(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 17-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 17-ի թիվ 300 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կապի նախարարության
«Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ
կենտրոն» հատուկ նշանակության պետական
ձեռնարկության
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական ձեռնարկությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի թիվ 399 որոշմամբ սահմանված ցանկում փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 113 որոշմամբ:
2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:
Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է` «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» ՀՆՊՁ:
3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը:
4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
5. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` 375047, քաղ. Երևան, Նորք:
II. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ձեռնարկության խնդիրներն են`
ա) համապատասխան տեխնիկական միջոցների զարգացումը և կատարելագործումը, հեռուստառադիոհաղորդակցությունների ցանցի արդյունավետ ու նպատակային օգտագործմամբ մատուցվող ծառայությունների ժամանակին, անխափան և որակյալ կատարման ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի սփռմամբ և հաղորդմամբ պետական պատվերի կատարման ապահովումը.
գ) արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության տարածքում օպերատիվ, հուսալի և որակյալ պետական հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ապահովումը.
դ) այլ պետությունների հեռուստառադիոընկերությունների հետ համագործակցումը` Հայաստանի Հանրապետությունում պետական պատվերից դուրս հեռուստառադիոծրագրերը տարածելու համար.
ե) ժամանակակից տեխնոլոգիայի և սարքավորումների ներդրմամբ աշխատանքի գիտական կազմակերպման ապահովումը.
III. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:
9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության դրամական և նյութական ներդրումները.
բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված հասույթը.
գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու համար ստացվող տոկոսները.
դ) պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.
ե) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումների կատարումից հետո շահույթի մնացած մասը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում, կազմում հաշվեկշիռ և ներկայացնում վիճակագրական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմին:
13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:
14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամական ամեն տեսակի գործառնություններ իրականացնելու համար:
15. Ձեռնարկությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և համատեղ ձեռնարկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.
գ) ինքնուրույնաբար կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.
դ) ինքնուրույնաբար պլանավորում և կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում մատուցված ծառայություններից և կատարված աշխատանքների արդյունքներից, կնքում պայմանագրեր և կրում պարտավորություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.
զ) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, հանդես է գալիս հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ դատարանում և պետական արբիտրաժում (տնտեսական դատարան).
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը` կնքված պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների` օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.
ը) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի, հանգստի պայմանները.
թ) որոշում է աշխատողների վարձատրության ձևերը, սահմանում է հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալներն ու դրանց գները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի:
16. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համաձայնությամբ կարող է վարձակալությամբ տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց:
17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Աշխատողներ վարձելու, նրանց աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրով:
IY. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են ձեռնարկության վարչությունը և դրա գլխավոր տնօրենը:
19. Ձեռնարկության վարչությունը կազմվում է 9 անդամից, որոնցից 4-ն ընտրվում են աշխատավորական կոլեկտիվից, իսկ մյուսներին նշանակում է գլխավոր տնօրենը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ: Ձեռնարկության վարչության կազմում ղեկավար մարմնի անդամներ չհանդիսացող ներկայացուցիչները պետք է կազմեն անդամների մեկ երրորդը:
20. Ձեռնարկության վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
21. Ձեռնարկության վարչությունն իրավասու է`
ա) որոշելու ֆինանսատնտեսական և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները և հաստատելու աշխատանքային ծրագրերը.
բ) ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն.
գ) ներկայացնելու առաջարկություններ դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ.
դ) որոշելու ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների ցանկն ու դրանց լիազորությունները:
22. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որն ընտրվում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է ձեռնարկության վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից պահանջելու ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի վերաբերյալ ցանկացած տվյալներ ու փաստաթղթեր և պարտավոր է իր համապատասխան հաշվետվությունները ներկայացնել ձեռնարկության վարչություն:
23. Ձեռնարկության գլխավոր տնօրենին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ:
24. Գլխավոր տնօրենը ձեռնարկության վարչության նախագահն է և վարչության կողմից որոշումներ ընդունվելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Գլխավոր տնօրենին նշանակելիս նրա և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության միջև սահմանված կարգով կնքվում է պայմանագիր: Պայմանագրում սահմանվում են գլխավոր տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության կապի նախարարության, ձեռնարկության վարչության, աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը:
25. Գլխավոր տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում պատասխանատվություն: Գլխավոր տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, ձեռնարկության աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթները, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում հաստիքները, սահմանում աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը, արձակում հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ, ըստ գործունեության բնագավառների կատարում աշխատանքի բաշխում գլխավոր տնօրենի տեղակալների, գլխավոր ճարտարագետի ու ղեկավար այլ աշխատողների միջև, իրականացնում է ձեռնարկության գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
26. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն են կազմում այն աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են դրա գործունեությանը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
ա) կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում.
բ) իր ներկայացուցիչների միջոցով ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վարում.
գ) կոլեկտիվ պայմանագրի հաստատում:
27. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է:
Y. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
28. Ձեռնարկության վերակազմավորումը կամ լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով: