040.0179.050313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2013 թվականի N 179-Ն
«2013 ԹՎԱԿԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 28-ի
N 179-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «2013 ԹՎԱԿԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը (այսուհետ` ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչությանն անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը:
II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է (այսուհետ` ծառայություն):
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության համապատասխան` ծառայությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում` իր կազմում գործող սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության միջոցով կատարում է սննդի շղթայի բոլոր փուլերում (արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլեր) վերահսկողական գործառույթներ, որոնց շրջանակներում մասնագետները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են սննդամթերքի նմուշառում լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով:
i
4. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի` սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում: Լաբորատոր փորձաքննությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որոնց ֆինանսավորումը նախկինում կատարվել է պետական մարմնի կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով:
5. Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացնող լաբորատորիաները հավատարմագրվում են ըստ փորձարկման ոլորտների` սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգության և որակի ցուցանիշներով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հայտարարված մրցույթին, որը իրականացնում է ծառայությունը, լաբորատորիաները կարող են մասնակցել միայն ըստ յուրաքանչյուրի հավատարմագրման ոլորտի:
6. 2010 թվականին սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների աշխատանքներն իրականացվել են հետևյալ ծավալներով` լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 387 նմուշ, որի դիմաց վճարվել է 5 000 000 դրամ: 2011 թվականին այդ աշխատանքներն իրականացվել են հետևյալ ծավալներով` լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 61 նմուշ, որի դիմաց վճարվել է 3 307 100 դրամ:
7. Ծրագիրը համահունչ է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» համաձայնագրին (Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին անդամակցում է 2003 թվականի փետրվարի 5-ից):
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Ծրագրի իրականացման նպատակներն են`
1) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման բնագավառներում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան ունենալ հնարավորություն իրականացնել լաբորատոր փորձաքննություններ.
2) անասնաբուժասանիտարական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների տեսակետից բնակչությանն անվտանգ ու բարձրորակ սննդամթերքով և հումքով ապահովում.
3) սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերում, դրա հետագա իրացման կանխում և սահմանված կարգով օգտահանում կամ ոչնչացում:
9. Ելնելով ծառայության կողմից իրականացվող ստուգումներից, ուսումնասիրություններից, ինչպես նաև հիմնվելով սպառողների դիմում-բողոքների վերլուծության վրա` ակնհայտ է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերը: Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում ծառայության կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների հետ համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ և հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը: Ծառայությանը ներկայումս վերապահվել են վերահսկողական դաշտի ավելի լայն շրջանակներ, այդ թվում` գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի փորձաքննություն, անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների որոշում:
10. Սույն ծրագրի 9-րդ կետում նշված խնդիրների լուծման համար 2013 թվականին անհրաժեշտ է իրականացնել սննդամթերքի նմուշների որակյալ լաբորատոր փորձաքննություններ:
IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
11. Մթերքի որակի մեջ կան պիտանելիության բազմաթիվ ցուցանիշներ` 600-ից ավելի, այդ թվում` մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, նաև բնորոշ միայն տվյալ մթերքին: Հետազոտությունների գների տատանման սահմանը կազմում է 400-30400 դրամ: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ նշված ցուցանիշներից առավել հաճախ կատարվում են մանրէաբանական հետազոտությունները (որպես բարձր ռիսկայնության ցուցանիշներ), որոնց գների տատանումն ըստ ցուցանիշների կազմում է 1800-3300 դրամ, միջինը` 2500 դրամ: Ծրագրով նախատեսվում է 2013 թվականին իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ` հետևյալ ծախսային հաշվարկներով, որոնց համար հիմք են հանդիսացել 2011-2012 թվականներին կատարված սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների աշխատանքները`
1) մեկ նմուշի մեկ ցուցանիշի փորձաքննության արժեքը` 2500 դրամ.
2) փորձաքննության ենթակա միջին ցուցանիշների թիվը` 7.
3) նախատեսվում է իրականացնել 571 նմուշի փորձաքննություն` ընդհանուր 10 000.0 հազ. դրամ արժողությամբ:
V. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
12. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համաձայն աղյուսակի.
Աղյուսակ
.______________________________________________________________.
| Միջոցառումների անվանումը |2013 թ. |
| |(հազ. դրամ)|
|__________________________________________________|___________|
|Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների | 10 000.0 |
|իրականացում` անվտանգության և որակի ցուցանիշներով | |
.______________________________________________________________.
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
13. Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում բնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը և (կամ) բացառմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Եվրախորհրդարանի 178/2002 EC որոշմամբ ամրագրված սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները`
1) ապահովել սպառողների առողջությունը.
2) արտադրող կազմակերպություններին ապահովել սննդամթերքի անվտանգության տեսակետից ապահով հումքով.
3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների առաջացման և տարածման դեպքերը: