Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Հայաստանի Հանրապետության               Քրեական գործ թիվ ՎԲ-01/08

քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

քրեական գործ թիվ 285/07

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

դատավորներ` Ե. Դարբինյան

Ա. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              

2008 թվականի փետրվարի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով տուժողի իրավահաջորդ Ռ. Գևորգյանի վճռաբեկ բողոքը Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հուլիսի 2-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Նախաքննության մարմնի 04.12.2006 թվականի որոշմամբ Գուրգեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

i

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 17-ի դատավճռով Գ. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման երկու տարի ժամկետով` երկու տարի ժամկետով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Որոշվել է ամբաստանյալից բռնագանձել 761.900 ՀՀ դրամ` հօգուտ «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության, որպես հանցագործությամբ պատճառված վնաս և 1.500.000 ՀՀ դրամ հօգուտ տուժողի իրավահաջորդ Ռուբեն Գևորգյանի` որպես տուժողի թաղման վրա կատարված ծախս:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ինչպես տուժողի իրավահաջորդ Ռ. Գևորգյանը, այնպես էլ ամբաստանյալ Գ. Մարտիրոսյանը:

i

Տուժողի իրավահաջորդ Ռ. Գևորգյանի և ամբաստանյալի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2007 թվականի հուլիսի 2-ի դատավճռով Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխել է. Գուրգեն Մարտիրոսյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով երկու տարի ժամկետով: Որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով երկու տարի ժամկետով փորձաշրջան: Վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:

Տուժողի իրավահաջորդ Ռուբեն Գևորգյանի և «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության, իսկ հինգ հարյուր ԱՄՆ դոլար գումարը վերադարձվել է Գուրգեն Մարտիրոսյանին:

Վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդ Ռ. Գևորգյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց բավարարման:

ՀՀ վերաքննիչ դատարանի 2007 թվականի հուլիսի 2-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի իրավահաջորդ Ռուբեն Գևորգյանը:

i

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

Դատապարտյալ Գուրգեն Մարտիրոսյանը աշխատել է ՀՀ «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում որպես վարորդ:

2006 թվականի հոկտեմբերի 19-ին` ժամը 20:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ՎԱԶ-21214 մակնիշի 951 ՏՕ 61 պետհամարանիշի ավտոմեքենայով Ստեփանակերտից Երևան ընթանալիս Գորիս-Երևան մայրուղու 16-րդ կիլոմետրում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների 1.2 և 9.1 կետի 1-ին մասի պահանջները, ընդհարվել իր ընթացքի ուղղությամբ ճանապարհի աջ մասում կայանած ասֆալտփռիչ մեխանիզմին, որի հետևանքով ուղևոր Գուրգեն Գևորգյանը մահացել է, Վարուժան Տիտիզյանը ստացել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, ինքը` դատապարտյալը ստացել է առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ ավտոմեքենայի որոշ մասեր դուրս են եկել շարքից, ինչով «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է նյութական վնաս:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

i

Բողոքում նշվել է, որ վերաքննիչ դատարանը, Գ. Մարտիրոսյանին ազատելով պատժի կրումից, խախտել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: Վերաքննիչ դատարանը, կրկին անգամ թվարկելով այն նույն մեղմացուցիչ հանգամանքները, որոնք պատիժ սահմանելիս արդեն իսկ հաշվի են առնված եղել առաջին ատյանի դատարանի կողմից, առանց որևէ այլ փաստարկ նշելու կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը, որպես առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելու հիմք, կարող էր դիտել միայն այն, որ Գ. Մարտիրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան հատուցած լիներ հանցագործությամբ պատճառած վնասը կամ վնասը հարթելուն ուղղված այլ գործողություններ կատարեր: Նման պայմաններում, ըստ բողոքի հեղինակի, Գ. Մարտիրոսյանի նկատմամբ առանց բավարար հիմքերի պատիժ չկիրառելն անարդարացի է և հակասում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքին:

i

Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը պահանջել է բեկանել Գ. Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի 2007 թվականի հուլիսի 2-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 17-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի դատավճռի բեկանման պահանջի մասով բողոքը հիմնավոր է, և այն պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով Գ. Մարտիրոսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժի հարցը, դատավճռում նշել է, որ «առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին, ուստի ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, դատավճիռը պատժի մեղմացման առումով պետք է փոփոխել», և որպես պատժի մեղմացում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ որոշել է Գ. Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել:

Պատիժը մեղմացնելը և պատիժը պայմանականորեն չկիրառելը իրենցից ներկայացնում են քրեաիրավական երկու ինքնուրույն ինստիտուտներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, ըստ որի 1-ին կետի` եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Այսինքն` դատարանը կայացնելով մեղադրական դատավճիռ` ամբաստանյալի նկատմամբ նշանակում է քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում թվարկված պատժատեսակներից (կալանք, ազատազրկում, կարգապահական գումարտակում պահելը) որևէ մեկը` սահմանելով դրա չափը, այնուհետև համոզված լինելով, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու` որոշում է դատապարտյալի վրա որոշակի պարտականություններ դնելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Պատժի մեղմացումը դրսևորվում է հետևյալ ձևով` նշանակված հիմնական պատժատեսակը փոխելով ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված առավել մեղմ հիմնական պատժատեսակով, կամ նշանակված պատժաչափը նվազեցնելով, կամ նշանակված լրացուցիչ պատիժը վերացնելով, կամ դրա չափը նվազեցնելով, կամ ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով` նշանակել քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով:

i

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի` «Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

6. ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7. ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

8. ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.»:

Նշված իրավադրույթից երևում է, որ կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և արդեն իսկ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են պատժի հարցերի դատական լուծման գործընթացի ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն` դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև` դրա տեսակը և չափը, որից հետո որոշում ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ` հաշվի առնելով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության հանգամանքը:

i

Այսպիսով, վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի նշանակած պատժի մեղմացումը կարող է դրսևորվել կա՛մ նշանակված հիմնական պատժատեսակի փոխարեն առավել մեղմ հիմնական պատժատեսակ նշանակելով, կա՛մ նշանակված պատժաչափը նվազեցնելով, կա՛մ նշանակված լրացուցիչ պատիժը վերացնելով, կա՛մ դրա չափը նվազեցնելով, կա՛մ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակել քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանի դատավճռով Գ. Մարտիրոսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի նշանակած հիմնական պատժատեսակը` ազատազրկումը, չի փոխարինվել ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված առավել մեղմ հիմնական պատժատեսակով, ազատազրկման չափը` երկու տարին, չի նվազեցվել, իսկ նշանակված լրացուցիչ պատիժը` տրանսպորտի միջոց վարելու իրավունքից երկու տարի ժամկետով զրկելը, չի վերացվել և դրա չափը չի նվազեցվել:

Հետևաբար, Գ. Մարտիրոսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող հանդիսանալ պատժի մեղմացում:

Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը, փոփոխելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որևէ լրացուցիչ փաստարկ չի վկայակոչել իր հետևությունները հիմնավորելու համար: Վերաշարադրելով առաջին ատյանի դատարանի դատավճռի փաստական հանգամանքները` վերաքննիչ դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ. Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

i

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի` պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված` պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ չեն: Պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Այլ կերպ` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը:

Սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը:

Գ. Մարտիրոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում ընդունելիս վերաքննիչ դատարանը չի քննարկել պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը:

Այսպիսով, Գ. Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատժի մեղմացում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում ընդունելով` վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որով թույլ է տվել նյութական իրավունքի խախտում:

i

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված և վերը ներկայացված` նյութական իրավունքի խախտումներն ազդել են Գ. Մարտիրոսյանի նկատմամբ պատիժը կրելու հարցում ճիշտ որոշում կայացնելու վրա: Այդ խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ և 397-րդ հոդվածների ուժով վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են:

i

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Նշված խախտումները կարող են խաթարել արդարադատության բուն էությունը, դատավճռի` որպես արդարադատության ակտի իմաստը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բողոքը բավարարել մասնակիորեն:

Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հուլիսի 2-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

դատավորներ` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N ՎԲ-01/08
Որոշում