040.1367.021117
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2017 թվականի N 1367-Ն
ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1367-Ն որոշման
ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները:
2. Խոշտանգումից տուժած անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ռեաբիլիտացիայի շրջանակներում տրամադրվում են հոգեբանական ծառայություններ` նրանց ցանկությամբ:
3. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրում է հոգեբանական ծառայություններ մատուցող մասնագիտական կենտրոնը (այսուհետ` կենտրոն), որը պետք է ունենա առնվազն 3 որակավորված հոգեբան մասնագետ և աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ: Հոգեբանական ծառայությունների մատուցման նպատակով կենտրոնի հետ պայմանագիր կնքում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
4. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են անվճար հիմունքներով:
5. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է կենտրոնում` համապատասխան որակավորված մասնագետի կողմից:
6. Խոշտանգումից տուժած անձի` կենտրոնում ծառայություն ստանալու անհնարինության դեպքում հոգեբանական ծառայությունները տրամադրվում են տուժողի գտնվելու վայրում:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում կենտրոնի մասնագետի անվտանգությունը, ինչպես նաև հոգեբանական ծառայությունների պատշաճ մատուցման համար խորհրդապահական սենյակի տրամադրումն ապահովում է տուժողի գտնվելու վայրի վարչակազմը:
8. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են ենթադրյալ խոշտանգման մասին կենտրոնին գրավոր հայտնելուց հետո` ողջամիտ ժամկետում:
9. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել հետևյալ անձինք`
1) խոշտանգումից տուժած անձը.
2) վարույթն իրականացնող մարմինը.
3) խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները կամ այլ շահագրգիռ անձինք:
10. Այն դեպքում, երբ հոգեբանական ծառայություն ստանալու համար միաժամանակ ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա կենտրոնի մասնագետները, գնահատելով խոշտանգումից տուժած անձանց կարիքները և հոգեբանական վիճակը, ծառայությունը տրամադրում են ըստ տուժողի վիճակից բխող առաջնահերթությունների` կազմելով ծառայությունների տրամադրման ժամանակացույց:
11. Հոգեբանական ծառայությունները, կախված մասնագետի կողմից մշակված ծառայությունների տրամադրման անհատական ծրագրից, կարող են տրամադրվել մեկանգամյա այցելության կամ պարբերական այցելությունների միջոցով` մինչև տուժողի հոգեբանական վերականգնումը:
12. Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով` ըստ մասնագետի կողմից կազմված անհատական ծրագրի:
13. Կենտրոնը վարում է խոշտանգումից տուժած անձանց մատուցվող ծառայությունների համար ներկայացված դիմումների հաշվառման մատյան: Մատյանի օրինակելի ձևը կցվում է կենտրոնի հետ կնքվող պայմանագրին` որպես հավելված: