Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆ ...

01.11.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2010  -ից մինչեւ   01.11.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 23.09.14 թիվ 250-Ն որոշում)

i

050.0296.080705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2005 թվականի N 296-Ն

 

i

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 8-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 19-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թ. հունիսի 8-ի

թիվ 296-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` համակարգերում) մասնակցության թույլտվության տրամադրման, համակարգի գործունեության կանոններում փոփոխությունների վերաբերյալ Կենտրոնական բանկին տեղեկացման ընթացակարգերը և համակարգը բնութագրող չափանիշները:

i

2. Սույն կանոնակարգը տարածվում է ՀՀ տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վրա, (այսուհետ` հայաստանյան մասնակից):

(2-րդ կետը փոփ. 09.11.10 թիվ 302/1-ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Կենտրոնական բանկի կողմից սահմանվում են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող հետևյալ չափանիշները`

ա) համակարգի մասնակիցների քանակը երեքից քիչ է.

բ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի անվանացանկը, որը ներառում է հետևյալ համակագերը` ՎԻԶԱ և ՄԱՍՏԵՐՔԱՐԴ քարտային վճարումների համակարգերը:

4. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկին բավարարելու դեպքում համակարգում մասնակցության համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխի համաձայն: Եթե համակարգը չի բավարարում սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին, ապա համակարգում մասնակցության համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի 3-րդ գլխի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

i

5. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար համակարգի մասնակիցը (այսուհետ` դիմորդը) Կենտրոնական բանկ է ներկայացնում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ձևը սահմանվում է համաձայն հավելված 1-ի:

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորման օրինակելի ձևը սահմանվում է համաձայն հավելված 3-ի:

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունում մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի համակարգի օպերատորի կողմից սահմանված մասնակիցների մասնակցության չափանիշները: Հայաստանյան մասնակիցների նկատմամբ մասնակցության առանձնահատուկ պայմանների առկայության դեպքում պետք է հստակ նկարագրված լինեն այդ համակարգին հայաստանյան մասնակիցների մասնակցության` համակարգի օպերատորի կողմից սահմանված քաղաքականությունը և չափանիշները:

Համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը և դիմորդի պարտավորությունները, իրավասությունները և հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանքը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները կարող են ներկայացվել նաև

էլեկտրոնային կրիչների վրա` այդ մասին նշելով սույն կետով սահմանված միջնորդագրում:

(5-րդ կետը փոփ. 09.11.10 թիվ 302/1-ն որոշում)

6. Եթե սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմորդին, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող փաստաթղթերը: Սույն կետով սահմանված ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժվում է` փաստաթղթերը թերի լինելու հիմքով:

7. Կենտրոնական բանկը բավարարում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 3-րդ մասով սահմանված հիմքերը:

8. Կենտրոնական բանկը մերժում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե առկա են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 3-րդ մասով սահմանված հիմքերից մեկը:

9. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմորդին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Միջնորդագիրը մերժելու դեպքում դիմորդն իրավունք ունի արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ ընդհանուր կարգով:

10. Կենտրոնական բանկը կարող է ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 4-րդ մասով սահմանված դեպքերում: Թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում իրականացվում է համապատասխան գրառում սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված թույլտվությունների գրանցամատյանում:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող համակարգի մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

ա) սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք` համաձայն հավելված 2-ի,

բ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 1-ին մասի «ա» և «դ» կետերով սահմանված փաստաթղթերը:

12. Կենտրոնական բանկը տալիս է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե`

ա) համակարգը բավարարում է սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին,

բ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի չեն:

13. Միջնորդագրի մերժման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմորդին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Միջնորդագիրը մերժելու դեպքում դիմորդն իրավունք ունի թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել ընդհանուր կարգով:

14. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշների մեծության փոփոխման կամ համակարգի գործունեության փոփոխման հետևանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

15. Սույն գլխով սահմանված ընթացակարգով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը նույնն են, ինչ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված դրույթները:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

16. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվությունների գրանցամատյանը, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

ա) համակարգի անվանումը,

բ) Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը` արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տալու վերաբերյալ,

գ) մասնակցի (դիմորդի) անվանումը և իրավաբանական հասցեն,

դ) տեղեկություններ` գրանցամատյանում փոփոխությունների իրականացման վերաբերյալ:

Թույլտվությունների գրանցամատյանը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Թույլտվությունների գրանցամատյանից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը համակարգի մասնակիցներին տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

Թույլտվությունների գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում:

17. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը կազմում և վարում է Կենտրոնական բանկի կողմից արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստացած յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ անհատական գործ, որին պետք է կարվեն նաև համակարգի գործունեության ընթացքում իրականացվող բոլոր փոփոխությունները:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ

 

18. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական բանկին տեղեկացնել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 1-ին մասի «գ» և «դ» կետերով սահմանված փաստաթղթերում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, բացառությամբ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության աշխարհագրության և մասնակիցների կազմում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների, որոնց մասին մասնակիցը տեղեկացնում է` ինքը պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում:

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փոփոխությունները կցվում են տվյալ մասնակցի` սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված անհատական գործին:

20. Կենտրոնական բանկը, սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանալուց հետո, մեկամսյա ժամկետում կարող է ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե կատարված փոփոխություններն առաջացնում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 3-րդ մասի «գ» կետում նշված հիմքերը:

21. Սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված հիմքերով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է մասնակցին` նշելով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

________________ -ին

 

Դիմորդի անվանումը ________________________________________________________ Դիմորդի գտնվելու վայրը ___________________________________________________ Համակարգի անվանումը ______________________________________________________ Համակարգի օպերատորը ______________________________________________________

(պրոցեսինգ և (կամ) քլիրինգ, վերջնահաշվարկ իրականացնող

ֆինանսական հաստատությունը)

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ___________________________________________

(համակարգի անվանումը) համակարգին անդամակցելու համար:

 

Կից ներկայացնում եմ`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Մասնակցի գործադիր մարմնի տնօրեն` _____________________ __________________

                                   (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Հավելված 2

 

Չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք

 

Սույն տեղեկանքով հավաստիացնում եմ, որ ___________________________

(համակարգի անվանումը)

 

համակարգը, որին մենք անդամակցում ենք, համապատասխանում է «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» ՀՀ ԿԲ կանոնակարգ 19-ով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող հետևյալ չափանիշին կամ չափանիշներին`

1. համակարգի մասնակիցների քանակը _____________________________________

2. համակարգը ներառված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի անվանացանկի մեջ

__________________________________________________________________________

                          (համակարգի անվանումը)

Հավաստիացնում եմ նաև, որ «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» ՀՀ ԿԲ կանոնակարգ 19-ով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում և կարգով այդ մասին պետք է տեղեկացնեմ Կենտրոնական բանկին:

 

Մասնակցի գործադիր մարմնի տնօրեն` ___________________ _________________

(անուն, ազգանուն)  (ստորագրություն)

 

Հավելված 3

 

Օրինակելի ձև

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորումը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, հիմնավորման ներկայացմանը հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետ կապված գործունեությունը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է: Մասնակցության տնտեսական հիմնավորումը բաղկացած է հետևյալ բաժիններից`

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1) համակարգի անվանումը,

2) համակարգում մասնակցելու նպատակները (հեռանկարները):

 

II. Գործունեության հիմնական ուղղությունները

 

1) մասնակցի կողմից իրականացվելիք գործառնությունների տեսակները և դրանց համառոտ բնութագիրը,

2) ապագայում նախատեսվող ծառայությունները:

 

III. Մարքեթինգային վերլուծություն

 

1) ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),

2) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում այն պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները),

3) հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը:

 

IV. Ռազմավարությունը

 

1) դիրքավորում,

2) խթանման ռազմավարություն,

3) գնային ռազմավարություն,

4) ներդրման ծրագիր:

 

V. Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը

 

1) ֆինանսավորման աղբյուրները,

2) առաջիկա 3 տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.06.2005
N 296-Ն
Որոշում