցներ,

4/ իրականացնել սահմանային ռեժիմը կամ Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած անձանց վարչական ձերբակալում մինչև երեք ժամ ժամանակով` արձանագրություն կազմելու, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, այդ մասին ձերբակալման պահից սկսած քսանչորս ժամվա ընթացքում գրավոր հաղորդելով դատախազին կամ դատախազի սանկցիայով` մինչև տասն օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր, ձերբակալվածներին ենթարկել քննման, խուզարկության, ինչպես նաև զննել և անհրաժեշտության դեպքում առգրավել նրանց մոտ եղած իրերը,

5/ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետներով իրականացնել Պետական սահմանը խախտած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում, իսկ եթե այդ անձանց վերաբերյալ սահմանված կարգով որոշում է ընդունվել նրանց սահմանակից պետության սահմանային իշխանություններին հանձնելու մասին, դատախազի սանկցիայի հիման վրա այդ անձանց պահել նրանց հանձնման համար անհրաժեշտ ժամանակով,

6/ վարչական ձերբակալման ենթարկված անձանց պահել ժամանակավոր պահպանման մեկուսարաններում կամ այդ նպատակների համար հատուկ սարքավորված այլ տեղերում: Վարչական ձերբակալման, ձերբակալվածի խուզարկության, քննման, նրա մոտ եղած իրերի զննության և առգրավման յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն և այդ մասին հաղորդվում է դատախազին,

7/ անձին հրավիրել Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ` Պետական սահմանի, նրա ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման հանգամանքները պարզելու համար:

Անհրաժեշտության դեպքում հիշյալ խախտումների հանգամանքները պարզելը կարող է կատարվել նաև այլ տեղերում,

8/ ստուգել Պետական սահմանով անցնող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համապատասխան փաստաթղթերը, դրանցում անել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավորապես առգրավել դրանք, թույլ չտալ Պետական սահմանով անցնել մուտքի կամ ելքի համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց` մինչև նրանց կողմից Պետական սահմանը հատելու փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից արտասահմանում գտնված ժամանակաշրջանում փաստաթղթերը կորցնելու հանգամանքների ճշգրտումը և նրանց անձը պարզելը,

9/ սահմանված կարգով ինքնուրույն կամ մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ կատարել Պետական սահմանով անցնող անձանց, բեռների և այլ գույքի զննում,

10/ սահմանված կարգով առգրավել Պետական սահմանով փոխադրվող ներմուծման կամ արտահանման համար արգելված, ինչպես նաև մաքսանենգության առարկաները,

11/ սահմանված կարգով կատարել Պետական սահմանով անցնող տրանսպորտային միջոցների և դրանցով փոխադրվող բեռների զննում, տրանսպորտային միջոցներն ուղեկցել սահմանապահ կարգախմբերով,

12/ շահագրգիռ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ համատեղ որոշել Պետական սահմանի անցման կետերում արտասահմանյան ուղևորության տրանսպորտային միջոցների կանգառման վայրերն ու տևողությունը,

13/ անհրաժեշտության դեպքում սահմանափակել զանազան աշխատանքների կատարումը սահմանային գոտում,

14/ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կապի միջոցները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, տնտեսությունների և քաղաքացիների տրանսպորտային և այլ միջոցները իրենց համաձայնությամբ կամ առանց իրենց համաձայնության օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածք կատարված ներխուժումները ետ մղելու, Պետական սահմանում զանազան սադրանքները խափանելու համար: Առանց համաձայնության այդ միջոցներն օգտագործելու դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորամասի հրամանատարը 24 ժամվա ընթացքում պարտավոր է այդ մասին հաղորդել դատախազին: Օգտագործված միջոցներին պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

15/ հաշվի առնելով թույլ տված իրավախախտման ծանրությունն ու հանգամանքները, լուծել Պետական սահմանը այն անձանց կողմից հատելու հարցը, ովքեր փորձել են Պետական սահմանով անցկացնել Հայաստանի Հանրապետություն ներմուծելու կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար արգելված առարկաներ, ինչպես նաև մաքսանենգության առարկաներ,

16/ Պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով, գործող օրենսդրությանը համապատասխան, ժամանակավորապես սահմանափակել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները` միաժամանակ նրանց տալով այդ մասին համապատասխան բացատրություն,

17/ իրականացնել Պետական սահմանի պահպանության այլ գործողություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Պետական սահմանը խախտողների հետախուզման և ձերբակալման հետ կապված անհրաժեշտ դեպքերում Սահմանապահ զորքերը կարող են իրականացնել իրենց վերապահված իրավունքները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Սահմանապահ զորքերի հրամանատարն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել Պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած, ինչպես նաև սահմանապահ ուղեկալի տարածքում վարչական իրավախախտումներ կատարած անձանց` այդ մասին երեք օրվա ընթացքում գրավոր հայտնելով ներքին գործերի մարմիններին:

 

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի պահպանության ժամանակ հակաօդային պաշտպանության և Սահմանապահ զորքերի հիմնական պարտականությունները

 

Հակաօդային պաշտպանության զորքերը պարտավոր են`

1/ օդանավին կամ թռչող այլ ապարատին առաջարկել պատասխանել հարցման ազդանշաններին, հարցում կատարել Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին,

2/ օդանավին կամ թռչող այլ ապարատին առաջարկել փոխել կուրսը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարել միջազգային օդանավակայաններում,

3/ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ այլ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ ապարատին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ այլ համապատասխան տարածքում: Այն դեպքում, երբ օդանավը կամ թռչող այլ ապարատը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ ապարատը:

Սահմանապահ զորքերը պարտավոր են`

1/ կատարել օդանավի կամ թռչող այլ ապարատի զննում, եթե նա չի պատասխանել հարցման ազդանշաններին, գտնվել է օդային միջանցքներից դուրս, խախտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո վայրէջք է կատարել ոչ միջազգային օդանավակայաններում:

Օդանավի կամ թռչող այլ ապարատի զննումն ընդգրկում է օդանավի կամ թռչող այլ ապարատի փաստաթղթերի ստուգումը, անձնակազմի անդամների, ուղևորների և բեռների փաստաթղթերի ստուգումը:

Օդանավի կամ թռչող այլ ապարատի զննումից հետո նրան կարող է թույլ տրվել թռիչքը շարունակել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում սահմանված կանոնների պահպանմամբ կամ առաջարկվել հեռանալու Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ այն կարող է կալանվել` սույն օրենքի 28 և 29 հոդվածներին համապատասխան,

2/ արգելել այն օտարերկրյա օդանավի կամ թռչող այլ ապարատի անձնակազմի, ուղևորների կամ այլ անձանց օդանավից կամ թռչող այլ ապարատից դուրս գալը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքային, օդանավակայանի, մաքսային, սանիտարական և այլ կանոնների խախտումներ է թույլ տվել,

3/ օդանավից կամ թռչող այլ ապարատից իջեցնել և ձերբակալել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթակա անձանց, այդ անձանց հանձնել հետաքննության կամ նախաքննության մարմիններին, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 29. Սահմանապահ զորքերի կողմից օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման հիմքերը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օդանավը կամ թռչող այլ ապարատը Սահմանապահ զորքերի կողմից կալանվում է այն դեպքում, եթե`

1/ օդանավը կամ թռչող այլ ապարատը, ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության, զբաղվում է տեղեկատվություն հավաքելով կամ կատարում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ այլ գործողություն,

2/ օդանավը կամ թռչող այլ ապարատը գտնվել է թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներից դուրս,

3/ օդանավը կամ թռչող այլ ապարատը մարդկանց իջեցնում կամ նստեցնում է, բեռների բեռնում կամ բեռնաթափում է կատարում միջազգային օդանավակայաններից դուրս կամ միջազգային օդանավակայաններում` առանց համապատասխան թույլտվության,

4/ օդանավի կամ թռչող այլ ապարատի հրամանատարը չի ներկայացրել օդանավի կամ թռչող այլ ապարատի կամ բեռի անհրաժեշտ փաստաթղթերը,

5/ օդանավը կամ թռչող այլ ապարատը չի ենթարկվել Սահմանապահ կամ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների կարգադրություններին,

6/ օդանավում կամ թռչող այլ ապարատում հայտնաբերվել են մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելված առարկաներ,

7/ օդանավը կամ թռչող այլ ապարատը Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվել սահմանված այլ կանոնների խախտումով:

Օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման որոշումն ընդունում է Սահմանապահ զորքերի հրամանատարությունը` օդանավի կամ թռչող այլ ապարատի զննումից հետո:

Սույն հոդվածի 2-7 կետերում նշված խախտումները թույլ տված օդանավը կամ թռչող այլ ապարատը կալանվում է Սահմանապահ զորքերի կողմից, եթե պարզվել է, որ նա խախտումը թույլ է տվել կանխամտածված կամ, եթե օդանավը կամ թռչող այլ ապարատը վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ շահերին:

 

Հոդված 30. Օդանավի կամ թռչող այլ ապարատի զննման կամ կալանման արձանագրությունը

 

Օդանավի կամ թռչող այլ ապարատի զննման կամ կալանման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Սահմանապահ զորքերի ներկայացուցիչը և զննության ենթարկված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ ապարատի հրամանատարը: Արձանագրությունը կազմվում է հայերեն, անհրաժեշտության դեպքում ապահովվում է արձանագրության տեքստի թարգմանությունը:

Օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման դեպքում հրամանատարից առգրավվում են օդանավի կամ թռչող այլ ապարատի և բեռի փաստաթղթերը, որոնք կցվում են արձանագրությանը: Եթե զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ ապարատի հրամանատարը Սահմանապահ զորքերի զինծառայողների գործողություններն անօրինական է համարում կամ համաձայն չէ արձանագրության բովանդակությանը, կարող է այդ մասին նշել արձանագրության մեջ կամ առանձին` արձանագրությանը կցվող փաստաթղթերում:

Եթե հրամանատարը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:

 

Հոդված 31. Օտարերկրյա օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման հետևանքը

 

Կալանված օտարերկրյա օդանավը կամ թռչող այլ ապարատը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է համապատասխան օտարերկրյա պետությունների լիազոր ներկայացուցիչներին կամ արտաքսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բռնագրավվում է դատարանի որոշմամբ:

 

Հոդված 32. Սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից հրազեն և հատուկ միջոցներ գործածելու իրավունքը

 

Սահմանապահ զորքերի զինծառայողներին իրավունք է տրվում կրել և գործածել հրազեն ու հատուկ միջոցներ, որոնց ձեռքբերման, հաշվառման, պահպանման, հանձնման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Եթե սահմանային գոտում գտնվող անձը հրաժարվում է կատարել Սահմանապահ զորքերի զինծառայողների օրինական պահանջները, ապա վերջիններս իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործել ֆիզիկական ուժ, ծառայողական շներ, հատուկ միջոցներ և հրազեն: Հրազեն գործածելու մասին անմիջապես գրավոր հաղորդվում է դատախազին: Գործադրված միջոցների մասին կազմվում է ծառայողական զեկուցագիր:

 

Հոդված 33. Զենքի և մարտական տեխնիկայի կիրառումը Պետական սահմանի պահպանության ժամանակ

 

Սահմանապահ զորքերի զինծառայողները, Պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության տարածքի վրա զինված հարձակումը կամ ներխուժումը ետ մղելու, Պետական սահմանի վրա զինված ապրանքները կանխելու դեպքերում, եթե խախտման դադարեցումը կամ խախտողների ձերբակալումը չի կարող իրականացվել այլ միջոցներով, կիրառում են զենք կամ մարտական տեխնիկա:

Պետական սահմանը պահպանելիս զենքի և մարտական տեխնիկայի կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 6 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 34. Սահմանապահ զորքերի անձնակազմը

 

Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից և աշխատանքային պայմանագրերով աշխատողներից:

Սահմանապահ զորքերի զինծառայողները` ժամկետային ծառայության զինծառայողները, ենթասպաները և սպաները, ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական տարազով համազգեստ և զինվորական կոչումներ, ինչպես նաև Սահմանապահ զորքերի խորհրդանշաններ և տարբերանշաններ:

Սահմանապահ զորքերում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Սահմանապահ զորքերում աշխատանքային պայմանագրերով աշխատողների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 35. Սահմանապահ զորքերի համալրումը

 

Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային ծառայության զինծառայողներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Համալրումը կարող է իրականացվել նաև պայմանագրային կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն զորակոչիկների թվակազմը, որոնք ենթակա են զորակոչի Սահմանապահ զորքերում: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների որակյալ համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությանը տրվում է զորակոչիկների ընտրության իրավունք:

Սահմանապահ զորքերի սպայական կազմը համալրվում է զինվորական ուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողներով, պահեստազորի սպաներով, ինչպես նաև բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ սպայական կոչումներ ստացած ժամկետային ծառայության զինծառայողներով:

Սահմանապահ զորքերի համալրման վիճակի և որակի, զինվորական ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայողական ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին և կարգավորված զորացրման համար պատասխանատվությունը դրվում է Սահմանապահ զորքերի հրամանատարի վրա:

 

Հոդված 36. Սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական ապահովումը

 

Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ապահովվում են Պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ գույքով, նյութերով, և սարքավորումներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության հայտերի հիման վրա կենտրոնացված կարգով ապահովում է Սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական մատակարարումը:

 

Հոդված 37. Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումը

 

Սահմանապահ զորքերը ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Սահմանապահ զորքերի անձնակազմի պահպանության կարգը և պայմանները, դրամական ապահովման ձևերը և չափերը:

 

ԳԼՈՒԽ 7 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 38. Պետական սահմանի պահպանությունն իրականացնող Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը

 

Սահմանապահ զորքերի զինծառայողները հանդիսանում են իշխանության ներկայացուցիչներ և գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պետական սահմանի պահպանության հետ կապված նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից:

Պետական սահմանի պահպանությունն անմիջապես իրականացնող Սահմանապահ զորքերի զինծառայողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են հատուկ պարտականություններ կատարող զինծառայողների կարգավիճակ:

Սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից Պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, պարտականությունները կատարելու ժամանակ Սահմանապահ զորքերի զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության և սեփականության դեմ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջացնում են քրեական կամ վարչական պատասխանատվություն:

 

Հոդված 39. Պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը

 

Սահմանապահ զորքերին աջակցություն ցույց տալու համար քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ հակաօրինական գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 40. Սահմանապահ զորքերի զինծառայողների և Պետական սահմանի պահպանությանը մասնակցող մյուս քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը

 

Սահմանապահ զորքերի զինծառայողների և Պետական սահմանի պահպանությանը մասնակցող մյուս քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

i
ԳԼՈՒԽ 8 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

(գլուխ 8-ը հանվել է 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

i
Հոդված 41. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների իրավասությունը պետական սահմանի պահպանության ոլորտում

 

Պետական սահմանի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների իրավասությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(հոդ.41-ը հանվել է 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

i
ԳԼՈՒԽ 8 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(գլուխ 8-ը /9/ փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

i
Հոդված 41. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների մասնակցությունը Պետական սահմանի պահպանությանը և նրանց պարտականությունները

 

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք ու քաղաքացիները պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում աջակցել Սահմանապահ զորքերին Պետական սահմանի պահպանության գործում, իսկ Պետական սահմանին սպառնացող վտանգի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել Սահմանապահ զորքերին:

Պետական մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք ու քաղաքացիները պարտավոր են կատարել Պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջները:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

ԳԼՈՒԽ 9 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
i

(գլուխ 9-ը /10/ փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

i
Հոդված 42. Քաղաքացիների պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտելու կամ խախտման փորձ անելու, Պետական սահմանով ապօրինաբար բեռներ, նյութեր, փաստաթղթեր և այլ առարկաներ փոխադրելու կամ դրանց ապօրինի փոխադրման փորձ անելու, ինչպես նաև սույն օրենքի այլ խախտումների մեջ մեղավոր քաղաքացիները քրեական կամ վարչական պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք սույն օրենքը խախտելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

i

Սույն օրենքի խախտման համար քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները Սահմանապահ զորքերի կողմից կենտրոնացված կարգով հայտնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնին:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

Հոդված 43. Սահմանապահ զորքերի զինծառայողների պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Սահմանապահ զորքերի զինծառայողները սույն օրենքի խախտման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանապահ զորքերի զինծառայողների գործունեության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները:

(փոփ. 28.04.98 թիվ ՀՕ-215 օրենք)

 

17 հուլիսի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ 23.07.1994
N ՀՕ-113 օրենք