Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 23 հոկտեմբերի 2018 թ.

 

i

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Վճռաբեկ դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը» վերտառությամբ 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է`

«1. Վերաքննիչ բողոք բերվում են`

....

2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում` դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.»:

Գործի քննության առիթը Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հուլիսի 20-ի ԱՐԴ/0182/01/11 գործով «Գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

i

Օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի և 21-րդ հոդվածի 6-րդ մասի համադրված վերլուծության հիման վրա դիմողն արձանագրում է, որ օրենսդիրն անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսել, ինչն, ըստ դիմողի, պայմանավորված է արդարադատության շահով և անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալ համատեքստում դիմողը հարկ է համարում նշել, որ` «....ի տարբերություն հիմնարար խախտման դեպքում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոքի, որի ներկայացման համար չի սահմանվել որևէ ժամկետային սահմանափակում, նույն հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ»:

Ըստ դիմողի` դատական ատյաններով պայմանավորված` վերանայման նույն եղանակի հանդեպ բողոքարկման ժամկետների հարցում օրենսդիրը դրսևորել է տարբերակված մոտեցում: Արդյունքում ստացվում է, որ եթե անձն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտը մինչև վերջինիս օրինական ուժի մեջ մտնելը նախկինում բողոքարկել է վերադասության կարգով, ապա կարող է առանց ժամկետային սահմանափակման հիմնարար խախտման հիմքով ներկայացնել վճռաբեկ բողոք, իսկ այն անձը, ով նախկինում չի բողոքարկել առաջին ատյանի դատարանի համապատասխան դատական ակտը, և այն մտել է օրինական ուժի մեջ, ապա վեցամսյա ժամկետի ավարտից հետո զրկվում է հիմնարար խախտման հիմքով Վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու հնարավորությունից:

Դիմողը նշում է նաև, որ` «....ի տարբերություն ՀՀ վճռաբեկ դատարան բողոք բերելուն` օրենսդիրը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքի ներկայացման ավելի լայն սահմանափակումներ է նախատեսել, ինչը չի բխում նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի տրամաբանությունից»:

Ամփոփելով վերոգրյալը, դիմողն արձանագրում է, որ հիմնարար խախտման դեպքում անձի վիճակի բարելավման հիմքով Վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու համար վեցամսյա ժամկետի սահմանումը վտանգում է Սահմանադրությամբ երաշխավորված` օրենքի առջև բոլորի հավասարության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, դատապարտվածի կողմից դատավճռի բողոքարկման հիմնարար իրավունքները:

i

Դիմողը միջնորդում է որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 28-րդ հոդվածի, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, 69-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին:

2. Պատասխանողի դիրքորոշումները

Վերլուծելով Սահմանադրության մի շարք դրույթներ, ինչպես նաև անդրադառնալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներին` պատասխանողն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքը կարող է օրենքով ենթարկվել իրավաչափ սահմանափակումների, ինչն առկա է, երբ սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն, իսկ տվյալ սահմանափակման պայմաններում դատարանի մատչելիությունն արդյունավետ է, այն է` անձն ունի հստակ և գործնական հնարավորություն բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը:

Պատասխանողի կարծիքով` արդարադատության մատչելիության, արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների, անձի կողմից դատավճռի բողոքարկման իրավունքի իրացման տեսանկյունից դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել անձի վիճակի բարելավման հիմքով դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, և ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում: ՈՒստի, դատարանի մատչելիությունը կարող է ունենալ միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը:

Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ օրենսդիրը չի կարող այնպիսի ընթացակարգեր սահմանել, որոնք կհանգեցնեն իրավունքի բուն էության խախտմանը: Մասնավորապես` դատական ակտի դեմ անձի վիճակի բարելավման հիմքով բողոքարկման պայմանները, այդ թվում` բողոքարկման ժամկետները, չպետք է խոչընդոտեն դատական մատչելիության իրավունքի իրականացմանը:

Ամփոփելով պատասխանողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության պահանջներին, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` անձի վիճակի բարելավման հիմքով Վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու համար վեցամսյա ժամկետի սահմանումը վտանգում է անձի հիմնարար իրավունքները:

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը`

- արդյո՞ք վերաքննության կարգով չբողոքարկված և ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի` անձի վիճակի բարելավմանն ուղղված նյութական կամ դատավարական հիմնարար խախտումները վերացնելու հիմքով վերանայման համար վեցամսյա ժամկետ նախատեսելը համաչափորեն է սահմանափակում Սահմանադրությամբ նախատեսված` անձի` դատական պաշտպանության, արդար դատաքննության, ինչպես նաև դատապարտյալի կողմից իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունքները:

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 69-րդ հոդվածն ամրագրում է դատապարտվածի բողոքարկման իրավունքը, համաձայն որի` հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք: Սահմանադրական այս իրավունքն իր արտացոլումն է գտել Օրենսգրքի մի շարք հոդվածներում: Մասնավորապես, Օրենսգրքի 103-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր դատապարտյալ ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի և որոշման վերանայման իրավունք»: Ընդ որում, դատապարտյալն իրավունք ունի բողոքարկելու ինչպես օրինական ուժի մեջ չմտած, այնպես էլ` բացառիկ դեպքերում` ուժի մեջ մտած դատավճիռները:

i

Օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են բողոքարկվել` պայմանավորված նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով, ինչպես նաև այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:

Ի տարբերություն նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերանայմանը` գործի նախորդ դատական քննության ընթացքում առաջին ատյանի դատարանի` թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի` արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը սահմանափակված է համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից` վեցամսյա ժամկետով: Ընդ որում` ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ վերադաս դատարանը կայացնում է որոշում:

Նման իրավակարգավորումների պայմաններում կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, երբ որևէ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառով առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում չբողոքարկվելու դեպքում այլևս հնարավոր չլինի վերացնել այդ ակտով թույլ տրված նյութական կամ դատավարական հիմնարար խախտումները: Խնդիրն հատկապես կարևորվում է, երբ դատական ակտով էականորեն խախտվում են այնպիսի սահմանադրական իրավունքներ, ինչպիսիք են անձի արժանապատվության, անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, սեփականության, արդար դատաքննության և այլ իրավունքները:

4.2. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդրո առարկա դրույթը դիտարկել դատական ակտերը վերանայելու համար նախատեսված դատավարական ժամկետների սահմանման իրավաչափության տեսանկյունից:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական ակտերի վերանայման համար նախատեսված բողոքարկման ժամկետների սահմանադրականության խնդրին և կարևորել այն` դատական ակտերի անփոփոխելիության սկզբունքի ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է, որ «իրավական պետությունում, որպես կանոն, անթույլատրելի է ցանկացած դատական սխալի առկայության հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը: Դրանով իմաստազրկվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու գաղափարը, որի էությունն այդ ակտերին հնարավոր կայունություն հաղորդելու և դրանց անփոփոխելիության հանդեպ դատավարության կողմերի վստահությունը պաշտպանելու մեջ է»:

i

Մեկ այլ` 2008 թվականի մայիսի 27-ի ՍԴՈ-754 որոշմամբ Սահմանադրական դատարանը շեշտել է, որ` «Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը` «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների` քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի»:

Այս տեսանկյունից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վիճարկվող դրույթին համապատասխան, օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար նախատեսված վեցամսյա ժամկետն ընդհանուր առումով ուղղված է դատական ակտերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անխախտելիության սկզբունքի ապահովմանը:

i

Մյուս կողմից` զարգացնելով դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման վերաբերյալ իր դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշման մեջ վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորած իրավակիրառ պրակտիկան, համաձայն որի` «....իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ: Քրեական գործի վարույթը նորոգելու հնարավորությունն ինքնին համատեղելի է Կոնվենցիայի հետ, ներառյալ` 6-րդ հոդվածի երաշխիքները: 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետը հստակորեն թույլատրում է նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը»:

Հարկ է նշել նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում վերահաստատել է այն դիրքորոշումը, համաձայն որի` էական կամ անհաղթահարելի բնույթի հանգամանքներով պայմանավորված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերացման գործընթացը կարող է համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին, երբ դա անհրաժեշտ է դատական սխալը շտկելու համար (Pravednaya v. Russia, 18 նոյեմբերի 2004):

i

4.3. Օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` քրեական դատավարության օրենսդրության կարևորագույն խնդիրն է ոչ միայն անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործություններից, այլ նաև անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ: Դրանից ելնելով` քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:

Նյութական կամ դատավարական հիմնարար խախտման արդյունքում կայացված և արդարադատության բուն էությունը խաթարող արդեն իսկ ուժի մեջ մտած առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման հնարավորությունը վեցամսյա ժամկետով սահմանափակելը դատական պաշտպանության իրավունքը դարձնում է անարդյունավետ` միաժամանակ զրկելով անձին արդար դատաքննության իրավունքի իրականացման հնարավորությունից: Անկախ սահմանված ժամկետում համապատասխան դատական ակտը չբողոքարկելու պատճառից` իրավական պետությունում չպետք է հանդուրժվի արդարադատության բուն էությունը խաթարող` դատապարտյալի հիմնարար իրավունքները խախտող դատական ակտի գոյությունը:

i

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի տարբերակված մոտեցումը, կապված արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտերի` վերաքննության կամ վճռաբեկության կարգով վերանայման հնարավորության հետ, արդարացված չէ: Այսպես` Օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ` «Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված դեպքերում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, իսկ անձի վիճակի վատթարացման հիմքով` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը նույն հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար չի նախատեսել որևէ ժամկետային սահմանափակում, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վեցամսյա ժամկետի նախատեսումը չի հանդիսանում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգ:

Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` վճռաբեկ բողոքի ներկայացման պահանջները կարող են լինել ավելի խիստ, քան ստորադաս դատական ատյաններ ներկայացվող դիմումների պահանջները (Levages Prestations Services v. France, 23 հոկտեմբերի 1996):

Վճռաբեկ բողոքների թույլատրելիության շեմը չհաղթահարած, սակայն արդարադատության բուն էությունը խաթարելու վերաբերյալ ենթադրյալ փաստեր պարունակող բողոքների համար ժամկետային սահմանափակումներ սահմանելը պատշաճ հնարավորություն չի տալիս նաև հենց երկրորդ` «փաստի ատյանում», ինչպիսին է վերաքննիչ դատարանը, վերանայելու առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը: Հետևապես, օրենսդրի կողմից որդեգրված տարբերակումը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների միջև դուրս է դատական պաշտպանության արդյունավետ երաշխավորման համակարգային տրամաբանության շրջանակներից և համարժեք չէ դատական ակտերի կայունությունը երաշխավորելու նպատակի հարադրությամբ:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդարադատության բուն էությունը խաթարող և նյութական կամ դատավարական հիմնարար խախտումների արդյունքում անձանց համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու հնարավորության սահմանափակումը` դրանց ուժի մեջ մտնելու պահից` վեցամսյա ժամկետով, համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, այն է` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անփոփոխելիության սկզբունքի ապահովմանը, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում են անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև դատապարտվածի` իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը:

Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը չի խոչընդոտում վերջնական դատական ակտի վերանայման հնարավորությունը պետության օրենքներին համապատասխան, երբ առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ եթե գործի նախորդ քննության ընթացքում թույլ են տրվել էական խախտումներ: Կարևոր է, սակայն, որպեսզի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ընթացակարգն օգտագործվի բացառիկ դեպքերում` էական դատական սխալների ուղղման, արդարադատության չարաշահումների վերացման, այլ ոչ թե առիթ հանդիսանա գործը կրկին քննելու համար:

Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Օրենսգրքում օգտագործվող «հիմնարար խախտում» ձևակերպումը կամ կատեգորիան ենթադրում է նյութական կամ դատավարական իրավունքի առավել կոպիտ կամ լուրջ խախտման առկայություն, քան «քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը» կամ «քրեադատավարական օրենքի էական խախտումը»: Հիմնարար խախտման էությունն այն է, որ վերջինս ի սկզբանե կանխորոշում է քրեական վարույթի ոչ իրավաչափ ընթացքը, արժեզրկում է դրա բովանդակությունը` հանգեցնելով անօրինական և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

Միաժամանակ այդպիսի խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական (ավելի մանրամասն տես` ԵՄԴ/0020/01/14 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.06.2015 թվականի որոշումը):

Օրենսգրքի համակարգային վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության և որոշակիության սկզբունքի և արդարադատության բուն էությունը խաթարող և նյութական կամ դատավարական հիմնարար խախտումներ պարունակող դատական ակտերի` առանց ժամկետային սահմանափակման վերանայման հնարավորության միջև ողջամիտ հավասարակշռության ապահովմանն են ուղղված Օրենսգրքով նախատեսված հետևյալ լրացուցիչ երաշխիքները.

նախ` արդարադատության բուն էությունը խաթարող չբողոքարկված և օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայումը հնարավոր է բացառիկ դեպքերում` երբ առկա են նյութաիրավական կամ դատավարական նորմերի հիմնարար խախտումներ,

երկրորդ` օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վերոհիշյալ հիմքով վերաքննիչ ատյանի կողմից կարող է վերանայվել, եթե այն նախկինում չի բողոքարկվել վերադասության կարգով,

երրորդ` վերանայման մասին որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը կայացնում է կոլեգիալ կազմով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1431

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 25 հոկտեմբերի 2018 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.10.2018
N ՍԴՈ-1431
Որոշում