Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ Կ ...

 

 

040.1146.161018

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1146-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1146-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ գլխով նախատեսված հանրային քննարկումները (այսուհետ` հանրային քննարկումներ) նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով` այդ նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է:

2. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:

3. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումների նախագծերը պարտադիր ենթակա են հանրային քննարկման սույն կարգով սահմանված ընթացակարգով, բացառությամբ ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի: Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտերի նախագծերը և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների կողմից ընդունման ենթակա ներքին իրավական ակտերի նախագծերը ևս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման` բացառությամբ գաղտնիք պարունակողների: Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումների նախագծերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա ենթակա են հանրային քննարկման: Ներքին և անհատական ակտերի հանրային քննարկումներն իրականացվում են սույն կարգով սահմանված ընթացակարգով:

4. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

5. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:

6. Հանրային քննարկումը կազմակերպվում է նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի կողմից (այսուհետ` հանրային քննարկում իրականացնող մարմին):

7. Հանրային քննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:

8. Հանրային քննարկումների կազմակերպումը և անցկացումը ֆինանսավորվում են հանրային քննարկում իրականացնող մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի դեպքում` համապատասխան նախարարության պահպանման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

9. Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը չի սահմանել ավելի երկար ժամկետ:

10. Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակման եղանակով:

11. Սույն կարգին համապատասխան հանրային քննարկումներ իրականացվում են նաև հանրային լսումների կամ հանրային հարցումների ձևով:

12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև հանրային քննարկումն իրականացնող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր պաշտոնական կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:

13. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հանրային քննարկում իրականացնող մարմինը դիմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով: Մուտքի անունը և գաղտնաբառը տրամադրվում է դիմելուց հետո հնգօրյա ժամկետում:

14. Հանրային քննարկում իրականացնող մարմինը սույն կարգի 13-րդ կետում նշված դիմումի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում այն անձի տվյալները` անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից մշակված կամ ընդունվող նախագծի տեղադրումը միասնական կայքում:

15. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը համակարգում է միասնական կայքի աշխատանքները և իրականացնում է մշտադիտարկում: Մշտադիտարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել հանրային քննարկում իրականացնող մարմին, եթե հայտնաբերվել է սույն կարգի կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների որևէ խախտում: Դիմելուց հետո հնգօրյա ժամկետում հանրային քննարկում իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինը պետք է ներկայացնի պարզաբանում արձանագրված խախտումների կապակցությամբ:

16. Հանրային քննարկումների իրականացման խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել ինչպես հանրային քննարկում իրականացնող մարմին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պարզաբանում ստանալու նպատակով: Եթե դիմումը միաժամանակ ներկայացվում է երկու մարմնին, ապա հանրային քննարկում իրականացնող մարմինը պարզաբանում է տրամադրում դիմողին, իսկ պարզաբանման պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

17. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները` նախապես գրանցվելով` նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում` բնակության (գտնվելու վայրի) հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում` առցանց լրացման եղանակով կամ գրավոր, այն է` հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքին ուղարկելու կամ այդ մարմնին թղթային տարբերակով հանձնելու եղանակով:

18. Սույն կարգի 17-րդ կետում նշված առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից հաստատվում են ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում միասնական կայքում երևալու նպատակով, իսկ լրացվում են ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր ներկայացված առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի համապատասխան աշխատակցի կողմից հաստատվում և լրացվում են միասնական կայքի ադմինիստրատիվ մասի համապատասխան բաժնում` ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

19. Միասնական կայքում ներկայացվող առաջարկությունները չեն հրապարակվում, եթե առաջարկությունը`

1) ներկայացված է օտար լեզվով.

2) պարունակում է մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ:

Եթե առաջարկությունները վերաբերելի չեն քննարկող նորմատիվ իրավական ակտին, ապա դրանք հրապարակվում են, իսկ ամփոփաթերթի համապատասխան բաժնում որպես հիմնավորում նշվում է «վերաբերելի չէ»:

20. Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:

21. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով իրականացված հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված ամփոփաթերթը, որում պետք է ամբողջությամբ արտացոլված լինեն հանրային քննարկումների արդյունքները և նախագծի` հանրային քննարկումների արդյունքում լրամշակված տարբերակը` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի, պետք է տեղադրվեն միասնական կայքում:

22. Միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, վերջինիս վերաբերյալ ստացված առաջարկությունները և առաջարկությունների ամփոփաթերթն արխիվացվում են հանրային քննարկում իրականացնող մարմնի արխիվում` նախագիծը միասնական կայքում տեղադրելուց մեկ տարի հետո:

23. Հանրային քննարկում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ հանրային լսումներն իրականացվում են տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով քննարկումների ձևով:

24. Հանրային քննարկում իրականացնող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում հրապարակում է հայտարարություն հանրային լսման մասին, որը պետք է պարունակի հանրային քննարկումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից հանրային քննարկմանը մասնակցելու դիմումների ներկայացվող վերջնաժամկետի (եթե, ըստ հանրային քննարկում իրականացնող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հայտարարության հրապարակման պահից տասը օրը: Հանրային քննարկում իրականացնող մարմինը հանրային քննարկումների հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության միջոցներով:

25. Հանրային քննարկումները սույն կարգի 23-րդ կետով սահմանված կարգով իրականացվելու դեպքում հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչը հանրային քննարկում իրականացնելու հայտարարությամբ հրապարակված ժամին բացում է քննարկումները, ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը, քննարկման հարցերի շրջանակը, հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչ հանդիսացող հանրային քննարկումների քարտուղարին, ինչպես նաև մասնակիցներին տրամադրում է համապատասխան նյութեր քննարկումների վերաբերյալ, որոնք մինչ այդ հրապարակված չէին եղել հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում: Քննարկումների քարտուղարը պետք է կազմի քննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է ամրագրված լինեն քննարկումներն իրականացնող մարմնի անվանումը, քննարկումների ամսաթիվը, թեման, քննարկումների մասնակիցների առաջարկությունները: Մասնակիցները կարող են առաջարկությունները ներկայացնել նաև գրավոր: Գրավոր ներկայացված առաջարկներն ու դիտողությունները ներառվում են ամփոփաթերթում, որոնք համապատասխան հիմնավորմամբ ընդունվում կամ չեն ընդունվում: Ամփոփաթերթը, արձանագրությունը և լրամշակված նախագիծը տեղադրվում են հանրային քննարկումներ կազմակերպող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև միասնական կայքում:

26. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:

27. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով նորմատիվ իրավական ակտի նախագիծը սույն կարգով սահմանված կարգով հրապարակելուց հետո հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է գրավոր կամ բանավոր ձևով հասարակական հարցումներ իրականացնել: Տվյալ դեպքերում հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը և հարցման ենթակա հարցերի շրջանակը: Հարցման մասնակիցներն իրենց առաջարկությունները ներկայացնում են հարցումն իրականացնողին: Հարցումն իրականացնողը պետք է կազմի հարցումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է նշված լինեն հասարակական հարցումն իրականացնող մարմնի անվանումը, հարցումների ամսաթիվը, թեման, մասնակիցների առաջարկությունները: Գրավոր ներկայացված առաջարկությունները կցվում են արձանագրությանը և լրամշակված նախագծի հետ տեղադրվում են հանրային քննարկումներ կազմակերպող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև միասնական կայքում:

28. Հանրային լսումների և հասարակական հարցումների միջոցով հանրային քննարկումների կազմակերպումը հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է պատվիրակել այլ անձանց:

29. Հանրային քննարկումները, ըստ անհրաժեշտության, կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կամ համայնքներում:

30. Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման արդյունքում հանրային քննարկում իրականացնող մարմինն ընդունված առաջարկների հիման վրա կատարում է նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

31. Հանրային քննարկում իրականացնող մարմինը նորմատիվ իրավական ակտերի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելիս ներկայացնում է նաև միասնական կայքից գեներացվող հանրային քննարկումների տեղեկանքը:

32. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված սույն կարգի 31-րդ կետով նախատեսված տեղեկանքը և առաջարկությունների ամփոփաթերթը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգի բաժնում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1146-Ն
Որոշում