040.0404.140501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2001 թվականի N 404
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը (կցվում է):
(որոշումը փոփ. 22.04.2022 թիվ 544-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
մայիսի 14-ի N 404 որոշմամբ
ԿԱՐԳ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները (այսուհետև` հանրակացարանային բնակելի տարածքներ) դրանցում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհելու հետ կապված հարաբերությունները:
2. Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:
3. Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը և զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:
Վերադաս կառավարման մարմինը դիմումները և նշված տեղեկանքներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման մասին միջնորդությունները (նշված տեղեկանքների հետ միասին) անվանական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն նշված նյութերը քննարկելուց հետո 15-օրյա ժամկետում դրանք սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` համաձայնեցման:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` մարզերում` մարզպետների, Երևանում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` կնքելով նվիրատվության պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
(5-ՐԴ ԿԵՏԸ ՓՈՓ. 07.05.09 ԹԻՎ 487-Ն, 19.11.09 ԹԻՎ 1370-Ն, 24.05.12 ԹԻՎ 639-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐ)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 19.11.09 թիվ 1370-Ն որոշում)