020.1031.120612
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 9 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
12 հունիսի 2012 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լ. Զուրաբյանի` 16.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը, որոշում է կայացրել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի և 74-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան գործն ընդունել քննության և որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ա. Խաչատրյանը:
Սահմանադրական դատարանում դիմող կողմի ներկայացուցիչն է փաստաբան Վ. Գրիգորյանը, պատասխանող կողմի ներկայացուցիչներն են` թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ե. Տերտերյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 34 ընտրական տեղամաս:
Թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 /չորս/ թեկնածու: Ըստ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը 55742 է, իսկ ընտրություններին մասնակցել է 31902 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 29958 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Ն. Ազիզյան` 8933, Լ. Զուրաբյան` 4290, Ռ. Հակոբյան` 4213, Ռ. Սադոյան` 12522: Անճշտությունների թիվը կազմել է 116:
Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումով թիվ 9 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Ռ. Սադոյանը:
2. Դիմելով սահմանադրական դատարան` դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել «Թիվ 9 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները:
Դիմողի պնդմամբ` թիվ 9 ընտրատարածքի բոլոր տեղամասերում խախտվել է ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը: Այդ դրույթի պահանջներին համապատասխան դրոշմակնքում չիրականացնելու արդյունքում չի գործել կրկնակի քվեարկության հնարավոր դեպքերի կանխմանն ուղղված իրավական երաշխիքը:
Դիմող կողմը պնդում է նաև, որ ընտրությունների անցկացման, կազմակերպման և քվեարկության օրվա դրությամբ խախտվել է նաև հավասար մրցակցային պայմաններում ընտրություններին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը` համաձայն Սահմանադրության 4-րդ հոդվածի: Այս պնդումը դիմողը փաստարկում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Ս. Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասությունների իրականացման հետ համատեղ նախընտրական քարոզչությանը մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի և պետական այլ պաշտոնյաների` քարոզարշավին մասնակցությամբ:
Դիմումում բերված հիմնավորումները և պատճառաբանությունները կրկնում են 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի N 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ սահմանադրական դատարանում քննության առնված դիմումի 2.3.1., 2.3.2., 2.1.1., 2.1.3., 2.1.4., 2.1.6., 2.2., 2.2.1., 2.2.2., 2.2.3., 2.2.4., 2.5., 3., 4. կետերը: Փոխվել է միայն դրանց շարադրման հաջորդականությունը:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ ընտրության արդյունքներով ընդունված որոշումը վիճարկելու և ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է: Պատասխանողը նշում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ընտրություններին մասնակցելը և նախընտրական քարոզչություն իրականացնելը չի կարող որակվել որպես ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին հակասող: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանել է թեԺ ակտիվ և թեԺ պասիվ ընտրական իրավունքի սահմանափակումները: Այդ սահմանափակումները կոնկրետացված են ՀՀ ընտրական օրենսգրքում: ՀՀ ընտրական օրենսգրքի 18 և 22-րդ հոդվածների վերլուծության արդյունքում պատասխանող կողմը գտնում է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոններ զբաղեցնողները` ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումների հաշվառմամբ, ազատ են իրականացնել նախընտրական քարոզչություն:
Պատասխանող կողմը նշում է նաև, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները խախտելու վերաբերյալ դիմողի կողմից որևէ դիմում դատարաններն ու ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Դիմողի կողմից մատնանշվող` ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման առնչությամբ պատասխանող կողմը նշում է, որ այդ առումով դիմողի եզրահանգումները ենթադրյալ են, և դիմողը չի մատնանշում կրկնակի քվեարկության որևէ կոնկրետ դեպք: Ավելին, թվով 34 ընտրատեղամասերից 32-ի գրանցամատյաններում ընդհանրապես որևէ խախտման փաստ չի գրանցվել, իսկ մյուս երկուսում արված թվով երեք գրանցումներն ունեցել են մասնակի բնույթ:
4. Դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, վիճարկելով «Թիվ 9 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը, ինչպես նշվեց, կրկնում է նույն փաստարկները, ներկայացնում նույն միջնորդությունները, ինչ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» N265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործի շրջանակներում սահմանադրական դատարան էին ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ` սույն գործով դիմողը և նրա ներկայացուցիչը: Ի հիմնավորումն թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշման անվավերության` դիմողը բացի նշված գործով ներկայացրած փաստարկներից, որևէ այլ լրացուցիչ փաստարկ սահմանադրական դատարան չի ներկայացրել:
i
Սահմանադրական դատարանն այդ փաստարկների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումներն արտահայտել, ինչպես նաև դիմումում ներկայացված փաստերի ու միջնորդությունների վերաբերյալ իր իրավական գնահատականներն է տվել 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ:
Հաշվի առնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից վերոհիշյալ գործի շրջանակներում ներկայացված և սույն գործով դիմողի ներկայացրած փաստերի ու փաստարկների նույնականությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՍԴՈ-1028 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու իրավական գնահատականները հավասարապես վերաբերելի են նաև քննության առարկա սույն գործին:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ 2012թ. մայիսի 21-ի ՍԴԱՈ-32 աշխատակարգային որոշմամբ պահանջվել էր պատասխանող կողմից սույն գործով գրավոր բացատրությունը սահմանադրական դատարան ներկայացնել գործի դատաքննությունից առնվազն 7 օր առաջ` այն դիմողին տրամադրելու և դրա առնչությամբ դիմողի նկատառումները նիստից առնվազն երեք օր առաջ դիմողի կողմից սահմանադրական դատարան ներկայացնելու համար: Պատասխանող կողմը համապատասխան նյութերը սահմանադրական դատարան է ներկայացրել 01.06.2012թ.: Նույն օրը, սահմանված կարգով, սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից 29 թերթ ծավալով նյութերը թիվ Ա-258 գրությամբ ուղարկվել է դիմող կողմին` շեշտելով, որ «...պատասխանող կողմի գրավոր բացատրության առնչությամբ Ձեր գրավոր նկատառումները պետք է սահմանադրական դատարան ներկայացնել նիստից առնվազն երեք օր առաջ»: Նիստից մեկ օր առաջ` 11.06.2012թ., դիմողի ներկայացուցիչը բանավոր տեղեկացրել է սահմանադրական դատարանին, որ իրենց ասելիքն ամբողջությամբ շարադրված է դիմումում և ավելացնելու ոչինչ չունեն:
i
5. Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-703 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված յուրաքանչյուր վեճ պետք է քննության առարկա դառնա կոնկրետ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից` հաշվի առնելով ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած և ժամանակին բացահայտված ու իրավաբանորեն անհրաժեշտ հիմնավորմամբ ներկայացված այնպիսի խախտումներ, որոնք կվկայեին պասիվ ընտրական իրավունքի խախտման մասին, և որոնք կարող էին հիմք ծառայել ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար:
Վերահաստատելով իր այդ իրավական դիրքորոշումը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով դիմողից պահանջվում է ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի և փաստարկների միջոցով հիմնավորել վերջիններիս անմիջական ազդեցությունը թեկնածուներին տրված ձայների հարաբերակցության վրա, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բացահայտել պատճառահետևանքային կապի առկայությունը վկայակոչված փաստերի ու դիմողի պասիվ ընտրական իրավունքի խախտման միջև: Այս պահանջը բխում է ինչպես մյուս թեկնածուների պասիվ ընտրական իրավունքի, այնպես էլ ընտրողների ակտիվ ընտրական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունից: Նման անմիջական ազդեցության և պատճառահետևանքային կապի առկայությունը կարող է միայն հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումից տարբերվող այլ որոշում կայացնելու համար: Այլապես, կվտանգվեն մյուս թեկնածուների ընտրվելու և ընտրողների` ընտրելու իրավունքները:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումներին համապատասխան գնահատելով քննության առարկա դիմումում բերված փաստերի ու փաստարկների ազդեցությունը դիմողի պասիվ ընտրական իրավունքի իրացման վրա, ուսումնասիրելով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 10-ի թիվ 12-Ա և 13-Ա, մայիսի 11-ի թիվ 14-Ա, 15-Ա և 16-Ա որոշումները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի հիմնավորումներ, որոնք կվկայեին թիվ 9 ընտրատարածքում իր պասիվ ընտրական իրավունքի այնպիսի խախտումների մասին, որոնք հիմք կարող էին հանդիսանալ ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Թիվ 9 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
12 հունիսի 2012 թվականի
ՍԴՈ-1031