(ուժը կորցնելու է 01.01.09թ` 10.06.08 ՀՕ-111-Ն օրենք)
010.0175.291204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՀՈԴՎԱԾ 30. |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
i
1. Արդյունաբերական նմուշի հայտի նախնական փորձաքննությունը լիազոր մարմինն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:
2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ, 7-րդ հոդվածի 6-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված պահանջներին` առանց արդյունաբերական նմուշի տնտեսական արդյունավետության գնահատման:
3. Եթե փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին:
4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական նմուշներից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:
6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է արդյունաբերական այն նմուշը, որը նկարագրության մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:
7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական նմուշի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են նկարագրության մեջ մտցվելու ենթակա էական հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Այս դեպքում նախնական փորձաքննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան մեկ ամսով:
Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:
9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված արդյունաբերական նմուշը վերաբերում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կամ 7-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:
10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու լիազոր մարմին: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
11. Կրկնական փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է որոշում` արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալը մերժելու մասին:
12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:
13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:
ՀՈԴՎԱԾ 31. |
ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ |
i
1. Մինչև գյուտի արտոնագիր տալու մասին լիազոր մարմնի որոշման կայացման թվականը հայտատուն կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին` տվյալ գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու խնդրանքով: Գյուտարարական մակարդակի բացակայության հիմքերով գյուտի արտոնագիր տալը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման կայացման դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպման խնդրանքով:
2. Հայտատուի դիմումի համաձայն` լիազոր մարմինը գյուտի հայտը փոխակերպում է օգտակար մոդելի հայտի, եթե այն համապատասխանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին:
3. Օգտակար մոդելի հայտը կարող է փոխակերպվել գյուտի հայտի մինչև օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումը:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:
5. Դիմում ներկայացնելու հիմքերը և փոխակերպման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
i
ՀՈԴՎԱԾ 32. |
ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում լիազոր մարմինը գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը գրանցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) և, անկախ արտոնագրատերերի թվից, նրանց տալիս է մեկ արտոնագիր:
2. Արտոնագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
3. Արտոնագրում տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղում է լիազոր մարմինը` արտոնագրատիրոջ պահանջով:
4. Արդյունաբերական սեփականության օբյեկտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, հրապարակում է գյուտերի և օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները:
5. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
ՀՈԴՎԱԾ 33. |
ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԻՋՈՒՄԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ |
1. Հայտատուն իրավունք ունի`
ա) հետ կանչելու ներկայացրած հայտը, հրաժարվելու արտոնագիր ստանալուց կամ արտոնագիր ստանալու իրավունքը զիջելու այլ անձի` մինչև գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումը.
բ) հրաժարվելու արտոնագրից` տվյալ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումից հետո:
2. Արտոնագրից հրաժարվելու մասին տեղեկությունները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:
3. Արտոնագրից հրաժարվելու մասին տեղեկությունների հրապարակման պահից սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր պահպանությունը համարվում է չտրված:
ԳԼՈՒԽ 6.
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 34. |
ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳԻՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ |
1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիրն իր գործողության ամբողջ ժամկետի ընթացքում համապատասխան արտոնագիր տալու դեմ բողոքի հիման վրա կարող է լրիվ կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե`
ա) գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պայմաններին.
բ) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ առկա են հատկանիշներ, որոնք հայտի ներկայացման թվականի դրությամբ ներառված չեն եղել գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրության մեջ և գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ, եթե հայտը ներկայացման թվականին պարունակում է հավակնության սահմանում.
գ) արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության մեջ առկա են հատկանիշներ, որոնք հայտի ներկայացման թվականի դրությամբ ներառված չեն եղել արդյունաբերական նմուշի պատկերների մեջ.
դ) առաջնության միևնույն թվական ունեցող նույնական գյուտերին, օգտակար մոդելներին կամ արդյունաբերական նմուշներին տրվել է մեկ արտոնագիր` խախտելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջները.
ե) տրվել է արտոնագիր, որի մեջ որպես հեղինակ կամ արտոնագրատեր նշված է անձ, որը, սույն օրենքով սահմանված պահանջների համաձայն, չի համարվում այդպիսին, կամ արտոնագրում նշված չէ այն անձը, որը, սույն օրենքով սահմանված պահանջների համաձայն, հանդիսանում է այդպիսին:
2. Բողոք ներկայացնող անձը պարտավոր է հիմնավորել դա և ներկայացնել համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա»-»գ» կետերով պայմանավորված բողոքները քննարկում է լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը` բողոքն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում` արտոնագրատիրոջը ծանոթացնելով այդ բողոքին: Քննարկումը չպետք է դուրս գա բողոքի մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից:
4. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի սահմանված կարգով դիմելու դատարան:
5. Գյուտի նախնական արտոնագիրն ամբողջությամբ ճանաչվում է անվավեր, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն անցկացված փորձաքննության արդյունքում արտոնագրաունակության պայմաններին չհամապատասխանելու հիմքով մերժվում է գյուտի հիմնական արտոնագիր տալը:
6. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչվում է անվավեր, սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ներկայացված բողոքի համաձայն, բողոքարկման խորհրդի ընդունած որոշման կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 35. |
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`
ա) արտոնագրատերն այդ մասին դիմում է ներկայացրել: Եթե արտոնագիրը տրվել է գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների խմբին, իսկ արտոնագրատիրոջ դիմումը վերաբերում է խմբի մեջ պարունակվող ոչ բոլոր լուծումներին, ապա արտոնագրի գործողության ժամկետը դադարեցվում է միայն դիմումում նշված գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ.
բ) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել:
2. Նախնական արտոնագրի գործողությունը լիազոր մարմնի հաստատած կարգով դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` անցկացվել է գյուտի ըստ էության փորձաքննություն:
3. Արտոնագրի գործողության դադարեցման մասին լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
ՀՈԴՎԱԾ 36. |
ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ՀԵՏՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողությունը, որը դադարեցվել է սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով, կարող է վերականգնվել արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա: Դիմումն անհրաժեշտ է լիազոր մարմին ներկայացնել արտոնագիրը գործողության` մեջ պահելու համար տարեկան պետական տուրքի վճարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` երեք տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև արտոնագրի գործողության սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը: Դիմումին կցվում է արտոնագրի գործողության վերականգնման համար սահմանված պետական տուրքի, ինչպես նաև արտոնագիրը գործողության մեջ պահելու համար չվճարված տարեկան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
2. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողության վերականգնման մասին լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
3. Ցանկացած անձ, որը գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողության դադարեցման թվականից մինչև գործակալության պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականն ընկած ժամանակահատվածում սկսել է արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը կամ նշված ժամանակահատվածում կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը` առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք):
4. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
ԳԼՈՒԽ 7.
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 37. |
ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ |
Դատական կարգով քննարկվում են այն վեճերը, որոնք վերաբերում են`
ա) գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հեղինակ ճանաչվելուն.
բ) արտոնագրատեր ճանաչվելուն.
գ) գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի նկատմամբ բացառիկ իրավունքը խախտելուն.
դ) բացառիկ իրավունքի զիջմանը և լիցենզային պայմանագրերի կնքմանը և կատարմանը.
ե) վաղօրոք օգտագործման իրավունքին.
զ) հետօգտագործման իրավունքին.
է) սույն օրենքով նախատեսված փոխհատուցումների վճարման չափին, ժամկետին և կարգին.
ը) արտոնագրով ամրագրված իրավունքների պահպանության հետ կապված այլ վիճելի հարցերի:
ՀՈԴՎԱԾ 38. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 39. |
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ |
1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-6-րդ, 25-րդ հոդվածի 4-րդ, 27-րդ հոդվածի 2-րդ, 29-րդ հոդվածի 4-6-րդ և 30-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված` փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները լիազոր մարմինը կարող է երկարաձգել մեկ անգամ երկու ամսով:
Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչև սահմանված ժամկետների ավարտը` դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
2. Սույն օրենքի 23-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել լիազոր մարմինը, բացառությամբ դատարան դիմելու համար` 23-րդ հոդվածի 13-րդ, 26-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ հոդվածի 14-րդ մասերով սահմանված ժամկետների:
Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմում կարող է ներկայացվել նշված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում` դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
ՀՈԴՎԱԾ 40. |
ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ |
1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը կարող են արտոնագրվել օտարերկրյա պետություններում:
2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել լիազոր մարմին` հայտնելով նաև օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն լիազոր մարմնի միջոցով` ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը օտարերկրյա պետությունում արտոնագրելու մտադրության մասին հաղորդումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում լիազոր մարմինը սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերով արտոնագրումն օտարերկրյա պետություններում չի արգելում, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է պատասխանատվության` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության:
5. Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (այսուհետ` ԱՀՊ) ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ` Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային գերատեսչություն ներկայացվող եվրասիական հայտերով լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար:
Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն, իսկ եվրասիական հայտը` ռուսերեն լեզվով:
Լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքներով սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտերի ներկայացման թվականը, և այդ թվականից մեկամսյա ժամկետում առաքում է այն համապատասխանաբար Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային գերատեսչություն:
ՀՈԴՎԱԾ 41. |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, միջազգային պայմանագրերին համապատասխան, կամ փոխադարձության սկզբունքով` օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար:
ՀՈԴՎԱԾ 42. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԵՐԸ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԻ ՈՒԺ |
1. ԱՀՊ ընթացակարգով Միջազգային բյուրո ներկայացված գյուտի կամ օգտակար մոդելի միջազգային հայտը կարող է Հայաստանի Հանրապետությունում ազգային փուլ փոխադրվել, եթե այն լիազոր մարմին է ներկայացվել խնդրարկվող առաջնության թվականից 31 ամսվա ընթացքում, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հայտում նշված է որպես նշված պետություն:
2. Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրելու թվականը սահմանում է լիազոր մարմինը, եթե լիազոր մարմին ներկայացվել է առնվազն`
ա) սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` դիմում արտոնագիր ստանալու մասին, որում նշված է նաև միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը.
բ) Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի հրապարակման առաջին էջը:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը 31 ամսվա ընթացքում չեն ներկայացվել լիազոր մարմին, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարեցվում է:
4. Միջազգային հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 18-20-րդ հոդվածներին համապատասխան:
5. Մերժված եվրասիական հայտի հիման վրա, Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն, սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր տալու հայտը քննարկում է լիազոր մարմինը` Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից տվյալ հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից: Նշված օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը:
ՀՈԴՎԱԾ 43. |
ՆՈՒՅՆԱԿԱՆ ԳՅՈՒՏԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ |
Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրը ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են տարբեր արտոնագրատերերին, ապա այդպիսի գյուտերը կամ գյուտը և օգտակար մոդելը կարող են օգտագործվել միայն` պահպանելով դրանց բոլոր արտոնագրատերերի իրավունքները:
Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են միևնույն անձին, ապա այդպիսի գյուտերի կամ գյուտի և օգտակար մոդելի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ցանկացած անձի` այդ արտոնագրերի հիման վրա կնքված լիցենզային պայմանագրի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 44. |
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԸ |
Արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր: Տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքի չափի նվազեցումը կամ վերադարձնելը, պետական տուրքից ազատվելու հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՈԴՎԱԾ 45. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված և գործող արտոնագրերից բխող բացառիկ իրավունքները շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայտերով փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, եթե դրանցով արտոնագիր տալու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր տալու վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել 1999 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
ՀՈԴՎԱԾ 46. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 19-21-րդ հոդվածների 8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
29 դեկտեմբերի 2004 թվականի
ՀՕ-175-Ն