040.0812.120703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2003 թվականի N 812-Ն
ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 26-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 9-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական բուժիչ ջրային ռեսուրսների նպատակային և գերակայական օգտագործման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 812-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:
2. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործման է տրամադրում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության եզրակացությունների առկայության դեպքում:
(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
3. Բնական բուժիչ ջրային ռեսուրսների` բուժման նպատակով ըստ բժշկական ցուցումների նպատակային և գերակայական օգտագործմանը ներկայացվող պահանջները պարտադիր են ջրօգտագործման թույլտվության ձևակերպման ու ջրօգտագործման ընթացքում:
4. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործողներն ապահովում են տվյալ բնական բուժիչ ջրային ռեսուրսի կազմի և բուժիչ հատկությունների, օգտակարության մասին հասարակությանը տեղեկատվության տրամադրումը և դրա մատչելիությունը:
5. Ջրօգտագործման նույն նպատակների դեպքում` անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող ստորերկրյա բնական բուժիչ ջրային ռեսուրսի օգտագործման նկատմամբ տվյալ անձն ունի ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելու առաջնահերթության իրավունք:
6. Ջրառաջարկի նկատմամբ բնական բուժիչ ջրերի ջրապահանջի գերազանցման դեպքում` բնական բուժիչ ջրերի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում է սահմանված կարգով անցկացվող աճուրդով:
(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)