040.0830.300718
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2018 թվականի N 830-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հուլիսի 26-ի
N 830-Ա որոշման
ԿԱՐԳ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ չհանդիսացող պաշտոնատար անձանց դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետը լիազորագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գրության հիման վրա, որին կցվում է իրավասու մարմնի համապատասխան առաջարկությունը և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքն այդ առաջարկության նպատակահարմարության մասին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը լիազորագիրը տրամադրում է իրավասու մարմնի առաջարկության հիման վրա:
4. Լիազորագիրը կազմվում է հայերեն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է լիազորագրի օտար լեզվով թարգմանությունը: