Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱ ...

 

 

020.1374.200617

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 117-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 հունիսի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Տ. Եգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումների հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, 117-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` 2017 թվականի մարտի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴԱՈ-24 աշխատակարգային որոշմամբ որոշվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, 117-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը միավորել և քննել դատարանի նույն նիստում:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ դատական օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ դատական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 21-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:

ՀՀ դատական օրենսգրքի` «Որակավորման գրավոր քննությունը» վերտառությամբ 115.2-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 10-րդ մասը սահմանում է.

«10. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին` խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման»:

ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածն օրենսգրքում լրացվել է 2013 թվականի հունիսի 20-ի ՀՕ-90-Ն ՀՀ օրենքով և գործող խմբագրությամբ շարադրվել է 2014 թվականի հունիսի 10-ի ՀՕ-47-Ն ՀՀ օրենքով:

ՀՀ դատական օրենսգրքի` «Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը և հաստատումը» վերտառությամբ 117-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 5-րդ մասը սահմանում է.

«5. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը»:

ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածը գործող խմբագրությամբ օրենսգրքում շարադրվել է 2013 թվականի հունիսի 20-ի ՀՕ-90-Ն և 2014 թվականի հունիսի 10-ի ՀՕ-47-Ն ՀՀ օրենքներով:

 

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ա) 2015 թվականի հունվարի 27-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով տրամադրել ՀՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 10-12-ին և 2015 թվականի հունվարի 26-ին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի անդամների եզրակացությունը և հատուկ կարծիքները: Դիմողը նաև խնդրել է մանրամասնել, թե ինչ չափանիշներով է իրականացվում մասնակիցների գնահատումն այս փուլում, և տրամադրել հարցազրույցի փուլի մասնակիցների հարցաշարերը, հոգեբանական թեստերն ու դրանց արդյունքները, հարցազրույցի գնահատականները` ըստ Արդարադատության խորհրդի առանձին անդամների, ինչպես նաև մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը:

ՀՀ արդարադատության խորհրդի` 2015 թվականի փետրվարի 11-ի գրավոր պատասխանով մերժվել է հայցվող տեղեկատվությունը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության խորհրդի` տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցման պահանջով: Հիշյալ հայցը, ՎԴ/0774/05/15 գործով, ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով մերժվել է: Հիշյալ վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2016 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի վճիռը թողնվել է անփոփոխ: Հիշյալ որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է,

բ) 2015 թվականի փետրվարի 23-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով տրամադրել ՀՀ արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 26-ի` ««Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին»» թիվ ԱԽ-2-Ո-5 որոշման պատճենը, դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2015 թվականի հունվարի 26-ին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո կայացված քվեարկության արդյունքները, մասնավորապես` թե հավակնորդներից յուրաքանչյուրը քանի կողմ և քանի դեմ ձայն է ստացել, ՀՀ արդարադատության խորհրդի անդամների հատուկ կարծիքները, եթե այդպիսիք առկա են: Միաժամանակ, խնդրել է պարզաբանել, թե ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածում մատնանշված հոգեբանական թեստերն ինչպես են կազմվում, ում կողմից, ինչպես են գնահատվում և ում կողմից, ինչպես են ընտրվում հոգեբանական թեստը կազմող անձինք, ինչպիսի հարցերի շուրջ և ինչ նյութերի հիման վրա են կազմվում հոգեբանական թեստերը:

ՀՀ արդարադատության խորհրդի` 2015 թվականի մարտի 5-ի գրավոր պատասխանով մերժվել է հայցվող տեղեկատվությունը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության խորհրդի` տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցման պահանջով: Հիշյալ հայցը, ՎԴ/1169/05/15 գործով, ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով մերժվել է: Հիշյալ վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2016 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի վճիռը թողնվել է անփոփոխ: Հիշյալ որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը և 117-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 31, 34, 42, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին:

Դիմողը գտնում է, որ Արդարադատության խորհրդում հարցազրույցի և արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո անցկացված քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մերժումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում:

Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող դրույթները չեն բավարարում իրավական որոշակիության պահանջը, քանի որ չեն պարունակում հստակ կարգավորումներ այս կամ այն տեղեկատվությունը տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու հայեցողության, մերժելու իրավասության և հիմքերի վերաբերյալ, ուստի և հանգեցնում են ՀՀ Սահմանադրությանը ոչ համահունչ մեկնաբանության և կիրառման:

Դիմողը պնդում է, որ «...քննության բանավոր փուլի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո կայացված քվեարկության արդյունքները, մասնավորապես, տեղեկություններն առ այն, թե հավակնորդներից յուրաքանչյուրը քանի կողմ և քանի դեմ ձայն է ստացել, թեև վերաբերում են Արդարադատության խորհրդի անդամներին և հարցազրույցի մասնակիցներին, բայց դրանք չեն կարող դիտարկվել վերջիններիս անձնական կյանքի բաղադրիչներ և պաշտպանվել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի շրջանակներում, քանի որ դրանք առավելապես վերաբերում են հանրային իշխանության տիրույթում իրականացվող գործունեությանը, պայմանավորված են այդ անձանց խնդրո առարկա գործընթացներին, իրենց զբաղեցրած պաշտոնների կապակցությամբ ընդունված որոշումներին և իրականացված գործունեությանը և/կամ մրցույթի մասնակիցների մասով այդ գործընթացին մասնակցելու իրենց հայտերով և չեն կարող դուրս գալ հանրային վերահսկողության տիրույթից և հանրային ռեսուրսի հաշվին իրականացվեն և դիտարկվեն մասնավոր կյանքի տիրույթում»:

Իր փաստարկների կապակցությամբ դիմողը վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված մի շարք վճիռներ:

Դիմողը գտնում է նաև, որ ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված` հոգեբանական թեստի արդյունքների հրապարակման արգելքը, ինչպես նաև թեստի արդյունքները ոչնչացնելու պահանջը չեն բխում դատավորների նշանակման գործընթացների նկատմամբ վերահսկողության, այդ թվում` հանրային վերահսկողության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտահայտվելու ազատության, այդ թվում` տեղեկություններ փնտրելու և տարածելու իրավունքի սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքից:

 

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Պատասխանող կողմը վկայակոչելով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 31, 34, 42, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8 և 10-րդ հոդվածների, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3, 4 և 5-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի իրավակարգավորումները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-278, ՍԴՈ-997, ՍԴՈ-1010, ՍԴՈ-1234 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, նշում է, որ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության, ներառյալ` իրեն վերաբերող տեղեկատվության պաշտպանության և ազատ արտահայտվելու, այդ թվում` տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքները բացարձակ չեն և ենթակա են իրավաչափ սահմանափակումների: Ըստ պատասխանողի` դատավորների հոգեբանական թեստի արդյունքների հրապարակման արգելքը հստակ սահմանված է ՀՀ դատական օրենսգրքով, այն իրավաչափ նպատակ է հետապնդում ոչ միայն պաշտպանելու դատավորների` որպես անհատների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այլև իրենց մասնագիտական գործունեության պատշաճ կատարման համար օբյեկտիվ նախադրյալներ ստեղծելը:

Պատասխանող կողմը փաստում է, որ օրենսդիրը գտել է երկու սահմանադրական արժեքների` մասնավոր կյանքի անձեռնմխելիության և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների միջև ողջամիտ հարաբերակցություն, ինչն ամրագրել է վերոհիշյալ իրավակարգավորումներով:

Ըստ պատասխանողի` դիմողի այն պնդումը, որ վիճարկվող դրույթները, դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների շրջանակներում, չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հիմնազուրկ են, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասում հստակ արգելք է սահմանվում քննարկվող տեղեկատվության հրապարակման, այն է` երրորդ անձանց հասանելի դառնալու իրավական հնարավորության վերաբերյալ: Պատասխանողը կարծում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ կիրառվել է միայն ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հրապարակելու ընդհանուր արգելքը, սակայն ոչ նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունն այդ տեղեկատվությունը հարցազրույցին մասնակցած անձին տրամադրելու վերաբերյալ:

Նկատի ունենալով վերոգրյալը` պատասխանող կողմը ձեռնպահ է մնում ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությանն իրավական գնահատական տալուց:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրականության հարցի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, պարզել և գնահատել.

ա) որքանո՞վ են, մի կողմից, վիճարկվող դրույթները վերաբերում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքներին, և, մյուս կողմից` որքանո՞վ են դրանք առնչվում հանրային գործառույթ իրականացնող անձի` տվյալ գործառույթի համար նախատեսվող համատեղելիության պահանջներին և ժողովրդավարական հասարակությունում կարող են ենթակա լինել հանրային վերահսկողության` կարծիքի արտահայտման, այդ թվում` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքի իրականացման շրջանակներում,

բ) վիճարկվող դրույթները բավարարու՞մ են, արդյոք, համաչափության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքների պահանջը, մասնավորապես, տեղեկատվություն տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու սահմանափակման համար ընտրված միջոցի անհրաժեշտության ու համարժեքության և բավարար չափով որոշակիության տեսանկյունից:

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, չսահմանափակվելով դիմողի դիրքորոշումներով` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վիճարկվող դրույթները դիտարկել նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների, հանրային վերահսկողության դերը պետության և հասարակության կյանքում:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն գործով ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթները գնահատելիս նկատի առնել նաև դատական իշխանության ձևավորման վերաբերյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններում ամրագրված նոր մոտեցումները: Համաձայն դրանց, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության` «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլուխը դատական իշխանության ձևավորման հարցում հայեցակարգային առումով առանձնակի կարևորություն է տալիս մրցակցության և հանրային վերահսկողության ինստիտուտներին:

 

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` 2012 թվականի մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «... Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը»:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ սահմանադրական այս իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով և կարգով:

Սահմանադրական վերոհիշյալ արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքների հետ, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված` մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և 34-րդ հոդվածում ամրագրված` անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ, որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը:

Այս հանգամանքը հաշվի առնելով օրենսդիրը պարտավոր է դատավորի պաշտոնի հավակնորդների որակավորման քննության ու հանրային գործառույթ իրականացնելու պիտանելիության գնահատման իրավակարգավորման հիմքում դնել այնպիսի տեղեկատվություն, ինչը, մի կողմից, կհամարվի անհրաժեշտ մրցույթ իրականացնելու և ընտրություն կատարելու համար, մյուս կողմից` վերաբերելով թեկնածուների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի պետաիշխանական լիազորություն ստանձնողի նկատմամբ հանրային վստահությունը:

Առաջնորդվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային-իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի կազմմանը և հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացված, հավակնորդի վերաբերյալ կազմվող/ստացվող փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացների արդյունքները (դրանց վերաբերյալ տեղեկությունները), ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, պետք է լինեն բաց, թափանցիկ: Դրանք պետք է վերաբերեն ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին: ՈՒստի նման տվյալները պետք է ներառվեն հավակնորդի, հետագայում` դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում` կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս մոտեցումը կարևոր նշանակություն պետք է ունենա «Դատական օրենսգիրք» նոր սահմանադրական օրենքի մշակման և ՀՀ Սահմանադրության /2015 թ. փոփոխություններով/ դրույթների հետևողական իրացման տեսանկյունից:

 

7. Վերլուծելով գործող ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումները` ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրում է, որ հոգեբանական թեստի արդյունքների հրապարակման, երրորդ անձանց տրամադրման ոչ ենթակա լինելու, ինչպես նաև այդ արդյունքների ոչնչացման ենթակա լինելու հանգամանքները նույնպես պետք է վերաիմաստավորվեն իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների համատեքստում` հաշվի առնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները:

Ըստ առկա իրավակարգավորումների`

- հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն (115.2-րդ հոդվածի 10-րդ մաս),

- հոգեբանական թեստի արդյունքները ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին` խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը (115.2-րդ հոդվածի 10-րդ մաս),

- հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման (115.2-րդ հոդվածի 10-րդ մաս),

- հոգեբանական թեստին որակավորման գրավոր քննարկման արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդի մասնակցությունը պարտադիր է (115.2-րդ հոդվածի 9-րդ մաս),

- հոգեբանական թեստի արդյունքները տվյալ հավակնորդին տրամադրելու դրույթ ուղղակի ամրագրված չէ,

- հոգեբանական թեստի արդյունքների բողոքարկում սահմանված չէ,

- հոգեբանական թեստի արդյունքները դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատող սուբյեկտին, այն է` Հանրապետության Նախագահին, տրամադրելու ուղղակի դրույթ ամրագրված չէ,

- հոգեբանական թեստի գնահատման չափանիշներ լիարժեք սահմանված չեն:

Այս հանգամանքները հաշվի առնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հոգեբանական թեստն ուղղված է հավակնորդների պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը (115.2-րդ հոդվածի 9-րդ մաս): Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի իրավակարգավորումների` Արդարադատության խորհրդում հարցազրույցի նպատակը հավակնորդի ոչ միայն մասնագիտական փորձառության գնահատումն է, այլ նաև նրա` պետաիշխանական պատասխանատվության ստանձնման համար անհրաժեշտ որոշակի անհատական հատկանիշների գնահատումը (մասնավորապես` 116.1-րդ հոդվածի 1-ին մաս):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ առանց հոգեբանական թեստի արդյունքների Արդարադատության խորհուրդը չի կարող լիարժեք իրականացնել ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 95-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` դատավորների թեկնածությունների ցուցակը կազմելու և Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելու իր սահմանադրական գործառույթը: Ինչ վերաբերում է հոգեբանական թեստի արդյունքներին, որոնք վերաբերում են հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք, առնվազն այն հավակնորդների մասով, ովքեր ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, չտրամադրելը երրորդ անձանց, այդ թվում` համապատասխան կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպություններին, իրավաչափ նպատակ չի հետապնդում: Նման տեղեկատվության տրամադրումն անհրաժեշտ է և ուղղված է դատական իշխանության ձևավորման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության ապահովմանը, հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը:

Նման իրավական դիրքորոշման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ թեև ՀՀ դատական օրենսգրքում ուղղակիորեն ամրագրված իրավակարգավորումներով հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն (115.2-րդ հոդվածի 10-րդ մաս), սակայն հիշյալ օրենսգրքի ընդհանուր տրամաբանության շրջանակներում դրանք, այնուամենայնիվ, ունեն գործուն նշանակություն, որի մասին են վկայում նաև ՀՀ դատական օրենսգրքի 116.1-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները:

 

8. Իրավական որոշակիության և իրավաչափության գնահատման համատեքստում վերլուծելով ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները` Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրում է` հստակ սահմանված է, որ Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը: Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների և Արդարադատության խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա` ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով` ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:

ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից բխում է, որ վերջինս չի նախատեսում հարցազրույցի արդյունքները, տվյալ դեպքում` ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը երրորդ անձանց տրամադրելու ուղղակի ամրագրված արգելք:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի` «Տեղեկատվության ազատության սահմանափակումները» վերտառությամբ 8-րդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը, որը պարունակում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություն: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը չի ներառում հավակնորդի մասնավոր կյանքի տարր: Առավել ևս, որ խոսքը վերաբերում է պետական պաշտոնի զբաղեցմանը հավակնելուն: Տվյալ պարագայում ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին:

Վերոգրյալի հաշվառմամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը երրորդ անձանց տրամադրելու արգելք սահմանված չէ նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այս առումով իրավակիրառական պրակտիկայի գնահատման տեսանկյունից Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը դիմողի գործերով ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի նորմին տվել է այլ մեկնաբանություն, մասնավորապես, վկայակոչելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերը, 117-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, գտել է, որ նշված նորմերից բխում է, որ օրենքը նախատեսում է հարցազրույցի փուլի ավարտին քվեարկության գաղտնիություն և հարցազրույցի արդյունքները երրորդ անձանց տրամադրելու արգելք, այսինքն` տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը` այն մասով, որով դատավորների թեկնածությունների ցուցակ ընդգրկված հավակնորդների հոգեբանական թեստի արդյունքները, որոնք վերաբերում են նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, ենթակա չեն հրապարակման, և այդ ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո ենթակա է ոչնչացման, ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, մասնավորապես` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունն ամրագրող դրույթին հակասող և անվավեր:

i

2. ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը չի արգելափակում երրորդ անձանց իրավունքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալու ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 հունիսի 2017 թվականի

ՍԴՈ-1374

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.06.2017
N ՍԴՈ-1374
Որոշում