(ուժը կորցրել է 30.12.05 թիվ 1033-Ն որոշում)
i
041.0385.220600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2000 թվականի N 385
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության մասին» թիվ 70 որոշման 2-րդ կետին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000թ.
հունիսի 22-ի թիվ 385
որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիոցիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը (այսուհետև` Հայպետատոմհսկողություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն անմիջականորեն ենթակա է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Հայպետատոմհսկողությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հայպետատոմհսկողությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
4. Հայպետատոմհսկողությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
5. Հայպետատոմհսկողությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:
6. Հայպետատոմհսկողության ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի և ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Հայպետատոմհսկողության հիմնական խնդիրն ու գործառույթները
i
7. Հայպետատոմհսկողության հիմնական խնդիրն է միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների (այսուհետև` տեղակայանքներ) միջուկային ու ճառագայթային անվտանգության (այսուհետև` անվտանգություն) պետական կարգավորումը տեղայականքների անձնակազմի և բնակչության կյանքի, առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության ու Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:
8. Հայպետատոմհսկողության գործառույթներն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության ապահովման իրավական, տնտեսական, կազմակերպական և տեխնիկական միջոցների համակարգի ստեղծմանն ու դրա հետագա զարգացմանը մասնակցելը.
բ) անվտանգության նորմերի ու կանոնների մշակման կազմակերպումը, մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, անվտանգության նորմերի և կանոնների ցանկի կազմումը.
գ) տեղակայանքների, անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց, փորձագիտական կազմակերպությունների և փորձագետների լիցենզավորումը.
դ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և տրված լիցենզիաների պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ե) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների աշխատանքի որակի ապահովման ծրագրերի ստուգումը.
զ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար, ինչպես նաև մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր տալը.
է) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները և պահանջները չկատարելու դեպքում լիցենզիայի գործողության դադարեցումը կամ այն ուժը կորցրած ճանաչելը.
ը) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված լիցենզավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկելը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` խախտումների մասին նյութերն իրավապահ մարմիններին ներկայացնելը.
թ) Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ, իր իրավասությունների սահմաններում, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջուկային նյութերի ներմուծման, արտահանման, օգտագործման, օտարման, փոխադրման, վերամշակման, պահման, գրանցման և հաշվառման կարգի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժա) միջուկային նյութերի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
ժբ) ռադիոակտիվ թափոնների ներմուծման, արտահանման, հավաքման, փոխադրման, վերամշակման, պահման, թաղման, գրանցման ու հաշվառման կարգի մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժգ) միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների պետական հաշվառումը.
ժդ) միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակը պարզելու նպատակով տեղակայանքներում տեսչական ստուգումների անարգել անցկացումը` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող (այդ թվում` ձայնագրող և տեսագրող) սարքեր, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր անարգել մուտք գործելը, պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ վերցնելը և տվյալներ ստանալը, հսկողության համար անհրաժեշտ սարքեր տեղադրելը.
ժե) տեսչական ստուգման աշխատանքներին սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա մասնագետների ներգրավումը.
ժզ) տեղակայանքների և դրանց վերակառուցման նախագծերի փորձաքննության անցկացումը և տեղակայանքների ու կատարվող աշխատանքների անվտանգության գնահատումը.
ժէ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման նպատակով հետազոտությունների կազմակերպումն ու անցկացումը.
ժը) միջուկային ու ճառագայթային վթարների հակազդման և պաշտպանական միջոցառումների իրականացման մասին որոշումների ընդունման չափանիշների սահմանումը.
ժթ) տեղակայանքներում հնարավոր արտակարգ իրավիճակներին և դրանց հետևանքների վերացմանն այդ տեղակայանքների շահագործող կազմակերպությունների պատրաստականության նկատմամբ վերահսկողությունը: Արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համագործակցությունը վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմինների ու կազմակերպությունների պատրաստականության նկատմամբ վերահսկողության հարցերով.
ի) տեղակայանքներում արտակարգ իրավիճակների դեպքում իրավիճակի գնահատումը և տեղակայանքում ու դրա հարակից տարածքներում ճառագայթային իրավիճակի հնարավոր փոփոխությունների մասին կանխատեսումների ու անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների կիրառման վերաբերյալ վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմիններին առաջարկությունների տրամադրումը.
իա) տեղակայանքների միջուկային և ճառագայթային անվտանգության վրա ազդող խախտումների քննության անցկացման կարգի սահմանումը, քննության արդյունքների վերլուծությունը, գնահատումը, խախտումների վերաբերյալ տվյալների բանկի ստեղծումը.
իբ) տեղակայանքների միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարության 3-ամսյա հաշվետվություն ներկայացնելը.
իգ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, ֆիզիկական անձանց ու զանգվածային լրատվության միջոցներին միջուկային և ճառագայթային անվտանգության մասին ամփոփ տեղեկությունների տրամադրումը.
իդ) միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով միջազգային ու օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ համագործակցությունը.
իե) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերի համակարգումը.
իզ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վճարի մասին միջազգային օպերատիվ ազդարարումը` «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան.
իէ) անվտանգության տեսակետի կարևոր օբյեկտների ցանկի, օբյեկտները կառուցելու և շահագործումից հանելու թույլտվություն տալու կարգերի մշակումը ու դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
իը) անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների ու պաշտոնների ցանկերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
իթ) միջուկային տեղակայանքներ և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքներ շահագործող լիցենզավորված անձանց միջուկային ու ճառագայթային վթարների հակազդման պլանների համաձայնեցման կարգի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
9. Սույն կանոնադրության 8-րդ կետի «դ» , «զ» , «ժդ» և «ժթ» ենթակետերով սահմանված իրավասություններն իրականացվում են Հայպետատոմհսկողության պետական տեսուչի կարգավիճակ ունեցող անձնակազմի միջոցով: Ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման իրավունքը վերապահվում է Հայպետատոմհսկողության պետին, Հայպետատոմհսկողության տեսչության պետին, ատոմային էլեկտրակայանում Հայպետատոմհսկողության տեսուչին:
10. Տեղակայանքներում վերահսկողություն իրականացնող Հայպետատոմհսկողության պետական տեսուչներն օգտվում են այդ տեղակայանքների աշխատողների համար սահմանված արտոնություններից:
III. Հայպետատոմհսկողության աշխատանքի կազմակերպումը
11. Հայպետատոմհսկողության համակարգը ներառում է իր ենթակա կազմակերպությունների ամբողջությունը:
12. Հայպետատոմհսկողությունն իրականացնում է իր տնօրինությանը հանձնված պետական գույքի տիրապետումն ու օգտագործումը և ապահովում դրա պահպանությունը:
13. Հայպետատոմհսկողությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
14. Հայպետատոմհսկողությունը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների հետ:
15. Հայպետատոմհսկողությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների` մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:
16. Հայպետատոմհսկողությունը կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
17. Հայպետատոմհսկողությունը գլխավորում է Հայպետատոմհսկողության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայպետատոմհսկողության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայպետատոմհսկողության պետի հետ:
18. Հայպետատոմհսկողության պետը`
ա) իրականացնում է Հայպետատոմհսկողության ղեկավարումը և պատասխանատվություն է կրում Հայպետատոմհսկողության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Հայպետատոմհսկողության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը.
գ) սահմանում է տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է կազմակերպությունների, վարչության աշխատողների և քաղաքացիների համար.
ե) հաստատում է Հայպետատոմհսկողության կենտրոնական ապարատի, հաստիքային ցուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.
է) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական համաձայնագրեր և դրանք ներկայացնում վավերացման սահմանված կարգով.
ը) ներկայացնում է Հայպետատոմհսկողությունն օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.
թ) տալիս է լիազորագրեր.
ժ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Հայպետատոմհսկողության աշխատողներին.
ժբ) աշխատանքային պայմանագրեր է կնքում Հայպետատոմհսկողության համակարգի կազմակերպությունների ղեկավարների հետ.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000թ.
հունիսի 22-ի թիվ 385
որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և
ռադիացիոն անվտանգության պետական հսկողության
վարչության (Հայպետատոմհսկողություն)
1. Տեսչություն
Միջուկային անվտանգության կարգավորման և հսկողության բաժին
Ճառագայթային անվտանգության կարգավորման ու հսկողության,
վթարային պլանավորման բաժին
2. Միջուկային անվտանգության հետազոտությունների գնահատման բաժին
3. Միջուկային տեղեկատվության և արտաքին կապերի բաժին
4. Տեխնիկական բաժին - քարտուղարություն
5. Հաշվապահություն