Սեղմել Esc փակելու համար:
1968 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԼՈԿԱՌՆՈՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1968 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԼՈԿԱՌՆՈՅՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ...

 

 

020.0670.261206

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1968 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԼՈԿԱՌՆՈՅՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 1979 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՂ ԼՈԿԱՌՆՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված և 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ընդունվել է 1968 թվականին Լոկառնոյում` արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման համակարգ հիմնադրելու նպատակով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1971 թվականի ապրիլի 27-ին և փոփոխվել է 1979 թվականի սեպտեմբերի 28-ին:

Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել համաձայնագիրը:

Համաձայնագիրն ունի նույն ուժն ու տևողությունը, ինչ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է հանդիսանում հավելվածը` «Միջազգային դասակարգման դասերի և ենթադասերի ցանկը»:

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է 1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված և 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագրին` դրա 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների հիման վրա, որոնց ուժով Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի անդամ ցանկացած երկիր, եթե չի ստորագրել համաձայնագիրը, կարող է միանալ դրան:

Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994 թվականի մարտի 29-ին:

2. Համաձայնագրով սահմանվում է արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման համակարգը, որը ներառում է դասերի և ենթադասերի ցանկը, ապրանքների այբբենական ցանկը և բացատրական ծանոթագրությունները:

Հարկ է նշել, որ ելնելով սույն համաձայնագրի պահանջներից` միջազգային դասակարգումը կրում է բացառապես վարչական բնույթ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր կարող է դրան վերագրել այն իրավական բնույթը, որն ինքը հարմար է համարում:

3. Համաձայնագրով մասնակից պետություններն արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգումն ընդունելու նպատակով կազմում են Հատուկ միություն: Համաձայնագրով սահմանվում են Փորձագետների կոմիտեի, Հատուկ միության վեհաժողովի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենի գործառույթները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի արդյունաբերական նմուշների պահպանություն տրամադրելու իրավունք ունեցող` ՀՀ կողմից լիազորված գործակալությունը նմուշն ի պահ հանձնելու կամ գրանցելու պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև դրանք պաշտոնապես հրապարակվելու դեպքում այդ հրապարակումներում նշի միջազգային դասակարգման այն դասերի և ենթադասերի համարները, որոնց պատկանում են նմուշներն ընդգրկող ապրանքները,

- կրել Հատուկ միությունում ՀՀ պատվիրակության ծախսերը: ՀՀ կառավարությունը պետք է ներկայացված լինի մեկ պատվիրակով, որին կարող են օգնել փոխարինող պատվիրակները, խորհրդատուները և փորձագետները,

- Հատուկ միության բյուջեն և Հատուկ միության շրջանառու ֆոնդին վճարել համապատասխանաբար` անդամավճար և միանվագ անդամավճար: Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան անդամավճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե մուծված անդամավճարների ամբողջ գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված և 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 դեկտեմբերի 2006 թվականի

ՍԴՈ-670

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.12.2006
N ՍԴՈ-670
Որոշում