Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈ ...

 

 

040.0815.200611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2011 թվականի N 815-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշումը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

2) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

3) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

4) մագիստրոսական, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.

5) մագիստրոսական և հետբուհական մասնագիտական կրթության նպատակով օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական կրթության կազմակերպում.

6) միջազգային գիտաուսումնական ծրագրերի իրականացում.

7) ակադեմիայի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 815-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Ժողկոմխորհի 1943 թվականի նոյեմբերի 10-ի N 702 որոշմամբ ստեղծված ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:

2. Ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտություններ:

3. Ակադեմիան իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպության տեսակ է, որի կազմակերպական, իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Ակադեմիան գործում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային պայմանագրերի, ինչպես նաև սույն կանոնադրության հիման վրա:

5. Ակադեմիան միավորում է համակարգի բոլոր գիտական կազմակերպությունները, Ակադեմիայի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին, ակադեմիայի համակարգի գիտական, գիտատեխնիկական, գիտաօժանդակ անձնակազմին:

6. Ակադեմիան, համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնադրության, իրավասու է կառավարելու իր գործունեությունը, տիրապետելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհատույց և անժամկետ իրեն ամրացված գույքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու պետական ոչ առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմակերպություններ, վերակազմակերպելու կամ լուծարելու իր ստեղծած կազմակերպությունները:

7. Ակադեմիայի կազմում ընդգրկված են ինչպես գիտահետազոտական ինստիտուտներ, գիտական և գիտատեխնոլոգիական կենտրոններ, այնպես էլ ընդհանուր ակադեմիական` գիտակրթական, գիտաարտադրական, գիտաօժանդակ բնույթի կազմակերպություններ:

8. Ակադեմիայի աշխատանքների կազմակերպումն իրականացվում է ակադեմիայի կառավարման մարմինների միջոցով, որոնց կարգավիճակը սահմանվում է սույն կանոնադրությամբ:

9. Ակադեմիայի կառուցվածքը ձևավորված է ըստ գիտական բաժանմունքների (այսուհետ` բաժանմունք), որոնց թիվը որոշում է ակադեմիայի նախագահությունը:

10. Ակադեմիայի կառավարման մարմիններն են ակադեմիայի ընդհանուր ժողովը (ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմին) (այսուհետ` ընդհանուր ժողով), ակադեմիայի նախագահությունը (այսուհետ` նախագահություն) և ակադեմիայի նախագահը: Ակադեմիայի կանոնադրությունն ընդունվում է ընդհանուր ժողովում և հաստատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ակադեմիայի նախագահն ընտրվում է ընդհանուր ժողովում` ակադեմիայի ակադեմիկոսների կազմից:

11. Ակադեմիան յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

1) հաշվետվություն գիտակազմակերպչական և ֆինանսատնտեսական գործունեության մասին.

2) առաջարկություններ հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման գերակայությունների, ինչպես նաև որոնողական ուղղվածության աշխատանքների վերաբերյալ:

12. Ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների, գիտական աշխատողների մտավոր գործունեության և մշակումների արդյունքները, իրականացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակներում, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը` օրենքով սահմանված կարգով պահպանելով դրանց նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը:

13. Ակադեմիան ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: Ակադեմիան ունի իրավաբանական անձի կարգավիճակ, օրենքով նախատեսված կարգով գրանցված և հաստատված ապրանքային նշան, ինքնուրույն հաշվեկշիռ:

14. Ակադեմիայի նախագահության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Բաղրամյան 24:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Ակադեմիան անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ակադեմիայի նախագահը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:

16. Ակադեմիան Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնն է, Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական գիտական խորհրդատուն և նրա ներկայացրած առաջարկությունները քննարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման համապատասխան մարմինները: Ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն անմիջականորեն մասնակցելու իրենց ներկայացրած առաջարկությունների քննարկմանը:

17. Ակադեմիան իրեն վերապահված խնդիրների լուծման համար կարող է կատարել լիազորված պետական կառավարման մարմնի առանձին գործառույթներ` իրականացնել իր համակարգի գիտական կազմակերպությունների, իրավաբանական անձանց և հիմնարկների ընդհանուր կառավարումը` ապահովելով դրանց բնականոն գործունեությունը:

18. Ակադեմիայի համակարգի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և ակադեմիայի փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

19. Ակադեմիան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով հաստատում է ակադեմիայի համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները և նշանակումներ կատարում դրանց գործադիր մարմինների պաշտոններում:

20. Ակադեմիան և նրա համակարգի կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու արտադրական և նորամուծական ձեռնարկատիրական գործունեությամբ` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնադրությամբ թույլատրված շրջանակներում:

21. Ակադեմիան և համակարգի կազմակերպությունները ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներն օգտագործում են իրենց կանոնադրական խնդիրները լուծելու համար:

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` ՆԵՐԱՌՅԱԼ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

22. Ակադեմիայի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնության, հասարակության և մարդու զարգացման օրենքների պարզաբանմանն ուղղված գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումն է, որոնք կնպաստեն Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը, տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

23. Ակադեմիայի գործունեության առարկան ձևավորվում է նրա առջև դրված հիմնական խնդիրներով, ուղղություններով և գործառույթներով:

24. Ակադեմիայի խնդիրներն են`

1) Հայաստանի տնտեսական, սոցիալական, պետական և իրավական համակարգի և մշակույթի զարգացման, բնության արդյունավետ օգտագործման և պահպանության գիտական ապահովումը.

2) ֆիզիկամաթեմատիկական, բնական, քիմիական և երկրի մասին գիտությունների, տեխնիկական, հասարակական գիտությունների և հայագիտության կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպումն ու համակարգումը.

3) լիազորված պետական մարմինների հետ համատեղ հանրապետության հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների ցանկերի, գիտական և գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

4) գիտատեխնիկական առաջընթացի սկզբունքորեն նոր ուղիների բացահայտումը, մասնակցությունը հայրենական և համաշխարհային գիտության նվաճումների գործնական կիրառման համար առաջարկությունների մշակմանը.

5) իր կանոնադրությամբ հաստատված կարգով` ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունների կազմակերպումը, ակադեմիայի պատվավոր անդամի, ակադեմիայի արտասահմանյան անդամի և ակադեմիայի պատվավոր դոկտորի տիտղոսների շնորհումը.

6) ակադեմիայի, բուհերի, գերատեսչությունների և այլ գիտական կազմակերպությունների փոխադարձ կապի զարգացումը, ներհանրապետական և միջազգային գիտատեխնիկական համագործակցության կազմակերպմանն աջակցելը.

7) գիտական դպրոցների զարգացման, բարձր որակավորման գիտական կադրերի պատրաստման, գիտաշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման համար (այդ թվում` արտասահմանյան գիտական կենտրոններում) բարենպաստ պայմանների ստեղծումը.

8) գիտատեխնիկական տեղեկատվական համակարգի զարգացման ապահովումը.

9) միջազգային գիտական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

25. Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են`

1) գիտատեխնիկական ոլորտի վիճակի վերլուծությունը և հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը.

2) հայագիտության, հասարակական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, քիմիական և երկրի մասին գիտությունների, ինչպես նաև տեխնիկական գիտությունների հիմնախնդիրների գծով գիտական և գիտատեխնիկական խորհուրդների, փորձագիտական խմբերի, հանձնաժողովների ստեղծումը.

3) գիտական և գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

4) ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների և այլ կառուցվածքային օղակների գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը.

5) բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական (ներառյալ` մագիստրոսական) կադրերի պատրաստումը.

6) գիտությանն առնչվող փաստաթղթերի նախագծերի, գիտական, գիտատեխնիկական և տնտեսական ծրագրերի, ինովացիոն նախագծերի գիտական փորձաքննության անցկացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում.

7) ակադեմիայի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, գիտատար և բարձր տեխնոլոգիական գիտատեխնիկական արտադրանքի փորձնական արտադրության կազմակերպման ապահովումը, ինչպես նաև հետազոտման նոր միջոցների և մեթոդների ստեղծումն ու տարածումը.

8) ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների և այլ կառուցվածքային օղակների զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումային ծրագրերի նախագծերի մշակումը.

9) միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, արտասահմանյան երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական այլ կազմակերպությունների հետ կապերի զարգացումը, միջպետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի կատարումը, մասնակցությունը միջազգային գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների և ասոցիացիաների գործունեությանը.

10) ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտություններում օտարերկրյա (այդ թվում` սփյուռքահայ) գիտական ներուժի մասնակցության ապահովումը.

11) հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես և դրանց կատարելագործման ուղղությամբ կատարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների ծավալմանը նպաստելը.

12) կրթական համակարգի գիտական մակարդակի բարձրացմանը, բարձրագույն կրթությունն ապահովող հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, կրթական ծրագրերի և ձեռնարկների ստեղծմանն աջակցելը.

13) գիտելիքների քարոզչությունը և տարածումը.

14) հրատարակչական գործունեությունը.

15) ակադեմիայի համակարգում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով համատեղ գիտական, գիտակրթական և գիտաարտադրական կենտրոնների ստեղծումը.

16) գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը, այդ թվում` տարածումը հայրենական և միջազգային տեղեկատվական համակարգչային ցանցերում.

17) գիտական նիստերի, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև մասնակցությունը նմանատիպ այլ միջոցառումներին.

18) գիտական, կրթական և մշակութային ներդաշնակ համակարգի ձևավորմանն ու հանրապետության գիտական ներուժի զարգացմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեության իրականացումը:

26. Ակադեմիայի գործառույթներն են`

1) ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտական աշխատանքների ուղղությունների և կատարվող աշխատանքների քննարկումը, հաստատումը և համակարգումը.

2) հանրապետությունում իրականացվող հիմնարար գիտահետազոտական աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագիտական, խորհրդատվական մարմինների, խմբերի ձևավորումը.

4) սահմանված կարգով հիմնարար գիտությունների բնագավառում փորձաքննության իրականացումը.

5) իր գործունեության ոլորտներին առնչվող բուհական և գերատեսչական գիտական կազմակերպությունների հետ նպատակային ծրագրերի մշակումը, քննարկումը և պետական մարմիններ ներկայացնելը.

6) համակարգի, ինչպես նաև այլ գիտական կազմակերպություններում ստացված արդյունքների հիման վրա համատեղ ներդրումային առաջարկությունների ձևավորումը և աջակցումը.

7) իր ոլորտում ստեղծված մտավոր սեփականության պահպանմանը և օգտագործմանն առնչվող միջոցառումների մշակումը.

8) գիտության տարբեր բնագավառներում արշավախմբերի և արշավախմբային հետազոտությունների կազմակերպումը.

9) օտարերկրյա կազմակերպությունների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքումը.

27. Ակադեմիայի` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների հետ համատեղ գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում գիտության ժամանակակից ուղղությունների և միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրագործումը.

2) հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների, պետական ծրագրերի և նախագծերի ձևավորումը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի գիտական հիմնավորումը.

3) գիտահետազոտական ծրագրերի փորձաքննության սկզբունքների և մեթոդների մշակումը.

4) հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ու առավել հրատապ ժամանակակից խնդիրների, գիտատար տեխնոլոգիաների մշակման հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարվող գիտական հետազոտությունների, դրանց հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան արտադրությունների ստեղծման գործընթացներին առնչվող խորհրդատվության ապահովումը.

5) հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների, պետական ծրագրերի և նախագծերի ձևավորումը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի գիտական հիմնավորումը:

28. Ակադեմիան իր գործառույթների կատարման համար`

1) որոշում է ֆիզիկամաթեմատիկական, բնական, քիմիական և երկրի մասին գիտությունների, ինչպես նաև տեխնիկական, հասարակական գիտությունների և հայագիտության բնագավառներում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունները.

2) առանձնացնում է հիմնարար հետազոտությունների առավել հեռանկարային ուղղությունները, որոնցում ակադեմիական կազմակերպությունների համախմբումը կարող է ապահովել գիտության և տեխնոլոգիաների ասպարեզներում սկզբունքորեն նոր արդյունքների արագ ստացումը, նպաստում է այդ հետազոտություններն անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով ապահովելուն, մասնավորապես, սարքերը համատեղ օգտագործող կենտրոնների և այլ կառույցների միջոցով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում ստեղծում է գիտակրթական կենտրոններ, մասնագիտացված դպրոցներ և այլն.

4) իրականացնում է հրատարակչական գործունեություն` հիմնադրում և հրատարակում է ակադեմիայի գիտական և գիտահանրամատչելի պարբերականներ, մենագրություններ և այլն.

5) մասնակցում է դասագրքերի ստեղծմանը և փորձաքննությանը.

6) իրականացնում է գիտական կազմակերպությունների, գիտական գրադարանների, թանգարանների և արխիվների տեղեկատվական ապահովումը.

7) գիտության և տեխնիկայի կարևորագույն ուղղություններով, ըստ սահմանված կարգի, ստեղծում է գիտական խորհուրդներ և հանձնաժողովներ:

29. Ակադեմիան իրավունք ունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

2) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

3) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

4) մագիստրոսական, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.

5) մագիստրոսական և հետբուհական մասնագիտական կրթության նպատակով օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական կրթության կազմակերպում.

6) միջազգային գիտաուսումնական ծրագրերի իրականացում.

7) ակադեմիայի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:

30. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են նրա կանոնադրական խնդիրների իրականացմանը:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ակադեմիայի բաժանմունքը

 

31. Բաժանմունքն ակադեմիայի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումն է, որը միավորում է մեկ կամ մի քանի հարակից գիտական բնագավառների գիտնականներին` ակադեմիայի անդամներին և ակադեմիայի համապատասխան գիտական ստորաբաժանումների գիտաշխատողներին: Բաժանմունքը ներառում է ակադեմիայի` իր ուղղության գիտական, գիտատեխնիկական ինստիտուտները, կենտրոնները և այլ կազմակերպություններ:

32. Ակադեմիայում գործում են հետևյալ բաժանմունքները` ըստ գիտական ուղղությունների`

1) մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքը.

2) ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը.

3) բնական գիտությունների բաժանմունքը.

4) քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքը.

5) հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը:

33. Բաժանմունքի հիմնական խնդիրը հիմնարար և կիրառական հետազոտությունների զարգացումն է բաժանմունքում միավորված գիտական ինստիտուտներում, կենտրոններում և այլ կազմակերպություններում: Բաժանմունքն իրագործում է վերջիններիս գիտամեթոդական և գիտակազմակերպական ղեկավարումը, նպաստում է դրանց կադրային կազմի, գիտական բազայի ամրացմանը և աճին, գիտական կապերի հաստատմանը և իրագործմանը, այլ գերատեսչությունների գիտական կազմակերպությունների և բուհերի հետ միջազգային համագործակցության զարգացմանը:

34. Բաժանմունքի ղեկավարման բարձրագույն մարմինը բաժանմունքի ընդհանուր ժողովն է, որը բաղկացած է տվյալ բաժանմունքում ընդգրկված` ակադեմիայի անդամներից և բաժանմունքի գիտական կազմակերպությունների տնօրեններից ու ներկայացուցիչներից:

35. Բաժանմունքի աշխատանքները ղեկավարում է բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, որն առաջադրվում է բաժանմունքի ակադեմիկոսներից կամ թղթակից անդամներից, ընտրվում բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից` 5 տարի ժամկետով, փակ քվեարկությամբ, ժողովում քվեարկությանը մասնակցողների ձայների պարզ մեծամասնությամբ, և ներկայացվում է ընդհանուր ժողովի հաստատմանը:

36. Բաժանմունքի ղեկավարման կոլեգիալ մարմինը բաժանմունքի բյուրոն է` ակադեմիկոս քարտուղարի ղեկավարությամբ: Բաժանմունքի բյուրոյի անդամներն ընտրվում են բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից` բաց քվեարկությամբ, նրա անդամներից` 5 տարի ժամկետով, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, և հաստատվում են ակադեմիայի նախագահության կողմից:

37. Բաժանմունքի նպատակները և խնդիրները, բաժանմունքի ընդհանուր ժողովի, բյուրոյի և ակադեմիկոս քարտուղարի իրավասության շրջանակները սահմանվում են բաժանմունքի կանոնադրությամբ, որը հաստատում է ակադեմիայի նախագահությունը:

38. Բաժանմունքի ընդհանուր ժողովը`

1) հաստատում է բաժանմունքում կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները, քննարկում դրանց կատարման ընթացքը.

2) քննարկում և հաստատում է բաժանմունքի տարեկան հաշվետվությունը.

3) լսում և քննարկում է ակադեմիայի համակարգի և այլ գիտական կազմակերպությունների, առանձին գիտնականների գիտական զեկուցումները.

4) ընտրում է ակադեմիայի անդամության թեկնածուներին` ընդհանուր ժողով ներկայացնելու համար.

5) կազմակերպում է ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրության գործընթացը:

39. Բաժանմունքի ընդհանուր ժողովներ կազմակերպելու, քվորում ապահովելու և որոշումներ ընդունելու կարգն իրականացվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կազմակերպման կարգին համապատասխան` բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

 

Ակադեմիայի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպությունները

 

40. Ակադեմիայի համակարգի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպություններն են գիտահետազոտական ինստիտուտները, գիտատեխնոլոգիական կենտրոնները, բուսաբանական այգիները, հիմնարար գրադարանը, արխիվները, թանգարանները, Միջազգային գիտակրթական կենտրոնը, Փորձաքննությունների ազգային բյուրոն և Գիտության զարգացման հիմնադրամը:

41. «Գիտահետազոտական ինստիտուտ» և «Գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններն ակադեմիայի այն հիմնական օղակներն են, որոնք կատարում են հիմնարար, կիրառական և ինովացիոն բնույթի հետազոտություններ, պատրաստում բարձր որակավորման գիտական կադրեր:

42. Գիտահետազոտական ինստիտուտները և գիտատեխնոլոգիական կենտրոնները կարող են ստեղծել ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի ամբիոններ, գրադարաններ, արխիվներ և այլն:

43. Գիտահետազոտական ինստիտուտի և գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որի ընտրությունը կատարվում է համաձայն նախագահության կողմից հաստատված ընտրակարգի:

44. Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտի և գիտատեխնոլոգիական կենտրոնի կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները ներկայացվում են կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության հիման վրա ստեղծված և նախագահության կողմից հաստատվող նրանց կանոնադրությունում:

 

Ակադեմիայի նախագահության աշխատակազմը

 

45. Ակադեմիայի նախագահության գործունեությունն իրականացվում է ակադեմիայի նախագահության աշխատակազմի միջոցով, որի կանոնակարգը, կառուցվածքը և իրավասությունները սահմանվում են ակադեմիայի նախագահի կողմից:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Ակադեմիայի ընդհանուր ժողովը

 

46. Ընդհանուր ժողովն ակադեմիայի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է: Ընդհանուր ժողովի անդամներ են ակադեմիայի նախագահը, ակադեմիայի նախագահության անդամները, ակադեմիայի ակադեմիկոսները և թղթակից անդամները, ինչպես նաև ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների գիտաշխատողների մեկական ներկայացուցիչ, որոնք կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ ընդհանուր ժողով են գործուղվում 1-5 տարի ժամկետով` ընդհանուր ժողովի անդամների թվի մինչև 30 տոկոսի սահմաններում: Գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների թվում չեն հաշվվում այդ կազմակերպություններում աշխատող ակադեմիայի ակադեմիկոսները և թղթակից անդամները: Ակադեմիայի անդամները պարտավոր են մասնակցել ընդհանուր ժողովի և այն բաժանմունքների ընդհանուր ժողովների աշխատանքներին, որոնցում նրանք ընդգրկված են: Գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները պարտավոր են մասնակցել ընդհանուր ժողովի և բաժանմունքների աշխատանքներին` բացի ակադեմիայի անդամների ընտրություններից:

47. Ակադեմիայի արտասահմանյան ու պատվավոր անդամները, ինչպես նաև կազմակերպությունների տնօրեններն ընդհանուր ժողովի աշխատանքներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

48. Ընդհանուր ժողովը`

1) հաստատում է ակադեմիայում կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, քննարկում դրանց զարգացման ընթացքը, լուծում ակադեմիայի կարևորագույն գիտական և գիտակազմակերպական հարցերը.

2) ընդունում է որոշումներ ակադեմիայի կանոնադրությունն ընդունելու և փոփոխություններ կատարելու մասին` դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար.

3) քննարկում և հաստատում է նախագահության տարեկան հաշվետվությունը.

4) ակադեմիայի նախագահի առաջարկությամբ սահմանում է նախագահության անդամների թիվը.

5) լսում է ակադեմիայի բաժանմունքների, համակարգի գիտական կազմակերպությունների տնօրենների, առանձին գիտնականների զեկուցումները.

6) ընտրում է ակադեմիայի ակադեմիկոսներ և թղթակից անդամներ.

7) ընտրում է ակադեմիայի նախագահին, փոխնախագահին, ակադեմիկոս քարտուղարին, ակադեմիայի բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարներին, հաստատում և ընտրում է նախագահության անդամ, ընտրում է նախագահության այլ անդամներին` 5 տարի ժամկետով:

49. Ակադեմիայի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Ակադեմիայի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովն անցկացվում է նախագահության որոշմամբ` հաջորդ տարվա առաջին կիսամյակում: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստերը հրավիրվում են ակադեմիայի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, ինչպես նաև նախագահության կամ ակադեմիայի նախագահի պահանջով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է անդամների առնվազն երկու երրորդը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ` բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

50. Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ընդհանուր ժողովի անդամները` նախագահության միջոցով կամ ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների մեկ երրորդով, իսկ ակադեմիայի գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդները և գիտաշխատողները` բաժանմունքների և այնուհետև` նախագահության միջոցով:

51. Ընդհանուր ժողովը ակադեմիայի նախագահի առաջարկությամբ, փակ քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ցուցակային կազմի ձայների առնվազն երկու երրորդով կարող է վաղաժամկետ դադարեցնել նախագահության կամ առանձին անդամների գործունեությունը և անցկացնել նոր ընտրություններ` մնացած ժամկետի համար:

52. Ակադեմիայի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները կամ լրացումներն ընդունվում են ընդհանուր ժողովում` քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդով: Ակադեմիայի կանոնադրությունը, կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց և սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո:

 

Ակադեմիայի նախագահությունը

 

53. Ակադեմիայի նախագահությունն ընդհանուր ժողովների նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Ակադեմիայի ընթացիկ կառավարման մարմին է, որն իրականացնում է բաժանմունքների, գիտական կազմակերպությունների գիտական և գիտակազմակերպական ընդհանուր ղեկավարումը:

54. Ի պաշտոնե նախագահության անդամներ են ակադեմիայի նախագահը, փոխնախագահը և ակադեմիկոս քարտուղարը, որոնք ընտրվել են ընդհանուր ժողովի կողմից, բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները` ակադեմիայի ընդհանուր ժողովում այդ պաշտոնում հաստատվելուց հետո: Ակադեմիայի այլ անդամներ նախագահության անդամ ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից` փակ քվեարկությամբ, ժողովի անդամների ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ` 5 տարի ժամկետով: Նախագահության անդամների միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախագահությունը` ակադեմիայի նախագահի առաջարկությամբ:

55. Նախագահության որոշումներն ընդունվում են փակ կամ բաց քվեարկությամբ` նախագահության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

56. Նախագահությունն իր գործունեությամբ հաշվետու է ընդհանուր ժողովին: Նախագահությունը տարեկան ընդհանուր ժողովին զեկուցում է ընդհանուր ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ակադեմիայի գիտական կարևոր ձեռքբերումների, իր ընդունած կարևորագույն որոշումների և դրանց կատարման ընթացքի մասին:

57. Նախագահության գործառույթներն են`

1) ակադեմիայի համակարգի գիտական հետազոտությունների թեմատիկայի, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների հայտերի, հիմնարար հետազոտությունների պետական ծրագրերի, տնտեսական և այլ նախագծերի և գիտական փորձաքննության արդյունքները քննարկելը և դրանց վերաբերյալ որոշում ընդունելը.

2) ակադեմիայի կանոնադրության և ակադեմիայի գիտական կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ձևավորումը, որոնց հիման վրա ակադեմիայի նախագահն առաջարկություններ է ներկայացնում ընդհանուր ժողով և վերջինիս դրական որոշման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարություն.

3) միջազգային գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, դրա ձևերի մշակումը, այլ երկրների գիտական կենտրոնների հետ պայմանագրերի կնքումը, միջազգային գիտական կազմակերպությունների ստեղծմանը և նրանց գործունեությանը մասնակցությունը, միջազգային գիտաժողովների, խորհրդակցությունների անցկացումը.

4) ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրությունը.

5) ընդհանուր ժողով հրավիրելու մասին որոշում ընդունելը.

6) ակադեմիայի համակարգում հայցվորության, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի կազմակերպման մասին որոշում ընդունելը.

7) ակադեմիայի կողմից սահմանվող պատվավոր կոչումների, մրցանակների և մեդալների շնորհման մասին որոշում ընդունելը.

8) հիմնարար հետազոտությունների կարևորագույն հիմնահարցերի մշակման, փորձագիտական աշխատանքների իրականացման համար գիտական խորհուրդների և հանձնաժողովների ձևավորման մասին որոշում ընդունելը.

9) հրատարակչական աշխատանքներ կազմակերպելու, գիտական պարբերականներ հիմնելու, վերափոխելու և հրատարակելու, ակադեմիայի գիտահրատարակչական խորհրդի ներկայացրած հրատարակչական ծրագիրը հաստատելու և դրա կատարումը վերահսկելու մասին որոշումներ ընդունելը.

10) Ակադեմիայի անդամների ընտրության կանոնակարգը, ակադեմիայի նախագահի ընտրության կարգը հաստատելը: Ակադեմիայի բաժանմունքի, գիտական, տիպային (օրինակելի) կանոնադրության հիման վրա և այլ կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին որոշում ընդունելը.

11) ակադեմիայի տարեկան հաշվետվություններն ընդհանուր ժողովի քննարկմանը ներկայացնելը.

12) սահմանված կարգով ակադեմիայի անդամների ընտրությունների անցկացման ժամկետի, մասնագիտությունների անվանացանկի, ակադեմիկոսների և թղթակից անդամների առավելագույն թափուր տեղերի թվի վերաբերյալ առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու մասին որոշում ընդունելը.

13) ակադեմիայի տարեկան բյուջետային հայտը բազային ֆինանսավորման մասով առանձին տողով պետական կառավարման մարմին ներկայացնելու մասին որոշում ընդունելը.

14) ակադեմիայի գիտահետազոտական և գիտաօժանդակ կազմակերպությունների տնօրեններին, ամսագրերի գլխավոր խմբագիրներին, խորհուրդների և հանձնաժողովների նախագահներին իրենց պաշտոններում հաստատելը.

15) հիմնարար հետազոտությունների առավել հեռանկարային ուղղությունների զարգացման և ակադեմիայի գիտաշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրամներ, պահուստներ ստեղծելը.

16) ակադեմիայի նախագահի առաջարկությամբ նշանակովի պաշտոնների անվանացանկը հաստատելը.

17) ակադեմիային հատկացված ֆինանսական միջոցների, նյութական արժեքների և այլ գույքի տնօրինման մասին որոշում ընդունելը.

18) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացումը:

58. Նախագահությունը վերահսկում է ակադեմիայի անդամների կողմից ակադեմիայի կանոնադրության դրույթների կատարումը: Ստեղծում է էթիկայի հանձնաժողով, հաստատում է նրա կանոնակարգը:

59. Նախագահության անմիջական ենթակայությամբ գործող գիտակրթական, գիտաարտադրական, գիտաօժանդակ, ընդհանուր ակադեմիական բնույթի կազմակերպությունների տնօրեններին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ակադեմիայի նախագահը` նախագահության որոշմամբ:

 

Ակադեմիայի նախագահը

 

60. Ակադեմիայի գործադիր մարմինն ակադեմիայի նախագահն է, որն իրականացնում է ակադեմիայի գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը:

61. Ակադեմիայի նախագահն ընտրվում է ընդհանուր ժողովում` ակադեմիայի իսկական անդամներից` փակ քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, ձայների պարզ մեծամասնությամբ: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:

62. Ակադեմիայի նախագահը`

1) ղեկավարում է ակադեմիայի գործունեությունը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան, ապահովում է ակադեմիայի բնականոն գործունեությունը.

2) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և կարգադրություններ, կասեցնում ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջներին հակասող հրամաններն ու կարգադրությունները.

3) նախագահում է ընդհանուր ժողովի և նախագահության նիստերը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում ակադեմիայի աշխատակազմի աշխատողներին.

5) նախագահության հաստատմանն է ներկայացնում նախագահության կառուցվածքը, աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների թիվը.

6) ակադեմիայի վարկերի գլխավոր կարգադրիչն է.

7) ստորագրում է ակադեմիայի կողմից կնքվող գիտական համագործակցության և այլ պայմանագրեր, համաձայնագրեր կամ սահմանված կարգով դրա համար լիազորում է փոխնախագահին.

8) ընդհանուր ժողով ներկայացնում է առաջարկություններ նախագահության անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր անդամներ ընտրելու վերաբերյալ.

9) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ընդհանուր ժողովի և նախագահության որոշումների կատարումը.

10) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթներ:

63. Ակադեմիայի փոխնախագահը և ակադեմիկոս քարտուղարն ընդհանուր ժողովում ընտրվում են ակադեմիայի ակադեմիկոսներից կամ թղթակից անդամներից` ակադեմիայի նախագահի ներկայացմամբ` 5 տարի ժամանակով, փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ակադեմիայի փոխնախագահը և ակադեմիկոս քարտուղարը կարող են ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

64. Ակադեմիայի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է փոխնախագահը:

65. Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարը նախապատրաստում է ընդհանուր ժողովները և նախագահության նիստերը, վերահսկողություն սահմանում ընդհանուր ժողովների ու նախագահության որոշումների, ակադեմիայի նախագահի հրամանների և կարգադրությունների կատարման նկատմամբ, կազմակերպում է նախագահության հաշվետվության նախապատրաստումը, իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների հետ կապը:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

66. Ակադեմիան շնորհում է ակադեմիայի ակադեմիկոսի (ակադեմիայի իսկական անդամի), ակադեմիայի թղթակից անդամի, ակադեմիայի պատվավոր անդամի, ակադեմիայի արտասահմանյան անդամի բարձրագույն ակադեմիական գիտական տիտղոսներ և ակադեմիայի պատվավոր դոկտորի գիտական աստիճան: Ակադեմիական բարձրագույն տիտղոսները և պատվավոր դոկտորի գիտական աստիճանը շնորհվում են ցմահ:

67. Ակադեմիայի գիտական տիտղոսները և պատվավոր դոկտորի գիտական աստիճանն ամրագրվում են դիպլոմներով:

68. Ակադեմիայի ակադեմիկոս ընտրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով:

69. Ակադեմիայի թղթակից անդամ ընտրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են բարձրակարգ գիտական նշանակություն ունեցող գիտական աշխատանքներով:

70. Ակադեմիայի արտասահմանյան անդամ կարող է ընտրվել իր գործունեությամբ Հայաստանի հետ կապված, գիտական ակնառու արդյունքներ ունեցող, աշխարհում ճանաչված գիտնականը:

71. Ակադեմիայի պատվավոր անդամ կարող է ընտրվել Հայաստանի կամ արտերկրի ճանաչված գիտնականը, հասարակական և այլ գործիչը, ով նպաստում է ակադեմիայի գործունեությանը:

72. Ակադեմիայի պատվավոր դոկտոր կարող է ընտրվել Հայաստանի կամ արտերկրի հայտնի գիտնականը, պետական, հասարակական և այլ գործիչը, ով աջակցում է ակադեմիայի գործունեությանը:

i

73. Ակադեմիայի իսկական և թղթակից անդամների առավելագույն թիվը և մասնագիտությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախագահության առաջարկությամբ:

74. Ակադեմիայի այն անդամները, ովքեր երկար տարիներ, առանց գործուղման ապրում և աշխատում են արտասահմանում և չեն կատարում իրենց կանոնադրական պարտականությունները, չեն ընդգրկվում ակադեմիայի ընտրություններին մասնակցող ակադեմիայի անդամների ցանկում:

75. Ակադեմիայի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին տրամադրվում է ցմահ պատվովճար, որի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պատվովճարը տրամադրվում է ակադեմիայի այն անդամներին, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում կամ ծառայողական գործուղման են մեկնել արտասահման` մինչև երեք ամիս ժամանակով:

76. Ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ:

77. Ընտրություններ անցկացնելու մասին նախագահության հայտարարությունը հրապարակվում է մամուլում ոչ ուշ, քան ընտրություններ անցկացնելու օրվանից 2 ամիս առաջ:

78. Ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածուների առաջադրումը վերապահվում է ակադեմիայի ակադեմիկոսներին, թղթակից անդամի թեկնածությունների առաջադրումը` ակադեմիայի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին: Ակադեմիայի անդամների թեկնածուների առաջադրումը վերապահվում է նաև պետական գիտական կազմակերպություններին, պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև ոչ պետական խոշոր գիտատեխնիկական կենտրոններին: Թեկնածուներն առաջադրվում են գիտական, գիտատեխնիկական խորհուրդների նիստերում` ձայների պարզ մեծամասնությամբ: Թեկնածուներն առաջադրվում են ըստ մասնագիտության:

79. Ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններն անցկացվում են ընդհանուր ժողովում` փակ քվեարկությամբ` բաժանմունքների ընդհանուր ժողովների կողմից ընտրված թեկնածուներից: Բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների թեկնածուների թիվը չպետք է գերազանցի տվյալ բաժանմունքի համապատասխան թափուր տեղերի թիվը:

80. Ակադեմիայի արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրություններն անցկացվում են ընդհանուր ժողովում` ակադեմիայի նախագահի առաջարկությամբ, բաժանմունքների ընդհանուր ժողովների կողմից առաջադրված թեկնածուներից: Քվեարկության կարգը որոշում է ընդհանուր ժողովը:

81. Պատվավոր դոկտորի գիտական աստիճանը շնորհվում է նախագահության կողմից` բաժանմունքների առաջարկությամբ, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

82. Ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի ակադեմիկոսները:

83. Ակադեմիայի թղթակից անդամների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի ակադեմիկոսները և թղթակից անդամները:

84. Նախագահության թույլտվությամբ կարող են անցկացվել բաժանմունքների միացյալ ընդհանուր ժողովներ` այդ բաժանմունքներին տրված բոլոր ակադեմիկոսների ազատ տեղերի կամ դրանց մի մասի թեկնածուների ընտրության համար:

85. Այն դեպքում, երբ հայտարարված մասնագիտությունն առնչվում է տարբեր բաժանմունքներին, ապա թեկնածուի` այս կամ այն բաժանմունքում քվեարկվելու որոշումն ընդունում է նախագահությունը:

86. Բաժանմունքի առանձին անդամների` հարգելի պատճառով բացակայության դեպքում բաժանմունքի ընդհանուր ժողովին մասնակցող ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընդհանուր ցուցակները ճշգրտվում են ընդհանուր ժողովից առաջ, որից հետո դրանք ներկայացվում են քվեարկության:

87. Ընտրություններին մասնակցող ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ցուցակում չեն ընդգրկվում ակադեմիայի բաժանմունքի այն ակադեմիկոսները և թղթակից անդամները, ովքեր ընտրության ժամանակ գտնվում են արտասահմանում: Քվեարկողների ցուցակում չեն ընդգրկվում այն ակադեմիկոսները և թղթակից անդամները, որոնց առողջական վիճակն անհնարին է դարձնում նրանց մասնակցությունը բաժանմունքի ընդհանուր ժողովին:

88. Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածուների ընտրությունը, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքի ակադեմիկոսների առնվազն երեք քառորդը:

89. Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ակադեմիայի թղթակից անդամների թեկնածուների ընտրությունը, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքի ակադեմիայի անդամների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդը:

90. Ակադեմիայի ակադեմիկոսի թեկնածու ընտրված են համարվում այն անձինք, ովքեր բաժանմունքի ընդհանուր ժողովում ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան տվյալ բաժանմունքի քվեարկությանը մասնակցած ակադեմիայի ակադեմիկոսների ձայների երկու երրորդը:

91. Ակադեմիայի թղթակից անդամի թեկնածու ընտրված են համարվում այն անձինք, ովքեր բաժանմունքի ընդհանուր ժողովում ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան տվյալ բաժանմունքի քվեարկությանը մասնակցած, բաժանմունքի անդամ հանդիսացող ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ձայների երկու երրորդը:

92. Ընդհանուր ժողովում ակադեմիայի ակադեմիկոսներ ընտրելիս` վճռական ձայնի իրավունք ունեն ակադեմիայի ակադեմիկոսները, իսկ թղթակից անդամ ընտրելիս` ակադեմիայի ակադեմիկոսները և թղթակից անդամները: Քվորումը և քվեարկության կարգն այնպիսին են, ինչպիսին բաժանմունքների ընդհանուր ժողովներում` ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրության ժամանակ: Քվեարկությանը մասնակցողների ցուցակային կազմը հաստատվում է նախագահության որոշմամբ:

93. Ակադեմիայի ակադեմիկոս ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ընդհանուր ժողովում ստացել են քվեարկությանը մասնակցած ակադեմիայի ակադեմիկոսների ձայների առնվազն երկու երրորդը:

94. Ակադեմիայի թղթակից անդամ ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ընդհանուր ժողովում ստացել են քվեարկությանը մասնակցած ակադեմիայի անդամների ձայների առնվազն երկու երրորդը:

95. Ակադեմիայի արտասահմանյան և պատվավոր անդամները համարվում են ընտրված, եթե ընդհանուր ժողովում նրանք ստացել են ակադեմիայի անդամների ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությունը:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

96. Ակադեմիայի յուրաքանչյուր ակադեմիկոս և թղթակից անդամ կարող է լինել ակադեմիայի միայն մեկ բաժանմունքի կազմում:

97. Ակադեմիայի անդամներն իրավունք ունեն իրենց բաժանմունքի և նախագահության քննարկմանը ներկայացնելու գիտական և գիտակազմակերպական հարցեր, ինչպես նաև այդ հարցերի քննարկումը նախագահության և բաժանմունքի միջոցով տեղափոխելու բաժանմունքի ընդհանուր ժողով և ընդհանուր ժողով:

98. Ակադեմիայի անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու ակադեմիայի ղեկավար մարմինների կազմում:

99. Ակադեմիայի անդամները պարտավոր են կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները, մասնակցել ակադեմիայի առջև դրված խնդիրների կատարմանը, ամեն տարի իրենց գիտական և գիտակազմակերպական գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնել այն բաժանմունք, որի գծով նրանք ընտրվել են ակադեմիայի անդամ:

100. Ժամանակավորապես իրենց գործունեությունն ակադեմիայում կասեցնելու վերաբերյալ որոշումն ակադեմիայի անդամները պետք է նախօրոք համաձայնեցնեն ակադեմիայի նախագահության հետ:

101. Ակադեմիայի ակադեմիկոսը և թղթակից անդամն ինստիտուտի տնօրենի հրամանով, առանց մրցույթի և ընտրության, կարող է գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվել 5 տարի ժամկետով:

102. Նախագահության երկարամյա (10 տարի և ավելի) նախկին անդամները նախագահության որոշմամբ կարող են անժամկետ հաստատվել նախագահության խորհրդականներ:

103. Գիտական կազմակերպությունների երկարամյա (10 տարի և ավելի) տնօրենները նախագահության որոշմամբ կարող են անժամկետ հաստատվել գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդականներ:

104. Խորհրդականի համար պահպանվում են ակադեմիայի համակարգում նրա զբաղեցրած վերջին պաշտոնին համապատասխան աշխատավարձը և գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

 

VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

105. Ակադեմիային պատկանող գույքը բաղկացած է նրա սեփականությունը համարվող գույքից և գիտական գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան անժամկետ, անհատույց օգտագործման համար ամրացված գույքից:

106. Ակադեմիային ամրացված գույքի և բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ և հիմնադրի կողմից:

107. Ակադեմիան իր ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներով կարող է ձեռք բերել շենքեր, շինություններ, կառույցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, կապի միջոցներ, հողատարածքներ և այլ գույք, ինչպես նաև ակադեմիայի համակարգում աշխատողների սոցիալական պահանջների բավարարումն ապահովող գույք` բնակարանային ֆոնդ, պոլիկլինիկա, հյուրանոցներ, հանգստյան տներ, պանսիոնատներ, ճամբարներ, գիտնականների ստեղծագործական տներ և օրենքով չարգելվող այլ գույք:

108. Ակադեմիայի և համակարգի կազմակերպություններն իրավունք ունեն իրենց տնօրինության տակ գտնվող և չօգտագործվող գույքը (այդ թվում` անշարժ) հանձնելու վարձակալության և ստացված գումարներն օգտագործելու իրենց կանոնադրական խնդիրների լուծման համար:

109. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել` բացառությամբ հիմնադրի սահմանած դեպքերի:

110. Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

111. Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ակադեմիային ամրացված և նրա սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ստացած եկամուտներն ակադեմիայի սեփականությունն են, որոնք օգտագործվում են կանոնադրական նպատակներով:

112. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև իր գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից:

113. Ակադեմիային սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքի նկատմամբ հիմնադիրն իրավունքներ չունի` բացառությամբ լուծարումից հետո մնացած գույքի:

114. Ակադեմիայի սեփականության պահպանման հոգսը կրում է ակադեմիան:

115. Ակադեմիայի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, պայմանագրային աշխատանքներից ստացված եկամուտներից, հանրապետական և միջազգային հիմնադրամների, այլ կազմակերպությունների ու մասնավոր անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից:

116. Ակադեմիայի ֆինանսական միջոցները ձևավորվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ակադեմիայի գիտական և տնտեսական գործունեությունից, այդ թվում` հանրապետության և արտերկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից, սեփական մշակումների իրացմանն առնչվող գիտաարտադրական գործունեությունից ստացված եկամուտներից.

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` արտասահմանյան) նվիրատվություններից, դրամաշնորհներից, ինչպես նաև կտակներից.

3) ակադեմիայի գույքից և գույքային իրավունքից ստացած եկամուտներից.

4) օրենքով չարգելվող այլ աղբյուրներից:

117. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ակադեմիայի ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

118. Իր ֆինանսավորման սահմաններում ակադեմիան ինքնուրույն է որոշում իր աշխատողների թիվը, նրանց վարձատրության կարգը, ինչպես նաև հատկացվող գումարների ծախսման հիմնական ուղղությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

119. Ակադեմիայի համակարգի կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների հատկացումը կատարում է ակադեմիան:

120. Ակադեմիան սահմանված կարգով տնօրինում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրեն հատկացվող բազային ֆինանսական միջոցները և դրանք բաշխում ըստ գիտական ուղղությունների ու գիտական կազմակերպությունների:

 

IX. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

121. Ակադեմիան վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2011
N 815-Ն
Որոշում